Անցնել բովանդակությանը

Ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչում հիշատակված կանանցից

Ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչում հիշատակված կանանցից

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշնչում կարդում ենք բազմաթիվ կանանց մասին, որոնց կյանքի պատմությունից արժեքավոր դասեր կարող ենք սովորել (Հռոմեացիներ 15:4; 2 Տիմոթեոս 3:16, 17)։ Այս հոդվածում հակիրճ խոսվում է նրանցից մի քանիսի մասին։ Այդ կանանցից շատերը արժանի են ընդօրինակման։ Իսկ ոմանք նախազգուշական օրինակ են մեզ համար (1 Կորնթացիներ 10:11; Եբրայեցիներ 6:12

  Աբիգեա

 Ո՞վ էր Աբիգեան։ Աբիգեան Նաբաղ անունով մի հարուստ և կոպիտ մարդու կինն էր։ Սակայն նա խորաթափանց ու խոնարհ կին էր և թե՛ արտաքնապես, թե՛ իր ներքին էությամբ գեղեցիկ էր (1 Սամուել 25:3

 Ի՞նչ արեց նա։ Աղետը կանխելու համար Աբիգեան իմաստությամբ և խորաթափանցությամբ վարվեց։ Նա և Նաբաղը ապրում էին այն տարածքում, որտեղ Դավիթը՝ Իսրայելի ապագա թագավորը, թաքնվում էր որպես փախստական։ Դավիթն ու իր մարդիկ Նաբաղի ոչխարների հոտերը պաշտպանում էին ավազակներից։ Բայց երբ նա մարդ ուղարկեց, որ Նաբաղից կերակուր խնդրի, վերջինս ամբարտավանորեն հրաժարվեց այն տալուց։ Դավիթը խիստ բարկությամբ լցվեց և իր մարդկանց հետ գնաց սպանելու Նաբաղին ու նրա տանը եղող բոլոր մարդկանց (1 Սամուել 25:10–12, 22

 Լսելով, թե ինչ է արել իր ամուսինը՝ Աբիգեան արագ գործի անցավ։ Նա իր ծառաներին կերակուրի պաշար տվեց, որ տանեն Դավթին ու նրա մարդկանց, իսկ ինքը նրանցից հետո ճանապարհ ընկավ, որպեսզի աղերսի Դավթին ողորմություն ցուցաբերել (1 Սամուել 25:14–19, 24–31)։ Տեսնելով Աբիգեայի նվերները, նկատելով նրա խոնարհությունը և ուշադրություն դարձնելով նրա իմաստուն խորհրդին՝ Դավիթը հասկացավ, որ Աստված այդ կնոջ միջոցով իրեն հետ պահեց աղետից (1 Սամուել 25:32, 33)։ Դրանից կարճ ժամանակ անց Նաբաղը մահացավ, իսկ Աբիգեան դարձավ Դավթի կինը (1 Սամուել 25:37–41

 Ի՞նչ կարող ենք սովորել Աբիգեայից։ Թեև Աբիգեան գեղեցիկ և հարուստ կին էր, նա հավասարակշռված տեսակետ ուներ իր մասին։ Խաղաղություն պահպանելու համար նա պատրաստ էր ներողություն խնդրել, թեև մեղքը իրենը չէր։ Նա լարված իրավիճակում հանգստություն պահպանեց և գործեց նրբանկատորեն, քաջությամբ և հնարամտությամբ։

  Աննա

 Ո՞վ էր Աննան։ Աննան Եղկանայի կինն էր և Սամուելի մայրը, որը ճանաչված մարգարե դարձավ հին Իսրայելում (1 Սամուել 1։1, 2, 4–7

 Ի՞նչ արեց նա։ Երբ Աննան անզավակ էր, մխիթարության համար դիմեց Աստծուն։ Նրա ամուսինը երկու կին ուներ։ Մյուս կինը՝ Փենանան, երեխաներ ուներ, սակայն Աննան ամուսնությունից հետո երկար ժամանակ երեխա չէր ունենում։ Փենանան անողոքաբար ծաղրում էր Աննային, բայց վերջինս աղոթում էր Աստծուն, որ մխիթարի իրեն։ Նա երդում տվեց Եհովային՝ ասելով, որ եթե իրեն որդի պարգևի, ինքը երեխային կտա նրան, որպեսզի ծառայի խորանում (շարժական վրան, որն Իսրայելում գործածվում էր երկրպագության համար) (1 Սամուել 1։11

 Աստված պատասխանեց Աննայի աղոթքին, և նա մի որդի ունեցավ՝ Սամուելին։ Աննան պահեց իր խոստումը. երբ Սամուելը դեռ փոքր էր, նրան տարավ խորան, որ ծառայի այնտեղ (1 Սամուել 1:27, 28)։ Ամեն տարի նա անթև վերնահագուստ էր պատրաստում որդու համար և տանում նրան։ Աստված օրհնեց Աննային, և ժամանակի ընթացքում նա ևս հինգ երեխա ունեցավ՝ երեք տղա և երկու աղջիկ (1 Սամուել 2։18–21

 Ի՞նչ կարող ենք սովորել Աննայից։ Աննայի սրտաբուխ աղոթքներն օգնեցին նրան տոկալու դժվարությունների ներքո։ Երախտագիտությամբ լցված նրա աղոթքում, որն արձանագրված է 1 Սամուել 2:1–10-ում, արտացոլված է Աստծու հանդեպ նրա ամուր հավատը։

  Դալիլա

 Ո՞վ էր Դալիլան։ Դալիլան այն կինն էր, որին սիրահարվել էր իսրայելացի դատավոր Սամսոնը (Դատավորներ 16:4, 5

 Ի՞նչ արեց նա։ Դալիլան փղշտացի պաշտոնյաներից փող վերցրեց, որպեսզի դավաճանի Սամսոնին, որի միջոցով Աստված իսրայելացիներին փրկում էր փղշտացիներից։ Փղշտացիները ի զորու չէին հաղթելու նրան, քանի որ նա գերբնական ուժով էր օժտված (Դատավորներ 13:5)։ Ուստի նրանց պաշտոնյաները դիմեցին Դալիլայի օգնությանը։

 Նրանք կաշառեցին Դալիլային, որպեսզի նա իմանա, թե ինչում է Սամսոնի մեծ զորությունը։ Դալիլան վերցրեց փողը և մի քանի ապարդյուն փորձերից հետո վերջապես իմացավ նրա գաղտնիքը (Դատավորներ 16:15–17)։ Այնուհետև նա հայտնեց այն փղշտացիներին, որոնք էլ բռնեցին Սամսոնին և բանտ գցեցին (Դատավորներ 16:18–21

 Ի՞նչ կարող ենք սովորել Դալիլայից։ Դալիլան նախազգուշական օրինակ է։ Տրվելով ագահությանը՝ նա խաբեց Եհովա Աստծու ծառային, անհավատարիմ եղավ նրա հանդեպ և գործեց եսասիրաբար։

  Դեբորա

 Ո՞վ էր Դեբորան։ Դեբորան մարգարեուհի էր, որին Իսրայելի Աստվածը՝ Եհովան, հայտնում էր իր ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ իր կամքը։ Աստված նրա միջոցով նաև օգնում էր լուծելու իսրայելացիների միջև ծագած խնդիրները (Դատավորներ 4։4, 5

 Ի՞նչ արեց նա։ Դեբորա մարգարեուհին քաջաբար թիկունք կանգնեց Աստծու ծառաներին։ Եհովայի հրահանգով նա կանչել տվեց Բարակին, որպեսզի վերջինս իսրայելացիների զորքին առաջնորդի իրենց կեղեքող քանանացիների դեմ (Դատավորներ 4։6, 7)։ Երբ Բարակը Դեբորային ասաց, որ իր հետ գնա, նա տեղի չտվեց վախին և պատրաստակամորեն կատարեց նրա խնդրանքը (Դատավորներ 4։8, 9

 Այն բանից հետո, երբ Աստված վճռական հաղթանակ պարգևեց իսրայելացիներին, Դեբորան գրեց այն երգի առնվազն մի հատվածը, որը նա և Բարակը երգեցին՝ պատմելով այդ իրադարձության մասին։ Երգում նա նշեց քանանացիներին պարտության մատնելու մեջ մեկ այլ անվախ կնոջ՝ Հայելի ունեցած դերի մասին (Դատավորներ, գլ. 5

 Ի՞նչ կարող ենք սովորել Դեբորայից։ Դեբորան անձնազոհ և խիզախ կին էր։ Նա ուրիշներին հորդորեց անել այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում։ Երբ նրանք այդպես վարվեցին, նա չվարանեց գովեստի սրտաբուխ խոսքեր ասել նրանց։

  Եսթեր

 Ո՞վ էր Եսթերը։ Եսթերը հրեուհի էր, որին պարսից Ասուերոս թագավորը ընտրել էր որպես թագուհի։

 Ի՞նչ արեց նա։ Եսթեր թագուհին իր իշխանությունն օգտագործեց, որ կանխի իր ժողովրդի ցեղասպանությունը։ Նա իմացավ, որ պաշտոնական հրամանագիր էր արձակվել, որի համաձայն՝ կոնկրետ օր էր նշանակվել, երբ Պարսկական կայսրությունում բնակվող բոլոր հրեաները պետք է սպանվեին։ Այս չար ծրագիրը Համան անունով մի մարդու ձեռքի գործն էր, որը ողջ կայսրությունում երկրորդ մարդն էր (Եսթեր 3։13–15; 4։1, 5)։ Եսթերը, վտանգելով իր կյանքը, իր ավագ զարմիկի՝ Մուրթքեի օգնությամբ ամուսնուն՝ Ասուերոս թագավորին, հայտնեց այդ նենգ դավադրության մասին (Եսթեր 4։10–16; 7։1–10)։ Այդ ժամանակ Ասուերոսը Եսթերին ու Մուրթքեին թույլ տվեց մեկ ուրիշ հրամանագիր արձակել՝ լիազորելով հրեաներին պաշտպանել իրենց։ Վերջիններս լիակատար պարտության մատնեցին իրենց թշնամիներին (Եսթեր 8։5–11; 9։16, 17

 Ի՞նչ կարող ենք սովորել Եսթերից։ Եսթեր թագուհին քաջության, խոնարհության և համեստության հրաշալի օրինակ է (Սաղմոս 31։24; Փիլիպպեցիներ 2։3)։ Չնայած իր գեղեցկությանն ու դիրքին՝ նա չվարանեց խորհրդի և օգնության համար դիմել ուրիշներին, ամուսնու հետ խոսեց հարգանքով, նրբանկատորեն և միևնույն ժամանակ՝ խիզախորեն։ Իսկ երբ հրեաները մեծ վտանգի առաջ կանգնեցին, նա քաջաբար հայտնեց, որ ինքն էլ է այդ ազգից։

  Եվա

 Ո՞վ էր Եվան։ Եվան առաջին կինն է թե՛ Աստվածաշնչի արձանագրության և թե՛ առհասարակ մարդկային պատմության մեջ։

 Ի՞նչ արեց նա։ Եվան չհնազանդվեց Աստծու տված հստակ պատվերին։ Իր ամուսնու՝ Ադամի պես՝ նա կատարյալ էր ստեղծվել, ուներ կամքի ազատություն և աստվածահաճո հատկություններ զարգացնելու ունակություն, օրինակ՝ սեր և իմաստություն (Ծննդոց 1:27)։ Եվան գիտեր, որ Աստված Ադամին պատվիրել էր չուտել մի ծառի պտղից, այլապես կմեռնեին։ Սակայն նա խաբվեց՝ հավատալով, որ չի մեռնի և ավելի լավ կյանքով կապրի, եթե չհնազանդվի Աստծուն։ Ուստի կերավ այդ ծառի պտղից և ավելի ուշ ամուսնուն էլ համոզեց, որ ուտի (Ծննդոց 3:1–6; 1 Տիմոթեոս 2:14

 Ի՞նչ կարող ենք սովորել Եվայից։ Եվան նախազգուշական օրինակ է այն հարցում, թե որքան վտանգավոր է շարունակ սխալ բաների մասին մտածելն ու սխալ ցանկություններ զարգացնելը։ Աստծու հստակ պատվերին հակառակ՝ նա թույլ տվեց, որ իր մեջ ուժգին փափագ զարգանա մի բանի հանդեպ, ինչն իրեն չէր պատկանում (Ծննդոց 3:6; 1 Հովհաննես 2:16

  Լիա

 Ո՞վ էր Լիան։ Լիան Հակոբ նահապետի առաջին կինն էր։ Նրա կրտսեր քույրը Ռաքելն էր՝ Հակոբի մյուս կինը (Ծննդոց 29:20–29

 Ի՞նչ արեց նա։ Լիան Հակոբի որդիներից վեցի մայրն էր (Հռութ 4:11)։ Հակոբը մտադիր էր ամուսնանալ Ռաքելի և ոչ թե Լիայի հետ։ Սակայն աղջիկների հայրը՝ Լաբանը, այնպես արեց, որ Հակոբը, Ռաքելի փոխարեն, Լիայի հետ ամուսնանա։ Երբ Հակոբը հասկացավ, որ իրեն խաբելով ամուսնացրել են Լիայի հետ, հաշիվ պահանջեց Լաբանից։ Լաբանն ասաց, որ իրենց կողմերում ընդունված չէ առաջնեկից առաջ կրտսերին կնության տալ։ Եվ մեկ շաբաթ անց Հակոբն ամուսնացավ Ռաքելի հետ (Ծննդոց 29:26–28

 Հակոբը Ռաքելին Լիայից ավելի շատ էր սիրում (Ծննդոց 29:30)։ Հակոբի սերը շահելու համար Լիան, խանդից դրդված, մրցակցում էր իր քրոջ հետ։ Աստված ուշադրություն դարձրեց Լիայի զգացմունքներին և օրհնեց նրան՝ պարգևելով յոթ երեխա՝ վեց որդի և մեկ աղջիկ (Ծննդոց 29:31

 Ի՞նչ կարող ենք սովորել Լիայից։ Լիան ապավինում էր Աստծուն՝ աղոթելով նրան, և թույլ չէր տալիս, որ իր ծանր ընտանեկան իրավիճակը կուրացնի իրեն, և ինքը չտեսնի Աստծու աջակցությունը (Ծննդոց 29:32–35; 30:20)։ Նրա կյանքի պատմությունը իրատեսորեն ներկայացնում է բազմակնության բերած դժվարությունները. կարգ, որն Աստված հանդուրժել էր մի որոշ ժամանակ։ Ամուսնության վերաբերյալ նրա հաստատած չափանիշի համաձայն՝ ամուսինը կամ կինը պետք է մեկ կողակից ունենա (Մատթեոս 19:4–6

  Հայել

 Ո՞վ էր Հայելը։ Հայելը Քաբերի կինն էր, որը իսրայելացի չէր։ Հայելը անվախորեն օգնության հասավ Աստծու ժողովրդին։

 Ի՞նչ արեց նա։ Հայելը վճռականորեն գործեց, երբ քանանացիների զորագլուխ Սիսարան եկավ նրա վրան։ Վերջինս պարտություն էր կրել Իսրայելի դեմ պատերազմում և այժմ ապաստան ու թաքստոց էր փնտրում։ Հայելը նրան հրավիրեց իր վրան, որ թաքնվի այնտեղ ու հանգիստ առնի, և մինչ Սիսարան քնած էր, սպանեց նրան (Դատավորներ 4։17–21

 Հայելն իր արարքով իրագործեց Դեբորայի հետևյալ մարգարեությունը. «Եհովան կնոջ ձեռքը պիտի մատնի Սիսարային» (Դատավորներ 4։9)։ Իր ունեցած դերի համար այդ կնոջը գովաբանեցին որպես «կանանց մեջ.... ամենից օրհնվածի» (Դատավորներ 5։24

 Ի՞նչ կարող ենք սովորել Հայելից։ Հայելը նախաձեռնություն վերցրեց և քաջությամբ գործեց։ Նրա օրինակը ցույց է տալիս, թե Աստված ինչպես կարող է դեպքերին այնպիսի ընթացք տալ, որ մարգարեություն իրագործվի։

  Հեզաբել

 Ո՞վ էր Հեզաբելը։ Հեզաբելը իսրայելացի Աքաաբ թագավորի կինն էր։ Նա իսրայելացի չէր և չէր երկրպագում Եհովային։ Փոխարենը՝ երկրպագում էր քանանացիների Բահաղ աստծուն։

 Ի՞նչ արեց նա։ Հեզաբել թագուհին իշխող, անգութ և դաժան կին էր։ Նա խրախուսում էր Բահաղի երկրպագությունը և դրա հետ կապված սեռական անբարոյությունը։ Միևնույն ժամանակ Հեզաբելը փորձում էր վերացնել ճշմարիտ Աստված Եհովային մատուցվող երկրպագությունը (1 Թագավորներ 18:4, 13; 19:1–3

 Իր քմահաճույքները բավարարելու համար նա դիմեց խաբեության և մարդկանց սպանել տվեց (1 Թագավորներ 21։8–16)։ Ինչպես և Աստված կանխագուշակել էր, նա մահացավ դաժան մահով, և նրա մարմինը հողին չհանձնվեց (1 Թագավորներ 21։23; 2 Թագավորներ 9։10, 32–37

 Ի՞նչ կարող ենք սովորել Հեզաբելից։ Հեզաբելը նախազգուշական օրինակ է։ Նա բարոյապես այն աստիճան էր այլասերված և այնքան անսկզբունքային էր, որ իր անունը դարձավ անպատկառ, անբարո և սանձարձակ կնոջ խորհրդանիշ։

  Հռութ

 Ո՞վ էր Հռութը։ Հռութը մովաբացի էր, որը թողել էր իր աստվածներին և հայրենիքը, որպեսզի երկրպագի Եհովային Իսրայելի երկրում։

 Ի՞նչ արեց նա։ Հռութը բացառիկ սեր դրսևորեց իր սկեսրոջ՝ Նոեմիի հանդեպ։ Նոեմին իր ամուսնու և երկու որդիների հետ տեղափոխվել էր Մովաբի երկիր, քանի որ Իսրայելում սով էր։ Ավելի ուշ նրա որդիները ամուսնացել էին մովաբացի կանանց՝ Հռութի և Օրփայի հետ։ Ժամանակի ընթացքում, սակայն, Նոեմիի ամուսինն ու երկու որդիները մահացել էին, և այդ երեք կանայք այրիացել էին։

 Նոեմին որոշեց վերադառնալ Իսրայել, որտեղ երաշտն արդեն ավարտվել էր։ Հռութն ու Օրփան ցանկացան նրա հետ գնալ։ Սակայն Նոեմին խնդրեց նրանց, որ վերադառնան իրենց հարազատների մոտ։ Օրփան այդպես էլ արեց (Հռութ 1:1–6, 15)։ Բայց Հռութը նվիրվածություն դրսևորեց և մնաց իր սկեսրոջ կողքին։ Նա սիրում էր Նոեմիին և ցանկանում էր երկրպագել նրա Աստծուն՝ Եհովային (Հռութ 1:16, 17; 2:11

 Լինելով նվիրված հարս և աշխատասեր կին՝ Հռութը կարճ ժամանակում լավ անուն ձեռք բերեց Նոեմիի հայրենի քաղաք Բեթլեհեմում։ Բոոս անունով մի հարուստ կալվածատեր, խորապես տպավորված նրա վարվելակերպով, առատաձեռնորեն կերակուր տվեց նրան և Նոեմիին (Հռութ 2։5–7, 20)։ Ավելի ուշ Հռութն ամուսնացավ Բոոսի հետ ու դարձավ Դավիթ թագավորի և Հիսուս Քրիստոսի նախամայրը (Մատթեոս 1:5, 6, 16

 Ի՞նչ կարող ենք սովորել Հռութից։ Նոեմիի ու Եհովայի հանդեպ սիրուց մղված՝ Հռութը պատրաստակամորեն արմատապես փոխեց իր կյանքը։ Նույնիսկ ծանր դժվարությունների բախվելիս նա շարունակում էր լինել ջանասեր, նվիրված և հավատարիմ։

  Ղովտի կինը

 Ո՞վ էր Ղովտի կինը։ Աստվածաշնչում նրա անունը հիշատակված չէ։ Սակայն այնտեղ ասվում է, որ այդ կինը երկու դուստր ուներ, և որ նա ու իր ընտանիքը բնակություն էին հաստատել Սոդոմ քաղաքում (Ծննդոց 19:1, 15

 Ի՞նչ արեց նա։ Նա չհնազանդվեց Աստծու տված պատվերին։ Աստված որոշել էր ոչնչացնել Սոդոմը և հարևան քաղաքները, քանի որ դրանք բարոյապես ապականված էին։ Սոդոմում բնակվող արդար Ղովտի և նրա ընտանիքի հանդեպ սիրուց մղված՝ Աստված երկու հրեշտակ ուղարկեց, որ ապահով ուղեկցեն նրանց քաղաքից դուրս (Ծննդոց 18:20; 19:1, 12, 13

 Հրեշտակները Ղովտի ընտանիքին պատվիրեցին փախչել այդ տարածքից և հետ չնայել, այլապես կմեռնեն (Ծննդոց 19։17)։ Ղովտի կինը, սակայն, «հետ նայեց և աղի արձան դարձավ» (Ծննդոց 19։26

 Ի՞նչ կարող ենք սովորել Ղովտի կնոջից։ Ղովտի կնոջ պատմությունն ընդգծում է, որ չպետք է նյութական բաների հանդեպ այն աստիճան սեր զարգացնենք, որ դրա պատճառով չհնազանդվենք Աստծուն. դա լի է վտանգներով։ Հիսուսը նրա մասին խոսեց որպես նախազգուշական օրինակի։ «Հիշե՛ք Ղովտի կնոջը»,— ասաց նա (Ղուկաս 17։32

  Մարթա

 Ո՞վ էր Մարթան։ Մարթան Ղազարոսի և Մարիամի քույրն էր։ Երեքն էլ ապրում էին Երուսաղեմի մոտակայքում գտնվող Բեթանիա գյուղում։

 Ի՞նչ արեց նա։ Մարթան մտերիմ փոխհարաբերություններ ուներ Հիսուսի հետ, որը «սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին» (Հովհաննես 11։5)։ Մարթան հյուրասեր կին էր։ Մի անգամ, երբ Հիսուսը նրանց տանն էր, Մարիամը նախընտրեց լսել Հիսուսին, մինչդեռ Մարթան տան գործերով էր զբաղված։ Մարթան գանգատվեց Հիսուսին, որ Մարիամը չի օգնում իրեն։ Սակայն Հիսուսը նրբանկատորեն շտկեց նրա տեսակետը (Ղուկաս 10:38–42

 Երբ Ղազարոսը հիվանդացավ, Մարթան ու նրա քույրը, վստահ լինելով, որ Հիսուսը կարող է բուժել իրենց եղբորը, մարդ ուղարկեցին նրա հետևից (Հովհաննես 11:3, 21)։ Սակայն Ղազարոսը մահացավ։ Հիսուսի հետ զրույցում Մարթան իր վստահությունն արտահայտեց հարության վերաբերյալ աստվածաշնչյան խոստման և իր եղբորը կրկին կյանքի բերելու Հիսուսի կարողության հանդեպ (Հովհաննես 11:20–27

 Ի՞նչ կարող ենք սովորել Մարթայից։ Մարթան շատ հյուրասեր էր։ Նա պատրաստակամորեն ընդունեց իրեն տրված խորհուրդը։ Նա բացեիբաց խոսում էր իր զգացումների ու հավատի մասին։

  •   Մարթայի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Հավատում եմ» հոդվածը։

  Մարիամ (Հիսուսի մայրը)

 Ո՞վ էր Մարիամը։ Մարիամը հրեուհի մի աղջիկ էր։ Նա կույս էր, երբ ունեցավ Հիսուսին, քանի որ հրաշքով էր հղիացել Աստծու որդիով։

 Ի՞նչ արեց նա։ Մարիամը խոնարհաբար կատարեց Աստծու կամքը։ Նա նշանված էր Հովսեփի հետ, երբ հրեշտակը հայտնվեց նրան և ասաց, որ հղիանալու է և ծնելու է երկար սպասված Մեսիային (Ղուկաս 1:26–33)։ Մարիամը պատրաստակամորեն ընդունեց իր նշանակումը։ Հիսուսի ծնվելուց հետո նա և Հովսեփը չորս որդի ունեցան և առնվազն երկու աղջիկ։ Փաստորեն, Մարիամը կույս չմնաց (Մատթեոս 13:55, 56)։ Թեև նա առանձնահատուկ պատվի արժանացավ, սակայն երբեք մեծարանքի չձգտեց, և նրա հանդեպ հատուկ վերաբերմունք ցույց չտրվեց Հիսուսի ծառայության ընթացքում կամ դրանից հետո, երբ արդեն կազմավորվել էր վաղ քրիստոնեական ժողովը։

 Ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Մարիամը հավատարիմ կին էր, որը պատրաստակամորեն լուրջ պատասխանատվություն ստանձնեց։ Նա գերազանց կերպով գիտեր Սուրբ Գրքերը։ Ըստ մի հաշվարկի՝ Ղուկաս 1:46–55-ում արձանագրված իր խոսքերն ասելիս Մարիամը մոտ 20 մեջբերում է արել այդ գրքերից։

  Մարիամ Մագդաղենացի

 Ո՞վ էր Մարիամ Մագդաղենացին։ Մարիամ Մագդաղենացին Հիսուսին նվիրված աշակերտներից էր։

 Ի՞նչ արեց նա։ Մարիամ Մագդաղենացին այն մի քանի կանանցից մեկն էր, ովքեր շրջում էին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Նա առատաձեռնորեն իր միջոցներն օգտագործում էր նրանց կարիքները հոգալու համար (Ղուկաս 8:1–3)։ Մարիամը Հիսուսին հետևեց մինչև նրա ծառայության ավարտը և նրա կողքին մնաց, երբ նրան մահվան մատնեցին։ Նա առանձնաշնորհում ունեցավ լինելու առաջիններից մեկը, ովքեր տեսան հարություն առած Հիսուսին (Հովհաննես 20։11–18

 Ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Մարիամ Մագդաղենացին առատաձեռնորեն աջակցեց Հիսուսին նրա ծառայության ընթացքում և նրան նվիրված աշակերտ մնաց։

  Մարիամ (Մարթայի և Ղազարոսի քույրը)

 Ո՞վ էր Մարիամը։ Մարիամը, ինչպես նաև նրա եղբայր Ղազարոսն ու քույրը՝ Մարթան, Հիսուսի մտերիմ ընկերներն էին։

 Ի՞նչ արեց նա։ Մարիամը բազմիցս ցույց տվեց, որ խորապես գնահատում է Հիսուսին՝ որպես Աստծու Որդու։ Նա իր հավատն արտահայտեց այն բանի նկատմամբ, որ Հիսուսը կարող էր կանխել իր եղբայր Ղազարոսի մահը, և ներկա էր, երբ Աստծու Որդին հարություն տվեց նրան։ Մարիամի քույրը՝ Մարթան, քննադատեց նրան, երբ վերջինս նախընտրեց լսել Հիսուսին՝ փոխանակ օգնելու իրեն կատարելու տնային պարտականությունները։ Սակայն Հիսուսը գովեց Մարիամին հոգևորին առաջնահերթություն տալու համար (Ղուկաս 10:38–42

 Մեկ ուրիշ անգամ Մարիամը բացառիկ հյուրասիրություն դրսևորեց Հիսուսի նկատմամբ՝ «թանկարժեք անուշահոտ յուղ» լցնելով նրա գլխին և ոտքերին (Մատթեոս 26։6, 7)։ Ականատեսները Մարիամին մեղադրեցին անտեղի վատնում կատարելու մեջ։ Սակայն Հիսուսը պաշտպանեց նրան՝ ասելով. «Ամբողջ աշխարհում որտեղ էլ որ [Աստծու Թագավորության մասին] այս բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի նրա հիշատակի համար» (Մատթեոս 24։14; 26։8–13

 Ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Մարիամը մեծ հավատ էր զարգացրել։ Նա առաջնային էր համարում Աստծուն մատուցվող երկրպագությունը և ոչ թե առօրյա գործերը։ Նա նաև խոնարհաբար պատվեց Հիսուսին՝ չնայելով իր մատուցած նվերի թանկ լինելուն։

  Մարիամ (Մովսեսի քույրը)

 Ո՞վ էր Մարիամը։ Մարիամը Մովսեսի և Ահարոնի քույրն էր։ Նա Աստվածաշնչում հիշատակված առաջին կինն է, որը մարգարեուհի է կոչվում։

 Ի՞նչ արեց նա։ Լինելով մարգարեուհի՝ Մարիամը իր ուրույն դերն ուներ Աստծու հաղորդած լուրերը հայտնելու հարցում։ Նա բարձր դիրք ուներ Իսրայելում և այն բանից հետո, երբ Աստված Կարմիր ծովում կործանեց եգիպտական զորքը, իսրայելացի տղամարդկանց հետ հաղթական երգ երգեց (Ելք 15։1, 20, 21

 Որոշ ժամանակ անց Մարիամն ու Ահարոնը քննադատության ենթարկեցին Մովսեսին։ Ակներևաբար նրանց մեջ խոսում էին հպարտությունն ու խանդը։ Աստված «լսում էր» և խիստ խորհուրդ տվեց այդ երկուսին (Թվեր 12։1–9)։ Այնուհետև նա բորոտությամբ հարվածեց Մարիամին, ըստ երևույթին այն պատճառով, որ նա էր սկսել այդ քննադատական զրույցը։ Երբ Մովսեսը աղերսեց Աստծուն նրա համար, Աստված բուժեց նրան։ Յոթ օր մեկուսացած մնալուց հետո Մարիամին թույլ տրվեց վերադառնալ Իսրայելի ճամբար (Թվեր 12։10–15

 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Մարիամն ընդունեց խրատը։ Դարեր անց Աստված հիշատակեց նրա յուրահատուկ առանձնաշնորհման մասին, երբ իսրայելացիներին հիշեցրեց հետևյալը. «Ես քո առջևից ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին» (Միքիա 6։4

 Ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Մարիամի կյանքի պատմությունը ցույց է տալիս, որ Աստված ուշադրություն է դարձնում, թե իր ծառաները ինչ են ասում իրար կամ ինչ են խոսում իրար մասին։ Նաև սովորում ենք, որ Աստծուն հաճեցնելու համար պետք է խուսափենք անտեղի հպարտությունից և խանդից. հատկություններ, որոնց պատճառով գուցե արատավորենք ուրիշների բարի անունը։

  Ռախաբ

 Ո՞վ էր Ռախաբը։ Ռախաբը մարմնավաճառ էր, որն ապրում էր քանանական Երիքով քաղաքում, և որը դարձավ Եհովա Աստծու երկրպագու։

 Ի՞նչ արեց նա։ Ռախաբը թաքցրեց երկու իսրայելացի լրտեսներին, որոնք լրտեսում էին իր երկիրը։ Նա դա արեց, քանի որ լսել էր, թե ինչպես էր Իսրայելի Աստված Եհովան իր ժողովրդին փրկել Եգիպտոսից, իսկ ավելի ուշ՝ ամորհացիներ կոչվող ցեղի հարձակումից։

 Ռախաբն օգնեց այդ լրտեսներին և աղերսեց նրանց, որ պահպանեն իր և իր ընտանիքի կյանքը, երբ իսրայելացիները գան՝ կործանելու Երիքովը։ Նրանք համաձայնեցին, բայց որոշակի պայմաններով. Ռախաբը պետք է գաղտնի պահեր նրանց առաքելությունը, իր ընտանիքի հետ պետք է մնար տան մեջ, երբ իսրայելացիները հարձակվեին, և կարմիր թել կապեր պատուհանից, որպեսզի նրանք իմանային, թե որն է իր տունը։ Ռախաբը հնազանդվեց բոլոր հրահանգներին, և երբ իսրայելացիները գրավեցին Երիքովը, նա և իր ընտանիքը փրկվեցին։

 Հետագայում Ռախաբը ամուսնացավ մի իսրայելացու հետ ու դարձավ Դավիթ թագավորի և Հիսուս Քրիստոսի նախամայրը (Հեսու 2։1–24; 6։25; Մատթեոս 1։5, 6, 16

 Ի՞նչ կարող ենք սովորել Ռախաբից։ Աստվածաշունչը Ռախաբի մասին խոսում է որպես հավատի հիանալի օրինակի (Եբրայեցիներ 11:30, 31; Հակոբոս 2:25)։ Նրա պատմությունը ցույց է տալիս, որ Աստված ներողամիտ և անկողմնակալ է, օրհնում է իրեն վստահողներին՝ անկախ նրանց ծագումից։

  Ռաքել

 Ո՞վ էր Ռաքելը։ Ռաքելը Լաբանի աղջիկն էր և Հակոբ նահապետի սիրելի կինը։

 Ի՞նչ արեց նա։ Ռաքելը ամուսնացավ Հակոբի հետ, և նրանք երկու որդի ունեցան, որոնք դարձան հին Իսրայել ազգի 12 ցեղերի նահապետները։ Ռաքելը իր ապագա ամուսնուն հանդիպեց, երբ հովվում էր իր հոր ոչխարներին (Ծննդոց 29։9, 10)։ Ի տարբերություն իր ավագ քրոջ՝ Լիայի՝ նա «գեղեցիկ էր» (Ծննդոց 29։17

 Հակոբը սիրահարվեց Ռաքելին և համաձայնեց յոթ տարի աշխատել, որպեսզի կարողանա ամուսնանալ նրա հետ (Ծննդոց 29:18)։ Սակայն Լաբանը, խաբելով Հակոբին, նախ ամուսնացրեց նրան Լիայի հետ, որից հետո միայն թույլ տվեց ամուսնանալ Ռաքելի հետ (Ծննդոց 29:25–27

 Հակոբը Ռաքելին և նրանից ծնված իր երկու որդիներին Լիայից ու նրա երեխաներից ավելի շատ էր սիրում (Ծննդոց 37:3; 44:20, 27–29)։ Դա պատճառ եղավ, որ այդ երկու կանանց միջև մրցակցություն լինի (Ծննդոց 29։30; 30։1, 15

 Ի՞նչ կարող ենք սովորել Ռաքելից։ Ռաքելը, ընտանեկան ծանր կացության մեջ գտնվելով, չկորցրեց իր հույսն այն բանի հանդեպ, որ Աստված կլսի իր աղոթքները (Ծննդոց 30:22–24)։ Նրա պատմությունը ցույց է տալիս, թե բազմակնությունն ինչ մեծ լարվածություն է մտցնում ընտանիքում։ Ռաքելի օրինակից պարզ երևում է, թե որքան իմաստուն է ամուսնության վերաբերյալ Աստծու հաստատած սկզբնական չափանիշը, այն է՝ տղամարդը միայն մեկ կին պետք է ունենա (Մատթեոս 19:4–6

  Ռեբեկա

 Ո՞վ էր Ռեբեկան։ Ռեբեկան Իսահակի կինն էր։ Նրանք ունեին երկվորյակ որդիներ, որոնց անուններն էին Հակոբ ու Եսավ։

 Ի՞նչ արեց նա։ Ռեբեկան անգամ դժվարությունների բախվելիս կատարեց Աստծու կամքը։ Երբ նա ջրհորից ջուր էր հանում, մի մարդ խնդրեց նրան, որ մի կում ջուր տա իր սափորից։ Ռեբեկան անհապաղ ջուր տվեց նրան և առաջարկեց ջուր հանել նաև նրա ուղտերի համար (Ծննդոց 24:15–20)։ Այդ մարդը Աբրահամի ծառան էր։ Նա երկար ճամփա էր կտրել-անցել, որպեսզի կին գտներ Աբրահամի որդու՝ Իսահակի համար (Ծննդոց 24:2–4)։ Այդ ծառան նաև աղոթել էր Աստծուն, որ օրհներ իրեն։ Երբ նա տեսավ, թե որքան աշխատասեր և հյուրասեր է Ռեբեկան, հասկացավ, որ Աստված պատասխանել է իր աղոթքին՝ ցույց տալով, որ հենց նրան է ընտրել՝ լինելու Իսահակի կինը (Ծննդոց 24:10–14, 21, 27

 Երբ Ռեբեկան իմացավ ծառայի գալու նպատակը, համաձայնեց գնալ նրա հետ և դառնալ Իսահակի կինը (Ծննդոց 24:57–59)։ Ժամանակի ընթացքում նա երկվորյակ որդիներ ունեցավ։ Աստված հայտնեց նրան, որ մեծ որդին՝ Եսավը, ծառայելու էր փոքրին՝ Հակոբին (Ծննդոց 25:23)։ Ուստի երբ Իսահակը պատրաստվում էր առաջնեկի օրհնությունը տալ Եսավին, Ռեբեկան քայլեր ձեռնարկեց, որ օրհնությունը ստանա Հակոբը, քանի որ գիտեր, որ դա է Աստծու կամքը (Ծննդոց 27:1–17

 Ի՞նչ կարող ենք սովորել Ռեբեկայից։ Ռեբեկան համեստ, աշխատասեր և հյուրասեր անձնավորություն էր. հատկություններ, որոնք օգնեցին նրան լինելու լավ կին, լավ մայր և երկրպագելու ճշմարիտ Աստծուն։

  •   Ռեբեկայի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Կգնա՛մ» հոդվածը։

  Սառա

 Ո՞վ էր Սառան։ Սառան Աբրահամի կինն էր և Իսահակի մայրը։

 Ի՞նչ արեց նա։ Սառան հեռացավ Ուր բարգավաճ քաղաքից, որտեղ հարմարավետ կյանքով էր ապրում, քանի որ հավատում էր իր ամուսնուն՝ Աբրահամին տրված Աստծու խոստումներին։ Աստված պատվիրել էր Աբրահամին լքել Ուրը և գնալ Քանանի երկիր։ Նա խոստացել էր օրհնել նրան և նրանից մեծ ազգ ստեղծել (Ծննդոց 12:1–5)։ Սառան այդ ժամանակ թերևս 60-ն անց կին էր։ Այդ օրերից ի վեր նա իր ամուսնու հետ սկսեց քոչվորի կյանքով ապրել վրաններում։

 Թեև այդպիսի կյանքը Սառայի համար վտանգներով լի էր, սակայն նա թիկունք էր կանգնում Աբրահամին, երբ վերջինս հետևում էր Աստծու առաջնորդությանը (Ծննդոց 12:10, 15)։ Երկար տարիներ Սառան ամուլ էր, ինչը շատ էր տխրեցնում նրան։ Սակայն Աստված խոստացել էր օրհնել Աբրահամի սերունդը (Ծննդոց 12:7; 13:15; 15:18; 16:1, 2, 15)։ Իր ժամանակին Աստված հայտնեց, որ Սառան էր Աբրահամի համար երեխա ունենալու։ Նա մայրացավ, երբ իր ծննդաբերելու տարիքը վաղուց անցել էր։ Սառան 90 տարեկան էր, իսկ նրա ամուսինը՝ 100 (Ծննդոց 17:17; 21:2–5)։ Նրանք երեխայի անունը Իսահակ դրեցին։

 Ի՞նչ կարող ենք սովորել Սառայից։ Սառայի օրինակից սովորում ենք, որ միշտ կարող ենք վստահ լինել, որ Աստծու խոստումները կիրականանան, նույնիսկ երբ թվում է, թե դա անհնար է (Եբրայեցիներ 11:11)։ Իսկ որպես կին նրա օրինակը ընդգծում է ամուսնության մեջ հարգանք դրսևորելու կարևորությունը (1 Պետրոս 3:5, 6

  Սունամացի աղջիկ

 Ո՞վ էր սունամացի աղջիկը։ Սունամացի աղջիկը գեղեցիկ գեղջկուհի էր և աստվածաշնչյան «Երգերի Երգը» գրքի գլխավոր կերպարը։ Աստվածաշունչը նրա անունը չի հայտնում։

 Ի՞նչ արեց նա։ Սունամացի կույսը հավատարմություն պահպանեց իր սիրելի հովվի հանդեպ (Երգերի Երգ 2:16)։ Նրա բացառիկ գեղեցկությունը, սակայն, գրավեց հարուստ Սողոմոն թագավորի ուշադրությունը, որը փորձեց նվաճել նրա սիրտը (Երգերի Երգ 7:6)։ Թեև ուրիշները համոզում էին նրան ընտրել Սողոմոնին, բայց սունամացի աղջիկը հրաժարվեց։ Նա սիրում էր համեստ հովվին և նվիրված էր նրան (Երգերի Երգ 3:5; 7:10; 8:6

 Ի՞նչ կարող ենք սովորել սունամացի աղջկանից։ Չնայած իր գեղեցկությանն ու իր հանդեպ ցուցաբերվող ուշադրությանը՝ նա համեստ կարծիք ուներ իր մասին։ Նա թույլ չէր տալիս, որ հասակակիցների ճնշումը կամ հարստություն և հեղինակություն ունենալու խոստումը հանգցնեն հովվի հանդեպ իր սերը։ Սունամացի աղջիկը վերահսկում էր իր զգացմունքները և բարոյապես մաքուր մնում։

 Աստվածաշնչում հիշատակված կանայք (ժամանակագրական հաջորդականությամբ)

  1.  Եվա

  2. Ջրհեղեղ (մ.թ.ա. 2370 թ.)

  3.  Սառա

  4.  Ղովտի կինը

  5.  Ռեբեկա

  6.  Լիա

  7.  Ռաքել

  8. Ելք Եգիպտոսից (մ.թ.ա. 1513 թ.)

  9.  Մարիամ

  10.  Ռախաբ

  11.  Հռութ

  12.  Դեբորա

  13.  Հայել

  14.  Դալիլա

  15.  Աննա

  16. Իսրայելի առաջին թագավորը (մ.թ.ա. 1117 թ.)

  17.  Աբիգեա

  18.  Սունամացի աղջիկ

  19.  Հեզաբել

  20.  Եսթեր

  21.  Մարիամ (Հիսուսի մայրը)

  22. Հիսուսի մկրտությունը (մ.թ. 29 թ.)

  23.  Մարթա

  24.  Մարիամ (Մարթայի և Ղազարոսի քույրը)

  25.  Մարիամ Մագդաղենացի

  26. Հիսուսի մահը (մ.թ. 33 թ.)