Ի՞նչ է Աստվածաշունչը ասում էֆթանազիայի մասին
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչում կոնկրետ չի խոսվում էֆթանազիայի a մասին։ Սակայն կյանքի և մահվան վերաբերյալ այն հավասարակշռված տեսակետ է արտահայտում։ Աստվածաշունչը մահ պատճառելը անընդունելի է համարում, բայց այն չի պահանջում ամեն գնով երկարացնել մահացող մարդու կյանքը։
Աստվածաշունչն ասում է, որ Աստված մեր Ստեղծիչն է՝ «կյանքի աղբյուրը» (Սաղմոս 36։9; Գործեր 17։28)։ Աստված կյանքը շատ թանկ է համարում։ Այդ պատճառով նա դատապարտելի է համարում այն, որ անհատը խլում է ուրիշի կամ իր կյանքը (Ելք 20։13; 1 Հովհաննես 3։15)։ Ավելին, Աստվածաշունչը նշում է, որ մենք պետք է ողջամտության սահմաններում նախազգուշական քայլեր ձեռնարկենք մեր և ուրիշների կյանքը վտանգի չենթարկելու համար (2 Օրենք 22։8)։ Հստակ է, որ Աստված ցանկանում է, որ թանկ գնահատենք կյանքի պարգևը։
Ի՞նչ անել, երբ անհատը անբուժելի հիվանդ է
Աստվածաշունչը մատների արանքով չի նայում ուրիշի կյանքը խլելուն, նույնիսկ երբ անհատի մահն անխուսափելի է և ուր որ է վրա կհասնի։ Դրա վառ օրինակն է Իսրայելի Սավուղ թագավորը։ Երբ նա պատերազմի ժամանակ մահացու վերք ստացավ, խնդրեց իր զինակրին օգնել իրեն վերջ դնելու իր կյանքին (1 Սամուել 31։3, 4)։ Զինակիրը հրաժարվեց դա անելուց։ Սակայն մեկ ուրիշ անձնավորություն ավելի ուշ ստեց՝ ասելով, թե կատարել է Սավուղի ցանկությունը։ Դավիթը, արտացոլելով կյանքի վերաբերյալ Աստծու մտածելակերպը, դատապարտեց այդ մարդու արարքը՝ համարելով նրան արյունապարտ (2 Սամուել 1։6–16)։
Պե՞տք է արդյոք կյանքը երկարաձգել ամեն գնով
Երբ հստակ է, որ մահն անխուսափելի է, Աստվածաշունչը չի պահանջում երկարացնել կյանքը։ Այն հավասարակշռված տեսակետ է հայտնում։ Մահը մեր մեծ թշնամին է, մեր մեղավոր վիճակի հետևանքը (Հռոմեացիներ 5։12; 1 Կորնթացիներ 15։26)։ Ճիշտ է, մահ չենք փափագում, բայց դրանից վախենալ պետք չէ, քանի որ Աստված խոստանում է հարություն տալ մահացածներին (Հովհաննես 6։39, 40)։ Այն անհատը, ով կյանքի հանդեպ հարգանք է դրսևորում, կփնտրի իրեն հասանելի լավագույն բուժմեթոդները։ Սակայն չի պահանջվում ընտրել այնպիսի բուժմեթոդներ, որոնք պարզապես կհեռացնեն մահվան օրը, որը գրեթե վրա է հասել։
Ինքնասպանությունը աններելի՞ մեղք է
Ո՛չ, Աստվածաշունչը չի ասում, որ ինքնասպանությունը աններելի մեղք է։ Ճիշտ է, կյանքը խլելը ծանր մեղք է b, սակայն Աստված լիովին հասկանում է այն գործոնները, որոնք գուցե մարդուն դրդել են ինքնասպանության։ Այդ գործոններից են մտային հիվանդությունը, ծայրահեղ սթրեսային վիճակը կամ նույնիսկ ժառանգականությունը (Սաղմոս 103։13, 14)։ Աստվածաշնչի միջոցով Աստված մխիթարում է նրանց, ովքեր նեղության մեջ են։ Բացի այդ, Աստվածաշունչն ասում է, որ «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։ Սա ցույց է տալիս, որ այն մարդկանց համար, ովքեր այնպիսի լուրջ մեղքեր են գործել, ինչպիսին է, օրինակ, ինքնասպանությունը, հարության հույս կա։
a Էֆթանազիան կամ գթասրտությունից մղված սպանությունը «անբուժելի հիվանդ կամ ծանր վնասվածք ունեցող մարդուն կյանքից զրկելն է նրան տառապանքներից ազատելու համար» (Merriam-Webster Learner’s Dictionary)։ Երբ բժիշկը պացիենտին օգնում է վերջ դնելու կյանքին, դա կոչվում է ինքնասպանություն բժշկի օգնությամբ։
b Աստվածաշնչում հիշատակված այն մի քանի մարդիկ, ովքեր ինքնասպանություն են գործել, չեն ապրել Աստծու կամքին ներդաշնակ (2 Սամուել 17։23; 1 Թագավորներ 16։18; Մատթեոս 27։3–5)։