Ինչպիսի՞ արտաքին ուներ Հիսուսը
Աստվածաշնչի պատասխանը
Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպիսի արտաքին ուներ Հիսուսը, քանի որ այն նկարագրված չէ Աստվածաշնչում։ Դա ցույց է տալիս, որ Հիսուսի ֆիզիկական տվյալների մասին իմանալը կարևոր չէ։ Սակայն Աստվածաշնչից կարող ենք ընդհանուր պատկերացում կազմել նրա արտաքին տեսքի մասին։
Դիմագծերը։ Հիսուսը հրեա էր և հավանաբար իր մորից ժառանգել էր սեմական դիմագծեր (Եբրայեցիներ 7:14)։ Քիչ հավանական է, որ նա առանձնահատուկ դիմագծեր ունենար։ Մի անգամ Հիսուսը Գալիլեայից գաղտնի կերպով գնաց Երուսաղեմ, և նրան ոչ ոք չճանաչեց (Հովհաննես 7:10, 11)։ Նա առանձնապես չէր տարբերվում իր մտերիմ աշակերտներից։ Հիշենք, որ երբ զինված ամբոխը եկավ Հիսուսին ձերբակալելու, Հուդա Իսկարիովտացին ցույց տվեց, թե այնտեղ գտնվողներից որ մեկն է նա (Մատթեոս 26:47–49)։
Մազերի երկարությունը։ Անհավանական է, որ Հիսուսը երկար մազեր ունենար, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ «եթե տղամարդը երկար մազեր ունի, դա անպատվություն է նրա համար» (1 Կորնթացիներ 11:14)։
Մորուքը։ Հիսուսը մորուք ուներ։ Նա հետևում էր հրեական օրենքին, որը տղամարդկանց արգելում էր «մորուքի ծայրերը փչացնել» (Ղևտական 19:27; Գաղատացիներ 4:4)։ Բացի այդ, Աստվածաշունչը Հիսուսի մորուքի մասին հիշատակում է նրա տառապանքների վերաբերյալ մարգարեության մեջ (Եսայիա 50:6)։
Մարմինը։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ Հիսուսը ամրակազմ տղամարդ էր։ Իր ծառայության ընթացքում նա կտրում-անցնում էր շատ մղոններ (Մատթեոս 9:35)։ Երկու անգամ հրեաների տաճարում նա շուռ տվեց դրամափոխների սեղանները և մեկ անգամ մտրակով դուրս վռնդեց ընտանի կենդանիներին (Ղուկաս 19:45, 46; Հովհաննես 2:14, 15)։ Մակ-Քլինտոկի և Ստրոնգի հանրագիտարանում նշվում է. «Ավետարանների ողջ արձանագրությունից երևում է, որ [Հիսուսը] ֆիզիկապես առողջ և առույգ [տղամարդ] էր» (McClintock and Strong’s Cyclopedia, volume IV, page 884)։
Դեմքի արտահայտությունները։ Հիսուսը ջերմ և կարեկից անձնավորություն էր, և, անկասկած, դա արտացոլվում էր նրա դեմքին (Մատթեոս 11:28, 29)։ Ամեն տեսակ մարդիկ փնտրում էին նրան, որ մխիթարվեին և օգնություն ստանային (Ղուկաս 5:12, 13; 7:37, 38)։ Նույնիսկ երեխաներն էին իրենց անկաշկանդ զգում Հիսուսի ներկայությամբ (Մատթեոս 19:13–15; Մարկոս 9:35–37)։
Սխալ կարծիքներ Հիսուսի արտաքին տեսքի վերաբերյալ
Սխալ կարծիք։ Ոմանք ասում են, որ Հիսուսը պետք է որ աֆրիկական ծագում ունենար, քանի որ «Հայտնություն» գրքում նրա մազերը համեմատվում են բրդի հետ, իսկ ոտքերը՝ «հրաշեկ անագապղնձի» (Հայտնություն 1:14, 15, Աշխարհաբար նոր թարգմանություն)։
Փաստ։ «Հայտնություն» գիրքը «խորհրդանշաններով» է ներկայացված (Հայտնություն 1:1)։ Հիսուսի մազերի և ոտքերի նկարագրության մեջ խորհրդանշական լեզու է գործածված ցույց տալու համար հարությունից հետո նրա ունեցած հատկությունները և ոչ թե նկարագրելու համար նրա արտաքին տեսքը երկրի վրա եղած ժամանակ։ Հայտնություն 1:14-ում ասվում է, որ Հիսուսի «գլուխն ու մազերը սպիտակ բրդի և ձյան պես սպիտակ էին»։ Այս համեմատության նպատակն է ընդգծել գույնը և ոչ թե հումքը։ Այն ներկայացնում է տարիների ընթացքում նրա ձեռք բերած իմաստությունը (Հայտնություն 3:14)։
Հիսուսի «ոտքերը հնոցի մեջ շիկացած մաքուր պղնձի պես էին» (Հայտնություն 1:15)։ Իսկ նրա «երեսը վառ շողացող արևի պես էր» (Հայտնություն 1:16)։ Մարդկային ոչ մի ռասայի ներկայացուցիչ չունի այս նկարագրություններին համապատասխանող մաշկի գույն, ուստի այդ տեսիլքը, ըստ ամենայնի, խորհրդանշական իմաստ ունի և ցույց է տալիս, որ հարություն առած Հիսուսը «անհասանելի լույսի մեջ է բնակվում» (1 Տիմոթեոս 6:16)։
Սխալ կարծիք։ Հիսուսը թույլ և տկար էր։
Փաստ։ Հիսուսը տղամարդուն հատուկ վարքագիծ էր դրսևորում։ Օրինակ՝ նա խիզախորեն հայտնեց իր ինքնությունը իրեն ձերբակալելու եկած զինված ամբոխին (Հովհաննես 18:4–8)։ Հիսուսը նաև ֆիզիկապես ուժեղ էր, քանի որ ատաղձագործ էր և աշխատել էր ձեռքի գործիքներով (Մարկոս 6:3)։
Այդ դեպքում Հիսուսն ինչո՞ւ կարիք ուներ, որ ուրիշը տաներ իր տանջանքի ցիցը։ Ինչո՞ւ նա ավելի շուտ մահացավ, քան իր հետ մահվան դատապարտվածները (Ղուկաս 23:26; Հովհաննես 19:31–33)։ Մահապատժի ենթարկվելուց առաջ Հիսուսի մարմինը շատ թույլ վիճակում էր։ Նա ողջ գիշեր արթուն էր մնացել մասամբ ծանր հոգեվիճակի պատճառով (Ղուկաս 22:42–44)։ Այդ գիշեր հրեաները վատ վերաբերմունք էին դրսևորել նրա նկատմամբ, իսկ առավոտյան հռոմեացիները կտտանքների էին ենթարկել նրան (Մատթեոս 26:67, 68; Հովհաննես 19:1–3)։ Այդ գործոնները հավանաբար արագացրին նրա մահը։
Սխալ կարծիք։ Հիսուսը միշտ մռայլ էր, թախծալից և մելամաղձոտ։
Փաստ։ Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր երկնային Հոր՝ Եհովայի հատկությունները, որին Աստվածաշունչը նկարագրում է որպես «երջանիկ Աստված» (1 Տիմոթեոս 1:11; Հովհաննես 14:9)։ Բացի այդ, Հիսուսը ուրիշներին սովորեցնում էր, թե ինչպես երջանիկ լինել (Մատթեոս 5:3–9; Ղուկաս 11:28)։ Այս փաստերը ցույց են տալիս, որ Հիսուսի դեմքը հաճախ ուրախություն էր արտահայտում։