Ի՞նչ է նշանակում դարձյալ ծնվել
Աստվածաշնչի պատասխանը
Երբ Աստվածաշնչում ասվում է, որ անհատը «դարձյալ ծնվել» է, նշանակում է, որ Աստծու և նրա միջև նոր փոխհարաբերությունների սկիզբ է դրվել (Հովհաննես 3:3, 7)։ Աստված որդեգրում է դարձյալ ծնվածներին, և նրանք դառնում են նրա զավակները (Հռոմեացիներ 8:15, 16; Գաղատացիներ 4:5; 1 Հովհաննես 3:1)։ Ինչպես որ օրինականորեն որդեգրված անհատների կարգավիճակն է փոխվում, այնպես էլ փոխվում է դարձյալ ծնված անհատների կարգավիճակը. նրանք դառնում են Աստծու ընտանիքի անդամներ (2 Կորնթացիներ 6:18)։
Ինչո՞ւ է անհատը դարձյալ ծնվում
Հիսուսն ասաց. «Մինչև որ մարդ դարձյալ չծնվի, չի կարող տեսնել Աստծու թագավորությունը» (Հովհաննես 3:3)։ Ուստի դարձյալ ծնվելը անհատին պատրաստում է՝ Քրիստոսի հետ իշխելու Աստծու Թագավորության մեջ։ Այս Թագավորությունը իշխում է երկնքից, այդ պատճառով Աստվածաշունչը ասում է, որ «վերստին ծնվելով»՝ անհատը ժառանգություն է ստանում, որը «պահված է երկնքում» (1 Պետրոս 1:3, 4)։ Նրանց, ովքեր դարձյալ ծնվում են, հավաստիացում է տրվում, որ նրանք Քրիստոսի հետ «միասին կթագավորեն» (2 Տիմոթեոս 2:12; 2 Կորնթացիներ 1:21, 22)։
Ինչպե՞ս է անհատը դարձյալ ծնվում
Երբ Հիսուսը խոսում էր այս թեմայի մասին, նա ասաց, որ դարձյալ ծնվողները, պետք է ծնվեն «ջրից և ոգուց» (Հովհաննես 3:5)։ Սա նշանակում է, որ անհատը նախ մկրտվում է ջրում, ապա՝ սուրբ ոգով (Գործեր 1:5; 2:1–4)։
Հիսուսը առաջին անձնավորությունն էր, որը դարձյալ ծնվեց։ Նա մկրտվեց Հորդանան գետում, ինչից հետո Աստված օծեց (կամ՝ մկրտեց) նրան սուրբ ոգով։ Այդպես Հիսուսը դարձյալ ծնվեց որպես Աստծու որդի և երկնային կյանքի վերադառնալու հույս ստացավ (Մարկոս 1:9–11)։ Աստված իրականություն դարձրեց այս հույսը՝ Հիսուսին հարություն տալով որպես ոգեղեն էակի (Գործեր 13:33)։
Մյուսները, ովքեր դարձյալ ծնվում են, նույնպես մկրտվում են ջրում նախքան սուրբ ոգով մկրտվելը a (Գործեր 2:38, 41)։ Այդ ժամանակ նրանք ստանում են երկնային կյանքի հաստատուն հույսը, որն Աստված իրականություն կդարձնի, երբ նրանց հարություն տա (1 Կորնթացիներ 15:42–49)։
Սխալ կարծիքներ դարձյալ ծնվելու վերաբերյալ
Սխալ կարծիք։ Անհատը պետք է դարձյալ ծնվի, որպեսզի փրկություն ստանա։
Փաստ։ Քրիստոսի զոհը փրկություն է տալիս ոչ միայն նրանց, ովքեր դարձյալ ծնվում են, որպեսզի ապագայում Քրիստոսի հետ իշխեն երկնքում, այլ նաև նրանց, ովքեր լինելու են Աստծու Թագավորության երկրային հպատակները (1 Հովհաննես 2:1, 2; Հայտնություն 5:9, 10)։ Քրիստոնյաների այս երկրորդ խումբը հնարավորություն ունի հավիտյան ապրելու դրախտային երկրի վրա (Սաղմոսներ 37:29; Մատթեոս 6:9, 10; Հայտնություն 21:1–5)։
Սխալ կարծիք։ Անհատը կարող է որոշել դարձյալ ծնվել, թե ոչ։
Փաստ։ Բոլորը հնարավորություն ունեն Աստծու հետ փոխհարաբերություններ հաստատելու և փրկություն ստանալու (1 Տիմոթեոս 2:3, 4; Հակոբոս 4:8)։ Սակայն Աստված է որոշում, թե ովքեր պետք է դարձյալ ծնվեն, կամ՝ օծվեն սուրբ ոգով։ Համաձայն Աստվածաշնչի՝ դարձյալ ծնվելը ոչ թե «ցանկացողից է կախված.... այլ Աստծուց» (Հռոմեացիներ 9:16)։ «Դարձյալ ծնվել» արտահայտությունը կարող է նաև թարգմանվել «ծնվել վերևից», ինչը փաստում է, որ դարձյալ ծնվողների ընտրությունը «վերևից», կամ՝ Աստծու կողմից է արվում (Հովհաննես 3։3, ծնթ., New World Translation)։
a Բացառություն են կազմել Կոռնելիոսը և նրա հետ եղողները (Գործեր 10:44–48)։