Ի՞նչ է կրակի լիճը։ Արդյո՞ք դա նույն դժոխքն է կամ գեհենը
Աստվածաշնչի պատասխանը
Կրակի լիճը խորհրդանշում է հավիտյան կործանում։ Կրակի լիճը և գեհենը նույն բանն են, բայց տարբերվում են դժոխքից, որը մարդկանց համընդհանուր գերեզմանն է։
Բառացի լիճ չէ
Կրակի լճի մասին խոսվում է Աստվածաշնչի հինգ համարներում (Հայտնություն 19:20; 20:10, 14, 15; 21:8)։ Այս հինգ համարներն էլ ցույց են տալիս, որ այն խորհրդանշական իմաստ ունի։ Կրակի լճի մեջ են գցվելու՝
Սատանան (Հայտնություն 20:10)։ Քանի որ Սատանան ոգեղեն էակ է, նա չի կարող վնասվել բառացի կրակից (Ելք 3:2; Դատավորներ 13:20)։
Մահը (Հայտնություն 20:14)։ Մահը վերացական հասկացություն է և չի կարող բառացի այրվել։ Այն ոչ միայն կյանքից հեռանալու երևույթն է, այլ նաև ցույց է տալիս անգործունյա վիճակ, կյանքի բացակայություն (Ժողովող 9:10)։
«Գազանը» և «սուտ մարգարեն» (Հայտնություն 19:20)։ Քանի որ սրանք ունեն խորհրդանշական իմաստ, ապա տրամաբանական է եզրակացնել, որ կրակի լիճը նույնպես խորհրդանշական է (Հայտնություն 13:11, 12; 16:13)։
Հավիտենական կործանման խորհրդանիշ
Աստվածաշունչն ասում է, որ կրակի լիճը «երկրորդ մահն է» (Հայտնություն 20:14; 21:8)։ Աստվածաշնչում նշվող առաջին մահը Ադամի գործած մեղքի հետևանքն է։ Այս մահվան գերությունից ազատագրում՝ հարություն կա։ Շուտով Աստված ոչնչացնելու է այս մահը (1 Կորնթացիներ 15:21, 22, 26)։
Հնարավոր չէ ազատվել կրակի լճից
Կրակի լիճը խորհրդանշում է մեկ այլ՝ երկրորդ մահ։ Չնայած որ երկուսն էլ ներկայացնում են ամբողջովին անգործունյա վիճակ, սակայն տարբերվում են իրարից, քանի որ Աստվածաշնչում ոչ մի խոսք չկա երկրորդ մահից հարություն առնելու մասին։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը ունի «դժոխքի եւ մահի բանալիները», ինչը ցույց է տալիս, որ նա իշխանություն ունի հարություն տալու այն մարդկանց, ովքեր մահացել են Ադամից ժառանգած մեղքի պատճառով (Հայտնություն 1:18; 20:13, «Արարատ» թարգմանություն)։ Սակայն ո՛չ Հիսուսը, ո՛չ էլ մեկ ուրիշը չունի կրակի լճի բանալիները։ Այս խորհրդանշական լիճը ներկայացնում է հավիտենական պատիժ՝ հավիտենական կործանում (2 Թեսաղոնիկեցիներ 1:9)։
Նույնն է, ինչ Գեհենը՝ Հիննոմի հովիտը
«Գեհեն» (հունարեն՝ գեեննա) բառը Աստվածաշնչում հանդիպում է 12 անգամ։ Կրակի լճի նման այն խորհրդանշում է հավիտյան կործանում։ Չնայած որոշ թարգմանություններում այն թարգմանվել է «դժոխք» (եբրայերեն՝ շեոլ, հունարեն՝ հադես), սակայն սրանք տարբեր բաներ են։
«Գեհեն» բառացի նշանակում է «Հիննոմի հովիտ», որը հարակից էր Երուսաղեմին։ Աստվածաշնչյան ժամանակներում Երուսաղեմի բնակիչները այս հովիտն օգտագործում էին որպես աղբանոց։ Մարդիկ այնպես էին անում, որ այնտեղ միշտ կրակ վառվի, որպեսզի աղբն այրվի։ Իսկ ինչին կրակը չէր հասնում, ուտում էին որդերը։
Հիսուսը «գեհեն» բառը օգտագործում էր որպես հավիտյան կործանման խորհրդանիշ (Մատթեոս 23:33)։ Նա ասաց, որ գեհենում «որդը չի մեռնում, և կրակը չի մարում» (Մարկոս 9:47, 48)։ Նրա խոսքերը հիշեցնում էին Հիննոմի հովիտը և Եսայիա 66։24-ում գրված մարգարեությունը. «Նրանք դուրս կգան ու կտեսնեն իմ դեմ անօրենություն արած մարդկանց դիակները։ Դրանց վրայի որդերը չեն սատկի, ու դրանց կրակը չի հանգչի»։ Հիսուսի խոսքերը ոչ թե նկարագրում են տանջանքներ, այլ հավիտենական ոչնչացում։ Որդերն ու կրակը խժռում էին դիակներ՝ մեռած մարմիններ, և ոչ թե կենդանի մարդկանց։
Աստվածաշնչում ոչ մի խոսք կամ ակնարկ չկա գեհենից «վերադառնալու» մասին։ «Կրակի լիճը» և «կրակե գեհենը» խորհրդանշում են հավիտյան կործանում (Հայտնություն 20:14, 15; 21:8; Մատթեոս 18:9)։
«Կտանջվեն օր ու գիշեր, հավիտյանս հավիտենից»
Եթե կրակի լիճը խորհրդանշում է հավիտենական ոչնչացում, ապա ինչո՞ւ է Աստվածաշնչում ասվում, որ այնտեղ Սատանան, գազանը և սուտ մարգարեն «կտանջվեն օր ու գիշեր, հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 20:10)։ Ուշադրություն դարձրեք չորս պատճառի, թե ինչու կտանջվեն բառը այստեղ չի նշանակում բառացի տանջանքներ։
Սատանան հավիտյան տանջվելու համար պետք է հավիտյան էլ ողջ մնա։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ նա ոչնչի է վերածվելու, կամ՝ դադարելու է գոյություն ունենալ (Եբրայեցիներ 2:14)։
Հավիտենական կյանքը պարգև է Աստծու կողմից և ոչ թե պատիժ (Հռոմեացիներ 6:23)։
Գազանը և սուտ մարգարեն խորհրդանիշներ են և չեն կարող ենթարկվել բառացի տանջանքների։
Աստվածաշնչի համատեքստը ցույց է տալիս, որ Սատանայի պատիժը հավիտյան բանտարկումն է կամ հավիտենական ոչնչացումը։
Աստվածաշնչում «տանջանք» թարգմանված բառը ունի նաև բանտարկված լինելու իմաստ։ Օրինակ՝ հունարեն «տանջողներ» բառը, որը օգտագործվում է Մատթեոս 18։34 համարում, շատ թարգմանիչներ թարգմանել են որպես «բանտապահներ», ինչը ցույց է տալիս այս երկու բառերի միջև եղած կապը։ Մատթեոս 8։29 և Ղուկաս 8։30, 31 համարների համեմատությունից տեսնում ենք, որ «չարչարանք» բառը ունի նաև «անդունդ» իմաստը, որը փոխաբերական իմաստով նշանակում է անգործունյա վիճակ կամ մահ (Հռոմեացիներ 10:7; Հայտնություն 20:1, 3)։ Իրականում «տանջանք» բառը «Հայտնություն» գրքում մի քանի անգամ օգտագործվում է խորհրդանշական իմաստով (Հայտնություն 9:5; 11:10; 18:7, 10)։