Ինչի՞ մասին է Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչի «Հայտնություն» գրքի հունարեն անունը «Ապոկալիպսիս» է, ինչը նշանակում է «բացահայտել» կամ «հայտնաբերել»։ Այս անունը ցույց է տալիս, թե ինչի մասին է գիրքը. այն բացահայտում է բաներ, որոնք գաղտնի են եղել, և հայտնում է այնպիսի իրադարձությունների մասին, որոնք պետք է տեղի ունենային այն գրվելուց դարեր անց։ Գրքում գրված շատ մարգարեություններ դեռ պետք է իրենց կատարումն ունենան։
Գրքի բովանդակությունը
Առաջաբան (Հայտնություն 1:1–9)։
Հիսուսի խոսքը՝ ուղղված յոթ ժողովներին (Հայտնություն 1:10–3:22)։
Տեսիլք, որտեղ երևում է Աստված՝ երկնքում նստած իր գահին (Հայտնություն 4:1–11)։
Մեկը մյուսին հաջորդող տեսիլքներ.
յոթ կնիքներ (Հայտնություն 5:1–8:6)
յոթ փողեր, որոնցից վերջին երեքը վայեր են ներկայացնում (Հայտնություն 8:7–14:20)
յոթ գավաթներ, որոնցից յուրաքանչյուրը լցված է պատուհասով, ինչը խորհրդանշում է Աստծու դատավճիռները երկրի դեմ (Հայտնություն 15:1–16:21)
Տեսիլքներ, որտեղ կործանվում են Աստծու թշնամիները (Հայտնություն 17:1–20:10)։
Տեսիլքներ, որտեղ Աստված օրհնում է երկինքն ու երկիրը (Հայտնություն 20:11–22:5)։
Վերջաբան (Հայտնություն 22:6–21)։
«Հայտնություն» գիրքը հասկանալու բանալիներ
«Հայտնությունը» Աստծու ծառաների համար ոչ թե ահազդու գիրք է, այլ հակառակը՝ քաջալերական ու հուսադրող։ Չնայած որ շատերը, լսելով ապոկալիպսիս բառը, պատկերացնում են կործանում, սակայն այս գրքի սկզբում և վերջում գրված է, որ երջանիկ են նրանք, ովքեր կարդում, լսում ու պահում են գրքում գրված խոսքերը (Հայտնություն 1:3; 22:7)։
«Հայտնությունում» օգտագործվում է խորհրդանշական լեզու, հետևաբար շատ բաներ չպետք է հասկանալ բառացի (Հայտնություն 1:1)։
«Հայտնությունում» հանդիպող շատ հասկացությունների, խորհրդանշանների և անձնավորությունների մասին նշվել են Աստվածաշնչի նախորդ գրքերում։
Եհովա — «ճշմարիտ Աստվածը.... երկնքում» և ամեն ինչի Արարիչը (2 Օրենք 4:39; Սաղմոս 103:19; Հայտնություն 4:11; 15:3)։
Հիսուս Քրիստոս — «Աստծու գառը» (Հովհաննես 1:29; Հայտնություն 5:6; 14:1)։
Սատանա — Աստծու հակառակորդը (Ծննդոց 3:14, 15; Հովհաննես 8:44; Հայտնություն 12:9)։
Մեծ Բաբելոն — հին Բաբելոնի նման՝ Աստծու և իր ժողովրդի թշնամին ու կրոնական ստերի աղբյուրը (Ծննդոց 11:2–9; Եսայիա 13:1, 11; Հայտնություն 17:4–6; 18:4, 20)։
Ծով — ամբարիշտ մարդկությունը, որ հակառակվում է Աստծուն (Եսայիա 57:20; Հայտնություն 13:1; 21:1)։
Հին ժամանակներում խորանում Աստծու երկրպագության մեջ օգտագործված առարկաներ։ Օրինակ՝ ուխտի տապանակ, ապակե ծով (ավազան լվացվելու համար), ջահեր, խունկ, զոհասեղան (Ելք 25:10, 17, 18; 40:24–32; Հայտնություն 4:5, 6; 5:8; 8:3; 11:19)։
Գազաններ — խորհրդանշում են մարդկային կառավարությունները (Դանիել 7:1–8, 17–26; Հայտնություն 13:2, 11; 17:3)։
Խորհրդանշական իմաստով օգտագործված թվեր (Հայտնություն 1:20; 8:13; 13:18; 21:16)։
Տեսիլքները վերաբերում են «Տիրոջ օրվա» ժամանակ տեղի ունեցող դեպքերին, որը սկսվել է 1914թ.-ին, երբ հաստատվեց Աստծու Թագավորությունը և սկսեց իշխել Հիսուս Քրիստոսը (Հայտնություն 1:10)։ Այդ իսկ պատճառով կարող ենք ակնկալել, որ «Հայտնություն» գրքի մարգարեությունները կգտնեն իրենց կատարումը մեր օրերում։
«Հայտնությունը», ինչպես որ ամբողջ Աստվածաշունչը հասկանալու համար մեզ հարկավոր է Աստծուց իմաստություն խնդրել և դիմել այն մարդկանց օգնությանը, ովքեր արդեն հասկացել են այն (Գործեր 8:26–39; Հակոբոս 1:5)։