Ինչպե՞ս կարող էր Հիսուսի զոհը տրվել «շատերի համար»
Աստվածաշնչի պատասխանը
Հիսուսի զոհը այն միջոցն է, որով Աստված մարդկանց ազատում, կամ՝ փրկում է մեղքից ու մահից։ Աստվածաշունչը Հիսուսի թափած արյունը կոչում է փրկագին (Եփեսացիներ 1:7; 1 Պետրոս 1:18, 19)։ Մի առիթով Հիսուսն ասաց, որ եկավ, որպեսզի իր կյանքը փրկանք տա «շատերի համար» (Մատթեոս 20:28, ԱՆԹ)։
Ինչո՞ւ կարիք կար փրկանք տալու «շատերի համար»
Առաջին մարդ Ադամը կատարյալ էր ստեղծված՝ զերծ որևէ մեղքից։ Նա հավիտենական կյանքի հեռանկար ուներ, սակայն կորցրեց այն, քանի որ չհնազանդվեց Աստծուն (Ծննդոց 3:17–19)։ Երբ Ադամը երեխաներ ունեցավ, նա փոխանցեց նրանց մեղքի արատը (Հռոմեացիներ 5:12)։ Այդ պատճառով, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, Ադամը իրեն և իր երեխաներին ստրկության «ծախեց» մեղքին ու մահվանը (Հռոմեացիներ 7:14)։ Լինելով անկատար՝ նրանցից և ոչ մեկը չէր կարող հետ գնել Ադամի կորցրածը (Սաղմոս 49:7, 8)։
Աստված կարեկցանք դրսևորեց Ադամի սերունդների հանդեպ, որոնք անհույս վիճակում էին (Հովհաննես 3:16)։ Սակայն համաձայն իր արդարության չափանիշի՝ նա չէր կարող պարզապես անտեսել կամ ներել նրանց մեղքերը՝ առանց որևէ հիմք ունենալու (Սաղմոս 89:14; Հռոմեացիներ 3:23–26)։ Աստված սիրում է մարդկանց, ուստի անհրաժեշտ իրավական միջոց տվեց, որպեսզի նրանց մեղքերը ոչ միայն ներվեն, այլև վերանան (Հռոմեացիներ 5:6–8)։ Փրկանքը այդ իրավական հիմքն է։
Ինչպե՞ս է գործում փրկանքը
Աստվածաշնչում փրկանքն ընդգրկում է հետևյալ երեք բաները։
Վճար (Թվեր 3:46, 47)։
Ազատագրում, կամ՝ փրկագնում (Ելք 21:30)։
Համապատասխանություն այն բանի արժեքին, ինչի համար վճարվում է, կամ ինչը ծածկում է։ a
Նկատի առ, թե վերոնշյալ գործոնները ինչպես են ակնհայտ դառնում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի պարագայում։
Վճար։ Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաները «մեծ գնով գնվեցին» (1 Կորնթացիներ 6:20; 7:23)։ Այդ գինը Հիսուսի արյունն է, որով նա «գնեց մարդկանց ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» (Հայտնություն 5:8, 9)։
Ազատագրում։ Հիսուսի զոհը այն փրկանքն է, որի միջոցով մարդիկ ազատագրվում են մեղքից (1 Կորնթացիներ 1:30; Կողոսացիներ 1:14; Եբրայեցիներ 9:15)։
Համապատասխանություն։ Հիսուսի զոհը ճշգրտորեն համապատասխանում է Ադամի կորցրած մեկ կատարյալ մարդկային կյանքին (1 Կորնթացիներ 15:21, 22, 45, 46)։ Աստվածաշունչն ասում է. «Ինչպես մեկ մարդու [Ադամի] անհնազանդությամբ շատերը մեղավորներ դարձան, այդպես էլ մեկ մարդու [Հիսուս Քրիստոսի] հնազանդությամբ շատերը արդարներ կդառնան» (Հռոմեացիներ 5:19)։ Այս խոսքերից պարզ է դառնում, թե ինչպես կարող է շատ մեղավորների համար մեկ մարդու մահով փրկանք վճարվել։ Իրականում, Հիսուսի զոհը «համապատասխան փրկանք» է բոլոր նրանց համար, ովքեր անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում, որպեսզի օգուտ քաղեն դրանից (1 Տիմոթեոս 2:5, 6)։
a Աստվածաշնչում «փրկանք» թարգմանված բնագիր լեզուների բառերը փոխանցում են գնի, կամ՝ արժեքավոր բանի մասին միտք, ինչով վճարում են։ Օրինակ՝ եբրայերեն կաֆար բայը հիմնականում նշանակում է «ծածկել»։ Այն սովորաբար վերաբերում է մեղքը ծածկելուն (Սաղմոս 65:3)։ Նույնարմատ կոֆեր գոյականը վերաբերում է այն գնին, որը վճարվում է որևէ բան ծածկելու կամ որևէ մեկին փրկագնելու համար (Ելք 21:30)։ Նույն ձևով հունարեն լիտրոն բառը, որը սովորաբար թարգմանվում է «փրկանք», կարող է նաև թարգմանվել «փրկագին» (Մատթեոս 20:28, ԱՆԹ)։ Հույն գրողները այդ բառը գործածել են այն վճարի առնչությամբ, որը տրվում էր ռազմագերիներին փրկագնելու կամ ստրուկներին ազատելու համար։