Ինչպե՞ս գտնեմ ճշմարիտ կրոնը
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչը օրինակով է ցույց տալիս, թե ինչպես են տարբերվում ճշմարիտ ու կեղծ կրոն դավանողները։ Այնտեղ կարդում ենք. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց։ Մի՞թե փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ» (Մատթեոս 7:16)։ Ինչպես որ կարող ես տարբերել խաղողի վազը փշի թփից, այնպես էլ կարող ես ճշմարիտ կրոնը տարբերել կեղծից՝ ուշադրություն դարձնելով հետևյալ հատկանիշներին։
Ճշմարիտ կրոնը սովորեցնում է ճշմարտությունը, որը հիմնված է Աստվածաշնչի և ոչ թե մարդկային փիլիսոփայության վրա (Հովհաննես 4:24; 17:17)։ Դրա մեջ են մտնում այնպիսի կրոնական ուսմունքներ, ինչպիսիք են հոգու մասին և դրախտ երկրի վրա հավիտենական կյանքի հույսի մասին ճշմարտությունները (Սաղմոս 37:29; Եսայիա 35:5, 6; Եզեկիել 18:4)։ Ճշմարիտ կրոնը նաև չի վարանում ջրի երես հանել կրոնական կեղծ գաղափարները (Մատթեոս 15:9; 23:27, 28)։
Ճշմարիտ կրոնը օգնում է մարդկանց ճանաչել Աստծուն, այդ թվում՝ իմանալ նրա անունը՝ Եհովա (Սաղմոս 83:18; Եսայիա 42:8; Հովհաննես 17:3, 6)։ Այն չի սովորեցնում, որ Աստված անիմանալի է ու մեզնից հեռու։ Ընդհակառակը՝ սովորեցնում է, որ նա ցանկանում է՝ մոտենանք իրեն ու մտերիմ փոխհարաբերություններ զարգացնենք իր հետ (Հակոբոս 4:8)։
Ճշմարիտ կրոնը ընդգծում է Հիսուսի դերը որպես մեկի, ում միջոցով Աստված փրկություն է շնորհում (Գործեր 4:10, 12)։ Այն դավանողները կատարում են Հիսուսի պատվերները և ձգտում են հետևել նրա թողած օրինակին (Հովհաննես 13:15; 15:14)։
Ճշմարիտ կրոնի ուշադրության կենտրոնում Աստծու Թագավորությունն է որպես մարդկության միակ հույս։ Այն դավանողները ակտիվորեն բոլորին պատմում են այդ Թագավորության մասին (Մատթեոս 10:7; 24:14)։
Ճշմարիտ կրոնը մարդկանց խրախուսում է սիրել առանց որևէ ակնկալիքի (Հովհաննես 13:35)։ Այն սովորեցնում է հարգել բոլոր էթնիկ խմբերին և սիրով ընդունել տարբեր ծագման, մշակույթի և ազգության մարդկանց (Գործեր 10:34, 35)։ Քանի որ այն դավանողները սիրում են մարդկանց, պատերազմների չեն մասնակցում (Միքիա 4:3; 1 Հովհաննես 3:11, 12)։
Ճշմարիտ կրոնում չկա վարձատրվող հոգևորական դաս, և նրա անդամներից ոչ ոքի բարձրագոչ տիտղոսներ չեն տրվում (Մատթեոս 23:8–12; 1 Պետրոս 5:2, 3)։
Ճշմարիտ կրոնը բացարձակապես չեզոք է քաղաքական հարցերում (Հովհաննես 17:16; 18:36)։ Այդուհանդերձ, այն դավանողները հարգում և հնազանդվում են երկրի իշխանություններին՝ հետևելով աստվածաշնչյան հետևյալ պատվերին. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մարկոս 12:17; Հռոմեացիներ 13:1, 2)։
Ճշմարիտ կրոնը կյանքի ուղի է, ոչ թե պարզապես ծիսակարգ կամ արարողակարգ։ Այն դավանողները հավատարիմ են մնում Աստվածաշնչի բարձր բարոյական չափանիշներին կյանքի բոլոր ոլորտներում (Եփեսացիներ 5:3–5; 1 Հովհաննես 3:18)։ Նրանք ոչ թե մռայլ ու խոժոռ մարդիկ են, այլ ուրախ են, որովհետև երկրպագում են «երջանիկ Աստծուն» (1 Տիմոթեոս 1:11)։
Ճշմարիտ կրոնը դավանողները փոքրաթիվ են լինելու (Մատթեոս 7:13, 14)։ Նրանց հաճախ արհամարհելու, ծաղրելու և հալածելու են Աստծու կամքը կատարելու համար (Մատթեոս 5:10–12)։
Զգացողությամբ հնարավոր չէ գտնել ճշմարիտ կրոնը
Եթե փորձենք կրոն ընտրել՝ հիմնվելով միայն այն բանի վրա, թե ինչ զգացողություն է պատճառում այն մեզ, դա կարող է վտանգավոր լինել, քանի որ Աստվածաշնչում նախագուշակված էր, որ գալու է ժամանակ, երբ մարդիկ «իրենց համար [կրոնական] ուսուցիչներ կհավաքեն իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համար» (2 Տիմոթեոս 4:3)։ Դրան հակառակ՝ Աստվածաշունչը հորդորում է բոլորին հետևել «մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագությանը», նույնիսկ եթե այն չունի հասարակության համակրանքը (Հակոբոս 1:27; Հովհաննես 15:18, 19)։