Ի՞նչ են նշանակում «սիրեք ձեր թշնամիներին» խոսքերը
Աստվածաշնչի պատասխանը
Իր հայտնի Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին» (Մատթեոս 5։44; Ղուկաս 6։27, 35)։ Նրա խոսքերը նշանակում են, որ պետք է սեր դրսևորենք նրանց հանդեպ, ովքեր ատում են մեզ կամ անարդարացիորեն են վարվում մեզ հետ։
Հիսուսը ցույց տվեց, որ սիրում է իր թշնամիներին՝ ներելով նրանց, ովքեր վատ էին վերաբերվում իրեն (Ղուկաս 23։33, 34)։ Թշնամիներին սիրելու մասին նրա սովորեցրածները համահունչ են Եբրայերեն Գրություններին, որը սովորաբար կոչում են Հին Կտակարան (Ելք 23։4, 5; Առակներ 24։17; 25։21)։
«Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5։43, 44)։
Այս հոդվածում՝
Ինչո՞ւ է պետք սիրել թշնամիներին
Աստված ինքն է այդպես վարվում։ Աստված «բարի է ապերախտների և չարերի հանդեպ» (Ղուկաս 6։35)։ Նա «իր արևը ծագեցնում է.... չարերի.... վրա» (Մատթեոս 5։45)։
Սերը կարող է մղել թշնամիներին փոխվել։ Աստվածաշունչը հորդորում է բարի լինել թշնամիների հանդեպ, քանի որ այդպես վարվելով՝ նրանց «գլխին շիկացած ածուխներ կհավաքենք» (Առակներ 25։22)։ Այս փոխաբերությունը վերաբերում է թանկարժեք մետաղը առանձնացնելու նպատակով հանքանյութը տաքացնելու պրոցեսին։ Նմանապես, եթե բարություն դրսևորենք մեզ ատողի հանդեպ, գուցե «հալեցնենք» նրա բարկությունը և նպաստենք, որ ի հայտ գան նրա լավ հատկությունները։
Ինչպե՞ս կարող ենք սիրել մեր թշնամիներին
«Բարիք [արեք] ձեզ ատողներին» (Ղուկաս 6։27)։ Աստվածաշնչում ասվում է. «Եթե քո թշնամին քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, խմելու բան տուր նրան» (Հռոմեացիներ 12։20)։ Կարող եք թշնամիների հանդեպ սեր դրսևորելու այլ կերպեր գտնել՝ հետևելով Ոսկե կանոնին. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Ղուկաս 6։31)։
«Օրհնե[ք] ձեզ անիծողներին» (Ղուկաս 6։28)։ Մենք օրհնում ենք մեր թշնամիներին, երբ բարությամբ և հարգանքով ենք խոսում նրանց հետ, նույնիսկ եթե նրանք վիրավորում են մեզ։ Աստվածաշունչն ասում է. «Մի՛ հատուցեք.... չարախոսության փոխարեն՝ չարախոսությամբ, ընդհակառակը՝ օրհնեք» (1 Պետրոս 3։9)։ Այս խորհուրդը կարող է օգնել մեզ կոտրել ատելության շղթան։
«Աղոթե[ք] ձեզ վիրավորողների համար» (Ղուկաս 6։28)։ Եթե մեկը վիրավորում է ձեզ, «չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք» (Հռոմեացիներ 12։17)։ Ավելին, խնդրեք Աստծուն, որ ների այդ մարդուն (Ղուկաս 23։34; Գործեր 7։59, 60)։ Վրեժխնդիր լինելու փոխարեն՝ խնդիրը Աստծու ձեռքը հանձնեք՝ թույլ տալով, որ նա իր արդար ու կատարյալ չափանիշների համաձայն դատի նրան (Ղևտական 19։18; Հռոմեացիներ 12։19)։
«Շարունակեք սիրել ձեր թշնամիներին, բարիք անել ձեզ ատողներին, օրհնել ձեզ անիծողներին և աղոթել ձեզ վիրավորողների համար» (Ղուկաս 6։27, 28)։
Եղեք «համբերատար.... ու բարի» (1 Կորնթացիներ 13։4)։ Պողոս առաքյալը սիրո իր հայտնի նկարագրության մեջ օգտագործել է «սեր» բառի հունարեն «ագապե» տարբերակը, որը հանդիպում ենք նաև Մատթեոս 5։44 և Ղուկաս 6։27, 35 համարներում։ Մենք այսպիսի քրիստոնեական սեր ենք դրսևորում, երբ նույնիսկ մեր թշնամիների հանդեպ ենք համբերատար ու բարի լինում, զերծ մնում նախանձից, գոռոզությունից և կոպիտ վերաբերմունքից։
«Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար։ Ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է։ Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։4-8)։
Պե՞տք է արդյոք պատերազմենք մեր թշնամիների դեմ
Ո՛չ։ Հիսուսը սովորեցրել է իր հետևորդներին, որ վերջիններս չպետք է կռվեն իրենց թշնամիների դեմ։ Օրինակ՝ երբ նա իր աշակերտներին նախազգուշացրեց Երուսաղեմի վրա հարձակման մասին, հորդորեց փախչել, ոչ թե մնալ ու կռվել (Ղուկաս 21։20, 21)։ Իսկ մի առիթով Հիսուսը ասաց Պետրոս առաքյալին. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։52)։ Թե՛ Աստվածաշունչը, թե՛ պատմական աղբյուրները վկայում են, որ առաջին դարում Հիսուսի հետևորդները չեն մասնակցել իրենց թշնամիների դեմ պատերազմներին a (2 Տիմոթեոս 2։24)։
Սխալ կարծիքներ թշնամիներին սիրելու վերաբերյալ
Սխալ կարծիք։ Աստծու օրենքը պահանջում էր իսրայելացիներից ատել թշնամիներին։
Փաստ: Օրենքում այդպիսի պատվեր չկար։ Հակառակը՝ այն իսրայելացիներից պահանջում էր սիրել մերձավորին (Ղևտական 19։18)։ Թեպետ «մերձավոր» բառը վերաբերում էր բոլոր մարդկանց, որոշ հրեաներ նեղացնում էին դրա իմաստը՝ համարելով, որ պետք է սիրել միայն իրենց հայրենակիցներին։ Իսկ ոչ հրեաները, ըստ նրանց, թշնամիներ էին, որոնց պետք էր ատել (Մատթեոս 5։43, 44)։ Հիսուսը ուղղեց նրանց սխալ մտածելակերպը՝ պատմելով բարի սամարացու առակը (Ղուկաս 10։29-37)։
Սխալ կարծիք: Թշնամիներին սիրել նշանակում է հավանություն տալ նրանց սխալ արարքներին։
Փաստ: Աստվածաշունչը սովորեցնում է, որ հնարավոր է սիրել անհատին՝ առանց նրա սխալ արարքներին հավանություն տալու։ Օրինակ՝ Հիսուսը դատապարտում էր բռնությունը, բայցև աղոթեց իրեն հալածողների համար (Ղուկաս 23։34)։ Նա ատում էր անօրենությունը, կամ՝ մեղքը, բայցև իր կյանքը տվեց մեղավորների համար (Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 6։23)։
a Ե. Ու. Բարնզը իր՝ «Քրիստոնեության ծագումը» գրքում գրել է. «Գոյություն ունեցող բոլոր փաստերի մանրակրկիտ քննությունը ցույց է տալիս, որ մինչև Մարկոս Ավրելիոսի ժամանակները [Հռոմի կայսր, մ.թ. 161-180 թթ.] ոչ մի քրիստոնյա չէր դառնում զինվոր, և ոչ մի զինվոր քրիստոնյա դառնալուց հետո չէր շարունակում զինծառայությունը»։