Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Արժե՞ ընդլայնել ընկերական շրջապատը

Արժե՞ ընդլայնել ընկերական շրջապատը

 «Ընկերներիս շրջապատում ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում։ Իսկ նրանցից բացի՝ ուրիշների հետ շփվելը ինձ համար շատ դժվար է» (Ալան)։

 «Իմ ընկերական շրջապատը փոքր է, և ինձ դա դուր է գալիս։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր հեշտությամբ նոր ծանոթություններ են հաստատում» (Սառա)։

 Քեզ ծանո՞թ են Ալանի և Սառայի զգացումները։ Քո ընկերական շրջապատն է՞լ է փոքր։ Դու է՞լ ես մտածում, որ չարժե նոր մարդկանց հետ ընկերանալ։

 Եթե այդպես է, ապա այս հոդվածը քեզ համար է։

 Խմբավորման մեջ լինելու վնասները

 Ընկերական նեղ շրջապատում շփվելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Դու զգում ես, որ հարազատ մարդ ես, և քեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կաս՝ քո բոլոր թերություններով հանդերձ։

 «Հաճելի է իմանալ, որ քեզ գնահատում են, և որ դու խմբի անդամ ես։ Երբ երիտասարդ ես, քեզ համար հատկապես կարևոր է զգալ, որ ընդունված ես ուրիշների կողմից» (Քերըն, 19 տարեկան)։

 Գիտեի՞ր արդյոք։ Հիսուսը շատ ընկերներ ուներ, որոնց թվում էին 12 առաքյալները, բայց նրանցից երեքի՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ նա ավելի մտերիմ էր (Մարկոս 9:2; Ղուկաս 8:51

 Սակայն միայն ընտրված մարդկանց հետ շփվելը և ուրիշներից խուսափելը կարող է վնասակար լինել։ Տեսնենք, թե ինչու։

  •   Գուցե զրկվես ուրիշ հրաշալի մարդկանց հետ ընկերանալու հնարավորությունից։

     «Եթե քո բոլոր ընկերները ունեն այն նույն նախասիրությունները, որոնք դու ունես, կյանքում չես կարող ակնկալել նոր բաներ, օրինակ՝ որ կծանոթանաս հրաշալի մարդկանց հետ» (Էվան, 21 տարեկան)։

  •   Գուցե քիթը տնկած մարդու տպավորություն թողնես։

     «Երբ շփվում ես ընտրված մարդկանց հետ, թերևս այնպիսի տպավորություն թողնես, թե ուրիշ ոչ ոքի հետ չես ուզում խոսել» (Սառա, 17 տարեկան)։

  •   Գուցե ակամայից դառնաս ծաղրողների համախոհը։

     «Հնարավոր է՝ դու ոչ մեկին էլ չես ծաղրում, բայց եթե քո ընկերները ծաղրում են ուրիշներին, քեզ սկսում է թվալ, թե դա նորմալ բան է, նույնիսկ զվարճալի է» (Ջեյմս, 17 տարեկան)։

  •   Գուցե խնդիրների մեջ ընկնես, հատկապես եթե ուզում ես ամեն գնով ընդունված լինել ընկերներիդ կողմից։

     «Վատ օրինակը վարակիչ է։ Եթե մտերիմ ընկերներիցդ նույնիսկ մեկը վատը լինի, մյուսները կսկսեն ընդօրինակել նրան» (Մարտինա, 17 տարեկան)։

 Ինչ կարող ես անել

  •   Քննիր քո արժեքները։

     Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ արժեքներ ունեմ։ Ընկերներս նպաստո՞ւմ են, որ ես այդ արժեքներով ապրեմ, թե՞ հակառակը՝ խանգարում են։ Ձգտո՞ւմ եմ ամեն գնով պահպանել նրանց հետ իմ ընկերությունը»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15:33

     «Եթե քո ընկերները չունեն այն նույն արժեքները, ինչ դու ունես, գուցե ակամայից սկսես անել այնպիսի բաներ, որ այլ հանգամանքներում երբեք չէիր անի» (Էլեն, 14 տարեկան)։

  •   Մտածիր, թե ինչն է քեզ համար ավելի կարևոր։

     Հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք իմ ընկերների հետ փոխհարաբերություններս այնքան թանկ են, որ պատրաստ եմ զիջումների գնալու իմ սկզբունքները պահելու հարցում։ Ինչպե՞ս կվարվեմ, եթե ընկերս սխալ բան անի»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Բոլոր նրանց, ում սիրում եմ, հանդիմանում եմ» (Հայտնություն 3:19

     «Եթե մտերիմ ընկերներդ քո կյանքում առաջին տեղում են, ապա դու քեզ դավաճան կհամարես, եթե մի օր նրանցից մեկը խնդիրների մեջ ընկնի, և դու բարձրաձայնես այդ մասին» (Մելանի, 22 տարեկան)։

  •   Ընդլայնիր ընկերական շրջապատդ։

     Հարցրու ինքդ քեզ. «Չարժե՞ արդյոք ավելի լավ ճանաչել այն մարդկանց, ում մասին քիչ բան գիտեմ»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2:4

     «Այն երեխաները, որոնց հետ քչերն են ուզում շփվել, սովորաբար ընտանիքում խնդիրներ ունեն։ Բայց երբ նրանց ավելի լավ ես ճանաչում, տեսնում ես, որ նրանք էլ իրենց ուժեղ կողմերն ունեն» (Բրայան, 19 տարեկան)։

 Ամփոփում։ Ոչ մի վատ բան չկա ընկերական նեղ շրջապատ ունենալու մեջ։ Բայց եթե ընդլայնես ընկերական շրջապատդ, շատ օգուտներ կունենաս։ Աստվածաշունչն ասում է. «Ուրիշներին առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի» (Առակներ 11:25