Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե ծնողներս թույլ չեն տալիս օգտվել սոցիալական ցանցերից

Ի՞նչ անեմ, եթե ծնողներս թույլ չեն տալիս օգտվել սոցիալական ցանցերից

 Երևի բոլոր ընկերներդ օգտվում են սոցիալական ցանցերից և ամբողջ օրը դրանց մասին են խոսում։ Գուցե անգամ ծաղրում են քեզ, որ սոցցանցերում էջ չունես։ Ի՞նչ պետք է իմանաս և ի՞նչ կարող ես անել նման իրավիճակում։

Ինչ պետք է իմանաս

 Դու միակը չես։ Շատ ծնողներ կան, որ արգելում են իրենց երեխաներին օգտվել սոցցանցերից։ Պատճառը գուցե այն է, որ հաշվի են առնում դրանց բերած դառը հետևանքները.

  •   դեպրեսիա և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ,

  •   պոռնկագրության, սեքստինգի և կիբերբուլիինգի վտանգ,

  •   թյուրիմացություններ՝ ընկերների միջև։

 Շատ պատանիներ որոշել են այլևս չօգտվել սոցցանցերից։ Նրանք սեփական փորձով համոզվել են, որ սոցցանցերը իրենց ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ։ Նկատի առնենք հետևյալ իրական դեպքերը։

  •   Պրիսիլան հասկացավ, որ սոցցանցերը գողանում են իր ժամանակը, որը կարող է ավելի արդյունավետ ձևով օգտագործել։

  •   Ջերեմիին դուր չէր գալիս, որ չէր կարողանում վերահսկել, թե սոցցանցերից օգտվելիս ինչ է հայտնվում իր էկրանին, ինչի պատճառով երբեմն անպարկեշտ նյութերի էր հանդիպում։

  •   Բեթանին հասկացավ, որ սոցցանցերի պատճառով չափից շատ է կենտրոնացել այն բանի վրա, թե ուրիշները ինչ են անում։

 «Որոշեցի սարքիցս ջնջել սոցցանցի հավելվածը, ինչի համար շատ ուրախ եմ։ Ընդհանրապես չեմ կարոտում այն։ Հիմա ավելի շատ ժամանակ ունեմ կենտրոնանալու ամենակարևոր բաների վրա» (Սիեռա)։

 «Ինձ դուր չէր գալիս, որ սոցցանցերը կախվածություն էին առաջացնում իմ մեջ և երբեմն ստիպում, որ չափից շատ անհանգստանամ, թե ուրիշներն ինչպես կարձագանքեն իմ տեղադրած նյութերին։ Հեշտ չէր ջնջել էջս, բայց դա անելուց հետո միանգամից թեթևացում զգացի։ Հիմա առանց դրա ավելի խաղաղ եմ» (Քեյթ)։

Ինչ կարող ես անել

 Հարգիր ծնողներիդ դրած կանոնները։ Ցույց տուր, որ հասուն ես՝ առանց փնթփնթալու կամ բարկանալու հնազանդվելով նրանց դրած կանոններին։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում» (Առակներ 29։11

 Ոմանք գուցե առաջարկեն, որ ծնողներիցդ թաքուն օգտվես սոցցանցերից կամ էլ գաղտնի էջ ստեղծես։ Բայց դա սխալ որոշում կլինի։ Քո անազնվությունը տագնապի և մեղավորության զգացում կառաջացնի։ Իսկ եթե ծնողներդ բացահայտեն քո գաղտնիքը, խնդիրների մեջ կհայտնվես, ու նրանք կդժվարանան առաջվա պես վստահել քեզ։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18

 Թող դա դառնա քո՛ որոշումը։ Վերոհիշյալ երիտասարդների պես՝ դու էլ կարող ես գտնել սոցցանցերից հրաժարվելու շատ պատճառներ։ Եթե հստակ է, որ սոցցանցերը լավ ազդեցություն չեն թողնում քեզ վրա, հեռու մնա դրանցից ոչ թե այն պատճառով, որ ծնողներդ են այդպես ուզում, այլ քանի որ դո՛ւ ես այդպես որոշել։ Արդյունքում, երբ հասակակիցներդ դրա հետ կապված հարցեր տան, քեզ ճնշված չես զգա, և հավանականությունը քիչ է, որ կծաղրեն քեզ։

 Ամփոփում։ Համագործակցիր ծնողներիդ հետ, համաձայնության եկեք, և թող նրանց որոշումը դառնա քո որոշումը։ Գուցե ապագայում օգտվես սոցցանցերից, բայց առնվազն հիմա կարո՛ղ ես ապրել առանց դրանց։