ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
7. Արժեքներ
Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Արժեքները անհատի նախընտրած չափանիշներն են, որոնցով նա ցանկանում է ապրել։ Օրինակ՝ ձգտո՞ւմ եք ամեն հարցում ազնիվ լինել։ Եթե այո, ապա կցանկանաք նույն բարոյական արժեքը սերմանել նաև ձեր երեխաների մեջ։
Արժեքների մեջ են մտնում նաև այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են աշխատասիրությունը, անկողմնակալությունը, կարեկցանքն ու նրբանկատությունը։ Այս հատկությունները ավելի հեշտ է զարգացնել փոքր տարիքում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6)։
ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեխնիկայի զարգացման այս դարաշրջանում բարոյական բարձր արժեքները կենսական են։ Կարին անունով մի մայր ասում է. «Երեխաները վատ ազդեցության կարող են ենթարկվել ցանկացած շարժական սարքավորման միջոցով ցանկացած ժամանակ։ Նրանք գուցե անվայել բան դիտելիս լինեն անգամ հենց մեր կողքը նստած ժամանակ»։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «[Հասուն մարդիկ] իրենց ըմբռնողականությունը.... մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։
Կարևոր է նաև բարեկիրթ վարվեցողությունն ու մարդկանց հանդեպ կարեկցանքը։ Բարեկիրթ վարվեցողությունը ներառում է քաղաքավարության պարզ կանոնները պահելը (ինչպես, օրինակ, «խնդրում եմ», «շնորհակալություն» ասելը)։ Նաև անչափ կարևոր է ուրիշների հանդեպ հոգատարություն դրսևորել, մի բան, ինչը հազվագյուտ է դարձել, քանի որ շատերն այսօր ավելի շատ հետաքրքրված են էլեկտրոնային սարքերով, քան իրենց շրջապատի մարդկանցով։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Ղուկաս 6։31)։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Հստակ բացատրեք ձեր բարոյական արժեքները։ Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, եթե դեռահասներին նախապես հստակ բացատրում են, որ մինչամուսնական սեռական հարաբերությունները սխալ են, նրանք ավելի հակված են լինում հեռու մնալու նման վարքից։
ԱՌԱՋԱՐԿ։ Արժեքների մասին զրույց սկսելու համար կարելի է խոսել վերջերս տեղի ունեցած որևէ դեպքի մասին։ Օրինակ՝ եթե լուրերով հայտնում են, որ մարդասպանություն է եղել, կարող եք ասել. «Սարսափելի է, ինչպե՞ս կարող են մարդիկ նման ատելություն դրսևորել ուրիշների հանդեպ։ Քո կարծիքով՝ ինչպե՞ս են նրանք դառնում այդպիսին»։
«Եթե երեխաները չգիտեն՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, նրանց համար շատ ավելի դժվար է կողմնորոշվել՝ ինչպես վարվել» (Բրենդն)։
Սովորեցրեք լինել բարեկիրթ և կարեկից։ Նույնիսկ փոքր տարիքի երեխաները կարող են սովորել ասել՝ «խնդրում եմ», «շնորհակալություն», ինչպես նաև հոգատարություն ցույց տալ ուրիշների հանդեպ։ Դաստիարակությանն առնչվող մի գրքում ասվում է. «Որքան լավ երեխաները գիտակցեն, որ իրենք սեփական անձից ավելի կարևոր ու մեծ բանի՝ ընտանիքի, դպրոցի, հասարակության մի մասն են, այնքան ավելի պատրաստակամորեն կանեն բարի գործեր, գործեր, որ օգուտ են բերում բոլորին, ոչ թե միայն իրենց» (Parenting Without Borders)։
ԱՌԱՋԱՐԿ։ Երեխաներին տնային գործեր հանձնարարեք, որպեսզի նրանք հասկանան ուրիշներին ծառայելու կարևորությունը։
«Եթե ձեր երեխաները մանկուց սովորեն տնային գործեր անել, հետագայում, երբ առանձին ապրելիս լինեն, անճար վիճակում չեն հայտնվի։ Պատասխանատվություն ստանձնելը արդեն նոր բան չի լինի նրանց համար» (Թարա)։