ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻ ՀԱՄԱՐ
3. Հարգանք
Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Միմյանց հարգող կողակիցները ուշադիր են մեկը մյուսի զգացմունքների հանդեպ անգամ այն ժամանակ, երբ նրանց միջև տարաձայնություն է լինում։ «Այդպիսի զույգերը անզիջում դիրք չեն բռնում՝ ամեն մեկն իր կարծիքը պնդելով։ Փոխարենը՝ նրանք շարունակում են խոսել իրենց ունեցած տարաձայնության մասին։ Հարգանքով լսում են միմյանց տեսակետը, փոխզիջումների են գնում և գտնում են երկուսի համար էլ ընդունելի տարբերակ»,— ասվում է ամուսնական կյանքին առնչվող մի գրքում (Ten Lessons to Transform Your Marriage)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Սերը.... իր շահը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13։4, 5)։
«Ինձ համար կնոջս հարգել նշանակում է իմանալ նրա արժեքը և չանել այնպիսի բան, ինչը կվնասի նրան կամ մեր ամուսնությունը» (Միկա)։
ԻՆՉՈ՞Ւ է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ
Երբ չկա հարգանք, կողակիցների զրույցի մեջ կարող են տեղ գտնել քննադատություն, խայթիչ ծաղր ու հեգնանք և նույնիսկ արհամարհանք։ Մասնագետներն ասում են, որ սրանք ամուսնության քայքայման վաղ նախանշաններից են։
«Ձեր կնոջ հասցեին նվաստացուցիչ, ծաղրական դիտողություններ, խայթիչ ակնարկներ կամ կատակներ անելով՝ դուք միայն կհասնեք այն բանին, որ նա կկորցնի իր ինքնահարգանքը և ձեր հանդեպ վստահությունը։ Դրա հետևանքով կխարխլվի ձեր միությունը» (Բրայեն)։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
ՍՏՈՒԳԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
Մեկ շաբաթ ուշադրություն դարձրեք ձեր զրույցներին ու արարքներին։ Այնուհետև հարցրեք ինքներդ ձեզ.
-
Որքա՞ն հաճախ եմ քննադատել կողակցիս և որքա՞ն հաճախ եմ գովել նրան։
-
Կոնկրետ ի՞նչ կերպերով եմ հարգանք դրսևորել կողակցիս հանդեպ։
ԽՈՍԵՔ ՁԵՐ ԿՈՂԱԿՑԻ ՀԵՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
-
Ո՞ր արարքներն ու բառերն են ձեզ վստահեցնում, որ ձեր կողակիցը հարգում է ձեզ։
-
Ո՞ր արարքներն ու բառերն են ձեզանից յուրաքանչյուրի կողմից դիտվում որպես հարգանքի պակաս։
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
-
Գրեք, թե ինչ երեք կերպով կցանկանայիք, որ ձեր հանդեպ հարգանք դրսևորվի։ Խնդրեք ձեր կողակցին նույնն անել։ Փոխանակեք ձեր գրառումները, և յուրաքանչյուրդ աշխատեք բարելավվել դիմացինի նշած հարցերում։
-
Նշեք, թե ձեր կողակցի որ հատկություններով եք հիանում։ Այնուհետև ասեք նրան, որ շատ եք գնահատում նրա այդ հատկությունները։
«Ինձ համար ամուսնուս հարգել նշանակում է իմ արարքներով ցույց տալ, որ շատ եմ գնահատում նրան և ուզում եմ, որ երջանիկ լինի։ Պարտադիր չէ, որ դա լինի ինչ-որ առանձնահատուկ տպավորիչ արարք. իսկական հարգանքը հաճախ դրսևորվում է մի շարք փոքր արարքներով» (Մեգան)։
Հիշեք, որ հարցն այն չէ՝ դուք ձեզ հարգալից համարում եք, թե ոչ, այլ այն, թե ձեր կողակիցը իրեն հարգված զգում է, թե ոչ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Հագեք խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը» (Կողոսացիներ 3։12)։