Ինչին են հավատում ոմանք
Հնդուականները
կարծում են, թե տառապանքը մարդու ներկայիս կամ նախորդ կյանքում կատարած արարքների հետևանքն է։ Նրանք հավատում են, որ մարդը կարող է ազատագրվել վերածնության շղթայից, կամ՝ հասնել մոկշայի, եթե միայն իր միտքը մաքրի աշխարհիկ ցանկություններից։
Մահմեդականները
ասում են, թե տառապանքը կարող է լինել ինչպես մեղքերի պատիժ, այնպես էլ հավատի փորձություն։ Ըստ «Հյուսիսային Ամերիկայի իսլամական հասարակություն» գրասենյակի ղեկավար դոկտոր Սայիդ Սայեդի՝ դժբախտությունները հիշեցնում են մեզ, որ հարկավոր է «միշտ շնորհակալ լինել Աստծուն նրա տված օրհնությունների համար և չմոռանալ օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են»։
Հրեական ավանդության
կողմնակիցները համոզված են, որ տառապանքը մարդու արարքների հետևանքն է։ Որոշ հրեաներ էլ ասում են, թե հարություն է լինելու, որից հետո անմեղ մարդկանց հանդեպ, ովքեր տառապել են, արդարություն կգործադրվի։ Իսկ հուդայականության ուղղություններից մեկի հետևորդները՝ կաբալիստները (կաբալա՝ թվահմայություն), հավատում են վերամարմնավորման ուսմունքին, որի համաձայն՝ մարդուն կրկին ու կրկին ծնվելու շնորհիվ հնարավորություն է տրվում ուղղելու սեփական սխալները։
Բուդդայականները
նույնպես հավատում են վերամարմնավորմանը։ Նրանք ասում են, որ տառապանքը վերածնության շղթայի անբաժան մասն է։ Այդ շղթան ընդհատվում է միայն այն ժամանակ, երբ մարդը դադարում է սխալ արարքներ գործել և ազատվում է բոլոր բացասական զգացումներից ու հակումներից։ Իմաստություն ձեռք բերելով, վեհ գործեր անելով և սեփական մտքերը վերահսկելով՝ մարդը հասնում է նիրվանայի՝ տառապանքից զերծ վիճակի։
Կոնֆուցիականները
բացատրում են, որ տառապանքի գոյության մեծ մասը պայմանավորված է մարդու ձախողումներով և սխալներով։ Կոնֆուցիականության համաձայն՝ թեև վեհ ապրելակերպ վարելով՝ մարդը կարող է զգալիորեն նվազեցնել իր կրած տառապանքները, սակայն դրանցից լիովին ազատվելը անհնար է, քանի որ դրա պատճառը շատ դեպքերում ոգեղեն արարածներն են, որոնք անհամեմատ ավելի զորավոր են, քան մարդիկ։ Նման դեպքերում մարդուն միայն մնում է քաջաբար դիմագրավել ճակատագրի հարվածները։
Որոշ տոհմացեղային կրոնների
հետևորդները տառապանքի գոյությունը կապում են կախարդության հետ։ Այդ ուսմունքի համաձայն՝ վհուկները կարող են թե՛ հաջողություն, թե՛ դժբախտություն բերել, սակայն տարբեր արարողությունների միջոցով կարելի է որոշ չափով պաշտպանվել նրանցից։ Այդ մարդիկ հավատում են, որ երբ ինչ-որ մեկը տառապում է որևէ հիվանդությունից, որոշ արարողությունների և հեքիմների տված դեղամիջոցների շնորհիվ կարելի է չեզոքացնել կախարդության ազդեցությունը։
Քրիստոնյաները
հավատում են, որ տառապանքը, ըստ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի, սկիզբ է առել առաջին մարդկային զույգի գործած մեղքի հետևանքով։ Սակայն քրիստոնեական բազմաթիվ ուղղություններ իրենց գաղափարներն են ավելացրել այդ ուսմունքին։ Օրինակ՝ որոշ կաթոլիկներ ասում են, թե մարդը իր կրած տառապանքը կարող է որպես զոհ «մատուցել Աստծուն», որ Նա գործադրի այն հօգուտ եկեղեցու կամ էլ ինչ-որ մեկի փրկության։
ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ
jw.org կայքում դիտեք «Բոլո՞ր կրոններն են ընդունելի Աստծուն» տեսանյութը։