Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՖԱՆ ՅՈՒ

Ծրագրային ապահովման նախագծողը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Ծրագրային ապահովման նախագծողը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

ԴՈԿՏՈՐ Ֆան Յուն իր կարիերան սկսել է որպես մաթեմատիկոս Չինաստանի ատոմային էներգիայի ինստիտուտում, որը գտնվում է Պեկինի մոտակայքում։ Այդ ժամանակ նա աթեիստ էր և հավատում էր էվոլյուցիոն տեսությանը։ Բայց այժմ դոկտոր Յուն հավատում է, որ կյանքը ծրագրված է եղել և ստեղծվել է Աստծու կողմից։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Մի փոքր պատմեք ձեր մասին։

— Ես ծնվել եմ 1959 թ.-ին Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆուչժոու քաղաքում։ Երբ ութ տարեկան էի, այդ ժամանակ երկրում մշակութային հեղափոխություն էր տեղի ունենում։ Հայրս, որը ինժեներ-շինարար էր, ուղարկվեց մի հեռավոր վայր, որպեսզի այնտեղ երկաթուղի կառուցի։ Տարիներ շարունակ նա միայն տարին մեկ անգամ էր կարողանում այցելել մեզ։ Այդ ընթացքում ես ապրում էի մորս հետ, որը տարրական դասարանների ուսուցչուհի էր։ Մենք ապրում էինք այն դպրոցում, որտեղ նա դասավանդում էր։ Բայց 1970 թ.-ին ստիպված եղանք տեղափոխվել Լինչուան շրջանում գտնվող Յուֆանգ գյուղ, որն այն ժամանակ աղքատիկ մի բնակավայր էր, և այնտեղ դժվար էր սնունդ հայթայթել։

Ի՞նչ հավատալիքներ ուներ ձեր ընտանիքը։

— Հորս չէր հետաքրքրում ո՛չ կրոնը, ո՛չ էլ քաղաքականությունը։ Մայրս բուդդայական էր։ Իսկ ինձ դպրոցում սովորեցրել էին, որ կյանքն առաջացել է բնական պրոցեսների արդյունքում, և ես հավատում էի այն ամենին, ինչ ասում էին ուսուցիչներս։

Ինչո՞ւ սկսեցիք հետաքրքրվել մաթեմատիկայով։

— Ես սկսեցի հետաքրքրվել մաթեմատիկայով, քանի որ այդ բնագավառում ճիշտը գտնելու մեթոդը տրամաբանական դատողություններ անելն է։ 1976 թ.-ին հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունի մահից կարճ ժամանակ անց ես ընդունվեցի համալսարան։ Որպես հիմնական մասնագիտություն ընտրեցի մաթեմատիկան։ Մագիստրոսի կոչում ստանալուց հետո սկսեցի մաթեմատիկական ուսումնասիրություններ կատարել միջուկային ռեակտորների նախագծման համար։

Ո՞րն էր Աստվածաշնչի վերաբերյալ ձեր ունեցած առաջին տպավորությունը։

— 1987 թ.-ին եկա Միացյալ Նահանգներ, որպեսզի Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանում դոկտորական կրթություն ստանամ։ Գիտեի, որ Ամերիկայում շատերն են հավատում Աստծուն և կարդում են Աստվածաշունչը։ Նաև լսել էի, որ Աստվածաշնչում շատ գործնական և իմաստուն խորհուրդներ կան, ուստի որոշեցի կարդալ այն։

Աստվածաշնչյան ուսմունքները շատ գործնական թվացին ինձ, բայց գրքի որոշ հատվածներ դժվար էր հասկանալ։ Այդ պատճառով, շատ չանցած, դադարեցի այն կարդալուց։

Ինչպե՞ս եղավ, որ նորից սկսեցիք հետաքրքրվել Աստվածաշնչով։

Արարչի գոյության գաղափարը խորթ էր ինձ համար, ուստի սկսեցի ինքնուրույն ուսումնասիրություններ կատարել այդ թեմայով

— 1990 թ.-ին Եհովայի վկաներից մեկը եկավ մեր տուն և Աստվածաշնչից ինձ ցույց տվեց, որ մարդկությանը ավելի լավ ապագա է սպասվում։ Նա պայմանավորվեց մի ամուսնական զույգի հետ, որ նրանք այցելեն ինձ և օգնեն հասկանալ Աստվածաշունչը։ Ավելի ուշ կինս՝ Լիպինգը, որը Չինաստանում ֆիզիկա էր դասավանդել բարձր դասարաններին և ինձ պես աթեիստ էր, նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մենք իմացանք, թե ինչ է ասում Աստվածաշունչը կյանքի ծագման վերաբերյալ։ Արարչի գոյության գաղափարը խորթ էր ինձ համար, ուստի սկսեցի ինքնուրույն ուսումնասիրություններ կատարել այդ թեմայով։

— Ինչպիսի՞ ուսումնասիրություններ արեցիք։

— Լինելով մաթեմատիկոս՝ սովորել էի հաշվարկել պատահույթների հավանականությունը։ Նաև սովորել էի, որ որպեսզի կյանքը առաջանար պատահականորեն, պետք է արդեն իսկ գոյություն ունենային սպիտակուցներ։ Ուստի փորձեցի հաշվարկել չվերահսկվող պրոցեսների արդյունքում սպիտակուցի առաջացման հավանականությունը։ Սպիտակուցները մեզ հայտնի ամենաբարդ մոլեկուլներից են, և կենդանի բջիջներում հազարավոր տեսակի սպիտակուցներ կան, որոնց միջև գոյություն ունի որոշակի ճշգրիտ փոխազդեցություն։ Եվ շատերի պես՝ ես էլ եկա այն եզրահանգման, որ սպիտակուցի պատահական առաջացման հավանականությունն այնքան փոքր է, որ, դա, ըստ էության, անհնար է։ Էվոլյուցիոն տեսության մեջ ես չեմ գտել այնպիսի տեղեկություն, որը գոհացուցիչ պատասխան կտար այն հարցին, թե ինչպես են ինքնաբերաբար առաջացել այդ անչափ բարդ մոլեկուլները, էլ չենք խոսում կենսաբանական բարդ համակարգերի մասին, որոնց անբաժանելի մասն են կազմում այդ սպիտակուցային մոլեկուլները։ Իմ կարծիքով՝ փաստերը միանշանակ թիկունք են կանգնում Արարչի գոյությանը։

— Ի՞նչը համոզեց ձեզ, որ Աստվածաշնչի հեղինակն Աստված է։

— Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչն ուսումնասիրելու ընթացքում իմացա, որ այնտեղ կան շատ մարգարեություններ, որոնք մանրամասնորեն կատարվել են։ Բացի այդ՝ սկսեցի կիրառել աստվածաշնչյան սկզբունքները և տեսա, թե որքան օգտակար են դրանք։ Ինքս ինձ հարցնում էի. «Ինչպե՞ս կարող էին Աստվածաշունչը գրող մարդիկ, ովքեր ապրել են հազարավոր տարիներ առաջ, այդքան իմաստուն խորհուրդներ գրել, որոնք մինչ օրս գործնական են»։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։

— Ուրիշ ի՞նչն է համոզում ձեզ, որ գոյություն ունի Ստեղծիչ։

— Երբ մտածում եմ բնության մեջ գոյություն ունեցող բազմազան տարրերի մասին, ավելի եմ համոզվում, որ իսկապես գոյություն ունի Ստեղծիչ։ Հիմա ես համակարգիչների համար ծրագրային ապահովումներ եմ նախագծում, և ինձ միշտ հիացնում է այն, թե ինչպես է մեր ուղեղը բազմաթիվ առումներով գերազանցում համակարգչային ծրագրերին։ Օրինակ՝ խոսքը ընկալելու ուղեղի կարողությունը պարզապես ապշեցնող է։ Մեզանից շատերը կարող են հեշտությամբ հասկանալ խոսքը, նույնիսկ եթե այն ներառում է անավարտ նախադասություններ, ծիծաղ, հազ, կակազոց, ակցենտ և անգամ, երբ կան կողմնակի ձայներ, արձագանք կամ էլ, երբ հեռախոսակապի պատճառով աղավաղվում է խոսքը։ Գուցե մտածեք, որ դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա, բայց ծրագրային ապահովման նախագծողները գիտեն, թե դա ինչ բարդ պրոցես է։ Խոսքի ճանաչման նույնիսկ լավագույն ծրագիրը չի կարող անգամ համեմատվել մեր ուղեղի հետ։

Մեր ուղեղը կարող է տարբերել էմոցիաները, ակցենտները, ճանաչել խոսողին նրա ձայնի առանձնահատկություններից, ինչը չեն կարող անել նույնիսկ ամենահզոր համակարգիչները։ Ծրագրային ապահովման նախագծողները ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի ստեղծեն այնպիսի համակարգիչներ, որոնք կկարողանան մարդու ուղեղի պես լիարժեքորեն ճանաչել խոսքը՝ իր բոլոր առանձնահատկություններով։ Ես խորապես համոզված եմ, որ այդ հետազոտությունները կատարելիս, նրանք, իրականում, ուսումնասիրում են Աստծու ձեռքի գործը։