ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ
Սուր զգացողություններ. հաճույք կյանքի գնո՞վ
ԽՆԴԻՐ
«Ես կանգնում էի թունելի միջով սուրացող գնացքին մոտ։ Այդ ժամանակ արյանս մեջ ադրենալինի քանակը կտրուկ բարձրանում էր, և ես մոռանում էի իմ բոլոր խնդիրները» (Լեոն)։ a
«Շատ բարձր ժայռերից ջրի մեջ ցատկելով՝ մի քանի վայրկյան ինձ բացարձակապես ազատ էի զգում։ Դա ինձ հաճույք էր պատճառում, թեև երբեմն վախի զգացում էի ունենում» (Լարիսա)։
Լեոնի և Լարիսայի պես՝ շատ երիտասարդներ սուր զգացողություններ են որոնում՝ փորձելով իրենց հնարավորությունների սահմանները և երբեմն դա անում են շատ վտանգավոր ձևերով։ Քեզ է՞լ է գրավում այդ ամենը։ Եթե այո, ապա այս հոդվածը քեզ համար է։
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ
Սուր զգացողություններ որոնելը կարող է վերածվել կախվածության։ Դա գուցե կարճատև երանավետ հոգեվիճակ առաջացնի։ Արդյունքում՝ մարդ թերևս սկսի ավելի սուր հուզական ապրումներ փափագել։ Մարկոն, ով, Լեոնի պես, մտնում էր գնացքի թունելներ, ասում է. «Դա մի արատավոր փակ շրջան էր։ Մի պահ ինձ երջանիկ էի զգում, բայց հետո մեկ այլ սուր զգացողության կարիք էի ունենում»։
Ջաստինը, ով սիրում էր մեքենաներից բռնվելով մեծ արագությամբ անվաչմուշկ վարել, ասում է. «Սուր զգացողությունները, որ ունենում էի, ինձ մղում էին, որ կրկին անեմ դա։ Ուզում էի, որ մարդիկ հիանային ինձանով, բայց արդյունքում հայտնվեցի հիվանդանոցում»։
Հասակակիցներիդ ճնշման պատճառով գուցե անմիտ որոշումներ կայացնես։ Մարվին անունով մի երիտասարդ ասում է. «Ընկերներս ճնշում էին բանեցնում ինձ վրա, որ առանց անվտանգության որևէ միջոցի մագլցեմ բարձրահարկ շենքեր։ Նրանք ասում էին. «Դե՛, Մա՛րվին, դու կարող ես»։ Ես ինձ շատ անվստահ էի զգում և ողջ մարմնով դողում էի շենքի պատի վրայով վեր բարձրանալիս»։ Լարիսան, ում մասին նշվեց հոդվածի սկզբում, ասում է. «Ես անում էի այն, ինչ բոլորն էին անում։ Պարզապես ընկել էի ազդեցության տակ»։
Երիտասարդների վրա կարող է ազդել նաև ինտերնետը, որտեղ որոշ մարդիկ գովաբանում են սուր զգացողություններ որոնողներին և մեղմացնում վտանգները։ Համարձակ ու վտանգավոր արարքների մասին որոշ տեսանյութեր, որոնք տեղադրվում են ինտերնետային կայքերում, արագորեն տարածվում են՝ սուր զգացողությունների սիրահարներին բերելով ճանաչում և նրանց վրա հրավիրելով մարդկանց ուշադրությունը։
Օրինակ՝ լայն ժողովրդականություն են վայելում պարկուրի մասին տեսանյութերը։ Դա մի մարզաձև է, որով զբաղվողները առանց անվտանգության միջոցների վազելով, մագլցելով կամ ցատկելով արագ ու ճարպկորեն հաղթահարում են տարբեր խոչընդոտներ (պարիսպներ,
տանիքներ, սանդուղքներ և այլն)։ Նման տեսանյութերը գուցե երկու սխալ եզրահանգման տանեն. 1) վտանգները չնչին են և 2) բոլորն էլ անում են դա։ Արդյունքում՝ գուցե ցանկանաս փորձել մի բան, ինչը կարող է կյանքի համար վտանգավոր լինել։Ընդունակությունները փորձելու ավելի լավ և ապահով տարբերակներ կան։ Աստվածաշնչում ասվում է. «Մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար» (1 Տիմոթեոս 4։8)։ Բայց այնտեղ նաև ասվում է, որ հարկավոր է «ապրել ողջամտությամբ» (Տիտոս 2։12)։ Ինչպե՞ս կարող ես անել դա։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Հաշվի առ վտանգները։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ոք, ով խորագետ է, իմացությամբ կվարվի, բայց հիմարը ամենուրեք հիմարություն կտարածի» (Առակներ 13։16)։ Նախքան որևէ բան անելը տեղեկացիր, թե ինչ վտանգներ է այն ներառում։ Ինքդ քեզ հարցրու. «Արդյոք այս բանն անելը չի՞ նշանակի մահվան հետ խաղալ կամ լուրջ վնասվածք ստանալու վտանգի առաջ կանգնել»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 14։15։
Ընտրիր այնպիսի ընկերներ, ովքեր թանկ են համարում կյանքը։ Իսկական ընկերները չեն խրախուսի քեզ, որ ռիսկի դիմես և չեն փորձի համոզել, որ անես մի բան, ինչն այնքան էլ քո սրտով չէ։ Լարիսան ասում է. «Լավ և վստահելի ընկերները օգնեցին, որ ավելի ճիշտ զբաղմունքներ ու նախասիրություններ ընտրեմ։ Երբ ընկերներիս շրջանակը փոխվեց, փոխվեց նաև կյանքս։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 13։20։
Ինքդ քեզ հարցրու. «Արդյոք այս բանն անելը չի՞ նշանակի մահվան հետ խաղալ կամ լուրջ վնասվածք ստանալու վտանգի առաջ կանգնել»։
Փորձիր ընդունակություններդ առանց կյանքդ վտանգի ենթարկելու։ Դեռահասների մասին մի գրքում ասվում է, որ չափահասության փուլ մտնելու կարևոր քայլերից մեկն այն է, որ դեռահասը «սովորում է հաստատել իր սեփական սկզբունքներն ու սահմանները»։ Դու կարող ես փորձել քո ընդունակությունները ապահով միջավայրում՝ օգտվելով անվտանգության բոլոր անհրաժեշտ սարքավորումներից և ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ։
Ձեռք բեր իրական արժանապատվություն և հարգանք։ Մարդկանց հարգանքին կարժանանաս ոչ թե նրանով, որ հանուն սուր զգացողությունների վտանգավոր խիզախումներ անես, այլ որ կարողանաս հմտորեն հաղթահարել կյանքի դժվարությունները։ Լարիսան ասում է. «Ժայռից ջրացատկեր կատարելը ընդամենը սկիզբն էր կյանքիս այն փուլի, որի ընթացքում ես գնում էի ինքնակործանման ճանապարհով։ Ամեն ինչ այլ կլիներ, եթե կարողանայի ասել՝ ոչ»։
Հետևություն։ Ողջամտություն դրսևորիր զվարճությունների ընտրության հարցում և սուր զգացողություններ ապրելու համար անտեղի ռիսկի մի՛ դիմիր։Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 15։24։
a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։