Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ողջ երկրի Դատավորը» միշտ արդարությամբ է վարվում

«Ողջ երկրի Դատավորը» միշտ արդարությամբ է վարվում

«Նա Վեմ է, նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են» (2 ՕՐԵՆՔ 32։4

ԵՐԳ 112, 89

1. Ինչպե՞ս Աբրահամն արտահայտեց իր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան արդար է (տես հոդվածի սկզբի նկարը)։

«ՄԻ՞ԹԵ ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի» (Ծննդ. 18։25)։ Այս խոսքերն ասելով՝ Աբրահամն արտահայտեց իր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան կատարյալ արդարությամբ կդատի Սոդոմ ու Գոմոր քաղաքները։ Աբրահամը համոզված էր, որ Եհովան երբեք անարդար չի վարվի՝ «արդար մարդուն ամբարշտի հետ» չի սպանի։ Այդ հավատարիմ նահապետը վստահ էր, որ անհնար է՝ Աստված նման բան անի։ Մոտ 400 տարի անց Եհովան Մովսեսին ասաց, որ իր մասին գրի առնի հետևյալ խոսքերը. «Նա Վեմ է, նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա» (2 Օրենք 31։19; 32։4

2. Ինչո՞ւ ենք վստահ, որ Եհովան չի կարող անարդար վարվել։

2 Աբրահամը ինչո՞ւ էր համոզված, որ Աստված միշտ արդարությամբ է դատում։ Որովհետև Եհովան կատարյալ օրինակ է այդ հարցում։ Եբրայերեն Գրություններում «արդարություն» և «արդարադատություն» թարգմանված եբրայերեն բառերը հաճախ միասին են գործածվում։ Քանի որ Եհովայի չափանիշները միշտ արդար են, նա միշտ արդարությամբ է դատում։ Աստվածաշունչն ասում է, որ «Եհովան արդարություն և արդարադատություն է սիրում» (Սաղ. 33։5

3. Այսօր ի՞նչ անարդարության են բախվում մարդիկ։ Բեր օրինակ։

3 Քանի որ աշխարհը լի է անարդարությամբ, ազնվասիրտ մարդիկ մխիթարվում են՝ իմանալով, որ Եհովան միշտ արդարությամբ է վարվում։ Աշխարհում տիրող անարդարության պատճառով մարդիկ երբեմն ուրիշների սխալ որոշումների զոհ են դառնում։ Օրինակ՝ ոմանք անարդարացիորեն դատապարտվում են և ազատազրկվում։ Որոշ դատապարտվածներ չգործած հանցանքների համար տասնամյակներ են անցկացնում բանտում և ազատվում են միայն այն բանից հետո, երբ ԴՆԹ-ի փորձաքննության արդյունքում նոր ապացույցներ են ձեռք բերվում, ու նրանց գործերը վերանայվում են։ Անարդարության այսպիսի դրսևորումները, ինչ խոսք, հիասթափություն և բարկություն են առաջացնում։ Սակայն անարդարության մեկ ուրիշ տեսակ կա, որը քրիստոնյաների համար գուցե ավելի դժվար լինի տանել։

ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԺՈՂՈՎՈՒՄ

4. Քրիստոնյայի հավատը ինչպե՞ս կարող է փորձվել։

4 Քրիստոնյաները ակնկալում են, որ այս աշխարհում անարդարության կբախվեն։ Սակայն մեր հավատը կարող է փորձվել, եթե ժողովում ականատես լինենք կամ բախվենք մի բանի, ինչը մեզ անարդար թվա։ Ինչպե՞ս կարձագանքես, եթե ժողովում կամ հավատակիցների հետ քո ունեցած փոխհարաբերություններում տեղի ունենա մի բան, ինչը քո աչքին անարդար երևա։ Թույլ կտա՞ս, որ դա գայթակղության պատճառ դառնա քեզ համար։

5. Ինչո՞ւ չպետք է զարմանանք, եթե ժողովում ականատես լինենք կամ բախվենք անարդարության։

5 Քանի որ բոլորս անկատար ենք և հակված ենք մեղք գործելու, պետք է գիտակցենք, որ հնարավոր է՝ ժողովում ինչ-որ մեկը մեզ հետ անարդար վարվի, կամ ինքներս անարդար վարվենք ուրիշի հետ (1 Հովհ. 1։8)։ Թեև նման բան հազվադեպ է լինում, հավատարիմ քրիստոնյաները անարդարության բախվելիս չեն զարմանում ու չեն գայթակղվում։ Եհովան իր Խոսքում գործնական խորհուրդներ է տվել, որոնք կօգնեն մեզ հավատարիմ մնալ նույնիսկ այն դեպքում, եթե հավատակիցները մեզ հետ անարդար վարվեն (Սաղ. 55։12–14

6, 7. Ի՞նչ անարդարության բախվեց մի եղբայր, և ի՞նչը նրան օգնեց ճիշտ վարվել այդ իրավիճակում։

6 Նկատի առնենք, թե ինչ եղավ մի եղբոր կյանքում։ Վիլլի Դիլը 1931 թ.- ից հավատարմորեն ծառայում էր Բեռնում գտնվող Բեթելում (Շվեյցարիա)։ 1946 թ.- ին նա հրավիրվեց «Գաղաադ» դպրոցի ութերորդ դասարան (Նյու Յորք, ԱՄՆ), որն ավարտելուց հետո Շվեյցարիայում շրջանային վերակացու նշանակվեց։ Իր կենսագրության մեջ եղբայր Դիլը պատմում է. «Բեռնում գտնվող մասնաճյուղի պատասխանատու եղբայրներին 1949 թ. մայիսին տեղեկացրի, որ պատրաստվում եմ ամուսնանալ»։ Ի՞նչ պատասխան նա ստացավ։ «Ռահվիրայությունից բացի՝ ոչ մի առանձնաշնորհում»։ Եղբայր Դիլն ավելացնում է. «Ինձ թույլ չէին տալիս ելույթներ ներկայացնել.... Շատերը մեզ չէին բարևում ու մեզ վերաբերվում էին այնպես, ասես մենք ընկերակցությունից զրկվել էինք»։

7 Ինչպե՞ս եղբայր Դիլը վարվեց այդ իրավիճակում։ Նա ասում է. «Մենք գիտեինք, որ ամուսնանալու որոշումը չի հակասում Աստվածաշնչին, ուստի սփոփվում էինք՝ աղոթելով Եհովային ու նրան ապավինելով»։ Ի վերջո ամուսնության վերաբերյալ սխալ տեսակետը, որը անարդարության պատճառ էր դարձել, շտկվեց, ու եղբայր Դիլը նորից ստացավ այն առանձնաշնորհումները, որ նախկինում ուներ ծառայության մեջ։ Եհովային նվիրված մնալով՝ նա վարձատրվեց։ * Եկեք ինքներս մեզ հարցնենք. «Եթե այսպիսի անարդարության բախվեմ, արդյո՞ք ես էլ նման հոգևոր տրամադրվածություն կունենամ։ Համբերությամբ կսպասե՞մ Եհովային, թե՞ կփորձեմ ամեն ինչ իմ ձեռքը վերցնել և իմ ձևով լուծել խնդիրը» (Առակ. 11։2; կարդա Միքիա 7։7

8. Եթե մտածում ես, որ դու կամ ժողովի մեկ ուրիշ անդամ անարդարության զոհ է դարձել, ինչո՞ւ քո կարծիքը կարող է սխալ լինել։

8 Մյուս կողմից, եթե մտածում ես, որ դու կամ ժողովի մեկ ուրիշ անդամ անարդարության զոհ է դարձել, քո կարծիքը կարող է սխալ լինել։ Ինչո՞ւ։ Որովհետև բոլորս անկատար կերպով ենք ընկալում այն, ինչ կատարվում է մեր շուրջը, կամ էլ բոլոր փաստերին ծանոթ չենք լինում։ Անկախ այն բանից՝ տեղի ունեցածը ճիշտ ենք ընկալում, թե սխալ, պետք է աղոթենք Եհովային, ապավինենք ու նվիրված մնանք նրան։ Այդպես վարվելով՝ կխուսափենք «Եհովայի վրա զայրանալուց» (կարդա Առակներ 19։3

9. Ի՞նչ օրինակներ ենք քննարկելու այս և հաջորդ հոդվածում։

9 Եկեք քննենք աստվածաշնչյան ժամանակներում պատահած երեք դեպք, երբ Եհովայի ժողովրդի մեջ անարդարություն տեղի ունեցավ։ Այս հոդվածում կքննարկենք Աբրահամի ծոռ Հովսեփի օրինակը, որի եղբայրները նրա դեմ անարդարություն գործեցին։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե Եհովան ինչպես վարվեց Իսրայելի թագավոր Աքաաբի հետ, ինչպես նաև կտեսնենք, թե ինչ սխալ գործեց Պետրոսը Ասորիքի Անտիոքում։ Քննարկման ընթացքում փորձիր տեսնել, թե ինչ դասեր կարող ես քաղել, որպեսզի հոգևոր մտածելակերպ ունենաս և պահպանես Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ հատկապես այն ժամանակ, երբ կարծում ես, որ քեզ հետ անարդար են վարվել։

ՀՈՎՍԵՓԸ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱՎ

10, 11. ա) Հովսեփը ի՞նչ անարդարության բախվեց։ բ) Ի՞նչ առիթ ստեղծվեց, երբ Հովսեփը բանտում էր։

10 Եհովայի ծառա Հովսեփի հետ անարդար վարվեցին ոչ միայն օտարները, այլև հարազատ եղբայրները, ինչն ավելի մեծ ցավ պատճառեց նրան։ Երբ Հովսեփը 17 տարեկան էր, նրա եղբայրները առևանգեցին նրան և ստրկության վաճառեցին։ Հովսեփը, իր կամքին հակառակ, հայտնվեց Եգիպտոսում (Ծննդ. 37։23–28; 42։21)։ Որոշ ժամանակ անց նրան անարդարացիորեն մեղադրեցին բռնաբարության փորձ կատարելու մեջ և առանց դատ ու դատաստանի բանտարկեցին (Ծննդ. 39։17–20)։ Հովսեփը 13 երկարուձիգ տարի չարչարվեց որպես ստրուկ և բանտարկյալ։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Հովսեփի օրինակից, և ինչպե՞ս այդ դասերը կօգնեն մեզ, եթե մեր հավատակիցը մեզ հետ անարդար վարվի։

11 Երբ Հովսեփը բանտում էր, թագավորի գլխավոր գինեմատույցը կալանավորվեց։ Մի գիշեր վերջինս երազ տեսավ։ Եհովայի օգնությամբ Հովսեփը մեկնեց այն։ Նա բացատրեց, որ գինեմատույցը բանտից կազատվի ու նորից փարավոնի արքունիքում իր պաշտոնին կնշանակվի։ Երազը մեկնելուց հետո Հովսեփը, առիթից օգտվելով, իրեն պատահածը պատմեց գինեմատույցին։ Մենք կարող ենք շատ բան սովորել ոչ միայն նրանից, թե Հովսեփն ինչ ասաց, այլև նրանից, թե նա ինչ չասաց (Ծննդ. 40։5–13

12, 13. ա) Հովսեփի խոսքերը ինչպե՞ս են ցույց տալիս, որ նա անարդարության հետ չէր հաշտվել։ բ) Գինեմատույցի հետ խոսելիս ինչի՞ մասին, ըստ ամենայնի, չհիշատակեց Հովսեփը։

12 Կարդա Ծննդոց 40։14, 15։ Նկատենք. Հովսեփն ասաց, որ իրեն «առևանգել են»։ Նրա խոսքերը հստակ ցույց տվեցին, որ ինքը անարդարության զոհ է դարձել։ Հովսեփը նաև ասաց, որ չի գործել այն հանցանքը, որի համար իրեն բանտարկել են։ Ուստի գինեմատույցին խնդրեց, որ փարավոնին ասի իր մասին։ «Հանիր ինձ այս տնից»,— ասաց Հովսեփը։

13 Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ Հովսեփը իր իրավիճակին չէր համակերպվել ու ձեռքերը ծալած չէր նստել։ Նա գիտակցում էր, որ իր հետ մեկ անգամ չէ, որ անարդար են վարվել։ Ուստի իր գլխին եկածը պատմեց գինեմատույցին, ով հավանաբար կկարողանար օգնել իրեն։ Սակայն ուշադրություն դարձրու. Աստվածաշնչում ոչինչ չի մատնանշում, թե Հովսեփը երբևիցե ինչ-որ մեկին, այդ թվում՝ փարավոնին պատմել է այն մասին, որ իրեն առևանգել են իր իսկ եղբայրները։ Հիշենք. երբ Հովսեփի եղբայրները եկան Եգիպտոս ու հաշտվեցին նրա հետ, փարավոնը նրանց հրավիրեց բնակություն հաստատելու Եգիպտոսում և օգտվելու «ամբողջ Եգիպտոսի բարիքներից» (Ծննդ. 45։16–20

Բամբասանքը կարող է ավելի սրել իրավիճակը (տես պարբերություն 14)

14. Եթե ժողովում անարդարության բախվենք, ի՞նչը մեզ կօգնի խուսափել բամբասելուց և չարախոսելուց։

14 Եթե քրիստոնյան կարծում է, որ անարդարության զոհ է դարձել, պետք է զգույշ լինի, որ չսկսի բամբասել ու դրանով վնասել ուրիշներին։ Իհարկե, տեղին է օգնություն խնդրել երեցներից ու նրանց տեղյակ պահել, երբ ժողովի անդամներից մեկը լուրջ մեղք է գործում (Ղևտ. 5։1)։ Սակայն շատ դեպքերում, երբ խոսքը լուրջ մեղքի մասին չէ, տարաձայնությունը կարելի է հարթել՝ առանց ուրիշներին, այդ թվում՝ երեցներին ներգրավելու (կարդա Մատթեոս 5։23, 24; 18։15)։ Եկեք նվիրված մնանք ու նման հարցերը լուծենք աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Երբեմն հնարավոր է՝ գանք այն եզրակացության, որ իրականում մեզ հետ անարդար չեն վարվել։ Նման դեպքում որքա՜ն ուրախ կլինենք, որ հավատակցին չենք զրպարտել և իրավիճակը չենք սրել։ Հիշենք. անկախ այն բանից՝ մենք ճիշտ ենք, թե սխալ, չարախոսելով երբեք չենք շտկի իրավիճակը։ Եհովային ու մեր եղբայրներին նվիրված մնալով՝ կխուսափենք նման սխալ գործելուց։ Խոսելով այն մարդու մասին, «ով անարատությամբ է քայլում»՝ սաղմոսերգուն ասաց, որ «նա իր լեզվով չի զրպարտում, իր ընկերոջը ոչ մի վատ բան չի անում և չի մասնակցում իր մտերիմի դեմ չարախոսությանը» (Սաղ. 15։2, 3; Հակ. 3։5

ՀԻՇԻՐ. ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

15. Եհովային նվիրված մնալով՝ Հովսեփն ինչպե՞ս օրհնվեց։

15 Ի՞նչ կարևոր դաս կարող ենք քաղել՝ խորհրդածելով Եհովայի հետ Հովսեփի ունեցած փոխհարաբերությունների մասին։ Տառապանքներով հագեցած 13 տարիների ընթացքում Հովսեփը ցույց տվեց, որ իրավիճակին Եհովայի աչքերով էր նայում (Ծննդ. 45։5–8)։ Նա Աստծուն երբեք չմեղադրեց, որ այդպիսի ծանր դրության մեջ էր հայտնվել։ Թեև Հովսեփը չմոռացավ այն անարդարությունները, որոնց բախվել էր իր կյանքում, նա դառնությամբ չլցվեց։ Եվ որ ամենակարևորն է, թույլ չտվեց, որ ուրիշների անկատարությունն ու սխալ գործերը իրեն հեռացնեն Եհովայից։ Նվիրված մնալով՝ Հովսեփը կարողացավ տեսնել, թե ինչպես է Եհովան շտկում իրավիճակը և օրհնում իրեն ու իր ընտանիքին։

16. Ինչո՞ւ պետք է ավելի մտերմանանք Եհովայի հետ, եթե ժողովում անարդարության բախվենք։

16 Հովսեփի պես՝ մենք էլ պետք է թանկ գնահատենք և պահպանենք Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Երբեք թույլ չտանք, որ մեր եղբայրների անկատարությունը մեզ բաժանի մեր Հորից, ում սիրում ու երկրպագում ենք (Հռոմ. 8։38, 39)։ Եթե հավատակիցը մեզ հետ անարդար վարվի, եկեք ընդօրինակենք Հովսեփին և ավելի մտերմանանք Եհովայի հետ՝ ձգտելով ամեն ինչին նրա աչքերով նայել։ Եթե աստվածաշնչյան սկզբունքների շրջանակներում ամեն բան արել ենք իրավիճակը շտկելու համար, ապա տվյալ հարցը պետք է հանձնենք Եհովայի ձեռքը և վստահ լինենք, որ նա այն կլուծի իր որոշած ժամանակին և իր որոշած ձևով։

ՎՍՏԱՀԻՐ «ՈՂՋ ԵՐԿՐԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ»

17. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք «ողջ երկրի Դատավորին»։

17 Քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, կարող ենք ակնկալել, որ անարդարության կբախվենք։ Թեև հազվադեպ, սակայն հնարավոր է՝ ժողովում ականատես լինենք կամ բախվենք այնպիսի բաների, որոնք մեզ անարդարացի թվան։ Թույլ չտանք, որ դա գայթակղության պատճառ դառնա մեզ համար (Սաղ. 119։165)։ Ընդհակառակը՝ նվիրված մնանք Աստծուն, աղոթենք և ապավինենք նրան։ Միևնույն ժամանակ եկեք համեստորեն ընդունենք, որ հավանաբար բոլոր փաստերին ծանոթ չենք։ Նաև գիտակցենք, որ մեր անկատարության պատճառով, հնարավոր է, ճիշտ չենք հասկացել իրավիճակը։ Հովսեփի օրինակին հետևելով՝ եկեք խուսափենք ուրիշների մասին բամբասելուց, նրանց զրպարտելուց և չարախոսելուց, քանի որ դա միայն ավելի է սրում իրավիճակը։ Ամեն ինչ մեր ձեռքը վերցնելու և խնդիրը մեր ձևով լուծելու փոխարեն՝ եկեք վճռենք նվիրված մնալ Եհովային և համբերությամբ սպասել նրան, մինչև նա իրավիճակը շտկի։ Եթե այդպես վարվենք, կստանանք մեր երկնային Հոր հավանությունը և կօրհնվենք նրա կողմից, ինչպես որ Հովսեփը։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան՝ «ողջ երկրի Դատավորը», միշտ արդարությամբ է վարվում, քանի որ «նրա բոլոր ճանապարհները արդար են» (Ծննդ. 18։25; 2 Օրենք 32։4

18. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

18 Հաջորդ հոդվածում կքննարկենք աստվածաշնչյան ժամանակներում պատահած ևս երկու դեպք, երբ Եհովայի ժողովրդի մեջ անարդարություն տեղի ունեցավ։ Այդ դրվագները քննելով՝ կտեսնենք, թե խոնարհությունն ու ներելու պատրաստակամությունը ինչպես մեզ կօգնեն արդարության վերաբերյալ ունենալու նույն տեսակետը, ինչ Եհովան։

^ պարբ. 7 Վիլլի Դիլի կենսագրությունը կարող եք կարդալ «Դիտարանի» 1991 թ. նոյեմբերի 1-ի համարում՝ «Եհովան է իմ Աստվածը, որին ես պիտի վստահեմ» հոդվածում (անգլ., ռուս.)։