ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 42
ԵՐԳ 103 Հովիվները պարգևներ են
Գնահատանք ցուցաբերիր «որպես պարգևներ» տրված եղբայրների հանդեպ
«Երբ նա վեր ելավ բարձունքը.... Նա այդ մարդկանց տվեց որպես պարգևներ» (ԵՓԵՍ. 4։8)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Ի՞նչ են անում ծառայող օգնականները, երեցները և շրջանային վերակացուները մեզ համար, և ինչպե՞ս կարող ենք գնահատանք ցուցաբերել այս հավատարիմ տղամարդկանց հանդեպ։
1. Որո՞նք են այն պարգևներից մի քանիսը, որ ստացել ենք Հիսուսից։
ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ոչ ոք երբեք այնքան առատաձեռն չի եղել, որքան Հիսուսը։ Երբ նա երկրի վրա էր, օգտագործում էր հրաշքներ անելու իր զորությունը, որպեսզի օգներ մարդկանց (Ղուկ. 9։12-17)։ Հանուն մեզ՝ նա զոհեց իր կյանքը, ինչը երբևէ տրված մեծագույն նվերն է (Հովհ. 15։13)։ Հարություն առնելուց հետո էլ Հիսուսը շարունակում է առատաձեռն լինել։ Իր խոստման համաձայն՝ նա խնդրել է Եհովային, որ տա իր սուրբ ոգին՝ մեզ սովորեցնելու և մխիթարելու համար (Հովհ. 14։16, 17, ծնթ.; 16։13)։ Իսկ ժողովի հանդիպումների միջոցով Հիսուսը շարունակում է մեզ տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որ կարողանանք օգնել մարդկանց աշակերտներ դառնալ (Մատթ. 28։18-20)։
2. Ըստ Եփեսացիներ 4։7, 8 համարների՝ ովքե՞ր են մտնում Հիսուսի տված «պարգևների» մեջ։
2 Տեսնենք, թե Հիսուսը ուրիշ ինչ նվեր է տվել մեզ։ Պողոս առաքյալը գրեց, որ երկինք բարձրանալուց հետո նա «մարդկանց տվեց որպես պարգևներ» (կարդա Եփեսացիներ 4։7, 8)։ Պողոսը նաև բացատրեց, որ Հիսուսը նրանց տվել է, որպեսզի նրանք տարբեր կերպերով աջակցեն ժողովին (Եփես. 1։22, 23; 4։11-13)։ Այսօր այս «պարգևների» թվում են ծառայող օգնականները, երեցները և շրջանային վերակացուները։ a Իհարկե, նրանք կատարյալ չեն, ուստի սխալներ են թույլ տալիս (Հակ. 3։2)։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը նրանց միջոցով օգնում է մեզ. նրանք Հիսուսի կողմից մեզ տրված «պարգևներ» են։
3. Օրինակով ցույց տուր, թե ինչպես կարող ենք բոլորս աջակցել Հիսուսի տված «պարգևներին»։
3 Հիսուսը այս տղամարդկանց նշանակել է, որպեսզի ամրացնեն ժողովը (Եփես. 4։12)։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել նրանց, որ կատարեն այդ կարևոր հանձնարարությունը։ Պատկերացնենք օրինակով։ Երբ Թագավորության սրահ է կառուցվում, ոմանք անմիջականորեն մասնակցում են շինարարական աշխատանքներին։ Մյուսները աջակցում են շինարարներին՝ նրանց տրամադրելով սնունդ ու օգնելով տրանսպորտի և այլ անհրաժեշտ հարցերում։ Նմանապես մենք բոլորս կարող ենք մեր խոսքով ու գործով աջակցել ծառայող օգնականներին, երեցներին և շրջանային վերակացուներին, որ կատարեն իրենց ծառայությունը։ Տեսնենք, թե ինչ օգուտներ է մեզ բերում այդ մարդկանց տքնաջան աշխատանքը, և թե ինչպես կարող ենք արտահայտել մեր գնահատանքը նրանց, ինչպես նաև Հիսուսի հանդեպ, ով տվել է այդ «պարգևներին»։
ԾԱՌԱՅՈՂ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ»
4. Ի՞նչ օգտակար գործեր էին անում ծառայող օգնականները առաջին դարում։
4 Առաջին դարում որոշ եղբայրներ նշանակվում էին ծառայող օգնականներ (1 Տիմոթ. 3։8)։ Հավանաբար, Պողոս առաքյալը նրանց նկատի ուներ, երբ խոսեց «օգնություն ցույց տվողների» մասին (1 Կորնթ. 12։28)։ Ծառայող օգնականները, ըստ ամենայնի, բազմաթիվ կարևոր աշխատանքներ էին կատարում, որպեսզի երեցները կարողանային կենտրոնանալ սովորեցնելու և հովվելու գործի վրա։ Օրինակ՝ թերևս նրանք արտագրում էին սուրբ գրվածքները կամ նյութեր գնում այդ գործն անելու համար։
5. Մեր օրերում ի՞նչ կարևոր գործեր են անում ծառայող օգնականները։
5 Ժողովում ի՞նչ կարևոր գործեր են անում ծառայող օգնականները (1 Պետ. 4։10)։ Նրանք գուցե նշանակված լինեն զբաղվելու ժողովի հաշվապահությամբ կամ քարոզչական տարածքներով։ Թերևս նրանց հանձնարարվի գրականության պատվերներ տալ և հոգ տանել, որ քարոզիչները գրականություն ստանան, կառավարել աուդիո և վիդեո սարքավորումները, ծառայել որպես սպասարկու կամ օգնել Թագավորության սրահի տեխսպասարկման աշխատանքներում։ Այս ամենը անհրաժեշտ է ժողովի գործունեությունը ինչպես հարկն է կազմակերպելու համար (1 Կորնթ. 14։40)։ Վերոնշյալից բացի՝ որոշ ծառայող օգնականներ հանձնարարություններ են ստանում «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ծրագրում և հանրային ելույթներ են ներկայացնում։ Ծառայող օգնականը կարող է նաև նշանակվել որպես խմբի վերակացուի օգնական։ Երբեմն էլ համապատասխան որակներ ունեցող ծառայող օգնականները երեցների հետ մասնակցում են հովվական այցելությունների։
6. Ջանասեր ծառայող օգնականներին գնահատելու ի՞նչ պատճառներ ունենք։
6 Իսկ ի՞նչ օգուտներ է քաղում ժողովը ծառայող օգնականների կատարած գործից։ Բեբերլի b անունով մի քույր, ով ապրում է Բոլիվիայում, ասում է. «Ծառայող օգնականների շնորհիվ ես վայելում եմ ժողովները։ Նրանց ծառայությունները նպաստում են, որ կարողանամ երգել, մեկնաբանություններ տալ, լսել ելույթները և սովորել տեսանյութերից ու նկարներից։ Նրանք հոգ են տանում անվտանգության, ինչպես նաև տեսակոնֆերանսով միացած հավատակիցների մասին։ Իսկ ժողովից հետո նախաձեռնություն են վերցնում մաքրության աշխատանքներում, բացում են նվիրատվության արկղերը և հոգում, որ անհրաժեշտ գրականությունը հասանելի լինի։ Ես շատ շնորհակալ եմ նրանց»։ Իսկ Կոլումբիայից Լեսլի անունով մի քույր, ում ամուսինը երեց է, ասում է. «Իր հանձնարարությունները կատարելու հարցում ամուսինս ծառայող օգնականների աջակցության կարիքն ունի։ Հակառակ դեպքում՝ նա շատ ավելի զբաղված կլիներ։ Շնորհակալ եմ նրանց, որ այդքան նախանձախնդիր են ու պատրաստակամ»։ Վստահ ենք, որ դու էլ նմանատիպ զգացումներ ունես (1 Տիմոթ. 3։13)։
7. Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ ծառայող օգնականների հանդեպ (տես նաև նկարը)։
7 Լավ է, որ մենք երախտագիտության զգացում ունենք ծառայող օգնականների հանդեպ, սակայն Աստվածաշունչը հորդորում է, որ ցույց տանք մեր երախտագիտությունը (Կող. 3։15)։ Քշիշտոֆ անունով մի երեց, ով Ֆինլանդիայից է, ասում է, թե ինչպես է ցույց տալիս իր գնահատանքը. «Ես բացիկ կամ հաղորդագրություն եմ ուղարկում։ Այնտեղ սուրբգրային համար եմ մեջբերում և նշում, թե տվյալ ծառայող օգնականի արած գործի մեջ կոնկրետ ինչն է ինձ համար քաջալերական, կամ ինչի համար եմ երախտապարտ»։ Իսկ Պասկալը և նրա կինը՝ Ջեյլը, ովքեր Նոր Կալեդոնիայից են, կոնկրետ աղոթում են ծառայող օգնականների համար։ Պասկալն ասում է. «Վերջերս մենք շատ ենք աղոթում մեր ժողովի ծառայող օգնականների համար, խնդրում ենք, որ Եհովան աջակցի նրանց։ Նաև շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ մեզ այդպիսի եղբայրներ է տվել»։ Եհովան լսում է նման աղոթքները, և արդյունքում ամբողջ ժողովը օգուտներ է քաղում (2 Կորնթ. 1։11)։
ԺՈՂՈՎԻ ԵՐԵՑՆԵՐԸ «ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ»
8. Պողոսը ինչո՞ւ կարող էր ասել, որ առաջին դարի երեցները «տքնաջան աշխատում էին» (1 Թեսաղոնիկեցիներ 5։12, 13)։
8 Առաջին դարի երեցները տքնաջան աշխատում էին ժողովի համար (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։12, 13; 1 Տիմոթ. 5։17)։ Նրանք «առաջնորդում էին» ժողովը. անցկացնում էին հանդիպումները և որպես երեցների խորհուրդ՝ որոշումներ կայացնում։ Ժողովը պաշտպանելու համար նրանք ուղիղ «խորհուրդներ էին տալիս» իրենց եղբայրներին ու քույրերին, սակայն դա անում էին սիրառատ կերպով (1 Թեսաղ. 2։11, 12; 2 Տիմոթ. 4։2)։ Իհարկե, այս տղամարդիկ նաև «տքնաջան աշխատում էին», որ հոգային իրենց ընտանիքի նյութական կարիքները և հոգևորապես ամուր մնային (1 Տիմոթ. 3։2, 4; Տիտոս 1։6-9)։
9. Ի՞նչ պատասխանատվություններ ունեն երեցներն այսօր։
9 Երեցները այսօր նույնպես զբաղված կյանքով են ապրում։ Նրանք քարոզիչներ են (2 Տիմոթ. 4։5)։ Երեցները եռանդորեն մասնակցում են քարոզչությանը, իրենց ժողովի տարածքում կազմակերպում են քարոզչական գործը և սովորեցնում են հավատակիցներին արդյունավետորեն քարոզել և ուսուցանել։ Նրանք ծառայում են նաև որպես գթասիրտ և անկողմնակալ դատավորներ։ Երբ որևէ քրիստոնյա լուրջ մեղք է գործում, երեցները փորձում են օգնել նրան վերականգնել Եհովայի հետ մտերմությունը։ Բայց միևնույն ժամանակ նրանք աչալուրջ են և ամեն ինչ անում են, որ ժողովը մաքուր մնա (1 Կորնթ. 5։12, 13; Գաղ. 6։1)։ Նախևառաջ, սակայն, երեցները հայտնի են որպես հովիվներ (1 Պետ. 5։1-3)։ Նրանք լավ պատրաստված սուրբգրային ելույթներ են ներկայացնում, ձգտում են ժողովում լավ ճանաչել բոլորին և հովվական այցելություններ են անում։ Որոշ երեցներ իրենց ունեցած այլ պատասխանատվությունների հետ մեկտեղ աջակցում են Թագավորության սրահների կառուցման և տեխսպասարկման, ինչպես նաև համաժողովների կազմակերպման գործերում, ծառայում են Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում և հիվանդներին այցելող խմբերում։ Այո՛, երեցները տքնաջան աշխատում են մեզ համար։
10. Ինչո՞ւ ենք թանկ համարում մեր ջանասեր երեցներին։
10 Եհովան կանխագուշակել էր, որ հովիվները շատ հոգատար էին լինելու մեր հանդեպ, և մենք «այլևս չէինք վախենալու ու չէինք սարսափելու» (Երեմ. 23։4)։ Յոհաննա անունով մի քույր, ով ապրում է Ֆինլանդիայում, համոզվեց վերը նշված խոսքերի ճշմարտացիության մեջ, երբ նրա մայրը ծանր հիվանդացավ։ Քույրը պատմում է. «Ինձ համար հեշտ չէ իմ զգացմունքների մասին խոսել ուրիշների հետ, բայց մի երեց, ում ես լավ չէի ճանաչում, համբերատարորեն լսեց ինձ, երբ պատրաստ էի խոսել։ Նա աղոթեց ինձ համար և հավաստիացրեց, որ Եհովան սիրում է ինձ։ Հստակ չեմ հիշում, թե նա ինչ էր ասում, բայց հիշում եմ, որ ինձ ապահով զգացի։ Վստահ եմ, որ Եհովան էր նրան ուղարկել, որ ճիշտ պահին օգնության ձեռք մեկնի»։ Իսկ ինչպե՞ս են քո ժողովի երեցները օգնել քեզ։
11. Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքն արտահայտել երեցների հանդեպ (տես նաև նկարը)։
11 Եհովան ուզում է, որ սրտանց արտահայտենք մեր գնահատանքը երեցների հանդեպ «իրենց կատարած աշխատանքի համար» (1 Թեսաղ. 5։12, 13)։ Հենրիետա անունով մի քույր, ով նույնպես ապրում է Ֆինլանդիայում, ասում է. «Երեցները պատրաստակամորեն օգնում են ուրիշներին, բայց դա չի նշանակում, որ նրանք ավելի շատ ժամանակ և ուժ ունեն, քան մյուսները, կամ որ նրանց կյանքը զերծ է խնդիրներից։ Երբեմն ես պարզապես մոտենում եմ մեր երեցներից մեկին և ասում. «Գիտես չէ՞, դու շատ լավ երեց ես։ Ուզում եմ, որ իմանաս դա»»։ Իսկ Սերա անունով մի քույր, ով ապրում է Թուրքիայում, ասում է. «Իրենց հանձնարարությունները անելու համար երեցները «վառելիքի» կարիք ունեն։ Ուստի մենք կարող ենք նրանց բացիկ գրել, ճաշի հրավիրել կամ նրանց հետ գնալ ծառայության»։ Կա՞ երեց, որի ջանքերը հատկապես շատ ես գնահատում։ Եթե այո, ապա առիթներ փնտրիր գնահատանքդ արտահայտելու համար (1 Կորնթ. 16։18)։
ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՑՈՒՆԵՐԸ «ԱՄՐԱՑՆՈՒՄ» ԵՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ
12. Առաջին դարում Հիսուսը ուրիշ ո՞ւմ էր նշանակել ժողովները ամրացնելու համար (1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8)։
12 Հիսուս Քրիստոսը որոշ տղամարդկանց տվել էր «որպես պարգև»՝ ժողովին մեկ այլ կերպով ծառայելու համար։ Նրա առաջնորդությամբ Երուսաղեմում գտնվող երեցները Պողոսին, Բառնաբասին և այլ եղբայրների որպես շրջագայող վերակացուներ ուղարկեցին ժողովներ (Գործ. 11։22)։ Նրանք նշանակվել էին այն նույն նպատակով, ինչ երեցներն ու ծառայող օգնականները՝ ժողովները ամրացնելու համար (Գործ. 15։40, 41)։ Այս տղամարդիկ զոհում էին իրենց հարմարավետությունը, նույնիսկ վտանգում էին իրենց կյանքը, որպեսզի ուրիշներին ուսուցանեն և քաջալերեն (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8)։
13. Որո՞նք են շրջանային վերակացուների պատասխանատվություններից մի քանիսը։
13 Շրջանային վերակացուները անընդհատ տեղափոխվում են։ Ոմանք մի ժողովից մյուսը գնալու համար հարյուրավոր կիլոմետրեր են անցնում։ Շրջանային վերակացուն ամեն շաբաթ մի քանի ելույթ է ներկայացնում, հովվական այցեր է անում, հանդիպում է ռահվիրաների ու երեցների հետ, ինչպես նաև քարոզչական հանդիպումներ անցկացնում։ Նա ելույթներ է պատրաստում և կազմակերպում է շրջանային ու տարածաշրջանային համաժողովները։ Բացի այդ՝ դասավանդում է ռահվիրայական դպրոցներում, հատուկ հանդիպում է կազմակերպում շրջանի ռահվիրաների հետ և մասնաճյուղի կողմից նշանակված կարևոր, երբեմն նաև հրատապ հարցերով է զբաղվում։
14. Նշիր պատճառներ, թե ինչու ենք թանկ համարում մեր եռանդուն շրջանային վերակացուներին։
14 Ի՞նչ օգուտներ են քաղում ժողովները շրջանային վերակացուների կատարած աշխատանքից։ Թուրքիայում ապրող մի եղբայր շրջանային վերակացուների այցելությունների վերաբերյալ հետևյալն է ասում. «Այդ այցելություններից յուրաքանչյուրը մղում է ինձ ավելի շատ ժամանակ տրամադրել եղբայրներիս ու քույրերիս օգնելու համար։ Ես շատ շրջանային վերակացուների եմ հանդիպել, և նրանցից ոչ ոք այնպիսի տպավորություն չի թողել, թե չափազանց զբաղված է կամ անմատչելի»։ Յոհաննան, ում մասին արդեն խոսեցինք, պատմում է, որ մի անգամ շրջանային վերակացուի հետ ծառայելիս ոչ ոքի տանը չհանդիպեցին։ «Այնուամենայնիվ, ես միշտ կհիշեմ այդ օրը,– ասում է նա։– Երկու քույրերս նոր էին տեղափոխվել մեկ ուրիշ վայր, և ես նրանց շատ էի կարոտում։ Շրջանային վերակացուն ինձ քաջալերեց և օգնեց՝ հասկանամ, որ մենք ժամանակավոր ենք իրարից հեռու, քանի որ նոր աշխարհում միասին լինելու անթիվ հնարավորություններ ենք ունենալու»։ Վստահաբար, մենք էլ կարող ենք ասել, որ շատ շրջանային վերակացուներ իրենց կատարած ծառայության շնորհիվ թանկ են դարձել մեզ համար (Գործ. 20։37-21։1)։
15. ա) 3 Հովհաննես 5-8 համարների համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքն արտահայտել շրջանային վերակացուների հանդեպ (տես նաև նկարը)։ բ) Ինչո՞ւ պետք է երախտագիտություն դրսևորենք նշանակված տղամարդկանց կանանց հանդեպ և ինչպե՞ս կարող ենք դա անել (տես « Հիշիր նրանց կանանց» շրջանակը)։
15 Հովհաննես առաքյալը հորդորեց Գայոսին հյուրասիրություն ցուցաբերել իրենց ժողով այցելած եղբայրներին և խնդրեց «ճանապարհ դնել նրանց այնպես, ինչպես հաճելի է Աստծուն» (կարդա 3 Հովհաննես 5-8)։ Մենք էլ հյուրասիրություն ցուցաբերած կլինենք, եթե, օրինակ, շրջանային վերակացուին հրավիրենք ճաշի կամ էլ իր այցի ժամանակ մասնակցենք քարոզչական ծառայության հանդիպումներին։ Լեսլին, ում մասին խոսեցինք ավելի վաղ, իր երախտագիտությունը այլ կերպերով էլ է արտահայտում։ Քույրն ասում է. «Ես աղոթում եմ Եհովային, որ հոգա նրանց կարիքները։ Նաև ամուսնուս հետ նամակներ ենք գրում նրանց՝ նշելով, թե իրենց այցելությունները որքան են օգնել մեզ»։ Հիշենք, որ շրջանային վերակացուները գերմարդկային ուժ չունեն։ Նրանք էլ երբեմն հիվանդանում են, մտահոգվում և նույնիսկ վհատվում։ Թերևս քո բարի խոսքը կամ մի փոքր նվերը շրջանային վերակացուի աղոթքի պատասխանը լինի (Առակ. 12։25)։
ՄԵՆՔ «ՊԱՐԳԵՎՆԵՐԻ» ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ
16. Առակներ 3։27 համարի համաձայն՝ ո՞ր հարցերի մասին պետք է մտածեն եղբայրները։
16 Ողջ աշխարհում գնալով մեծանում է այն եղբայրների կարիքը, ովքեր կարող են ծառայել «որպես պարգևներ»։ Եթե մկրտված եղբայր ես, «ի զորո՞ւ ես օգնելու» (կարդա Առակներ 3։27)։ Ձգտո՞ւմ ես համապատասխանել ծառայող օգնական լինելու պահանջներին։ Իսկ եթե ծառայող օգնական ես, նպատակ ունե՞ս ծառայելու հավատակիցներիդ որպես երեց և ջանքեր թափո՞ւմ ես այդ ուղղությամբ։ c Փոփոխություններ անո՞ւմ ես, որ կարողանաս դիմել Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելու համար։ Երբ ստանաս այդ կրթությունը, Հիսուսը ավելի շատ բան կիրագործի քո միջոցով։ Սակայն եթե կարծում ես, որ դեռ չես համապատասխանում որոշ պահանջների, աղոթիր Եհովային։ Խնդրիր, որ տա իր սուրբ ոգին, որպեսզի կարողանաս անել քեզ տրված ցանկացած հանձնարարություն (Ղուկ. 11։13; Գործ. 20։28)։
17. Ի՞նչ է փաստում այն, որ մեր Թագավորը՝ Հիսուսը, որոշ եղբայրների «որպես պարգև» է տվել։
17 Այն, որ Հիսուսը որոշ եղբայրների «որպես պարգև» է տվել, փաստում է, որ նա այս վերջին օրերում առաջնորդում է մեզ (Մատթ. 28։20)։ Մի՞թե երախտապարտ չես, որ ունենք սիրառատ և առատաձեռն Թագավոր, ով գիտի, թե մեզ ինչ է պետք, և տվել է համապատասխան որակներ ունեցող եղբայրներ, որպեսզի նրանք հոգան մեր կարիքները։ Եթե այո, ապա առիթներ փնտրիր, որ գնահատանքդ ցույց տաս այս ջանասեր եղբայրների հանդեպ։ Եվ երբեք մի՛ մոռացիր շնորհակալություն հայտնել Եհովային, ով «ցանկացած լավ պարգևի ու կատարյալ նվերի» Աղբյուրն է (Հակ. 1։17)։
ԵՐԳ 99 Հազարավոր եղբայրներ
a Կառավարիչ մարմնի անդամները, Կառավարիչ մարմնի օգնականները, մասնաճյուղի կոմիտեի անդամները և աստվածապետական այլ նշանակումներ ունեցող երեցները նույնպես տրված են «որպես պարգևներ»։
b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
c Ծառայող օգնական կամ երեց ծառայելու պահանջների մասին տեղեկություն կարող ես գտնել «Դիտարանի» 2024 թ. նոյեմբերի համարի՝ «Եղբայրնե՛ր, ձգտո՞ւմ եք ծառայող օգնական լինել» և «Եղբայրնե՛ր, ձգտո՞ւմ եք ծառայել որպես երեց» վերնագրերով հոդվածներում։