Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատասխանատվություններ վստահել հավատարիմ մարդկանց

Պատասխանատվություններ վստահել հավատարիմ մարդկանց

«Այն ամենը.... փոխանցիր հավատարիմ մարդկանց, որոնք որակյալ կլինեն ուրիշներին սովորեցնելու համար» (2 ՏԻՄՈԹ. 2։2

ԵՐԳ 123, 53

1, 2. Շատերը ի՞նչ տեսակետ ունեն աշխատանքի վերաբերյալ։

ՇԱՏ մարդիկ իրենք իրենց գնահատում են ըստ այն աշխատանքի, որ անում են։ Որոշ մշակույթներում որևէ մեկի հետ ծանոթանալիս ընդունված է հարցնել. «Ի՞նչ աշխատանք ես անում»։

2 Երբեմն Աստվածաշունչը նկարագրում է մարդկանց՝ նշելով, թե ինչ աշխատանք էին անում նրանք, օրինակ՝ «հարկահավաք Մատթեոս», «Սիմոն.... կաշեգործ» և «բժիշկ Ղուկաս» (Մատթ. 10։3; Գործ. 10։6; Կող. 4։14)։ Այնտեղ նշվում է նաև, թե ինչ առանձնաշնորհումներ և հոգևոր նշանակումներ ունեին ոմանք, օրինակ՝ Դավիթ թագավոր, Եղիա մարգարե, Պողոս առաքյալ։ Այդ մարդիկ գնահատում էին Աստծու կողմից տրված իրենց հանձնարարությունները։ Եթե Աստծու կազմակերպության մեջ առանձնաշնորհումներ ունենք, մենք էլ պետք է գնահատենք դրանք։

3. Ինչո՞ւ կարիք կա, որ տարեց եղբայրները սովորեցնեն երիտասարդ եղբայրներին (տես հոդվածի սկզբի նկարը)։

3 Շատերս սիրում ենք մեր հանձնարարությունները և պատրաստ ենք անվերջ անելու դրանք։ Սակայն, ցավոք, Ադամի օրերից ի վեր բոլոր մարդիկ ծերանում են, և մի սերունդը փոխարինում է մյուսին (Ժող. 1։4)։ Այս իրողությունը իր ուրույն դժվարություններն է ստեղծում Աստծու ծառաների համար։ Օրինակ՝ այսօր քարոզչական գործը ընդարձակվում է, և Եհովայի կազմակերպությունը օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ լսեն բարի լուրը։ Որոշ տարեց հավատակիցներ միգուցե դժվարանում են համաքայլ ընթանալ նորամուծությունների հետ (Ղուկ. 5։39)։ Բացի այդ, երիտասարդները սովորաբար ավելի շատ ուժ ու էներգիա ունեն, քան տարեցները (Առակ. 20։29)։ Ուստի տարեցների կողմից սիրո դրսևորում և գործնական քայլ կլինի, եթե նրանք սովորեցնեն երիտասարդներին ավելի շատ պատասխանատվություններ կրել (կարդա Սաղմոս 71։18

4. Ինչո՞ւ է ոմանց համար դժվար պատասխանատվություններ վստահել մյուսներին (տես « Ինչու են ոմանք վարանում պատասխանատվություններ վստահել ուրիշներին» շրջանակը)։

4 Ոմանք, ովքեր պատասխանատվություններ ունեն, միգուցե դժվարանում են դրանք վստահել երիտասարդներին։ Հնարավոր է՝ նրանք չեն ուզում կորցնել իրենց սիրած գործը։ Կամ անհանգստանում են, որ եթե երիտասարդներին վստահեն իրենց պատասխանատվությունը, ապա նրանք իրենց պես լավ չեն անի այն։ Մյուսներն էլ գուցե մտածում են, թե ժամանակ չունեն սովորեցնելու։ Մյուս կողմից՝ երիտասարդները պետք է զգույշ լինեն, որ անհամբերություն չդրսևորեն, երբ նրանց ավելի շատ պատասխանատվություններ չեն տալիս։

5. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

5 Այժմ եկեք պատասխանատվություններ վստահելու հարցը քննարկենք երկու տեսանկյունից։ Նախ տեսնենք, թե ինչպես կարող են տարեցները օգնել երիտասարդներին ստանձնելու ավելի շատ պատասխանատվություններ, և թե ինչու է դա անհրաժեշտ (2 Տիմոթ. 2։2)։ Այնուհետև ուշադրություն դարձնենք, թե ինչու է կարևոր, որ երիտասարդները ճիշտ տրամադրվածություն ունենան, երբ համագործակցում են փորձառու եղբայրների հետ ու սովորում են նրանցից։ Նկատի առնենք, թե ինչպես Դավիթ թագավորը պատրաստեց իր որդուն, որ նա կատարի մի շատ պատասխանատու գործ։

ԴԱՎԻԹԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵՑ ՍՈՂՈՄՈՆԻՆ ՈՒ ԱՋԱԿՑԵՑ ՆՐԱՆ

6. Ի՞նչ էր ցանկանում անել Դավիթ թագավորը, սակայն ի՞նչ ասաց Եհովան այդ հարցի հետ կապված։

6 Երկար տարիներ որպես փախստական ապրելուց հետո Դավիթը դարձավ թագավոր և բնակվեց մի հարմարավետ տան մեջ։ Եվ անհանգստանալով, որ Եհովային երկրպագելու համար «տուն», կամ՝ տաճար չկա՝ ցանկացավ կառուցել մի շինություն, որը կնվիրվեր Աստծուն։ Ուստի Դավիթն ասաց Նաթան մարգարեին. «Ես ապրում եմ մայրու փայտից կառուցված տան մեջ, իսկ Եհովայի ուխտի տապանակը վրանի պաստառի տակ է գտնվում»։ Նաթանը պատասխանեց. «Ինչ որ սրտումդ կա, արա, որովհետև ճշմարիտ Աստվածը քեզ հետ է»։ Սակայն Եհովան Նաթանին պատվիրեց, որ Դավթին ասի. «Ինձ համար բնակվելու տուն դո՛ւ չես շինելու»։ Այնուամենայնիվ, Եհովան վստահեցրեց Դավթին, որ կշարունակի օրհնել նրան, և նրա որդի Սողոմոնը կկառուցի տաճարը։ Ինչպե՞ս Դավիթը արձագանքեց (1 Տար. 17։1–4, 8, 11, 12; 29։1

7. Ինչպե՞ս Դավիթն արձագանքեց Եհովայի տված առաջնորդությանը։

7 Դավիթը անգործունյա չմնաց և չանհանգստացավ, թե ով կարժանանա տաճարը կառուցելու պատվին։ Փաստն այն է, որ հետագայում տաճարը հայտնի դարձավ որպես Սողոմոնի տաճար, ոչ թե Դավթի։ Դավիթը գուցե հիասթափվեր, որ չի կարող իրագործել իր սրտի ցանկությունը, սակայն լիովին աջակցեց նախագծին։ Նա կազմակերպեց աշխատողների խմբեր և կուտակեց երկաթ, պղինձ, արծաթ ու ոսկի, ինչպես նաև մայրու ծառի գերաններ։ Նա նաև ոգեպնդեց Սողոմոնին՝ ասելով. «Իսկ հիմա, որդի՛ս, թող Եհովան քեզ հետ լինի, և դու հաջողություն ունենաս ու քո Աստված Եհովայի տունը կառուցես, ինչպես որ նա ասել է քո մասին» (1 Տար. 22։11, 14–16

8. Ինչո՞ւ գուցե Դավիթը մտածեր, որ Սողոմոնը չի կարող տաճարը կառուցել, սակայն ի՞նչ արեց նա։

8 Կարդա 1 Տարեգրություն 22։5։ Դավիթը գուցե մտածեր, որ Սողոմոնը չի կարող այդպիսի կարևոր նախագիծ իրականացնել։ Չէ՞ որ այդ տաճարը «անչափ փառահեղ» պիտի լիներ, իսկ Սողոմոնը այդ ժամանակ «անփորձ պատանի էր»։ Սակայն Դավիթը գիտեր, որ Եհովան ամեն կերպ կօգնի Սողոմոնին կատարել իրեն հանձնարարված աշխատանքը։ Ուստի Դավիթը կենտրոնացավ այն բանի վրա, թե ինչպես ինքը կարող է աջակցել իր որդուն, և մեծ քանակությամբ շինանյութ պատրաստեց։

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒՑ

Ուրախալի է տեսնել երիտասարդ եղբայրների, ովքեր ավելի շատ պատասխանատվություններ են ստանձնում (տես պարբերություն 9)

9. Ինչպե՞ս կարող են տարեցները ուրախություն ստանալ, երբ փոխանցում են իրենց պատասխանատվությունները։ Բեր օրինակ։

9 Տարեց եղբայրները չպետք է ընկճվեն, երբ անհրաժեշտ է լինում երիտասարդ եղբայրներին փոխանցել իրենց հանձնարարությունները։ Նրանք հասկանում են, որ այսօր ամենակարևորը Եհովայի տված գործն է։ Պատասխանատու եղբայրները շատ են ուրախանում, երբ երիտասարդները, որոնց իրենք կրթել են, համապատասխան որակներ են ձեռք բերում կատարելու նոր հանձնարարություններ։ Բերենք մի օրինակ։ Պատկերացրու՝ հայրը սովորեցնում է որդուն մեքենա վարել։ Երբ տղան դեռ փոքր է, պարզապես հոր կողքին նստած՝ նայում է, թե ինչպես է հայրը վարում։ Որդու մեծանալու հետ մեկտեղ հայրը սկսում է բացատրել նրան որոշ բաներ։ Երբ տղան ստանում է վարորդական իրավունք, սկսում է վարել մեքենան, իսկ հայրը շարունակում է խորհուրդներ տալ։ Երբեմն հայրն է ղեկին նստում, երբեմն էլ որդին։ Իսկ հետո, երբ հայրը տարիքով մեծանում է, հիմնականում որդին է մեքենան վարում։ Իմաստուն հայրը ուրախությամբ է ղեկը հանձնում որդուն և չի մտածում, որ այն միշտ իր ձեռքում պետք է լինի։ Նմանապես, տարեց եղբայրները հպարտանում են այն երիտասարդներով, որոնց կրթել են՝ աստվածապետական պատասխանատվություններ ստանձնելու։

10. Մովսեսը ի՞նչ տեսակետ ուներ փառք ստանալու և իշխանություն ունենալու վերաբերյալ։

10 Տարեցները պետք է զգույշ լինեն, որ իրենց մեջ նախանձ չզարգանա։ Նկատի առնենք, թե ինչպես արձագանքեց Մովսեսը, երբ իսրայելացիների ճամբարում ոմանք սկսեցին մարգարեների պես պահել իրենց (կարդա Թվեր 11։24–29)։ Մովսեսի սպասավորը՝ Հեսուն, ցանկացավ արգելել նրանց։ Նա հավանաբար մտածում էր, որ այդ մարդիկ ուզում էին նսեմացնել Մովսեսի հեղինակությունը։ Բայց Մովսեսը ասաց. «Նախանձո՞ւմ ես ինձ համար։ Պետք չէ։ Երանի՜ թե Եհովայի ժողովրդի մեջ բոլորը մարգարեներ լինեին, որովհետև Եհովան իր ոգին կդներ նրանց վրա» (ծնթ.)։ Մովսեսը հասկանում էր, որ այդ մարդկանց մարգարեանալը Եհովայից էր։ Իր փառքը փնտրելու փոխարեն՝ Մովսեսը ցանկություն արտահայտեց, որ նույն հոգևոր պարգևները Եհովայի բոլոր ծառաները ստանան։ Մովսեսի նման՝ մենք էլ ենք ուրախանում, երբ ուրիշները ստանում են առանձնաշնորհումներ, որոնք մենք էլ կուզեինք ստանալ։

11. Ի՞նչ զգացումներ ունեցավ մի եղբայր, երբ իր պատասխանատվությունը փոխանցեց մեկ ուրիշին։

11 Բազմաթիվ եղբայրների օրինակներ կան, որոնք տասնյակ տարիներ եռանդուն ծառայել են և օգնել են ուրիշներին ավելի շատ պատասխանատվություններ ստանձնել։ Օրինակ՝ Պիտեր անունով մի եղբայր ավելի քան 74 տարի լիաժամ ծառայության մեջ է եղել, որոնցից 35 տարին ծառայել է Եվրոպայի մասնաճյուղերից մեկում։ Մինչ վերջերս նա Բեթելում ծառայողական բաժնի վերակացուն էր։ Այժմ այդ ծառայությունը անում է Պիտերից ավելի երիտասարդ Փոլ անունով մի եղբայր, որը մի քանի տարի համագործակցել է նրա հետ։ Երբ Պիտերին հարցրին, թե ինչ զգացումներ ունեցավ, երբ իր նշանակումը փոխվեց, նա ասաց. «Ես անչափ ուրախ եմ, որ կան եղբայրներ, որոնք կրթվել են, որ ավելի շատ պատասխանատվություններ ստանձնեն, և նրանք շատ լավ են անում իրենց գործը»։

ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ՏԱՐԵՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

12. Ի՞նչ դաս ենք քաղում Ռոբովամի օրինակից։

12 Սողոմոնի մահից հետո նրա որդի Ռոբովամը դարձավ թագավոր։ Երբ Ռոբովամը խորհրդի կարիք ուներ, սկզբում դիմեց փորձառու երեցներին։ Բայց նա մերժեց նրանց ասածը։ Փոխարենը՝ ընդունեց իր հետ մեծացած ու իրեն ծառայող երիտասարդների խորհուրդը։ Հետևանքները աղետալի եղան (2 Տար. 10։6–11, 19)։ Ի՞նչ դաս ենք սովորում այս պատմությունից։ Իմաստուն կլինի խորհուրդ հարցնել տարիքով ավելի մեծ ու փորձառու անհատներից և հաշվի առնել նրանց ասածը։ Թեև երիտասարդները չպետք է իրենց ստիպված զգան շարունակել հին մեթոդներով գործել, սակայն միևնույն ժամանակ չպետք է անտեսեն տարեցների խորհուրդը։

13. Ինչպե՞ս կարող են երիտասարդները օգուտներ քաղել տարեցների փորձից։

13 Որոշ երիտասարդ եղբայրներ կոորդինացնում են այնպիսի աշխատանքներ, որոնցում ներգրավված են տարեց եղբայրներ։ Այս երիտասարդ եղբայրները ճիշտ կանեն, եթե որոշումներ կայացնելուց առաջ խորհրդակցեն տարեցների հետ, որոնք ավելի իմաստուն են ու փորձառու։ Փոլը, որը փոխարինեց Պիտերին որպես բաժնի վերակացու, ասում է. «Ես հաճախ եմ խորհուրդ հարցնում Պիտերից և մեր բաժնում ծառայողներին էլ եմ քաջալերում նույնն անել»։

14. Ի՞նչ ենք սովորում Տիմոթեոսի և Պողոս առաքյալի օրինակից։

14 Երիտասարդ Տիմոթեոսը երկար տարիներ համագործակցել էր Պողոս առաքյալի հետ (կարդա Փիլիպպեցիներ 2։20–22)։ Պողոսը գրեց կորնթացիներին. «Ձեզ մոտ եմ ուղարկում Տիմոթեոսին, քանի որ նա որպես Տիրոջ ծառա իմ սիրելի և հավատարիմ զավակն է։ Նա ձեզ կհիշեցնի այն մեթոդները, որոնք կիրառում եմ Հիսուս Քրիստոսին ծառայելիս, թե ինչպես եմ ամենուրեք սովորեցնում բոլոր ժողովներում» (1 Կորնթ. 4։17)։ Այս խոսքերը ցույց են տալիս, թե Պողոսն ու Տիմոթեոսը ինչպես էին սերտորեն համագործակցում։ Պողոսը ժամանակ էր հատկացնում, որ Տիմոթեոսին սովորեցներ իր «մեթոդները, որոնք կիրառում էր Հիսուս Քրիստոսին ծառայելիս»։ Տիմոթեոսը դրանք լավ սովորեց։ Պողոսը սիրում էր նրան ու վստահ էր, որ նա հոգ կտանի Կորնթոսի ժողովի հոգևոր կարիքները։ Ի՜նչ լավ օրինակ է թողել Պողոսը երեցների համար, որ կրթեն մյուսներին՝ առաջնորդություն վերցնելու ժողովում։

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ ՈՒՆԻ

15. Ինչպե՞ս կարող է Հռոմի քրիստոնյաներին ուղղված Պողոսի խորհուրդը օգնել մեզ, երբ փոփոխություններ են լինում։

15 Մենք ապրում ենք աննախադեպ ժամանակներում։ Եհովայի կազմակերպության երկրային մասը տարբեր առումներով առաջընթաց է ապրում, ինչն էլ իր հերթին փոփոխություններ է բերում։ Երբ այս փոփոխությունները մեզ են առնչվում, եկեք խոնարհություն դրսևորենք՝ կենտրոնանալով Թագավորության շահերի վրա, ոչ թե մեր անձնական։ Այդպես մենք կնպաստենք միասնությանը։ Հռոմի քրիստոնյաներին Պողոսը գրեց. «Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել, այլ այնպես մտածի, որ ողջամտություն ունենա հավատի այն չափով, ինչ չափով որ Աստված բաժանեց յուրաքանչյուրին։ Ինչպես որ մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, բայց բոլորը միևնույն դերը չեն կատարում, այնպես էլ մենք, թեպետև շատ ենք, սակայն մեկ մարմին ենք՝ Քրիստոսի հետ միաբանված» (Հռոմ. 12։3–5

16. Ի՞նչ կարող են անել տարեցները, երիտասարդները, ինչպես նաև նրանց կանայք, որ նպաստեն Եհովայի կազմակերպության խաղաղությանը և միասնությանը։

16 Ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները, եկեք բոլորս ամեն ջանք թափենք առաջ տանելու Եհովայի Թագավորության շահերը։ Տարեցնե՛ր, սովորեցրեք երիտասարդներին անել ձեր գործը։ Երիտասարդնե՛ր, պատասխանատվություններ ստանձնեք, եղեք համեստ և հարգալից վերաբերմունք ունեցեք տարեցների նկատմամբ։ Իսկ դուք՝ կանա՛յք, ընդօրինակեք Ակյուղասի կնոջը՝ Պրիսկիղային, որը հավատարմորեն աջակցել է Ակյուղասին և միշտ նրա կողքին է եղել, նույնիսկ երբ իրենց հանգամանքները փոխվել են (Գործ. 18։2

17. Ի՞նչ վստահություն արտահայտեց Հիսուսը իր աշակերտների նկատմամբ և ի՞նչ գործի համար պատրաստեց նրանց։

17 Ուրիշներին սովորեցնելու հարցում Հիսուսը ամենալավ օրինակն է։ Նա գիտեր, որ իր երկրային ծառայությունը մոտենում է ավարտին, և ուրիշներն էին շարունակելու իր սկսած գործը։ Թեև իր աշակերտները անկատար էին, նա վստահեց նրանց և ասաց, որ նրանք ավելի մեծ գործեր կանեն, քան ինքը (Հովհ. 14։12)։ Հիսուսը նրանց ամբողջովին պատրաստեց, և նրանք քարոզեցին բարի լուրը այն ժամանակ հայտնի ողջ աշխարհում (Կող. 1։23

18. Ի՞նչ է սպասվում առջևում, և ի՞նչ պետք է անենք այսօր։

18 Իր զոհաբերական մահից հետո Հիսուսը համբարձվեց երկինք, որտեղ ստացավ նոր հանձնարարություններ և իշխանություն, որը «ավելի բարձր է ամեն կառավարությունից, իշխանությունից, զորությունից, տերությունից» (Եփես. 1։19–21)։ Եթե այնպես պատահի, որ հավատարիմ մնալով՝ մինչև Արմագեդոնի գալը մահանանք, հարություն կառնենք արդար նոր աշխարհում, որտեղ մեզ համար բազմաթիվ գոհացուցիչ աշխատանքներ կլինեն անելու։ Իսկ հիմա բոլորս շատ կարևոր գործ ունենք անելու՝ քարոզել բարի լուրը և աշակերտներ պատրաստել։ Եկեք բոլորս՝ երիտասարդ, թե տարեց, շարունակենք «միշտ զբաղված լինել Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58