Մի՛ մոռացիր բարություն դրսևորել օտարի հանդեպ
«Մի՛ մոռացեք հյուրասիրությունը» (ԵԲՐ. 13։2)։
1, 2. ա) Ի՞նչ դժվարությունների են բախվում շատ օտարականներ այսօր (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ի՞նչ հիշեցում տվեց Պողոս առաքյալը, և ի՞նչ հարցեր ենք քննելու։
ԱՎԵԼԻ քան 30 տարի առաջ Օսեյը, [1] ով այն ժամանակ Եհովայի վկա չէր, Գանայից տեղափոխվեց Եվրոպա։ Նա պատմում է. «Շուտով հասկացա, որ այստեղ մարդիկ անտարբեր են իմ նկատմամբ։ Կլիման նույնպես շատ անսովոր էր։ Երբ դուրս եկա օդանավակայանից և կյանքում առաջին անգամ սառնություն զգացի, սկսեցի արտասվել»։ Տվյալ երկրի լեզուն լավ չիմանալու պատճառով Օսեյը մեկ տարուց ավել հարմար աշխատանք չկարողացավ գտնել։ Նա իր ընտանիքից շատ հեռու լինելով՝ կարոտում էր նրանց և իրեն միայնակ էր զգում։
2 Մտածիր, թե ինչպես կուզեիր, որ մարդիկ վարվեին քեզ հետ նման իրավիճակում։ Չէի՞ր ցանկանա, որ քեզ ջերմորեն ողջունեին Թագավորության սրահում՝ անկախ քո ազգային պատկանելությունից և մաշկիդ գույնից։ Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին հորդորում է «չմոռանալ հյուրասիրությունը», այսինքն՝ բարություն դրսևորել օտարների հանդեպ (Եբր. 13։2)։ Ուստի եկեք քննենք հետևյալ հարցերը։ Ի՞նչ տեսակետ ունի Եհովան օտարների վերաբերյալ։ Ինչո՞ւ գուցե կարիք լինի, որ փոխենք մեր վերաբերմունքը օտարների նկատմամբ։ Ինչպե՞ս կարող ենք օգնել այլ ծագում ունեցողներին, որ իրենց լավ զգան մեր ժողովում։
Ի՞ՆՉ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԻ ԵՀՈՎԱՆ ՕՏԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
3, 4. Համաձայն Ելք 23։9-ի՝ ինչպե՞ս պետք է Աստծու ժողովուրդը վերաբերվեր օտարներին և ինչո՞ւ։
3 Իսրայելացիներին Եգիպտոսից ազատելուց հետո Եհովան նրանց օրենքներ տվեց, որտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում այն օտարազգիներին, ովքեր միացել էին իսրայելացիներին (Ելք 12։38, 49; 22։21)։ Քանի որ օտարականների համար նոր պայմանները հաճախ անսովոր են լինում, Եհովան սիրուց մղված հոգ տարավ նրանց մասին։ Դրա ապացույց է, օրինակ, բերքահավաքի մասին իսրայելացիներին տրված այն օրենքը, որը հնարավորություն էր տալիս օտարականներին հավաքել բերքի մնացորդները (Ղևտ. 19։9, 10)։
4 Եհովան պարզապես չպատվիրեց իսրայելացիներին հարգել օտարականներին, այլ նաև շարժեց նրանց գութը (կարդա Ելք 23։9)։ Նրանք լավ գիտեին, թե «ինչ է նշանակում պանդուխտ լինել»՝ օտարության մեջ ապրել։ Նախքան ստրուկ դառնալը իսրայելացիները տեսել էին իրենց հանդեպ եգիպտացիների արհամարհանքը, որ դրսևորվում էր ազգային հպարտության և կրոնական նախապաշարումների պատճառով (Ծննդ. 43։32; 46։34; Ելք 1։11–14)։ Նրանք արդեն իսկ ճաշակել էին պանդխտության դառնությունը, ուստի Եհովան ուզում էր, որ նրանք օտարականին վերաբերվեին այնպես, ինչպես «բնիկին» (Ղևտ. 19։33, 34)։
5. Ի՞նչը կօգնի մեզ այլազգի մարդկանց վերաբերվելու այնպես, ինչպես Եհովան։
5 Կարող ենք վստահ լինել, որ այսօր էլ Եհովան հետաքրքրված է օտարականներով՝ մեր ժողովի հանդիպումներին հաճախող այլ ծագում ունեցող մարդկանցով (2 Օրենք 10։17–19; Մաղ. 3։5, 6)։ Եթե մտածենք այն դժվարությունների մասին, որոնց բախվում են այդ մարդիկ, օրինակ՝ լեզվի չիմացությունը կամ խտրականությունը, կարեկից կլինենք նրանց հանդեպ և կմղվենք բարություն դրսևորելու (1 Պետ. 3։8)։
ԿԱՐԻՔ ԿԱ՞ ՓՈԽԵԼՈՒ ՄԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕՏԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
6, 7. Ի՞նչն է ցույց տալիս, որ առաջին դարի քրիստոնյաները սովորեցին հաղթահարել արմատացած նախապաշարմունքը։
6 Առաջին դարի քրիստոնյաները սովորեցին հաղթահարել արմատացած նախապաշարմունքը, որը տարածված էր հրեաների մեջ։ 33 թ. Պենտեկոստեին Երուսաղեմում բնակվողները հյուրասիրություն ցույց տվեցին տարբեր երկրներից եկած մարդկանց, ովքեր ընդունեցին քրիստոնեությունը (Գործ. 2։5, 44–47)։ Այլերկրացի հավատակիցների հանդեպ հրեա քրիստոնյաների սիրառատ հոգատարությունը ցույց է տալիս, որ նրանք հասկացել էին «հյուրասիրություն» բառի իմաստը, այն է՝ սեր կամ բարություն օտարի հանդեպ։
7 Սակայն մինչ քրիստոնեական ժողովը աճում էր, եղավ իրավիճակ, երբ խտրականություն դրսևորվեց։ Հունախոս հրեաները սկսեցին տրտնջալ, որ իրենց այրիների հետ անարդարացի են վարվում (Գործ. 6։1)։ Խնդիրը լուծելու համար առաքյալները յոթ տղամարդկանց նշանակեցին, որպեսզի վստահ լինեն, որ այրիներից ոչ մեկը չի անտեսվի։ Յոթն էլ հունական անուններ ունեին։ Առաքյալները հավանաբար այս տղամարդկանց ընտրեցին, որպեսզի թուլանա առաջացած լարվածությունը (Գործ. 6։2–6)։
8, 9. ա) Ի՞նչը կարող է ցույց տալ, որ մեր սրտում նախապաշարմունք կամ ազգային հպարտություն կա։ բ) Ի՞նչը պետք է արմատախիլ անենք մեր սրտից (1 Պետ. 1։22)։
8 Անկախ նրանից, գիտակցում ենք, թե ոչ, բոլորիս վրա էլ մեր մշակույթը մեծ ազդեցություն է թողնում (Հռոմ. 12։2)։ Բացի այդ, հնարավոր է՝ լսում ենք, թե ինչ վատ բաներ են ասում մեր հարևանները, աշխատակիցները կամ դասընկերները այլերկրացիների, օտարազգիների և մաշկի այլ գույն ունեցողների մասին։ Որքանո՞վ է նրանց կանխակալ կարծիքը ազդում մեզ վրա։ Իսկ ինչպե՞ս ենք արձագանքում, երբ ինչ-որ մեկը մեզ է ծաղրում մեր ազգային պատկանելության համար՝ գուցե չափազանցնելով մեր մշակույթին բնորոշ որևէ առանձնահատկություն։
9 Մի ժամանակ Պետրոս առաքյալը այլազգիների հանդեպ նախապաշարմունք ուներ, սակայն ի վերջո փոխեց իր բացասական վերաբերմունքը (Գործ. 10։28, 34, 35; Գաղ. 2։11–14)։ Եթե մեր մեջ նախապաշարմունքի կամ ազգային հպարտության նշույլ նկատենք, պետք է նպատակային ջանքեր թափենք, որպեսզի այն արմատախիլ անենք մեր սրտից (կարդա 1 Պետրոս 1։22)։ Ճիշտ կլինի՝ մտածենք այն փաստի շուրջ, որ մեզանից ոչ ոք արժանի չէ փրկության. բոլորս անկատար ենք՝ անկախ մեր ազգությունից (Հռոմ. 3։9, 10, 21–24)։ Հետևաբար, ինչո՞ւ մեզ ուրիշներից առավել համարենք (1 Կորնթ. 4։7)։ Մենք պետք է նույն տեսակետն ունենանք, ինչպիսին որ Պողոս առաքյալն ուներ, ով հիշեցրեց իր օծյալ հավատակիցներին, որ նրանք «այլևս օտարներ ու պանդուխտներ չեն, այլ.... Աստծու ընտանիքի անդամներ» (Եփես. 2։19)։ Նախապաշարումից ազատվելու համար անկեղծ ջանքեր թափելը կօգնի, որ մենք նոր անձնավորություն դառնանք (Կող. 3։10, 11)։
ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ ՕՏԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
10, 11. Բոոսը ինչպե՞ս ընդօրինակեց օտարականների հանդեպ Եհովայի ունեցած վերաբերմունքը։
10 Բոոսը, մովաբացի Հռութի հանդեպ բարություն դրսևորելով, ընդօրինակեց օտարականների հանդեպ Եհովայի ունեցած վերաբերմունքը։ Երբ գարու հնձի ժամանակ նա գնաց իր արտերը՝ գործին հետևելու, նկատեց մի օտար կնոջ, որը իր հնձվորների հետևից հասկերի մնացորդներն էր հավաքում։ Իմանալով, որ կինը թույլտվություն է խնդրել հասկաքաղ անելու, թեպետ դրա իրավունքն ուներ, Բոոսը թույլ տվեց, որ նա խրձերի միջից էլ հավաքի (կարդա Հռութ 2։5–7, 15, 16)։
11 Հռութի հետ Բոոսի զրույցից երևում է վերջինիս հոգատարությունը նրա հանդեպ որպես օտարականի։ Օրինակ՝ նա առաջարկեց Հռութին, որ իր մոտ ծառայող աղջիկների կողքին լինի, որպեսզի արտում աշխատող տղամարդիկ նրան չնեղացնեն։ Բոոսը նաև հոգ տարավ, որ նա ջուր և ուտելիք ունենա, ինչպես որ իր մյուս աշխատողները։ Նա այդ խեղճ օտարականին իրենից ցածր չհամարեց, այլ «քաղցրությամբ խոսեց» նրա հետ (Հռութ 2։8–10, 13, 14)։
12. Ի՞նչ դրական ազդեցություն կարող է ունենալ բարությունը ուրիշների վրա։
12 Բոոսին տպավորել էր ոչ միայն Հռութի նվիրվածությունն ու սերը սկեսրոջ՝ Նոեմիի հանդեպ, այլ նաև այն, որ նա ընդունել էր Եհովային որպես իր Աստված։ Բոոսի դրսևորած բարությունը, կարելի է ասել, Եհովայի սիրառատ բարության արտահայտումն էր այդ կնոջ հանդեպ, ով եկել էր Աստծու «թևերի տակ.... ապաստան փնտրելու» (Հռութ 2։12, 20; Առակ. 19։17)։ Այսօր էլ մենք մեր բարությամբ կարող ենք օգնել «ամեն տեսակ մարդկանց» ընդունելու ճշմարտությունը և տեսնելու, թե որքան է Եհովան սիրում իրենց (1 Տիմոթ. 2։3, 4)։
13, 14. ա) Ինչո՞ւ պետք է Թագավորության սրահում ուշադիր լինենք այլերկրացի նորեկների հանդեպ։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մշակույթների տարբերությունը խոչընդոտ չլինի նորեկներին մոտենալու համար։
13 Երբ Թագավորության սրահ են գալիս այլ ծագում ունեցող մարդիկ, մենք բարություն կդրսևորենք, եթե ջերմորեն ողջունենք նրանց։ Նկատվել է, որ ներգաղթյալները հաճախ ամաչկոտ են լինում և մեկուսանում են։ Իրենց ստացած դաստիարակության կամ սոցիալական կարգավիճակի պատճառով նրանք իրենց ստորադաս են զգում մյուսներից։ Ուստի մենք պետք է նախաձեռնություն վերցնենք և ջերմ ու անկեղծ հետաքրքրություն ցույց տանք նրանց հանդեպ։ Եթե քո լեզվով առկա է JW Language (JW Լեզու) հավելվածը, դրա օգնությամբ կարող ես սովորել, թե ինչպես ողջունել նորեկներին իրենց մայրենի լեզվով (կարդա Փիլիպպեցիներ 2։3, 4)։
14 Մշակույթների տարբերության պատճառով հնարավոր է անհարմար զգաս մոտենալու նորեկին։ Այդ պատնեշը հաղթահարելու համար կարող ես նրան որոշ բաներ պատմել քո մասին։ Այդպես վարվելով՝ շուտով կտեսնես, որ ձեր մեջ ընդհանուր բաները ավելի շատ են, քան տարբերությունները՝ իրական կամ կարծեցյալ, և որ ամեն մշակույթ ունի իր թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը։
ՕԳՆԻՐ ԲՈԼՈՐԻՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԶԳԱՆ
15. Ի՞նչը կօգնի, որ հասկացողությամբ վարվենք նրանց հետ, ովքեր փորձում են հարմարվել մեր երկրին ու մշակույթին։
15 Որպեսզի կարողանաս օգնել ուրիշներին իրենց լավ զգալ ձեր ժողովում, հարցրու ինքդ քեզ. «Եթե ես օտար երկրում լինեի, ինչպե՞ս կուզեի, որ մարդիկ ինձ հետ վարվեին» (Մատթ. 7։12)։ Համբերատար եղիր այնպիսի մարդկանց հետ, ովքեր փորձում են հարմարվել քո երկրի պայմաններին։ Սկզբում գուցե չհասկանաս նրանց մտածելակերպն ու արձագանքը։ Սակայն ակնկալելու փոխարեն, որ նրանք քո մշակույթը իրենցը կդարձնեն՝ ինչո՞ւ չընդունել նրանց այնպիսին, ինչպիսին որ կան (կարդա Հռոմեացիներ 15։7)։
16, 17. ա) Ի՞նչ կարող ենք անել այլ մշակույթի մարդկանց հետ մտերմանալու համար։ բ) Ի՞նչ գործնական կերպերով կարող ենք աջակցել մեր ժողով տեղափոխված ներգաղթյալներին։
16 Եթե ծանոթանանք մեր ժողով հաճախող օտարազգիների երկրին ու մշակույթին, մեզ համար ավելի հեշտ կլինի նրանց հետ շփվել։ Մենք կարող ենք ժամանակ տրամադրել և ընտանեկան երկրպագության ժամանակ փնտրտուքներ անել այդ ժողովուրդների մասին։ Նաև կմտերմանանք նրանց հետ, եթե հրավիրենք մեր տուն ճաշի։ Եթե Եհովան «ազգերի համար բաց է արել դեպի հավատ տանող դուռը», չե՞նք կարող մենք էլ մեր տան դռները բացել այլազգի մեր հավատակիցների առաջ (Գործ. 14։27; Գաղ. 6։10; Հոբ 31։32)։
17 Ներգաղթյալ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելով՝ մենք ավելի կգնահատենք այն ջանքերը, որ նրանք թափում են Առակ. 3։27)։
մեր մշակույթին հարմարվելու համար։ Գուցե տեսնենք, որ լեզուն սովորելու համար նրանք օգնության կարիք ունեն։ Ու թերևս կարողանանք օգնել նրանց հարմար տուն և աշխատանք գտնել։ Այս նախաձեռնությունները կարող են մեծ աջակցություն լինել մեր հավատակցի համար (18. Ներգաղթյալները հարգանք և երախտագիտություն դրսևորելու հարցում ի՞նչ օրինակ ունեն։
18 Ներգաղթյալներն էլ իրենց հերթին կցանկանան ամեն բան անել՝ հարմարվելու նոր երկրի մշակույթին։ Հռութը լավ օրինակ թողեց այս հարցում։ Նախ՝ նա հարգանք ցույց տվեց իսրայելացիների մշակույթի հանդեպ՝ հասկաքաղ անելու համար թույլտվություն հարցնելով (Հռութ 2։7)։ Թեև նա օրենքով ուներ դրա իրավունքը, սակայն չմտածեց, որ այդպես էլ պետք է լիներ, ասես մյուսները պարտական են իրեն։ Երկրորդ՝ նա երախտագիտություն արտահայտեց իր հանդեպ դրսևորված բարության համար (Հռութ 2։13)։ Եթե ներգաղթյալներն այսպիսի վերաբերմունք ունենան, հավանականությունը մեծ է, որ կարժանանան տեղի բնակիչների և հավատակիցների հարգանքին։
19. Ինչո՞ւ կարիք կա, որ օտարներին ջերմությամբ ընդունենք։
19 Մենք ուրախ ենք, որ Եհովան իր անզուգական բարությամբ բոլոր տեսակ մարդկանց թույլ է տվել լսել բարի լուրը։ Իրենց հայրենի երկրում գուցե այդ մարդիկ չէին կարող օգտվել Աստվածաշունչ ուսումնասիրելու հնարավորությունից կամ ազատորեն ընկերակցել Եհովայի ժողովրդի հետ։ Բայց հիմա, երբ նրանք ունեն մեզ հետ ընկերակցելու հնարավորությունը, չպե՞տք է օգնենք, որ մեր մեջ իրենց օտար չզգան։ Նույնիսկ եթե չունենք բավարար միջոցներ նրանց նյութապես կամ որևէ գործնական կերպով աջակցելու համար, մեր բարությամբ կարտացոլենք Եհովայի սերը նրանց հանդեպ։ Հետևաբար, եկեք «ընդօրինակենք Աստծուն» և մեր լավագույնն անենք, որպեսզի ջերմությամբ ընդունենք օտարներին (Եփես. 5։1, 2)։
^ [1] (պարբերություն 1) Անունը փոխված է։