Դուք կարող եք վայելել Աստծու օրհնությունները հավիտյան
Աստված Աբրահամ մարգարեին խոստացել էր, որ նրանից սերվելու էր մեկը, ում միջոցով «բոլոր ազգերը» օրհնվելու էին (Ծննդոց 22։18)։ Ո՞վ էր լինելու այդ մեկը։
Գրեթե 2 000 տարի առաջ Աստված Հիսուսին, որը Աբրահամի սերնդից էր, ապշեցուցիչ հրաշքներ անելու զորություն էր տվել։ Այդ հրաշքները մատնանշում էին, որ Հիսուսի միջոցով էր իրականանալու ազգերը օրհնելու վերաբերյալ Աբրահամին տրված խոստումը (Գաղատացիներ 3։14)։
Հիսուսի կատարած հրաշքները փաստեցին, որ նա է այն անձնավորությունը, որին Աստված ընտրել է մարդկության վրա օրհնություններ բերելու համար։ Այդ հրաշքները նաև ցույց տվեցին, թե ինչպես է Աստված նրա միջոցով օրհնելու մարդկությանը ողջ հավիտենության ընթացքում։ Նկատի առնենք, թե Հիսուսի հրաշքները ինչպես են բացահայտում նրա գրավիչ հատկությունները։
Ջերմություն և քնքշություն։ Հիսուսը բուժեց հիվանդների։
Մի բորոտ մարդ աղաչեց Հիսուսին, որ բուժի իրեն։ Հիսուսը դիպավ նրան և ասաց. «Ուզում եմ»։ Եվ այդ մարդը անմիջապես մաքրվեց բորոտությունից (Մարկոս 1։40–42)։
Առատաձեռնություն։ Հիսուսը կերակրեց հազարավորների։
Հիսուսը առնվազն երկու անգամ հազարավոր մարդկանց է կերակրել։ Չցանկանալով, որ նրանք սոված ճամփա ընկնեն՝ նա ձեռքի տակ ունեցած մի քանի հացն ու փոքր ձկները հրաշքով շատացրեց և կերակրեց նրանց (Մատթեոս 14։17–21; 15։32–38)։ Բոլորը կերան ու կշտացան, և դեռ ահագին ուտելիք էլ ավելացավ։
Կարեկցանք։ Հիսուսը հարություն տվեց մահացածների։
Խղճահարությունից մղված՝ Հիսուսը հարություն տվեց սգացող այրու մինուճար որդուն։ Այդ կինն ուրիշ ոչ ոք չուներ, ով հոգ կտաներ իր մասին (Ղուկաս 7։12–15)։