Արդյոք պատահականությո՞ւն է
Սև բզեզի սենսորները
Անտառում բռնկված հրդեհը վանում է կենդանիների մեծ մասին, սակայն սև բզեզի (Melanophila acuminata) համար այն գրավիչ է։ Ինչո՞ւ։ Քանի որ նոր այրված ծառերը իդեալական տեղ են այդ բզեզների ձվադրման համար։ Ավելին, կրակը վանում է գիշատիչներին, և բզեզը կարողանում է ազատ ուտել, զուգավորվել և ապահով ձվադրել։ Բայց ինչպե՞ս են այս բզեզները անմիջապես իմանում, թե անտառում որտեղ է հրդեհ բռնկվել։
Նկատի առնենք հետևյալը։ Մարմնի մեջտեղի մասում գտնվող ոտքերի մոտ կան սենսորներ, որոնք կարող են գտնել անտառի հրդեհի ինֆրակարմիր ճառագայթները։ Ճառագայթումը այդ սենսորներում ջերմություն է առաջացնում և հետո բզեզին ուղղում դեպի կրակը։
Բայց այս բզեզը այլ սենսորներ էլ ունի։ Երբ բզեզի սիրած ծառերն այրվում են, նրա բեղիկները հայտնաբերում են այն քիմիական չնչին միացությունները, որ կրակը արտազատում է օդի մեջ։ Որոշ մասնագետների կարծիքով՝ սև բզեզները իրենց «ծխորոշիչ բեղիկներով» կարող են գտնել նույնիսկ մեկ այրվող ծառ ավելի քան 800 մետր հեռավորությունից։ Պարզվում է, որ այս առանձնահատուկ ունակությունների համադրման արդյունքում նրանք զգում և գտնում են հրդեհը ավելի քան 48,3 կիլոմետր հեռավորությունից։
Մասնագետները ուսումնասիրում են սև բզեզի սենսորներն ու բեղիկները, որ ստեղծեն այնպիսի սարքավորումներ, որոնք արագ կհայտնաբերեն ինֆրակարմիր ճառագայթները և հրդեհը։ Սովորական բարձր լուսաչափով ինֆրակարմիր սենսորները չեն կարող գործել սենյակային ջերմաստիճանում, ուստի պետք է իջեցնել ջերմաստիճանը։ Այս բզեզը կարող է օգնել գիտնականներին ստեղծելու ավելի լավ սենսորներ, որոնք կկարողանան գործել սենյակային ջերմաստիճանում։ Բզեզի բեղիկները ներշնչել են ինժեներներին զարգացնելու ծխորոշիչ համակարգեր, որոնք ավելի զգայուն են և կարող են զատորոշել անտառի հրդեհի և այլ քիմիական միացություններ։
Գիտնականներին ապշեցրել է այն, թե ինչպես է սև բզեզը տեղ գտնում ձվադրելու համար։ «Ինչպե՞ս են այս բզեզները կարողանում ձվադրել նման ձևով,— հարցնում է Ռիչարդ Հոբիկը՝ Քորնել համալսարանի միջատաբանը (ԱՄՆ)։— Պատկերացնո՞ւմ եք, թե որքան քիչ բան գիտենք միջատների ունիվերսալ զգայունակության և բարդ սենսորային մեխանիզմի մասին»։
Ի՞նչ ես կարծում։ Արդյոք սև բզեզի այս առանձնահատկությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։