Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես վերջ դնել անտանելի լռությանը

Ինչպես վերջ դնել անտանելի լռությանը

ԽՆԴԻՐ

Ինչպե՞ս կարող են երկու մարդիկ, ովքեր երդվել են սիրել իրար, հասնել այն բանին, որ չխոսեն իրար հետ ժամեր, նույնիսկ օրեր շարունակ։ «Դե, գոնե չենք կռվում»,— ասում են իրենք իրենց։ Բայց խնդիրը չի լուծվում, և երկու կողակիցները կորցնում են իրենց ուրախությունը։

ԻՆՉՈՒ Է ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Վրեժ։ Որոշ զույգեր լռությունը օգտագործում են վրեժ լուծելու համար։ Պատկերացրու՝ ամուսինը ծրագրեր է կազմել հանգստյան օրերի հետ կապված՝ առանց կնոջ հետ խորհրդակցելու։ Երբ վերջինս իմանում է այդ մասին, բարկանում է և ասում, որ ամուսինն անտարբեր է։ Ամուսինն էլ նրան ասում է, որ չափազանց դյուրազգաց է։ Կինը զայրացած հեռանում է և այլևս չի խոսում ամուսնու հետ։ Այդպիսով կարծես ուզում է ասել. «Դու ի՛նձ ցավեցրիր, ես էլ քե՛զ կցավեցնեմ»։

Մանիպուլյացիա։ Ոմանք լռությունը օգտագործում են, որ հասնեն իրենց ուզածին։ Պատկերացրու՝ ամուսինն ու կինը որոշել են ճանապարհորդել, և կինն ուզում է, որ իր ծնողներն էլ իրենց միանան։ Ամուսինն առարկում է. «Դու ի՛նձ հետ ես ամուսնացել, ոչ թե ծնողներիդ»։ Իսկ հետո չի խոսում կնոջ հետ, խուսափում է նրանից՝ հույս ունենալով, որ կինը ի վերջո կհանձնվի, ու ինքը կհասնի իր ուզածին։

Իհարկե, երբ վեճը գնալով բորբոքվում է, որոշ ժամանակ հարցին չանդրադառնալը ամուսիններին հնարավորություն կտա հանդարտվելու։ Այդպիսի լռությունը կարող է օգտակար լինել։ Աստվածաշունչն ասում է, որ կա «լռելու ժամանակ» (Ժողովող 3։7)։ Բայց երբ դա օգտագործվում է վրեժ լուծելու կամ դիմացինին մանիպուլյացիայի ենթարկելու համար, ոչ միայն խնդրի լուծումն է ձգձգվում, այլև քայքայվում են ամուսինների հարգալից փոխհարաբերությունները։ Ի՞նչ կարող ես անել, որ ձեր ընտանիքում նման բան տեղի չունենա։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Լռությանը վերջ դնելու առաջին քայլն այն է, որ գիտակցես, թե ինչ է դա. մարտավարություն, որը լավագույն դեպքում գործում է կարճ ժամանակով։ Ճիշտ է, կողակցի հետ չխոսելը կարող է հագեցնել վրեժի ծարավը կամ ստիպել անել այն, ինչ դու ես ուզում, բայց մի՞թե ճիշտ կլինի այդպես վերաբերվել նրան, ում խոստացել ես սիրել։ Խնդիրը լուծելու համար ավելի լավ միջոցներ կան։

Խորաթափանց եղիր։ Աստվածաշունչն ասում է, որ սերը «բարկությամբ չի բորբոքվում» (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Ուստի ձգտիր սուր չարձագանքել, երբ կողակիցդ բարկությամբ ինչ-որ բան է ասում, օրինակ՝ «դու ինձ երբեք չես լսում» կամ «դու միշտ ուշանում ես»։ Հասկացիր, թե իրականում ինչ է թաքնված նրա խոսքերի հետևում։ «Դու ինձ երբեք չես լսում» խոսքերով գուցե ուզում է ասել՝ «ինձ թվում է՝ դու իմ կարծիքը հաշվի չես առնում»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 14։29։

Կողակցիդ վերաբերվիր որպես թիմակցի և ոչ թե հակառակորդի

Իջեցրու ձայնիդ տոնը։ Երբ վեճը շարունակվում է, այն թեժանում է։ Բայց դու կարող ես փոխել բորբոքված վեճի հունը։ Ինչպե՞ս։ «Պայքարիր քո ամուսնության համար» գրքում ասվում է. «Տոնը իջեցնելը և կողակցի տեսակետը հասկանալը ուժեղ գործիքներ են, որոնց միջոցով կարող ես ցրել լարվածությունը և վերջ դնել վիճաբանությանը։ Հաճախ միայն դա անելը բավական է» (Fighting for Your Marriage)։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 26։20։

«Մենք», ոչ թե «ես» մտայնությունն ունեցիր։ Աստվածաշունչն ասում է. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24)։ Եթե կողակցիդ վերաբերվես որպես թիմակցի և ոչ թե հակառակորդի, դժվար թե վիրավորվես, վիճես ու չխոսես նրա հետ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 7։9։

Կողակցի հետ չխոսելը հակառակ է Աստվածաշնչի հորդորին. «Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։ Ամուսիններով համաձայնության եկեք, որ լռության մարտավարությունը տեղ չպետք է ունենա ձեր ընտանիքում։