Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամենուրեք անարդարություն էի տեսնում

Ամենուրեք անարդարություն էի տեսնում

ԾՆՎԵԼ եմ 1965-ին Հյուսիսային Իռլանդիայում՝ մի աղքատ ընտանիքում։ Մեծացել եմ Լոնդոնդերիում։ Այդ տարիներին կաթոլիկների և բողոքականների միջև կրոնական և քաղաքական հակամարտություն էր տեղի ունենում, որը տևեց 30 տարուց ավելի։ Կաթոլիկ փոքրամասնությունը կարծում էր, որ իր նկատմամբ խտրականություն էր դրսևորվում բողոքականների կողմից, որոնք մեծամասնություն էին կազմում։ Կաթոլիկները մեղադրում էին նրանց նախընտրական շրջանում խարդախությունների, ճնշող վերահսկողության, աշխատանքի ընդունման հարցում իրենց սև ցուցակում ընդգրկելու, ինչպես նաև բնակարանով ապահովելու հարցում անարդարություն դրսևորելու մեջ։

Ամենուրեք անարդարություն և անհավասարություն էի տեսնում։ Նույնիսկ կորցրել էի հաշիվը, թե քանի անգամ են ինձ ծեծի ենթարկել, մեքենայից քաշքշելով դուրս հանել, զենք պահել վրաս, և քանի անգամ են ոստիկանները կամ զինվորները հարցաքննել ու խուզարկել ինձ։ Ես անարդարության զոհ էի դարձել ու մտածում էի. «Կա՛մ պետք է հարմարվեմ այդ իրավիճակին, կա՛մ ընդդիմանամ»։

1972-ին մասնակցեցի Արյունոտ կիրակիի երթերին՝ նվիրված 14 մարդկանց հիշատակին, որոնք սպանվել էին բրիտանացի զինվորների կողմից։ Մասնակցել եմ նաև հացադուլին նվիրված երթերի՝ ի հիշատակ հանրապետական բանտարկյալների, որոնք, հացադուլ հայտարարելով,  սովամահ եղան 1981-ին։ Հնարավոր ամեն տեղ դնում էի արգելված դրոշը և հակաբրիտանական լոզունգներ ու նկարներ էի պատկերում։ Կարծես միշտ էլ կար բողոքի պատճառ՝ դաժանության կամ կաթոլիկ անհատի սպանության նոր դեպք։ Երթերը հաճախ վերածվում էին մեծ խռովությունների։

Համալսարանական տարիներին միացա այն ուսանողներին, ովքեր բողոքում էին շրջակա միջավայրի աղտոտման դեմ։ Հետագայում տեղափոխվեցի Լոնդոն և այնտեղ մասնակցեցի սոցիալիստների երթերին՝ ուղղված կառավարության քաղաքականության դեմ, որի շնորհիվ վերին խավը բարգավաճում էր աղքատների հաշվին։ Մասնակցեցի արհմիությունների ցույցերին՝ ուղղված աշխատավարձերի կրճատման դեմ, իսկ 1990-ին մասնակցեցի գլխահարկի մասին օրենքի դեմ ուղղված երթին, որի ժամանակ ցուցարարները մեծ վնաս հասցրին Տրաֆալգարյան հրապարակին։

Ի վերջո հիասթափություն ապրեցի։ Մեր նպատակներն իրագործելու փոխարեն՝ բողոքները հաճախ բորբոքում էին ատելության կրակը։

Որքան էլ ազնիվ լինեն մարդկանց մղումները, նրանք չեն կարող արդարություն և հավասարություն հաստատել

Այդ ժամանակ էր, որ ընկերս ծանոթացրեց ինձ Եհովայի վկաների հետ։ Նրանք Աստվածաշնչից ցույց տվեցին, որ մեր կրած տառապանքները խորապես մտահոգում են Աստծուն, և նա վերացնելու է մարդկանց պատճառած բոլոր վնասները (Եսայիա 65։17; Հայտնություն 21։3, 4)։ Որքան էլ ազնիվ լինեն մարդկանց մղումները, նրանք չեն կարող արդարություն և հավասարություն հաստատել։ Մենք Աստծու առաջնորդության կարիքն ունենք։ Միայն Եհովան զորություն ունի վերացնելու այն անտեսանելի ուժերին, որոնք աշխարհի խնդիրների պատճառն են (Երեմիա 10։23; Եփեսացիներ 6։12

Հետ նայելով՝ հասկանում եմ, որ անարդարության դեմ բողոքելով՝ ասես փորձում էի նորոգել խորտակվող նավի տախտակամածը։ Ինձ անչափ մխիթարում է այն միտքը, որ ժամանակ է գալու, երբ երկրի վրա չի լինելու ոչ մի անարդարություն, և մարդկանց միջև իսկապես հավասարություն է լինելու։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Եհովա Աստված «սիրում է արդարությունը» (Սաղմոս 37։28)։ Դա է պատճառներից մեկը, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ նա լիարժեք արդարություն է հաստատելու, մի բան, որ մարդկային կառավարությունները ի զորու չեն անելու (Դանիել 2։44)։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ, կապ հաստատեք ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ կամ այցելեք մեր կայք՝ www.mr1310.com։