ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Թզուկ ցիկադի «ատամնանիվները»
ԵՐԿԱՐ ժամանակ այն կարծիքն է եղել, թե ատամնանիվները մարդու հանճարեղ մտքի արդյունքն են։ Սակայն դա այդպես չէ։ Գիտնականները հայտնաբերել են, որ իրար մեջ մտած «ատամնանիվներ» ունեն դեռահաս թզուկ ցիկադները, ընդ որում այս միջատին կարելի է հանդիպել Եվրոպայի ցանկացած այգում։ *
Դեռահաս միջատը, գետնից հրվելով իր ծանրության ուժից 400 անգամ ավելի մեծ ուժով, երկու միլիվայրկյանի (0,002 վայրկյան) ընթացքում զարգացնում է 3,9 մ/վ արագություն։ Միջատը կարող է տեսադաշտից անհետանալ ընդամենը մեկ ակնթարթում։ Այդպիսի ցատկ կատարելու համար միջատի երկու ոտքերն էլ պետք է գործեն լիովին ներդաշնակ, այսինքն՝ գործադրեն միևնույն ուժը միևնույն ժամանակ։ Ո՞րն է այդ ներդաշնակության գաղտնիքը։
Նկատի առնենք հետևյալը։ Գիտնականները հայտնաբերել են, որ միջատի հետևի ոտքերից յուրաքանչյուրի վերին հատվածում կա «ատամնանիվ»։ Այդ երկու «ատամնանիվները» իրար մեջ են մտած։ Երբ միջատը ցատկ է կատարում, «ատամնանիվների» շնորհիվ նրա ոտքերը լիովին ներդաշնակ են գործում։ Հակառակ դեպքում նրա ցատկը անվերահսկելի պտույտի կվերածվեր։
Ավելի խոշոր արարածների ցատկելու պրոցեսը ղեկավարվում է նրանց նյարդային համակարգի կողմից, որն ապահովում է նրանց վերջույթների ներդաշնակ շարժումը։ Սակայն դեռահաս թզուկ ցիկադի նյարդային համակարգը շատ դանդաղ է գործում, ուստի նյարդային ազդակները չեն կարող ղեկավարել նրա վերջույթների համաձայնեցված աշխատանքը։ Եվ այստեղ նրան օգնության են հասնում փոխկապակցված «ատամնանիվները»։ Գրող և գիտնական Գրեգորի Սատոնը ասում է. «Մենք մտածում էինք, թե ատամնանիվներ կարելի է տեսնել միայն մարդու կողմից ստեղծված մեխանիզմների մեջ։ Բայց այդպես էինք մտածում միայն այն պատճառով, որ բավականաչափ չէինք փնտրել մեզ շրջապատող բնության մեջ»։
Ի՞նչ եք կարծում։ Թզուկ ցիկադի «ատամնանիվները» էվոլյուցիայի՞ արդյունք են, թե՞ ծրագրված են եղել։
^ պարբ. 3 Երբ դեռահաս միջատը վերջնականապես փոխակերպվում է՝ դառնալով հասուն միջատ, «ատամնանիվները» ընկնում են։