Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Հանդուրժողականություն

Հանդուրժողականություն

Բարյացակամ վերաբերմունքը, ներողամտությունը և հանդուրժողականությունը օգնում են խաղաղ փոխհարաբերություններ ունենալու մարդկանց հետ։ Բայց գուցե հարց առաջանա. արդյոք հանդուրժողականությունը պե՞տք է որոշակի սահմաններ ունենա։

Ի՞նչը կարող է օգնել, որ ավելի հանդուրժող լինենք

ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Այսօր աշխարհում ամենուրեք տիրում է անհանդուրժողականության ոգի, որը հաճախ ավելի է բորբոքվում ռասայական և ազգային խտրականության, ազգայնամոլության, միջցեղային ատելության, կրոնական ծայրահեղականության և նման բաների պատճառով։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Անհանդուրժողականությունը տարածված երևույթ էր նաև առաջին դարում՝ Հիսուս Քրիստոսի ծառայության ժամանակաշրջանում։ Օրինակ՝ հրեաներն ու սամարացիները միմյանց հանդեպ ատելությամբ ու թշնամանքով էին լցված (Հովհաննես 4։9)։ Խտրականություն էր դրսևորվում նաև կանանց հանդեպ. նրանց համարում էին տղամարդկանցից ստորադաս։ Իսկ հրեա կրոնական առաջնորդները արհամարհանքով էին վերաբերվում հասարակ ժողովրդին (Հովհաննես 7։49)։ Բայց Հիսուս Քրիստոսի մտածելակերպը լիովին տարբերվում էր իր օրերի մարդկանց մտածելակերպից։ Հիսուսի հակառակորդները նրա մասին ասում էին. «Այս մարդը ընդունում է մեղավորներին և ուտում է նրանց հետ» (Ղուկաս 15։2)։ Հիսուսը բարի էր, համբերատար և հանդուրժող. նա եկել էր ոչ թե դատելու մարդկանց, այլ հոգևորապես բժշկելու նրանց։ Սերն էր մղում նրան այդպիսի վերաբերմունք դրսևորելու մարդկանց հանդեպ (Հովհաննես 3։17; 13։34

Հիսուսը, որը հանդուրժողականություն և անաչառություն դրսևորելու հարցում կատարյալ օրինակ էր, եկել էր ոչ թե դատելու, այլ հոգևորապես բժշկելու մարդկանց

Այո՛, սերը կարող է օգնել, որ լինենք ավելի հանդուրժող և սրտանց ընդունենք մարդկանց՝ չնայած նրանց թերություններին ու մեզ համար անսովոր բնավորության գծերին։ Կողոսացիներ 3։13-ում ասվում է. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց»։

«Ամենից շատ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը» (1 Պետրոս 4։8

Ինչո՞ւ հանդուրժողականությունը պետք է սահմաններ ունենա

ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Այսօր բազմաթիվ երկրներ փորձում են կարգուկանոն պահպանել հասարակության մեջ։ Այդ նպատակով նրանք սովորաբար վարվելակերպի որոշակի կանոններ են սահմանում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«[Սերը] անպատշաճ վարմունք չի ունենում» (1 Կորնթացիներ 13։5)։ Թեև Հիսուսը հանդուրժողականություն և անաչառություն դրսևորելու հարցում կատարյալ օրինակ էր, սակայն երբեք չէր հանդուրժում և բացահայտորեն դատապարտում էր անպատշաճ վարքը, կեղծավորությունը և նման սխալ բաները (Մատթեոս 23։13)։ Հիսուսն ասել է. «Նա, ով նողկալի բաներ է անում, ատում է [ճշմարտության] լույսը» (Հովհաննես 3։20

Պողոս առաքյալը գրել է. «Զզվեք չարից, բարուն կառչեք» (Հռոմեացիներ 12։9)։ Նա ինքն էլ ապրում էր այդ խոսքերի համաձայն։ Օրինակ՝ երբ որոշ հրեա քրիստոնյաներ մի առիթով խտրականություն դրսևորեցին իրենց ոչ հրեա հավատակիցների հանդեպ, Պողոսը, որն ինքն էլ հրեա էր, բարյացակամորեն, բայցև վճռականությամբ հանդիմանեց նրանց (Գաղատացիներ 2։11–14)։ Նա գիտեր, որ Աստված, որը «կողմնակալ չէ», չի հանդուրժում ազգային խտրականությունը իր ժողովրդի մեջ (Գործեր 10։34

Որպես քրիստոնյաներ՝ Եհովայի վկաները առաջնորդվում են Աստվածաշնչի բարոյական չափանիշներով (Եսայիա 33։22)։ Դա է պատճառը, որ երբ իրենցից որևէ մեկը սխալ վարք է դրսևորում, նրանք հանդուրժողաբար չեն վերաբերվում դրան։ Քրիստոնեական ժողովում չպետք է լինեն Աստծու չափանիշներն անտեսող մարդիկ։ Այդ իսկ պատճառով Վկաները հնազանդվում են աստվածաշնչյան հետևյալ հրահանգին. «Հեռացրե՛ք չար մարդուն ձեր միջից» (1 Կորնթացիներ 5։11–13

«Ո՛վ դուք Եհովային սիրողներ, ատեցե՛ք չարությունը» (Սաղմոս 97։10

Աստված հավիտյա՞ն է հանդուրժելու չարությունը

ԻՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՇԱՏԵՐԸ։

Շատերի կարծիքով՝ քանի որ մարդը հակված է վատ բաներ անելու, չարությունը միշտ էլ գոյություն կունենա։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Ամբակում մարգարեն Եհովա Աստծուն ուղղված իր աղոթքում հարցրեց, թե ինչու է նա հանդուրժում չարությունը։ Ամբակումն ասաց. «Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա, ինչո՞ւ են գժտություններ լինում, և վեճեր ծագում» (Ամբակում 1։3)։ Փարատելով մարգարեի բոլոր կասկածները՝ Աստված հավաստիացրեց նրան, որ ինքը չար մարդկանցից հաշիվ է պահանջելու։ Աստված ասաց, որ իր խոստումը «անպատճառ պիտի կատարվի, այն չի ուշանա» (Ամբակում 2։3

Մինչ կգա այդ ժամանակը, սխալ գործեր անող մարդիկ հնարավորություն ունեն փոխելու իրենց վարքը։ Եզեկիել 18։23-ում գրված է. «Մի՞թե ինձ որևէ հաճույք է պատճառում ամբարշտի մահը,— ասում է Գերիշխան Տեր Եհովան։— Չէ՞ որ ինձ հաճելի է այն, որ նա հետ դառնա իր ճանապարհներից ու ապրի»։ Նրանք, ովքեր որոշում են մտերմանալ Եհովա Աստծու հետ և փոխում են իրենց սխալ ապրելակերպը, կարող են վստահ լինել, որ իրենց լավ ապագա է սպասում։ Առակներ 1։33-ում ասվում է. «Ով լսում է ինձ, ապահով կբնակվի, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի»։

«Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի.... Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11