Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Փշավոր սատանայի՝ խոնավություն կլանող մաշկը

Փշավոր սատանայի՝ խոնավություն կլանող մաշկը

ՓՇԱՎՈՐ ՍԱՏԱՆԱ կոչվող ավստրալիական մողեսը (Moloch horridus) խոնավություն է կլանում մառախուղից, թաց ավազից և այլ խոնավ տեղերից։ Այդ կլանված ջուրը հասնում է մողեսի բերանին, որ նա խմի այն։ Ինչպե՞ս է կատարվում այդ պրոցեսը։ Ակներևաբար, դա տեղի է ունենում մողեսի զարմանահրաշ մաշկի շնորհիվ։

Փշավոր սատանայի մաշկի վրայի ակոսները կապված են ավելի խորը՝ մաշկի մեջ գտնվող մազանոթների ցանցին, ինչի շնորհիվ ջուրը հասնում է նրա բերանին

Նկատի առնենք հետևյալը։ Փշավոր սատանայի մաշկը պատված է եղջերաթեփուկներով։ Ինչպես բացատրում են որոշ գիտնականներ, այդ եղջերաթեփուկների վրա հավաքված ցողը կամ խոնավությունից գոյացած կաթիլները հոսում են մաշկի կարծր մակերևույթի վրայով ու լցվում թեփուկների արանքներում եղող ակոսների մեջ, որոնք իրար են միացած ու ցանց են կազմում։ Կաթիլները այդ ակոսներով հոսում են դեպի մողեսի բերանը։

Իսկ ինչպե՞ս է ջուրը, հակառակ երկրի ձգողության ուժին, բարձրանում մողեսի ոտքերով, անցնում ողջ մարմնով ու լցվում նրա բերանը։ Եվ ինչպե՞ս է այս սողունը խոնավություն կլանում թաց մակերեսներից՝ իր որովայնը հպելով դրանց։

Ըստ երևույթին, գիտնականներին հաջողվել է բացահայտել, թե որն է այս մողեսի գաղտնիքը։ Նրա մաշկի վրայի ակոսները հատուկ ծորանների միջոցով կապված են մաշկի մեջ գտնվող մազանոթների ցանցին։ Այդ մազանոթների հատուկ կառուցվածքի շնորհիվ տեղի է ունենում մազական (կապիլյար) երևույթ, այսինքն՝ ջուրը ներթափանցում է նեղ անոթների մեջ ու շարժվում դեպի վեր՝ հակառակ երկրի ձգողության ուժին։ Այլ կերպ ասած՝ մողեսի մաշկը գործում է ինչպես սպունգ։

Բիոմիմետիկայի ինստիտուտի ռեկտոր Ջանին Բինիասը ասում է, որ ինժեներները, ընդօրինակելով խոնավություն կլանելու նման յուրօրինակ մեթոդները, կարող են ստեղծել հատուկ մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր կլինի հավաքել օդի խոնավությունը՝ շենքերը զովացնելու, ինչպես նաև խմելու ջուր ձեռք բերելու համար։

Ի՞նչ եք կարծում։ Փշավոր սատանայի՝ խոնավություն կլանող մաշկը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։