Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Բույսերի՝ մաթեմատիկական հաշվարկ կատարելու ունակությունը

Բույսերի՝ մաթեմատիկական հաշվարկ կատարելու ունակությունը

ԲՈՒՅՍԵՐԸ ֆոտոսինթեզ կոչվող բարդ պրոցեսի միջոցով արևի ճառագայթներից ստացած էներգիան օգտագործում են օրգանական նյութեր սինթեզելու համար, որոնք նրանց համար ծառայում են որպես սնունդ։ Գիտնականները, ուսումնասիրելով բույսերի որոշ տեսակներ, պարզել են, որ դրանք ունեն նաև մեկ այլ ապշեցուցիչ ունակություն. դրանք հաշվարկում են, թե որն է պահեստավորված սնունդը գիշերվա ընթացքում յուրացնելու լավագույն արագությունը։

Նկատի առնենք հետևյալը։ Ցերեկվա ընթացքում բույսերը մթնոլորտում եղած ածխածնի երկօքսիդը (ածխաթթու գազը) վերածում են օսլայի և շաքարի։ Գիշերվա ընթացքում բույսերի շատ տեսակներ սնվում են ցերեկվա ժամերին պահեստավորած օսլայով, ինչի շնորհիվ շարունակվում է դրանց բնականոն կենսագործունեությունը, այդ թվում՝ աճը։ Ավելին, բույսերը պահեստավորված օսլան յուրացնում են օպտիմալ արագությամբ՝ ոչ շատ արագ, ոչ էլ շատ դանդաղ, այնպես որ մինչև լուսաբաց ծախսում են իրենց ունեցած պաշարների մոտավորապես 95 տոկոսը, իսկ երբ լույսը բացվում է, սկսում են լրացնել իրենց պաշարները։

Գիտնականները այս ամենը հայտնաբերել են՝ գիտափորձեր անելով արաբիդ տալի (Arabidopsis thaliana) կոչվող խոտաբույսի վրա, որը պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին։ Նրանք պարզել են, որ այս բույսը իր ունեցած սննդի պաշարները ճշգրտորեն բաշխում է այնպես, որ դրանք բավարարեն ողջ գիշերվա համար, անկախ նրանից՝ գիշերը որքան կտևի՝ 8, 12 թե 16 ժամ։ Ակներևաբար, բույսը պահեստավորված օսլայի քանակությունը բաժանում է մինչև լուսաբացը ընկած ժամանակի վրա և այդպիսով որոշում է օսլայի օգտագործման օպտիմալ արագությունը։

Ինչպե՞ս են բույսերը կարողանում պարզել, թե օսլայի որքան պաշար ունեն։ Ինչպե՞ս են դրանք չափում ժամանակը։ Եվ ինչի՞ շնորհիվ են դրանք կարողանում մաթեմատիկական հաշվարկներ կատարել։ Հետագա ուսումնասիրությունները գուցե լույս սփռեն այս հարցերի վրա։

Ի՞նչ եք կարծում։ Բույսերի մաթեմատիկական ունակությունները էվոլյուցիայի՞ արդյունք են, թե՞ ծրագրված են եղել։