ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԽԱՂԱՂ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ
Վեճեր ընտանիքում. ինչի՞ց են առաջանում
«ՍՈՎՈՐԱԲԱՐ մեր վեճի առարկան փողն է»,— ասում է Սառան *, որն ապրում է Գանայում և 17 տարի է, ինչ ամուսնացած է Ջեյքբի հետ։ Նա բացատրում է. «Ես շատ բան եմ անում, որ հոգամ ընտանիքիս կարիքները, բայց Ջեյքբը երբեք ինձ հետ չի խոսում ֆինանսական հարցերի մասին։ Դա ինձ զայրացնում է։ Լինում է՝ շաբաթներով չենք խոսում իրար հետ»։
«Այո՛,— համաձայնվում է նրա ամուսինը,— լինում է, որ բարկացած ենք խոսում։ Սովորաբար պատճառը թյուրիմացությունն է և հաղորդակցության պակասը։ Երբեմն էլ վիճում ենք, որովհետև սուր ենք արձագանքում ստեղծված իրավիճակին»։
Հնդկաստանում ապրող Նաթանը, որը նոր է ամուսնացել, պատմում է, թե ինչ եղավ մի անգամ, երբ աները գոռաց իր կնոջ վրա. «Զոքանչս նեղվեց ու դուրս եկավ տնից։ Երբ հարցրի, թե ինչու այդպես գոռաց, աներս վրդովվեց՝ համարելով, որ ես՝ իր փեսան, վիրավորում եմ իրեն։ Ու դրանից հետո սկսեց բոլորիս վրա գոռալ»։
Թերևս դու էլ ես նկատել, որ ոչ ճիշտ պահին ասված կամ սխալ ընտրված մեկ-երկու խոսքը կարող է վեճ ծնել ընտանիքում։ Մտքերի հանգիստ փոխանակումը, հնարավոր է, շատ արագ վերածվի լեզվակռվի, քանի որ ոչ ոք չի կարող միշտ ճիշտ ընտրված խոսքեր ասել։ Նման դեպքում հեշտությամբ կարելի է սխալ մեկնաբանել դիմացինի խոսքերն ու մղումները։ Այնուամենայնիվ, ընտանիքում հնարավոր է խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտ ստեղծել։
Ի՞նչ անել, երբ թեժ վիճաբանություններ են ծագում։ Ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել, որպեսզի վերականգնես ընտանիքիդ խաղաղությունն ու անդորրը։ Ինչպե՞ս ընտանիքում խաղաղություն պահպանել։ Հաջորդ հոդվածներն այս մասին են։
^ պարբ. 3 Հոդվածաշարում որոշ անուններ փոխված են։