Ստեղծագործությունը պատմում է կենդանի Աստծու մասին
«Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը.... որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները» (ՀԱՅՏՆ. 4։11)։
1. Ի՞նչ պետք է անենք հավաստիանալու համար, որ մեր հավատը շարունակում է ամուր մնալ։
ՇԱՏԵՐՆ ասում են, որ իրենք հավատում են միայն այն բանին, ինչը տեսնում են սեփական աչքերով։ Աստվածաշունչն ասում է, որ «ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հովհ. 1։18)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել այդպիսի մարդկանց հավատ զարգացնելու Եհովայի հանդեպ։ Ավելին, ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր իսկ հավատը «անտեսանելի Աստծու» հանդեպ շարունակում է ամուր մնալ (Կող. 1։15)։ Առաջին բանը, որ պետք է անենք, պարզելն է, թե որ ուսմունքներն են աղավաղում Եհովայի մասին ճշմարտությունը։ Դրանից հետո մենք պետք է Աստվածաշունչը հմտորեն գործածենք քանդելու համար այն տրամաբանությունները, որոնք «կանգնում [են] Աստծու մասին գիտելիքների առաջ» (2 Կորնթ. 10։4, 5)։
2, 3. Ի՞նչ երկու ուսմունք կա, որոնք փակում են մարդկանց աչքերը Աստծու մասին ճշմարտության առաջ։
2 Տարածված կեղծ ուսմունքներից մեկը, որ փակում է մարդկանց աչքերը Աստծու մասին ճշմարտության առաջ, էվոլյուցիոն տեսությունն է։ Մարդկային այս «տրամաբանությունը» հակասում է Աստվածաշնչին և մարդկանց զրկում է հույսից։ Ըստ էվոլյուցիոն տեսության՝ կյանքը ինքնաբերաբար է առաջացել, իսկ դա նշանակում է, որ մարդու կյանքը իմաստ չունի։
3 Կա նաև «կրեացիոնիզմ» կոչվող ուսմունքը։ Քրիստոնեական աշխարհի որոշ անդամներ, որոնք դավանում են այս ուսմունքը (ֆունդամենտալիստներ), պնդում են, թե տիեզերքը, ներառյալ Երկիր մոլորակն ու կյանքի բոլոր տեսակները ընդամենը մի քանի հազար տարվա պատմություն ունեն։ Նրանք համոզված ասում են, թե Աստված ամեն բան ստեղծել է 24-ժամյա տևողություն ունեցող վեց օրերի ընթացքում։ Ֆունդամենտալիստները մերժում են գիտական բոլոր այն փաստերը, որոնք հակասում են կրեացիոնիզմին։ Նրանք գուցեև խոր հարգանքով են մոտենում Աստվածաշնչին, բայց նրանց գաղափարները իրականում վարկաբեկում են Սուրբ Գիրքը, որովհետև ստացվում է, որ այն անտրամաբանական է և ոչ ճշգրիտ։ Այդպիսի մարդիկ հնարավոր է՝ մեզ հիշեցնեն առաջին դարում ապրած այն մարդկանց, ովքեր Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեին, «բայց ոչ ճշգրիտ գիտելիքների համաձայն» (Հռոմ. 10։2)։ Ինչպե՞ս կարող ենք Աստծու Խոսքի միջոցով քանդել էվոլյուցիոն տեսության և կրեացիոնիզմի «ամրությունները» *։ Մենք դա կարող ենք անել միայն այն դեպքում, եթե ինքներս ջանքեր գործադրենք, որ ճշգրիտ սուրբգրային գիտելիքներ ձեռք բերենք։
ՀԱՎԱՏԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՓԱՍՏԵՐԻ ՈՒ ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ
4. Ինչի՞ վրա պետք է հիմնված լինի մեր հավատը։
4 Աստվածաշունչը մեզ հորդորում է «գանձի պես կուտակել գիտելիքներ» (Առակ. 10։14)։ Եհովան ուզում է, որ մեր հավատը կառուցված լինի փաստերի և առողջ դատողության ու ոչ թե մարդկային փիլիսոփայության կամ կրոնական ավանդույթների վրա (կարդա՛ Եբրայեցիներ 11։1)։ Աստծու հանդեպ ամուր հավատ կառուցելու համար մենք նախևառաջ պետք է համոզված լինենք, որ նա գոյություն ունի (կարդա՛ Եբրայեցիներ 11։6)։ Մենք հավատում ենք Աստծու գոյությանը ոչ թե այն պատճառով, որ շատ ենք ցանկանում դրան հավատալ, այլ այն պատճառով, որ քննում ենք փաստերը և գործի ենք դնում մեր բանականությունը (Հռոմ. 12։1)։
5. Ո՞րն է պատճառներից մեկը, որ կարող ենք համոզված լինել Աստծու գոյության մեջ։
5 Պողոս առաքյալը բերում է մի պատճառ, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ Աստված գոյություն ունի, թեև նրան չենք տեսնում։ Նա գրեց. «Նրա [Եհովայի] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմ. 1։20)։ Ինչպե՞ս կարող ես օգնել այն մարդուն, ով կասկածում է Աստծու գոյությանը, տեսնելու Պողոսի ներշնչյալ խոսքերի ճշմարտացիությունը։ Ստորև բերվում են մի քանի փաստեր արարչագործությունից, որոնք կարող ես քննարկել նրա հետ։ Դրանք ընդգծում են Եհովայի զորությունն ու իմաստությունը։
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
6, 7. Ինչպե՞ս է Եհովայի զորությունը ակնհայտորեն երևում այն երկու «վահաններում», որոնք պաշտպանում են մեզ։
6 Եհովայի զորությունը երևում է, օրինակ, Երկրի մթնոլորտից և նրա մագնիսական դաշտից։ Մթնոլորտը ավելին է անում, քան միայն ապահովում է օդով։ Այն նաև վահանի պես պաշտպանում է մեր մոլորակը տիեզերքում մեծ արագությամբ թռչող բեկորների մեծ մասից։ Ասուպի մեծ կտորները, որոնք կարող են հսկայական վնաս հասցնել, մտնելով երկրի մթնոլորտ, սովորաբար այրվում են՝ գիշերային երկնքում թողնելով լույսի գեղեցիկ, պայծառ հետքեր։
7 Մեր մոլորակի մագնիսական դաշտը նույնպես վահանի պես պաշտպանում է մեզ վնասից։ Այդ վահանը առաջանում է երկրի խորքերում։ Երկրի արտաքին միջուկը, որը հիմնականում բաղկացած է հեղուկ երկաթից, առաջացնում է հզոր մագնիսական դաշտ, որը պարուրում է մեր մոլորակը և տարածվում դեպի տիեզերք։ Այս դաշտը պաշտպանում է մեզ արեգակնային ճառագայթումից, որն առաջանում է արեգակի վրա տեղի ունեցող բռնկումներից և պայթյուններից։ Մագնիսական դաշտի շնորհիվ էներգիայի այդ պոռթկումները չեն վերացնում կյանքը երկրի վրայից. մագնիսական դաշտը այդ վնասակար ճառագայթները կլանում է կամ դրանք մի կողմ ուղղում։ Մագնիսական դաշտի դրսևորումը անչափ գեղեցիկ բևեռափայլերն են, որոնք կարծես պարում են Հյուսիսային և Հարավային բևեռների երկնքում։ Անկասկած, Եհովան «սաստիկ զորություն» ունի (կարդա՛ Եսայիա 40։26)։
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
8, 9. Բնական շրջապտույտներից ինչպե՞ս է երևում Եհովայի իմաստությունը։
8 Եհովայի իմաստությունը երևում է բնական շրջապտույտներից, որոնց շնորհիվ կյանքը երկրի վրա պահպանվում է։ Պատկերացրու՝ ապրում ես խիտ բնակեցված մի փակ քաղաքում, ուր հնարավոր չէ խմելու ջուր բերել, և որտեղից հնարավոր չէ թափոնները դուրս հանել։ Բնականաբար, քաղաքը շուտով կլցվի աղբով և կդառնա անմարդաբնակ։ Ինչ-որ իմաստով՝ մեր մոլորակը նման է այդ քաղաքին։ Այն պարունակում է սահմանափակ քանակությամբ ջուր, բացի այդ, մենք դժվար թե կարողանանք երկրի թափոնները հանել տիեզերք։ Բայց այս «փակ քաղաքը» ապրելու հնարավորություն է տալիս միլիարդավոր էակների, ընդ որում սերնդեսերունդ։ Ինչպե՞ս։ Երկիրը մի ապշեցուցիչ հատկություն ունի. այն վերամշակում է կյանքի համար անհրաժեշտ նյութերը։
9 Քննենք թթվածնի շրջապտույտը։ Միլիարդավոր կենդանի արարածներ շնչում են թըթվածին և արտաշնչում ածխաթթու գազ։ Բայց թթվածինը երբեք չի սպառվում, և մթնոլորտը չի լցվում «թափոնով»՝ ածխաթթու գազով։ Ինչո՞ւ։ Պատասխանը ֆոտոսինթեզի հըրաշալի պրոցեսն է։ Այս պրոցեսի ժամանակ բույսերը կլանում են ածխաթթու գազ, արևի լույս, ջուր, սննդարար նյութեր և արտադրում են ածխաջուր ու թթվածին։ Երբ մենք շնչում ենք, թթվածնի բնական շրջանն ավարտվում է։ Բառի բուն իմաստով՝ Եհովան բուսականության միջոցով «բոլոր մարդկանց տալիս [է] կյանք, շունչ» (Գործ. 17։25)։ Ինչպիսի՜ իմաստություն։
10, 11. Մոնարխ թիթեռը և ճպուռը ինչպե՞ս են վկայում Եհովայի մեծության մասին։
10 Եհովայի մեծությունը երևում է նաև այն բանից, թե որքան շատ կենդանի արարածներ կան մեր չքնաղ մոլորակի վրա։ Տեսակների թիվը, ըստ որոշ հաշվարկների, 2 միլիոնից 100 միլիոն է (կարդա՛ Սաղմոս 104։24)։ Քննելով կենդանի արարածներից ընդամենը մի քանիսի կառուցվածքը՝ կտեսնենք, թե որքան իմաստուն է Աստված։
11 Օրինակ՝ մոնարխ թիթեռը։ Այս թիթեռը, որի ուղեղը գրչի գլխիկի չափ է, Կանադայից կարող է թռչել մինչև Մեքսիկայի անտառներ՝ անցնելով 3000 կիլոմետր։ Ինչպե՞ս է նա կողմնորոշվում։ Եհովան նրա փոքրիկ ուղեղն այնպես է ստեղծել, որ նա կարողանա արևի միջոցով կողմնորոշվել և ճիշտ ուղղությամբ գնալ։ Կամ քննենք ճպուռի աչքը։ Այս արարածը ունի երկու բարդ աչք։ Յուրաքանչյուր աչք ունի մոտ 30000 ոսպնյակ։ Ճպուռի փոքրիկ ուղեղը կարող է վերծանել բոլոր այդ ոսպնյակներից եկող ազդանշանները և նկատել նույնիսկ ամենաաննշան շարժումը, որ տեղի է ունենում շրջապատում։
12, 13. Ինչո՞վ է տպավորիչ այն, թե Եհովան ինչպես է ստեղծել մարդու բջիջները։
12 Շատ ավելի տպավորիչ է այն, թե Եհովան ինչպես է ստեղծել կենդանի արարածների բջիջները։ Օրինակ՝ մարդու մարմինը կազմված է մոտ 100 տրիլիոն բջջից։ Յուրաքանչյուր բջջում կա պարանանման մի կառուցվածք, որը հայտնի է ԴՆԹ հապավումով (դեզօքսիռիբոնուկլեինային թթու)։ ԴՆԹ-ն պարունակում է մարդու կազմավորման համար անհրաժեշտ տեղեկությունների մեծ մասը։
13 Որքա՞ն տեղեկություն է պարունակում ԴՆԹ-ն։ Համեմատենք, թե որքան տեղեկություն կարող է պարունակել մեկ գրամ ԴՆԹ-ն և մեկ սեղմապնակը։ Սեղմապնակը կարող է պարունակել հաստափոր բառարանի ողջ տեղեկությունը, ինչը տպավորիչ է, եթե հաշվի առնենք, որ սեղմապնակը ընդամենը պլաստմասսայե բարակ սկավառակ է։ Մինչդեռ մեկ գրամ ԴՆԹ-ն կարող է պարունակել մեկ տրիլիոն սեղմապնակի տեղեկություն։ Մեկ թեյի գդալ չորացրած ԴՆԹ-ն կարող է պարունակել բավականաչափ տեղեկություն երկրագնդի ներկայիս բնակչությունից 350 անգամ ավելի շատ մարդու կազմավորման համար։
14. Ի՞նչ ես զգում Եհովայի հանդեպ՝ ելնելով գիտական հայտնագործություններից։
14 Դավիթ թագավորն ասաց, որ Եհովան կարծես մի գրքում գրել էր այն բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են մարդու կազմավորման համար։ Նա գրեց. «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը, երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին, թեև դրանցից դեռ մեկն էլ չկար» (Սաղ. 139։16)։ Դավիթը, խորհրդածելով այն մասին, թե ինչ հրաշալի ձևով է ստեղծվել իր մարմինը, մղվեց Եհովային փառաբանելու։ Մարդու մարմնի վերաբերյալ վերջին տարիներին կատարված գիտական հայտնագործությունները է՛լ ավելի են մեր սիրտը լցնում Եհովայի հանդեպ ակնածանքով և է՛լ ավելի շատ հիմքեր են տալիս համաձայնվելու սաղմոսերգուի հետ, որը գրեց. «Պիտի գովերգեմ քեզ, քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում։ Զարմանալի են քո գործերը, և իմ հոգին դա լավ է գիտակցում» (Սաղ. 139։14)։ Մարդիկ ինչպե՞ս չեն տեսնում, որ ստեղծագործությունը վկայում է Աստծու գոյության մասին։
ՕԳՆԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ՝ ՓԱՌՔ ՏԱԼՈՒ ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏԾՈՒՆ
15, 16. ա) Մեր հրատարակությունները ինչպե՞ս են օգնում մարդկանց տեսնելու, որ արարչագործությունը վկայում է Աստծու մասին։ բ) «Արդյոք պատահականությո՞ւն է» խորագրի ո՞ր հոդվածն է քեզ հատկապես դուր եկել։
15 Տասնամյակներ շարունակ «Արթնացե՛ք» պարբերագիրը օգնել է միլիոնավոր մարդկանց տեսնելու, որ արարչագործությունը վկայում է մեր կենդանի Աստծու մասին, և նրանց սիրտը լցրել է գնահատանքով։ Օրինակ՝ «Արթնացե՛ք»-ի 2006թ. հոկտեմբեր-դեկտեմբերի համարը, որը հատուկ թողարկում էր, վերնագրված էր՝ «Գոյություն ունի՞ Ստեղծիչ»։ Այդ «Արթնացե՛ք»-ի նպատակն էր բացել այն մարդկանց աչքերը, ովքեր հավատում են էվոլյուցիոն տեսությանը կամ կրեացիոնիզմին։ Մի քույր ԱՄՆ-ի մասնաճյուղին այս «Արթնացե՛ք»-ի մասին գրեց. «Այս հատուկ թողարկումը տարածելու քարոզարշավը շատ լավ անցավ։ Մի կին 20 օրինակ խնդրեց։ Նա կենսաբանության ուսուցչուհի է և դրանք վերցրեց իր աշակերտների համար»։ Իսկ մի եղբայր գրեց. «Ես սկսել եմ քարոզել 1940-ականների վերջերից։ Այժմ մոտ 75 տարեկան եմ, բայց ծառայությունից երբեք այսքան հաճույք չէի ստացել, ինչքան այս ամիս «Արթնացե՛ք»-ի հատուկ համարը տարածելիս»։
16 Վերջին տարիներին «Արթնացե՛ք»-ի համարների մեծ մասում տեղ է գտնում «Արդյոք պատահականությո՞ւն է» խորագիրը։ Այս խորագրի ներքո տպագրվում են կարճ հոդվածներ, որոնք շեշտում են, թե ինչ ապշեցուցիչ ինժեներական միտք կա Եհովայի ստեղծագործություններում, ինչպես նաև ցույց են տալիս, թե մարդիկ ինչպես են փորձում կրկնօրինակել Մեծ Ինժեներին։ 2010թ.-ին լույս տեսավ «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկը, ևս մեկ գործիք, որի միջոցով կարող ենք օգնել մարդկանց փառք տալու Արարչին։ Գեղեցիկ պատկերազարդումները նախատեսված են խթանելու մեր երախտագիտությունը Եհովայի հանդեպ նրա ստեղծագործությունների համար։ Յուրաքանչյուր մասի վերջում տրված հարցերը օգնում են մարդուն խորհրդածելու հենց նոր ընթերցած տեղեկության շուրջ։ Վկայություն տվե՞լ ես այս գրքույկով տնետուն, հրապարակային կամ ոչ պաշտոնական ծառայության ժամանակ։
17, 18. ա) Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել երեխաներին իրենց հավատի մասին վստահությամբ խոսելու։ բ) Ինչպե՞ս եք օգտագործել այս գրքույկները ձեր ընտանեկան երկրպագության ժամանակ։
17 Ծնողնե՛ր, ընտանեկան երկրպագության ժամանակ ձեր երեխաների հետ քննարկե՞լ եք այս պատկերազարդ գրքույկը։ Այս գրքույկի թեմաները քննարկելով՝ դուք կնպաստեք, որ ձեր զավակները ավելի մեծ երախտագիտությամբ լցվեն մեր կենդանի Աստծու հանդեպ։ Գուցե ունես դեռահաս երեխա, որը հաճախում է դպրոց։ Էվոլյուցիոն տեսության ջատագովները փորձում են ազդել հատկապես պատանիների վրա։ Գիտնականները, ուսուցիչները, բնության մասին վավերագրական ֆիլմերը, նույնիսկ ժամանցային հաղորդումներն ու ֆիլմերը էվոլյուցիան ներկայացնում են որպես փաստ։ Կարող ես օգնել քո երեխային պայքարելու այդ վատ ազդեցության դեմ՝ օգտագործելով «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը (լույս է տեսել 2010թ.-ին)։ «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկի պես՝ այս հրատարակությունը հորդորում է պատանիներին զարգացնելու «խորհելու կարողություն» (Առակ. 2։10, 11)։ Այս գրքույկն օգնում է երեխային ստուգելու այն ամենի իսկությունը, ինչ նա լսում է դասերի ժամանակ։
18 «Կյանքի ծագումը» գրքույկի միջոցով դպրոցականները կարող են ստուգել, թե արդյոք ճշմարիտ են գիտնականների տարածած այն սենսացիոն լուրերը, իբրև թե գտնվել են էվոլյուցիայի «բացակայող օղակները»։ Գրքույկը խրախուսում է պատանիներին ինքնուրույն քննելու, թե արդյոք այդպիսի լուրերը իսկապես ապացուցում են այն պնդումը, թե մարդը առաջ է եկել ցածրակարգ արարածներից։ Նաև սովորեցնում է՝ ինչպես պատասխանել այն պնդումներին, որ գիտնականները իբր թե լաբորատորիաներում ապացուցել են, թե կյանքը կարող էր ինքնաբերաբար առաջանալ։ Ծնողնե՛ր, եթե օգտվեք այս գրքույկներից, ապա ավելի շատ կկարողանաք օգնել ձեր երեխային վստահությամբ լցվելու, որ ինքը կարող է պատասխանել Արարչի հանդեպ իր հավատի մասին տրվող հարցերին (կարդա՛ 1 Պետրոս 3։15)։
19. Ի՞նչ առանձնաշնորհում ունի մեզնից յուրաքանչյուրը։
19 Այն հավաստի տեղեկությունները, որ ստանում ենք Եհովայի կազմակերպության միջոցով, օգնում են մեզ՝ շրջապատող աշխարհի մեջ տեսնելու նրա գեղեցիկ հատկությունները։ Դրանք մղում են մեզ ողջ ուժով փառաբանելու Աստծուն (Սաղ. 19։1, 2)։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է ամեն բանի Արարչին փառք ու պատիվ տալը, ինչին նա արժանի է լիուլի (1 Տիմոթ. 1։17)։