Ընթերցողների հարցերը
Ինչպե՞ս օգնել հավատակցին, որը զգայուն է հոտերի նկատմամբ։
Հոտերի նկատմամբ զգայուն մարդիկ դժվարությունների են բախվում։ Անծանոթների հետ ամեն օր շփվելիս նրանք թերևս չեն կարող լիովին վերահսկել հոտերի ազդեցությունը իրենց վրա։ Ուստի ոմանց գուցե հետաքրքրի, թե արդյոք հնարավոր է եղբայրներին և քույրերին խնդրել չօգտագործել օծանելիք կամ օդեկոլոն քրիստոնեական հանդիպումներին և համաժողովներին հաճախելիս։
Ինչ խոսք, ոչ մի քրիստոնյա չի ցանկանա գիտակցաբար ինչ-որ մեկի համար հանդիպումներին հաճախելու դժվարություն ստեղծել։ Բոլորս քաջալերության կարիք ունենք, ինչը ստանում ենք մեր հանդիպումների ժամանակ (Եբր. 10։24, 25)։ Հետևաբար, նա, ով զգայուն է հոտերի նկատմամբ, և դա այնքան լուրջ խնդիր է, որ խանգարում է նրան հաճախելու հանդիպումներին, գուցե ցանկանա քննարկել այդ հարցը երեցների հետ։ Թեև օծանելիքի օգտագործման հարցում կանոններ սահմանելու սուրբգրային հիմք չկա և այդպես վարվելը տեղին չէ, երեցները կարող են տեղեկություն ներկայացնել, որ օգնեն ժողովի անդամներին հասկանալու, թե ինչ խնդիրների են բախվում ուրիշները։ Հանգամանքներից ելնելով՝ երեցները գուցե որոշեն դրա վերաբերյալ նախկինում տպագրված որևէ նյութ ներկայացնել Ծառայողական հանդիպման տեղական կարիքներ բաժնում կամ էլ այդ հարցի հետ կապված նրբանկատորեն հայտարարություն անել։ Սակայն երեցները չեն կարող անընդհատ նման հայտարարություններ անել։ Մեր հանդիպումներին միշտ ներկա են լինում հետաքրքրվող մարդիկ և այցելուներ, որոնք անտեղյակ են խնդրին, և մենք չենք ուզում, որ նրանք իրենց անհարմար զգան։ Ոչ ոք չպետք է իրեն վատ զգա օծանելիքի չափավոր օգտագործման համար։
Եթե ժողովում նման խնդիր կա, և եթե հանգամանքները թույլ են տալիս, երեցների խորհուրդը գուցե որոշի հոտերի հանդեպ զգայուն քարոզիչների համար առանձին տարածք հատկացնել Թագավորության սրահում։ Օրինակ՝ դա կարող է լինել խորհրդակցության սենյակը, որտեղից հնարավորություն կա լսելու ծրագիրը և օգուտներ քաղելու հանդիպումներից։ Եթե ողջամտության սահմաններում հնարավոր չէ լուծել խնդիրը, ժողովը կարող է ձայնագրել հանդիպումների ծրագիրը կամ կազմակերպել, որ նրանք այն հեռախոսակապով ունկնդրեն իրենց տնից, ինչպես որ արվում է նրանց դեպքում, ովքեր տարիքի կամ հիվանդության պատճառով չեն կարողանում դուրս գալ տնից։
Վերջին տարիներին «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը հորդորում է եղբայրներին ու քույրերին հատուկ ուշադրություն դարձնել այս հարցին տարածաշրջանային համաժողովներ գնալիս։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովների մեծ մասը անցկացվում է փակ տարածքներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում, ներկաներին խնդրում են, որ քիչ օծանելիք օգտագործեն։ Հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես տարածաշրջանային համաժողովներին, քանի որ սովորաբար դրանց անցկացման վայրում հնարավոր չէ հոտերից զերծ տարածք հատկացնել։ Սակայն այդ առաջնորդությունը երբևէ չի դարձել օրենք ժողովի հանդիպումների առնչությամբ, և չպետք է այն որպես օրենք ներկայացնել։
Քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, բոլորս տառապում ենք ժառանգած անկատարության հետևանքներից։ Որքա՜ն ենք գնահատում այն մարդկանց ջանքերը, ովքեր ուզում են թեթևացնել մեր տառապանքը։ Ոմանց համար օծանելիք կամ օդեկոլոն չօգտագործելը կարող է նշանակել զոհողությունների գնալ։ Այնուհանդերձ, սերը կմղի մեզ այդպես վարվելու, որպեսզի մեր եղբոր կամ քրոջ համար դժվար չլինի ներկա գտնվել քրիստոնեական հանդիպումներին։
Աշխարհիկ աղբյուրները հաստատո՞ւմ են Պոնտացի Պիղատոսի գոյությունը։
Պոնտացի Պիղատոսը Աստվածաշունչ ընթերցողներին հայտնի է նրանով, որ իր դերն է ունեցել Հիսուսի դատի և մահապատժի մեջ (Մատթ. 27։1, 2, 24–26)։ Այնուամենայնիվ, նրա անունը բազմաթիվ անգամներ հանդիպում է նաև այն ժամանակվա պատմական այլ արձանագրություններում։ Ըստ աստվածաշնչյան մի բառարանի՝ աշխարհիկ պատմական աշխատություններում նրա մասին «ավելի շատ և ավելի մանրամասն է գրված, քան Հրեաստանի որևէ այլ հռոմեացի կառավարչի մասին» (The Anchor Bible Dictionary)։
Պիղատոսի անունը ամենից հաճախ հանդիպում է հրեա պատմիչ Հովսեպոսի աշխատություններում։ Նա արձանագրել է երեք կոնկրետ դեպքեր այն դժվարությունների մասին, որ ունեցել է Պիղատոսը Հրեաստանում ղեկավարելու ընթացքում։ Չորրորդ դեպքն ավելացվել է հրեա պատմիչ Փիլոնի կողմից։ Հռոմեացի պատմագիր Տակիտոսը, որն արձանագրել է Հռոմի կայսրերի պատմությունը, հաստատել է, որ Պոնտացի Պիղատոսը Տիբերիոսի ղեկավարման ժամանակ հրամայել է մահապատժի ենթարկել Հիսուսին։
1961թ.-ին հնագետները, որոնք պեղումներ էին անում Կեսարիայում (Իսրայել) գտնվող հին հռոմեական թատրոնում, հայտնաբերեցին կրկնագիր մի սալաքար, որի վրա լատիներեն հստակ գրված էր Պիղատոսի անունը։ Մակագրությունը (տե՛ս նկարը) կիսատ է, բայց ենթադրվում է, որ սկզբնապես այն կարդացվել է. «Պոնտացի Պիղատոսը՝ Հրեաստանի պրեֆեկտը, (այս) Տիբերիումը նվիրում է պատվարժան աստվածներին»։ Խոսքը, ակներևաբար, այն շինության մասին է, որը տաճար էր՝ ի փառս Հռոմի կայսր Տիբերիոսի։
Արդյոք քույրը պե՞տք է ծածկի գլուխը, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում արական սեռի քարոզչի ներկայությամբ։
«Դիտարանի» 2002թ. հուլիսի 15-ի համարի՝ «Ընթերցողների հարցերը» խորագրում նշվում էր, որ քույրը պետք է ծածկի գլուխը, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում արական սեռի քարոզչի ներկայությամբ, անկախ այն բանից՝ նա մկրտված է, թե ոչ։ Այս հարցի հետագա ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այս առաջնորդության հետ կապված փոփոխության կարիք կա։
Եթե մկրտված եղբայր է ուղեկցում քրոջը, երբ վերջինս անցկացնում է արդեն հաստատված Աստվածաշնչի ուսումնասիրություն, քույրն, անշուշտ, կծածկի գլուխը։ Այդպիսով նա ցույց կտա իր հարգանքը ժողովում Եհովայի հաստատած գլխավորության սկզբունքի հանդեպ, քանի որ կատարում է այն դերը, ինչը սովորաբար եղբոր պատասխանատվությունն է (1 Կորնթ. 11։5, 6, 10)։ Բայց քույրը նաև կարող է խնդրել եղբորը անցկացնել ուսումնասիրությունը, եթե վերջինս կարող է դա անել։
Մյուս կողմից՝ եթե արդեն հաստատված Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ քրոջն ուղեկցում է չմկրտված արական սեռի քարոզիչ, որն իր ամուսինը չէ, ապա սուրբգրային հիմք չկա, որ քույրը ծածկի գլուխը։ Այնուհանդերձ, որոշ քույրերի խիղճը գուցե մղի իրենց ծածկելու գլուխը նույնիսկ նման դեպքերում։