Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարո՞ղ ես խաղաղ լինել այս անհանգիստ աշխարհում

Կարո՞ղ ես խաղաղ լինել այս անհանգիստ աշխարհում

Կարո՞ղ ես խաղաղ լինել այս անհանգիստ աշխարհում

ՔՈ ԿՅԱՆՔԸ խաղա՞ղ է։ Այս հարցին շատերը կպատասխանեն՝ ոչ։ Ինչո՞ւ։ Որոշ երկրներում պատերազմական դրություն է, քաղաքական վիճակն անկայուն է, տարածված են ազգային խտրականությունն ու ահաբեկչությունը։ Շատ վայրերում էլ խաղաղությունը խաթարվում է հանցագործության, անհանգստությունների, գործընկերների և հարևանների հետ խնդիրների պատճառով։ Նույնիսկ ընտանիքներում մթնոլորտը հաճախ լարված է, մինչդեռ տունը պետք է խաղաղ հանգրվան լինի ընտանիքի անդամների համար։

Մարդիկ փափագում են ներքին խաղաղություն գտնել։ Այդ պատճառով էլ այն փնտրում են կրոնների մեջ, հաճախում են դասընթացների, որպեսզի մեդիտացիա անել սովորեն, սկսում են յոգայով զբաղվել։ Շատերն էլ պարզապես ճանապարհորդում են, արշավների են գնում կամ հանգստանում են առողջարաններում։ Նույնիսկ եթե ինչ–որ չափով ներքին խաղաղություն են զգում, շուտով հասկանում են, որ դա կարճատև է ու իրական բավարարվածություն չի բերում։

Այդ դեպքում որտե՞ղ կարող ենք գտնել իրական խաղաղություն։ Խաղաղության աղբյուրը մեր Արարիչն է՝ Եհովան։ Նա է այն «Աստվածը, որ խաղաղություն է տալիս» (Հռոմեացիներ 15։33)։ Իր Թագավորության իշխանության ներքո, որը շուտով հաստատվելու է երկրի վրա, խաղաղության առատություն կլինի (Սաղմոս 72։7; Մատթեոս 6։9, 10)։ Մարդկային կառավարությունները երբեք չեն կարող հասնել դրան։ Խաղաղության պայմանագրերը միայն կարճ ժամանակով են դադարեցնում պատերազմական գործողությունները։ Սակայն Աստված կվերացնի թշնամանքը, և ոչ ոք այլևս չի սովորի պատերազմել (Սաղմոս 46։8, 9)։ Ի վերջո, բոլորը կապրեն խաղաղ պայմաններում։

Թեև ապագայի այս հույսը անչափ մխիթարական է, այնուհանդերձ ինչպե՞ս կարող ես խաղաղություն գտնել այսօրվա անհանգիստ աշխարհում։ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս ճանապարհը։ Քննենք Պողոս առաքյալի՝ փիլիպպեցիներին ուղղված նամակի չորրորդ գլուխը։ Քո Աստվածաշնչով հետևիր 4–13 համարների քննարկմանը։

«Աստծու խաղաղությունը»

7–րդ համարում կարդում ենք. «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու ձեր մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով»։ Այս խաղաղությունը չի գալիս մեդիտացիայի կամ մեր բնավորության գծերը փոխելու արդյունքում։ Այն գալիս է Աստծուց և այնքան զորեղ է, որ «գերազանցում է ամեն միտք»։ Այդ խաղաղությունը վեր է մեր գիտելիքներից, տրամաբանությունից, անհանգստություններից։ Իսկ երբ դժվար իրավիճակից դուրս գալու ոչ մի ելք չենք տեսնում, Աստծու խաղաղությունը լցնում է մեզ հույսով, որ մի օր մեր բոլոր խնդիրները կլուծվեն։

Կարծում ես՝ անհնա՞ր է։ «Մարդկանց համար դա անհնար է, բայց.... Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մարկոս 10։27)։ Եհովայի հանդեպ հավատն ու վստահությունն օգնում են մեզ հսկելու մեր միտքը և չափից շատ չանհանգստանալու։ Օրինակով պարզաբանենք։ Պատկերացրու՝ փոքր երեխան կորել է մեծ խանութում։ Միակ բանը, որ նա պետք է անի, մայրիկին գտնելն է։ Այդ երեխան վստահ է, որ երբ գտնի իր ծնողին, վերջինս ամուր կգրկի իրեն, և ամեն բան նորից լավ կլինի։ Այդպես էլ Եհովան իր գիրկը կառնի մեզ, և մեր մտահոգությունները հօդս կցնդեն։

Եհովայի ծառաներից շատերը զգացել են, թե փորձությունների ժամանակ ինչպես է Աստծու խաղաղությունը զորացնում իրենց։ Օրինակ՝ Նադինը, որի երեխան դեռ չծնված մահացել էր, պատմում է. «Ես չէի կարողանում արտահայտել իմ զգացմունքները։ Միշտ ցույց էի տալիս, թե ամեն ինչ լավ է, բայց ներքուստ ճնշված էի։ Գրեթե ամեն օր սիրտս թափում էի Եհովայի առաջ և աղերսում էի, որ օգնի։ Զգում էի աղոթքի զորությունը. երբ թվում էր, թե այլևս չեմ կարող դիմանալ, ներքին խաղաղություն էր իջնում վրաս, ու ապահովության զգացումով էի պարուրվում»։

Պաշտպանություն սրտիդ ու մտքիդ համար

Նորից անդրադառնանք Փիլիպպեցիներ 4։7 համարին։ Այնտեղ ասվում է, որ Աստված կպահպանի մեր սրտերն ու մտքերը։ Ինչպես պահակն է հսկում շինությունը, այնպես էլ Աստծու խաղաղությունն է պաշտպանում մեր սիրտը նյութական բաների մասին անտեղի մտահոգություններից և թույլ չի տալիս, որ այդ անարժեք բաները խաթարեն մեր մտքի խաղաղությունը։ Քննենք մի օրինակ։

Այս անհանգիստ աշխարհում շատերը կարծում են, թե երջանիկ ու ապահով լինելու համար պետք է հարստություն դիզել։ Մասնագետների խորհրդով՝ մարդիկ իրենց խնայած գումարը գործի մեջ են դնում։ Սակայն մի՞թե նրանք խաղաղություն են գտնում։ Ամենևի՛ն։ Թերևս մտահոգությունների մեջ են ընկնում և սկսում են ամեն օր ստուգել իրենց եկամուտը ու մտածում են, թե ինչ անեն՝ ինչ–որ բան գնե՞ն, վաճառե՞ն, թե՞ թողնեն գումարը շրջանառության մեջ։ Իսկ երբ սնանկանում են, խուճապի են մատնվում։ Ինչ խոսք, Աստվածաշունչը չի դատապարտում ներդրումներ անելը, սակայն մյուս կողմից՝ հետևյալ իմաստուն խորհուրդն է տալիս. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից. սա էլ է ունայն։ Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ» (Ժողովող 5։10, 12

Փիլիպպեցիներ 4։7–ում նաև ասվում է, որ Աստծու խաղաղությունը պահպանում է մեր սրտերն ու մտքերը «Քրիստոս Հիսուսի միջոցով»։ Իսկ ի՞նչ առնչություն ունի Հիսուսն Աստծու խաղաղության հետ։ Նա կարևոր դեր է խաղում Աստծու նպատակների կատարման մեջ։ Աստծու Որդին իր կյանքը տվեց, որպեսզի մենք ազատվենք մեղքից ու մահից (Հովհաննես 3։16)։ Բացի այդ, նա արդեն Աստծու Թագավորության թագավորն է։ Այս ամենի գիտակցումը մեր սրտերն ու մտքերը խաղաղությամբ է լցնում։ Ինչպե՞ս։

Եթե անկեղծորեն զղջանք մեր մեղքերի համար և Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա ներում հայցենք Աստծուց, ապա Նա կների մեզ, ու մենք սրտի և մտքի խաղաղություն կունենանք (Գործեր 3։19)։ Երբ հասկանում ենք, որ քանի դեռ երկրի վրա Աստծու Թագավորությունը չի հաստատվել, չենք կարող լիարժեք կյանքով ապրել, ուստի անիմաստ չենք վատնում մեր տարիները, ասես միայն ներկա կյանքով է սահմանափակվում ամեն բան (1 Տիմոթեոս 6։19)։ Անշուշտ, չենք կարող խուսափել խնդիրներից, սակայն այն հույսը, որ իսկական կյանքը դեռ առջևում է, մխիթարում է մեզ։

Ինչպե՞ս գտնել Աստծու խաղաղությունը

Փիլիպպեցիներ 4։4, 5 համարներում կարդում ենք. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով։ Դարձյա՛լ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։ Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է»։ Երբ Պողոսը գրեց այս խոսքերը, նա բանտարկված էր Հռոմում (Փիլիպպեցիներ 1։13)։ Թեև նրա հետ անարդարացիորեն էին վարվել, սակայն առաքյալը չվհատվեց, ընդհակառակը՝ նույնիսկ իր հավատակիցներին հորդորեց միշտ ուրախ լինել Տիրոջով։ Ակնհայտ է, որ նրա ուրախությունը կախված էր ոչ թե հանգամանքներից, այլ Աստծու հետ ունեցած փոխհարաբերություններից։ Մենք նույնպես պետք է սովորենք ուրախությամբ ծառայել Եհովային, ինչ հանգամանքներում էլ լինենք։ Եթե լավ ճանաչենք Եհովային և լիովին կատարենք նրա կամքը, մեծ ուրախությամբ կծառայենք նրան։ Արդյունքում բավարարվածության զգացում և ներքին խաղաղություն կունենանք։

Մենք պետք է խոհեմ լինենք և չկարծենք, որ ի վիճակի ենք ամեն բան անելու։ Մենք կատարյալ չենք։ Ուստի չարժե անհանգստանալ, թե ինչպես կարող ենք կատարյալ դառնալ կամ գերազանցել մյուսներին։ Բացի այդ, կատարելություն չենք ակնկալի նաև դիմացինից, և երբ մեզ տխրեցնեն կամ վիրավորեն, կպահպանենք մեր խաղաղությունը։ Հունարեն «խոհեմություն» բառը թարգմանվել է նաև «զիջողամտություն»։ Երբ զիջումների ենք գնում անձնական նախընտրությունների հարցում, խուսափում ենք անօգուտ վեճերից, որոնք կարող են խզել ուրիշների հետ ունեցած լավ փոխհարաբերությունները, ինչպես նաև խաթարել մեր ներքին խաղաղությունը։

Փիլիպպեցիներ 4։5–ում գրված «Տերը մոտ է» արտահայտությունը թվում է, թե ավելորդ է, բայց այդպես չէ։ Մենք գիտենք, որ Աստված շուտով իրերի այս հին համակարգը փոխարինելու է նորով, բայց մինչ այդ նա կարող է մոտ լինել մեզանից յուրաքանչյուրին (Գործեր 17։27; Հակոբոս 4։8)։ Այդ բանի գիտակցումը, ինչպես կարդում ենք 6–րդ համարում, օգնում է մեզ ուրախանալու, խոհեմ լինելու, չափից շատ չանհանգստանալու ներկայիս խնդիրների և ապագայի մասին։

6 և 7 համարներից տեսնում ենք, որ աղոթելու արդյունքում ենք ստանում Աստծու խաղաղությունը։ Ոմանք կարծում են, թե աղոթքը մեդիտացիայի մի ձև է, և ցանկացած աղոթք ներքին խաղաղություն կարող է տալ։ Սակայն Աստվածաշնչի համաձայն՝ աղոթքն անկեղծ հաղորդակցություն է Եհովայի հետ։ Ինչպես որ երեխան է խոսում իր սիրառատ ծնողի հետ իրեն անհանգստացնող հարցերի շուրջ, այնպես էլ մենք ենք Աստծուն հայտնում մեր մտահոգությունների ու ուրախությունների մասին։ Որքա՜ն ենք մխիթարվում, երբ իմանում ենք, որ կարող ենք մոտենալ Աստծուն «ամեն ինչում»։ Մեր երկնային Հորը կարող ենք հայտնել մեր մտքում և սրտում եղած ամեն բան։

8–րդ համարում խրախուսվում է մտածել դրական բաների մասին։ Սակայն միայն խորհրդածելը բավական չէ։ 9–րդ համարում նշվում է, որ մենք պետք է նաև կիրառենք աստվածաշնչային խորհուրդները։ Այդպես վարվելով՝ մաքուր խիղճ կունենանք և կհամոզվենք հետևյալ առակի ճշմարտացիության մեջ. «Եթե ուզում ես հանգիստ քնել, մաքուր խղճով մտիր անկողին»։

Այո՛, դու կարո՛ղ ես գտնել ներքին խաղաղություն։ Եհովան այն տալիս է բոլոր նրանց, ովքեր մոտենում են իրեն և ցանկանում են հետևել իր առաջնորդությանը։ Աստվածաշունչը ուսումնասիրելով՝ դու կիմանաս, թե ինչ մտածելակերպ ունի Եհովան։ Միշտ չէ, որ նրա առաջնորդությանը հետևելը հեշտ է։ Բայց քո թափած ջանքերը իզուր չեն լինի, որովհետև «խաղաղության Աստվածը կլինի քեզ հետ» (Փիլիպպեցիներ 4։9

[Մեջբերում 10–րդ էջի վրա]

«Աստծու խաղաղությունը.... կպահպանի ձեր սրտերը» ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐ 4։7

[Մեջբերում 12–րդ էջի վրա]

Որքա՜ն ենք մխիթարվում, երբ իմանում ենք, որ կարող ենք մոտենալ Աստծուն «ամեն ինչում»