Գիտե՞ս Աստծու անունը
Ինչ խոսք, մեծ պատիվ է, երբ առիթ ես ունենում ողջունել որևէ ճանաչված անձնավորության և խոսել նրա հետ։ Բարձրաստիճան պաշտոնյաներին հաճախ դիմում են տիտղոսներով, ինչպես օրինակ՝ «պարոն նախագահ», «Ձերդ գերազանցություն» կամ «հարգարժան»։ Ուստի երբ այդպիսի անձնավորությունը խնդրում է քեզ դիմել իրեն պարզապես անունով, անշուշտ մտածում ես, որ նա քեզ մեծ պատվի է արժանացնում։
ՃՇՄԱՐԻՏ Աստվածը իր Խոսքում՝ Աստվածաշնչում, մեզ ասում է. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը» (Եսայիա 42։8)։ Թեև Աստված ունի բազմաթիվ տիտղոսներ՝ «Ամենակարող», «Ստեղծիչ», «Գերիշխան», սակայն նա ցանկանում է, որ իր հավատարիմ ծառաները անունով դիմեն իրեն՝ այդպիսով մեծ պատվի արժանացնելով նրանց։
Մի անգամ Մովսես մարգարեն աղերսեց Աստծուն՝ ասելով. «Ով Եհովայ» (Ելից 5։22)։ Իսկ Սողոմոն թագավորը Երուսաղեմի տաճարի նվիրման ժամանակ աղոթելիս Աստծուն դիմեց. «Ով Տէր Եհովայ» (Գ Թագաւորաց 8։53)։ Եսայիա մարգարեն իսրայելացիների համար աղոթելիս Աստծուն ասաց. «Ո՛վ Եհովա, մեր Հայրը» (Եսայիա 63։16, ՆԱ)։ Այո՛, մեր երկնային Հայրը ուզում է, որ մենք դիմենք իրեն անունով։
Ինչ խոսք, կարևոր է դիմել Աստծուն անունով, սակայն նրան անունով ճանաչելը ավելին է նշանակում։ Այն անհատին, ով սիրում է և վստահում է իրեն, Եհովան խոստանում է. «Ես բարձր կ’անեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը» (Սաղմոս 91։14)։ Փաստորեն, Աստծու անունն իմանալուց է կախված՝ կունենա՞նք նրա պաշտպանությունը, թե՞ ոչ։ Ուստի հարց է առաջանում. «Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այդ անունը կրող Անձնավորությանը»։