Խաղաղ ժողովուրդը պաշտպանում է իր բարի անունը
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ։ Երբ հրատարակվի հետևյալ նյութը, տասնյակ միլիոնավոր մարդիկ ավելի քան 230 երկրներում կտեղեկանան այն մասին, որ Ռուսաստանում անհիմն կերպով սահմանափակումներ են դրվում մարդու կրոնական ազատության վրա։ «Դիտարան» պարբերագիրը աշխարհում ամենաշատ թարգմանվող և տարածվող պարբերագիրն է։ Այս հոդվածը լույս կտեսնի 188 լեզուներով և կհրատարակվի ավելի քան 40 միլիոն օրինակով։ Գուցե որոշ պաշտոնյաներ չցանկանան, որ միջազգային հանրությունն իմանա, թե ինչ է կատարվում Եհովայի վկաների հետ Ռուսաստանում։ Սակայն Հիսուսի խոսքերը իրականություն կդառնան. «Չկա մի ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և մի գաղտնիք, որ չիմացվի» (ՂՈՒԿԱՍ 12։2)։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ բարձրագույն դատարաններից երկուսը 2009թ. դեկտեմբերին և 2010թ. հունվարին հայտարարեցին, որ Եհովայի վկաների կրոնը ծայրահեղական է։ Թվում էր՝ պատմությունը կրկնվում է։ Խորհրդային իշխանության ժամանակ հազարավոր Վկաների դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացվեցին, թե նրանք ազգի թշնամիներ են։ Նրանց աքսորեցին, բանտարկեցին և ուղարկեցին ուղղիչ-աշխատանքային ճամբարներ։ Ռեժիմի տապալումից հետո Եհովայի վկաները արդարացվեցին։ Նոր կառավարությունը պաշտոնապես վերականգնեց նրանց բարի անունը *։ Հիմա նորից որոշ մարդիկ զրպարտում են Վկաներին։
Իշխանությունները 2009թ. սկզբին ոտնձգություն արեցին Եհովայի վկաների կրոնական ազատության վրա։ Միայն փետրվարին մեղադրողները ավելի քան 500 հետաքննություն անցկացրին երկրում։ Ո՞րն էր նպատակը. հայտնաբերել օրենքի խախտումներ Վկաների կողմից։ Հաջորդ ամիսներին ոստիկանությունը ներխուժում էր Թագավորության սրահներ և առանձին տներ, որտեղ անցկացվում էին կրոնական խաղաղ հանդիպումներ։ Նրանք առգրավվում էին գրականությունը և անձնական ունեցվածքը։ Իշխանությունները երկրից արտաքսեցին օտարեկրացի փաստաբաններին, որոնք պաշտպանում էին Վկաներին, և արգելեցին նորից մտնել երկիր։
2009թ. հոկտեմբերի 5-ին մաքսային մարմինները Սանկտ Պետերբուրգի սահմանին թույլ չտվեցին ներկրել աստվածաշնչյան գրականությունը։ Նյութը տպագրվել էր Գերմանիայում
և պետք է բաժանվեր Ռուսաստանում գտնվող բազմաթիվ ժողովներում։ Ռուսաստանի մաքսատան աշխատողների հատուկ խումբը, որը զբաղվում է մաքսանենգության հարցերով, զննեց բեռը։ Ինչո՞ւ։ Պաշտոնական փաստաթղթում նշված էր, որ այն «հնարավոր է՝ պարունակի նյութ, ինչը կարող է կրոնական տարաձայնություններ ստեղծել»։Շուտով հալածանքի մեծ ալիքը հասավ իր գագաթնակետին։ Ռուսաստանի Դաշնության և Ալթայի Հանրապետության (Ռուսաստանի երկրամաս) Գերագույն դատարանները հայտարարեցին, որ Վկաների բազմաթիվ հրատարակությունները, այդ թվում նաև այս պարբերագիրը, որն ընթերցում եք, ծայրահեղական են։ Եհովայի վկաները բողոքարկեցին, իսկ միջազգային հանրությունը իր մտահոգությունն արտահայտեց, բայց ապարդյուն։ Ըստ դատարանի վճռի՝ ներկայումս էլ Ռուսաստանում աստվածաշնչյան այդ հրատարակությունների ներմուծումն ու տարածումը անօրինական է համարվում։
Ինչպե՞ս կարձագանքեին Վկաները իրենց անունն արատավորելու և գործունեությունը սահմանափակելու նրանց ջանքերին։ Եվ ի՞նչ նշանակություն ունեն դատարանների որոշումները Ռուսաստանի բոլոր քաղաքացիների կրոնական ազատության հարցում։
Հրատապ արձագանք մեծացող սպառնալիքին
2010թ. փետրվարի 26-ին՝ ուրբաթ, մոտ 160 000 Եհովայի վկաներ ամբողջ Ռուսաստանում սկսեցին տարածել «Կարո՞ղ է դա կրկնվել. հարց Ռուսաստանի քաղաքացիներին» հատուկ թերթիկի 12 միլիոն օրինակ։ Սիբիրի Ուսոլյե Սիբիրսկոյե քաղաքում, օրինակ, հարյուրավոր Վկաներ հավաքվեցին փողոցում առավոտյան 5։30-ին։ Նրանց մեջ էին 1951թ.-ին իրենց հավատի համար Սիբիր աքսորվածներից ոմանք։ Չնայած ցրտին՝ -40°C, նրանք դուրս եկան, որ իրենց տարածքում բաժանեն 20 000 թերթիկ։
Որպեսզի հայտարարեին եռօրյա քարոզարշավի մասին, Եհովայի վկաները մամուլի ասուլիս կազմակերպեցին Մոսկվայում։ Հրավիրվածների մեջ էր պարոն Լեվ Լեվինսոնը, որը Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտում աշխատող մասնագետ է։ Նա համառոտ ներկայացրեց, թե ինչ անհիմն ճնշման ու հալածանքի են ենթարկվել Եհովայի վկաները նացիստական Գերմանիայի և խորհրդային իշխանության կողմից, և նշեց, որ հետագայում Վկաները պաշտոնապես արդարացվել են։ Նա նաև ասաց. «Բոլոր կրոնական ուղղությունները, որոնք հալածվել են Խորհրդային Միության ժամանակ, վերականգնեցին իրենց իրավունքները նախագահ Ելցինի հրամանագրով։ Եվ այն ամենը, ինչ նրանք կորցրել էին, հետ վերադարձվեց։ Ճիշտ է, Եհովայի վկաների կազմակերպությունը անշարժ գույք չուներ Խորհրդային Միության օրոք, սակայն վերականգնվեց նրանց բարի անունը»։
Բայց Վկաների բարի անունը դարձյալ վարկաբեկվում է։ «Նույն երկրում, որը իր զղջումն էր արտահայտել,— ասաց պարոն Լեվինսոնը,— այս ժողովուրդը ենթարկվում է միանգամայն անհիմն հալածանքի»։
Քարոզարշավը հասնում է մարդկանց սրտին
Արդյոք քարոզարշավը հասա՞վ իր նպատակին։ Պարոն Լեվինսոնն ասաց. «[Մամուլի] ասուլիս գալու ճանապարհին տեսա, թե ինչպես էին մարդիկ մետրոյում կարդում փոքրիկ թերթիկը, որն այսօր Եհովայի վկաները տարածում են ողջ Ռուսաստանում... Մարդիկ նստած կարդում են և կարդում են համակ ուշադրությամբ» *։ Ուշադրություն դարձրեք հետևյալ արձագանքներին։
Մի տարեց կին, որը Կենտրոնական Ռուսաստանի մուսուլմանական շրջանից է, վերցրեց թերթիկը և հարցրեց, թե ինչի մասին է այն։ Երբ նրան ասացին, որ դրանում քննարկվում է Ռուսաստանում մարդու իրավունքների և ազատության հարցը, նա բացականչեց. «Վերջապե՜ս ինչ-որ մեկը ուշադրություն է դարձնում այս հարցին։ Այդ առումով ներկայիս Ռուսաստանը վերադարձել է Խորհրդային Միության օրերին։ Շատ շնորհակալ եմ ձեզ, ապրե՛ք»։
Չելյաբինսկում մի կին, որին առաջարկեցին թերթիկը, ասաց. «Ես արդեն ստացել եմ մի օրինակ ու կարդացել եմ այն։ Ես ամբողջովին ձեր կողմից եմ։ Չեմ ճանաչում որևէ կրոնի, որը պաշտպանում է իր հավատը այսքան կազմակերպված ձևով։ Ինձ դուր է գալիս ձեր հագուկապը, դուք միշտ նրբանկատ եք։ Երևում է, որ համոզված եք ձեր հավատալիքների մեջ։ Ինձ թվում է՝ Աստված ձեզ հետ է»։
Սանկտ Պետերբուրգում մի տղամարդու, որն արդեն ստացել էր թերթիկի իր օրինակը, հարցրին, թե արդյոք համաձայն է կարդացածի հետ։ «Այո՛,— պատասխանեց նա,— կարդալու
ժամանակ փշաքաղվեցի և նույնիսկ լաց եղա։ Տատիկս [Խորհրդային Միության ժամանակ] ռեպրեսիայի է ենթարկվել և շատ բաներ է պատմել ինձ բանտարկյալների մասին։ Նա պատմում էր, որ շատ հանցագործներ կային, բայց կային նաև անմեղ մարդիկ, ովքեր բանտարկվել էին իրենց հավատի համար։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է իմանա տեղի ունեցածի մասին։ Դուք ճիշտ բան եք անում»։Ինչպիսի՞ն է Ռուսաստանի ապագան
Եհովայի վկաները գնահատում են այն ազատությունը, որ ունեցել են Ռուսաստանում վերջին երկու տասնամյակում։ Այնուհանդերձ, նրանք շատ լավ գիտեն, թե որքան հեշտ է կորցնել այն։ Զրպարտության այս մեծ ալիքը, որին վերջերս բախվեցին նրանք, ցույց է տալիս, որ Ռուսաստանը թևակոխում է ռեպրեսիայի մեկ ուրիշ խավար ժամանակաշրջան։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի ապագայում։
Եհովայի վկաները, սակայն, վճռել են, անկախ ամեն ինչից, հաստատակամորեն շարունակել քարոզել խաղաղության ու հույսի մասին աստվածաշնչյան պատգամը։ Հատուկ թերթիկը նրանց վճռականության մասին հետևյալն է ասում. «Ռեպրեսիան երբեք հաջողության չի հասնի։ Մենք երբեք չենք դադարի նրբանկատորեն ու հարգանքով Եհովա Աստծու ու նրա Խոսքի՝ Աստվածաշնչի մասին խոսելուց (1 Պետրոս 3։15)։ Մենք չդադարեցինք քարոզելուց նացիստական Գերմանիայի սարսափելի ճնշումների ներքո, մենք չդադարեցինք քարոզելուց մեր երկրի ռեպրեսիայի ամենամռայլ օրերին և չենք դադարի քարոզելուց հիմա (Գործեր 4։18–20)»։
^ պարբ. 3 Տե՛ս «Վերականգնման վկայականներ» շրջանակը։
^ պարբ. 13 Մամուլի ասուլիսից ժամեր առաջ Եհովայի վկաների Մոսկվայի ժողովները սկսել էին բաժանել թերթիկը։