Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ.
Աստված պատժո՞ւմ է մարդկանց դժոխքում
ՀԱՎԱՆԱԲԱՐ ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի՛ վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։
Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ տղամարդու միջև։ Վկա տղամարդու անունը կդնենք Հայկ, որը այցելել է Սարգիս անունով մի տղամարդու։
Աստված պատժելո՞ւ է չար մարդկանց
Հայկ— Ուրախ եմ, որ քեզ նորից տեսա։
Սարգիս— Ես էլ եմ ուրախ։
Հայկ— Անցած անգամ մի բան ասացիր, կուզեի՝ խոսենք այդ մասին։
Սարգիս— Ինչի՞ մասին։
Հայկ— Երբ իմացար, որ Եհովայի վկաները չեն հավատում դժոխքի գոյությանը, ասացիր, որ դա շատ զարմանալի է։
Սարգիս— Իրոք զարմանալի է։ Անկեղծ ասած՝ դժվարանում եմ հավատալ, որ դուք չեք ընդունում դժոխքի գոյությունը։
Հայկ— Շնորհակալ եմ անկեղծության համար։ Քանի որ դժոխքի մասին մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն, ուզում եմ իմանալ քո կարծիքը։
Սարգիս— Ես միշտ մտածել եմ, որ վատ մարդիկ մահից հետո դժոխք են գնում և հավիտյան տանջվում։
Հայկ— Շատերն են այդ կարծիքին։ Բայց մի հարց տամ, կյանքում քեզ վատ բան պատահե՞լ է։
Սարգիս— Այո՛, հինգ տարի առաջ սպանել են քրոջս։
Հայկ— Ցավում եմ։ Երևի շատ ես կարոտում նրան։
Սարգիս— Ամեն օր նրա մասին եմ մտածում։
Հայկ— Նկատել եմ, որ դժոխքի գոյությանը հիմնականում այն մարդիկ են հավատում, ովքեր չար մարդկանց զոհն են դարձել։ Անմեղ մարդիկ ուզում են, որ չարերը ստանան իրենց պատիժը։
Սարգիս— Այդպես էլ կա։ Ուզում եմ, որ քրոջս սպանած մարդը կրի իր արժանի պատիժը։
Հայկ— Քո բարկությունը հասկանալի է։ Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված նույնպես բարկանում է, երբ նման բաներ է տեսնում, և խոստանում է, որ պատժելու է չար մարդկանց։ Տես՝ ինչ է գրված այստեղ՝ Եսայիա 3։11-ում. «Վա՜յ ամբարշտին, ինչպիսի՜ աղետ. նա հատուցում կստանա իր արարքների դիմաց»։ Կարող ենք վստահ լինել, որ Աստված անպատճառ կպատժի չարերին։
Սարգիս— Բայց ինչպե՞ս է պատժելու, եթե, քո ասելով, դժոխք չկա։
Հայկ— Լավ հարց է։ Աստված պատժելու է չարերին՝ հավիտենապես ոչնչացնելով նրանց։ Տես, թե ինչ է ասում Աստվածաշունչը 2 Թեսաղոնիկեցիներ 1։9-ում։ Կկարդա՞ս։
Սարգիս— Կկարդամ։ «Նրանք կենթարկվեն հավիտենական կործանման դատապարտությանը՝ անհետանալով Տիրոջ առաջից»։
Հայկ— Ինչպես տեսնում ես, Սարգի՛ս, չար մարդիկ, ում Աստված դատապարտում է, ոչ մի հույս չունեն, քանի որ նա պատժում է հավիտենական մահով։
Սարգիս— Հասկանալի է, բայց կարծես դա անարդար է։ Բոլորն են մահանում, իսկ արդար չի՞ լինի, եթե վատ մարդիկ ավելի խիստ պատժի արժանանան։
Ի՞նչ է արդարությունը պահանջում
Հայկ— Երևում է՝ արդարություն սիրող մարդ ես։
Սարգիս— Ճիշտ ես նկատել։
Հայկ— Արդարության զգացումը Աստված է մեր մեջ դրել, և նա ինքն էլ արդար է։ Սակայն եթե ճիշտ է այն, որ Աստված մարդկանց պատժում է դժոխքում, ինչպես կրոնական առաջնորդներն են սովորեցնում, ապա չենք կարող ասել, որ նա արդար է։
Սարգիս— Ինչպե՞ս թե։
Հայկ— Բացատրեմ օրինակով։ Ծանո՞թ ես Աստվածաշնչից Ադամի ու Եվայի պատմությանը։
Սարգիս— Այո՛։ Աստված ասել էր նրանց, որ չուտեն արգելված ծառի պտղից, բայց նրանք չլսեցին։
Հայկ— Ճիշտ ես։ Արի միասին նայենք այդ համարները։ Կարդանք Ծննդոց 2։16, 17 համարները. «Նաև Եհովա Աստված մարդուն այս պատվերը տվեց. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»»։ Ուրեմն ի՞նչ կլիներ, եթե Ադամը ուտեր արգելված պտղից։
Սարգիս— Աստված ասաց, որ նա կմեռներ։
Հայկ— Այո՛։ Պատկերացնո՞ւմ ես, Ադամի պատճառով բոլոր մարդիկ մեղավոր են ծնվում *։ Բայց Աստված Ադամին ինչ-որ բան ասա՞ց դժոխքում պատժվելու մասին։
Սարգիս— Ո՛չ։
Հայկ— Եթե Ադամն ու Եվան պետք է հավիտյան տանջվեին դժոխքում, մի՞թե արդար Աստված չէր զգուշացնի նրանց այդ մասին։
Սարգիս— Կարծում եմ՝ կզգուշացներ։
Հայկ— Տես, թե Աստված ինչ ասաց Ադամին ու Եվային, երբ նրանք մեղք գործեցին։ Կկարդա՞ս Ծննդոց 3։19-ը։
Սարգիս— Լավ։ Այստեղ գրված է. «Երեսիդ քրտինքով պիտի հաց ուտես, մինչև որ հետ դառնաս դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցիր, որովհետև հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս»։
Հայկ— Ըստ Աստծու խոսքերի՝ ի՞նչ էր լինելու Ադամին մահից հետո։
Սարգիս— Նա դեպի հողն էր դառնալու։
Հայկ— Ճիշտ ես։ Համաձայն չե՞ս, որ մի տեղ վերադառնալու համար մարդը պետք է այդտեղ եղած լինի։
Սարգիս— Դե իհա՛րկե։
Հայկ— Իսկ որտե՞ղ էր Ադամը նախքան ստեղծվելը։
Սարգիս— Գոյություն չուներ։
Հայկ— Ճիշտ ես։ Նաև եթե նկատեցիր, Աստծու խոսքերում չի նշվում դժոխքի մասին։ Քո կարծիքով՝ արդար կլինե՞ր Աստծու կողմից, եթե նա Ադամին ասեր, որ պետք է նորից դեպի հողը դառնա, եթե իրականում Ադամը պետք է դժոխք գնար։
Սարգիս— Պարզ է, որ արդար չէր լինի։
Սատանան Աստծու կա՞մքն է կատարում
Հայկ— Մի ուրիշ բան էլ կա, որ պետք է հաշվի առնենք։
Սարգիս— Ի՞նչ։
Հայկ— Օրինակ՝ հաճախ ի՞նչ են ասում, ո՞վ է մարդկանց դժոխք տանում կամ ո՞վ է դժոխքում պատժում նրանց։
Սարգիս— Սատանան։
Հայկ— Բայց չէ՞ որ Սատանան Աստծու ոխերիմ թշնամին է։ Փաստորեն, եթե Աստված մարդկանց ուղարկում է դժոխք, որ Սատանան տանջի նրանց այնտեղ, դա չի՞ նշանակի, որ Աստված համագործակցում է Սատանայի հետ։
Սարգիս— Հը՜մ... Մտքովս չէր անցել։
Հայկ— Փորձենք օրինակով պատկերացնել։ Երեխա ունե՞ս։
Սարգիս— Այո՛, 15 տարեկան տղա ունեմ։
Հայկ— Ենթադրենք՝ տղադ սկսում է քեզ չլսել, վատ բաներ անել, և դա քեզ զայրացնում է։ Ի՞նչ կանես։
Սարգիս— Կփորձեմ խելքի բերել։
Հայկ— Վստահ եմ, որ ամեն բան կանես, որ հետ պահես սխալ ճանապարհից։
Սարգիս— Անկասկած։
Հայկ— Պատկերացրու՝ նա շարունակում է չլսել քեզ։ Տեսնում ես, որ ուրիշ ելք չկա, չե՞ս պատժի։
Սարգիս— Կպատժեմ։
Հայկ— Իսկ եթե իմանաս, որ մի վատ մարդ իր ազդեցության տակ է գցել երեխայիդ և սխալ բաներ է սովորեցնում...
Սարգիս— Այդ մարդու հախից կգամ։
Հայկ— Իմանալով հանդերձ, որ այդ անպատկառ մարդը որդուդ հանել է քո դեմ, կդիմե՞ս նրան, որ պատժի որդուդ։
Սարգիս— Ոչ մի դեպքում, դա խելամիտ չէ։
Հայկ— Իսկ ի՞նչ է, Աստծու համար խելամի՞տ է դիմել Սատանային, որ պատժի այն մարդկանց, ում Սատանան իր ազդեցության տակ է գցել։
Սարգիս— Դե իհա՛րկե ոչ։
Հայկ— Եթե Աստված ցանկանում է պատժել չար մարդկանց, ինչո՞ւ պետք է նրա ոխերիմ թշնամին՝ Սատանան, կատարի նրա ցանկությունը։
Սարգիս— Երբեք այդ մասին չէի մտածել։
Եհովան կոչնչացնի չարերին
Հայկ— Աստված քայլեր կձեռնարկի և կոչնչացնի այն չար մարդկանց, ովքեր չեն ուզում փոխվել։ Մի համար էլ ընթերցենք ու քեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Կկարդա՞ս Սաղմոս 37։9-ը։
Սարգիս— «Չարագործները կկործանվեն, իսկ Եհովային վստահողները երկիրը կժառանգեն»։
Հայկ— Նկատեցի՞ր, թե Եհովա Աստված ինչ է անելու չարագործներին։
Սարգիս— Համարում ասվում է, որ կործանելու է։
Հայկ— Ճիշտ է։ Այլ խոսքով՝ Աստված նրանց վերջնականապես ոչնչացնելու է։ Իսկ լավ մարդիկ՝ «Եհովային վստահողները», հավիտյան ապրելու են երկրի վրա։ Գուցե մտածես՝ ինչու Աստված այնպես չի անում, որ մարդիկ վատ գործեր չանեն։ Եվ եթե պատժելու է նրանց, ինչու հիմա չի անում դա։
Սարգիս— Հետաքրքիր է։
Հայկ— Հաջորդ անգամ Աստվածաշնչում ցույց կտամ քեզ այդ հարցերի պատասխանները *։
Սարգիս— Լավ։
^ պարբ. 35 Տե՛ս Հռոմեացիներ 5։12։
^ պարբ. 79 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։