Նախապաշարումից զերծ աշխարհ. ե՞րբ
«ԵՍ ԵՐԱԶԱՆՔ ունեմ»։ Այս խոսքերն ասաց Միացյալ Նահանգների քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարթին Լյութեր Քինգը (կրտսեր) 1963թ. օգոստոսի 28-ին իր հայտնի ճառում։ Նա ասաց, որ երազում է և հույս ունի, որ մի օր մարդիկ ռասայական նախապաշարումից զերծ կապրեն։ Թեև նրա այս խոսքերը ուղղված էին Միացյալ Նահանգների քաղաքացիներին, սակայն դրանք ողջունեցին բազմաթիվ այլ երկրներում ապրող մարդիկ։
Քինգի ճառից երեք ամիս անց՝ 1963թ. նոյեմբերի 20-ին, ավելի քան 100 երկիր ընդունեց ռասայական խտրականության վերացման վերաբերյալ ՄԱԿ-ի դեկլարացիան։ Հետագա տասնամյակներում ողջ աշխարհում համապատասխան քայլեր ձեռնարկվեցին։ Իսկ ի՞նչ եղավ այս ամենի արդյունքը։
2012թ. մարտի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նշեց. «Կան բազմաթիվ պայմանագրեր, ինչպես նաև միջազգային օրակարգեր՝ ազգային ու ռասայական խտրականությունը, քսենոֆոբիան (վախ և հակակրանք օտարազգիների նկատմամբ) կանխելու և վերացնելու նպատակով։ Այնուհանդերձ, ազգային խտրականությունը շարունակում է տառապանք պատճառել միլիոնավոր մարդկանց»։
Թեև որոշ երկրներում ինչ-որ չափով հաջողվել է վերացնել ռասայական խտրականությունը, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք մարդկանց սրտից վերացե՞լ է նախապաշարումը, թե՞ այն թաքնված է մնում։ Ոմանք կարծում են, որ բարեփոխումները միայն օգնում են կանխելու խտրականությունը, բայց ի զորու չեն վերացնելու նախապաշարումը։ Ինչո՞ւ։ Քանի որ խտրականությունը տեսանելի է և օրենքով պատժելի։ Իսկ նախապաշարումը տեսանելի չէ, այն մարդու սրտում է ու մտքում, և դուրս է օրենքի հսկողությունից։
Այդ պատճառով նախապաշարումը վերացնելու համար բավական չէ միայն խտրականության դեմ պայքարել, անհրաժեշտ է փոխել մարդու մտածելակերպն ու վերաբերմունքը։ Արդյո՞ք դա հնարավոր է։ Եթե այո, ապա ինչպե՞ս։ Տեսնենք, թե ոմանք ինչպես են կարողացել փոխել իրենց մտածելակերպը, և ինչն է օգնել նրանց այդ հարցում։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՕԳՆԵՑ ՆՐԱՆՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄԻՑ
Լինդա։ Ծնվել եմ Հարավային Աֆրիկայում։ Ես բոլոր սևամորթներին համարում էի ստորադաս, անկիրթ, անվստահելի մարդիկ և մտածում էի, որ նրանք սպիտակամորթների ծառաներն են։ Առանց գիտակցելու ընկել էի նախապաշարման ծուղակը։ Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ իմ վերաբերմունքը աստիճանաբար փոխվեց։ Իմացա, որ «Աստված կողմնակալ չէ», և որ մարդու սիրտը ավելի կարևոր է, քան մաշկի գույնը կամ լեզուն (Գործեր 10։34, 35; Առակներ 17։3)։ Փիլիպպեցիներ 2։3-ի խոսքերը օգնեցին ինձ հասկանալու, որ եթե մարդկանց ինձանից բարձր համարեմ, կկարողանամ իմ սրտից հանել նախապաշարումը։ Աստվածաշնչյան սկզբունքներով ապրելը մղեց ինձ հետաքրքրվելու ուրիշների բարօրությամբ, անկախ նրանից, թե ինչ մաշկի գույն ունեն նրանք։ Ինձ հաջողվեց ազատվել նախապաշարումից։
Մայքլ։ Մեծացել եմ մի տարածքում, որտեղ հիմնականում ապրում են սպիտակամորթ ավստրալացիներ։ Ես նախապաշարումով էի լցված ասիացիների հանդեպ, հատկապես չինացիների։ Մեքենա վարելիս, երբ հանկարծ ասիացի էի տեսնում, իջեցնում էի պատուհանը ու գոռում՝ «ասիացի՛, երկիրդ գնա»։ Հետագայում, երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, իմացա, թե ինչպես է Աստված վերաբերվում մարդկանց։ Նա սիրում է նրանց, անկախ այն բանից, թե ինչ ազգության են կամ ինչ արտաքին տեսք ունեն։ Դա ինձ անչափ տպավորեց, և իմ ատելությունը սիրո վերածվեց։ Սա իրոք որ մեծ փոփոխություն էր։ Ես լիովին փոխեցի կյանքի նկատմամբ իմ սահմանափակ մտածելակերպը։ Այսօր ես մեծ ուրախություն եմ ապրում՝ տարբեր երկրների ու ազգերի մարդկանց հետ շփվելով։
Սանդրա։ Մայրս Նիգերիայի Դելտա նահանգից էր։ Հայրս Էդո նահանգից է և խոսում է էսան լեզվով, այդ պատճառով հորս ընտանիքը նախապաշարումով էր լցված մորս հանդեպ, նույնիսկ մինչև նրա մահը։ Ուստի ես երդվեցի, որ երբեք չեմ շփվի մեկի հետ, ով խոսում է էսան լեզվով, և երբեք չեմ ամուսնանա նրա հետ, ով Էդո նահանգից է։ Բայց երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, փոխեցի մտածելակերպս։ Քանի որ Սուրբ Գրքում գրված է, որ Աստված կողմնակալ չէ, և նա, ով վախենում է նրանից, ընդունելի է նրան, ո՞վ եմ ես, որ ատեմ որևէ ցեղի կամ լեզվով խոսող մարդու։ Ես փոփոխություններ արեցի և լավ փոխհարաբերություններ հաստատեցի հորս ազգականների հետ։ Կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները՝ դարձա երջանիկ ու ներքին խաղաղություն ձեռք բերեցի։ Դա նաև օգնեց ինձ առանց կանխակալ կարծիքի շփվելու տարբեր ռասայի, լեզվի և ազգության մարդկանց հետ։ Իսկ այն անձնավորությունը, ում հետ ես ամուսնացել եմ, Էդո նահանգից է և խոսում է էսան լեզվով։
Աստվածաշունչը օգնել է այս և ուրիշ շատ մարդկանց ձերբազատվելու նախապաշարումից և ատելությունից, քանի որ այն Աստծու Խոսքն է և ի զորու է փոխելու մարդու մտածելակերպը և վերաբերմունքը։ Այս Գիրքը ցույց է տալիս, թե ուրիշ ինչ է անհրաժեշտ անել նախապաշարմանը վերջ դնելու համար։
ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ Է ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄԸ
Թեև Աստվածաշունչը կարող է օգնել մեզ վերահսկելու և փոխելու մեր մտածելակերպը, սակայն կա երկու բան, որ պետք է վերացվի։ Առաջին՝ մեղքը և մարդկային անկատարությունը։ Աստծու Խոսքն ասում է. «Չկա մի մարդ, որ մեղք չգործի» (1 Թագավորներ 8։46)։ Անկախ նրանից, թե որքան ջանք ենք թափում, միևնույնն է, Պողոսի նման չենք դադարում ներքին պայքար մղելուց։ Նա գրեց. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (Հռոմեացիներ 7։21)։ Ուստի ժամանակ առ ժամանակ մեր անկատար սիրտը կարող է «վնասակար մտքեր» ծնել, որի հետևանքով նախապաշարումը գուցե արմատներ գցի մեր մեջ (Մարկոս 7։21)։
Երկրորդ բանը, որ պետք է վերացվի, Բանսարկու Սատանայի ազդեցությունն է։ Աստվածաշունչը նկարագրում է նրան որպես «մարդասպանի» և ասում է, որ նա «մոլորեցնում է ողջ երկիրը» (Հովհաննես 8։44; Հայտնություն 12։9)։ Դա է պատճառը, որ նախապաշարումը այդքան տարածված է, և մարդկությունը ի զորու չէ պայքարելու խտրականության, ցեղասպանության, ինչպես նաև ռասայական, կրոնական և սոցիալական անհանդուրժողականության դեմ։
Փաստորեն, որպեսզի այլևս նախապաշարում չլինի, պետք է նախ վերանան մեղքը, մարդկային անկատարությունը և Բանսարկու Սատանայի ազդեցությունը։ Աստվածաշունչն ասում է, որ դա իրականացնելու է Աստծու Թագավորությունը։
Հիսուս Քրիստոսը իր հետևորդներին սովորեցրեց Աստծուն այսպես աղոթել. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Աստծու Թագավորության միջոցով անարդարությունը, այդ թվում նաև անհանդուրժողականության և նախապաշարման բոլոր դրսևորումները իսպառ կվերանան։
Երբ Աստծու Թագավորությունը իշխի երկրի վրա, Սատանան «կկապվի», կամ՝ անգործության կմատնվի, որ «այլևս չկարողանա մոլորեցնել ազգերին» (Հայտնություն 20։2, 3)։ Եվ կլինի «նոր երկիր»՝ մարդկային հասարակություն, որում «արդարություն է բնակվելու» * (2 Պետրոս 3։13)։
Նրանք, ովքեր ապրելու են արդար մարդկային հասարակության մեջ, կատարելության կհասնեն և կազատվեն մեղքի ազդեցությունից (Հռոմեացիներ 8։21)։ Որպես Աստծու Թագավորության հպատակներ՝ «նրանք չեն վնասի և ոչինչ չեն ավերի»։ Ինչո՞ւ։ «Որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով» (Եսայիա 11։9)։ Այդ ժամանակ մարդկությունը կսովորի Եհովա Աստծու ճանապարհները և կընդօրինակի նրան։ Նախապաշարմանը վերջ կդրվի, քանի որ «Աստված կողմնապահություն չի անում» (Հռոմեացիներ 2։11)։
^ պարբ. 17 Աստծու Թագավորության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ, 8-րդ և 9-րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։