Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ Աստվածաշնչում ոմանց անունները չեն նշվում

Ինչո՞ւ Աստվածաշնչում ոմանց անունները չեն նշվում

Աստվածաշնչի «Հռութ» գրքում չի նշվում այն մարդու անունը, որը հրաժարվեց կատարել Մովսիսական օրենքով սահմանված իր պարտականությունը։ Նրա անվան փոխարեն գրված է «այսինչ մարդ» (Հռութ 4։1–12)։ Պե՞տք է եզրակացնել, թե աստվածաշնչյան բոլոր այն կերպարները, որոնց անունները չեն նշվում, վատ հատկություններ ունեն կամ կարևոր անձնավորություն չեն։

Ո՛չ։ Տեսնենք մեկ այլ օրինակ։ Պասեքի վերջին ընթրիքը պատրաստելու համար Հիսուսն իր աշակերտներին ուղարկեց քաղաք «այսինչ մարդու մոտ», որպեսզի ընթրիքի պատրաստությունը նրա տանը տեսնեն (Մատթեոս 26։18)։ Ճիշտ կլինի՞ մտածել, թե այդ մարդը վատն էր կամ այնքան աննշան, որ արժանի չէր, որ նրա անունը նշվեր։ Բոլորովի՛ն։ «Այսինչ մարդը», անշուշտ, Հիսուսի հետևորդներից էր։ Նրա անունը չի գրվել, քանի որ այդ մանրամասնությունը կարևոր չի եղել։

Աստվածաշնչում գրված են բազմաթիվ չար անձնավորությունների անուններ։ Սակայն այնտեղ կարող ենք կարդալ նաև հավատարիմ շատ մարդկանց մասին, որոնց անունները նշված չեն։ Օրինակ՝ Եվայի՝ առաջին կնոջ անունը շատերին է հայտնի։ Բայց նա, եսասիրաբար վարվելով, անհնազանդ եղավ Աստծուն և Ադամին էլ դրդեց մեղքի, ինչի հետևանքները կրում ենք բոլորս (Հռոմեացիներ 5։12)։ Իսկ Նոյի կնոջ անունը Աստվածաշունչը չի նշում, չնայած որ նա անձնազոհ էր ու հնազանդ և աջակցում էր իր ամուսնուն շատ կարևոր գործում։ Սակայն դա չի նշանակում, թե նա աննշան մարդ էր կամ Աստծու հավանությունը չուներ։

Աստվածաշնչում գրված է ուրիշ շատերի մասին էլ, որոնք կարևոր դեր են խաղացել Եհովայի նպատակների կատարման մեջ, որոնց անունները, սակայն, նշված չեն։ Օրինակ՝ հիշիր գերի ընկած այն իսրայելացի փոքրիկ աղջկան, որը ծառայում էր ասորիների զորագլուխ Նեեմանի տանը և որը քաջությամբ խոսեց իր տիրուհու հետ Եհովայի մարգարեի մասին, ինչի արդյունքում Նեեմանը հրաշքով բուժվեց իր հիվանդությունից (2 Թագավորներ 5։1–14)։ Մեկ այլ օրինակ է իսրայելացի դատավոր Հեփթայեի աղջիկը, որը առանձնահատուկ հավատ դրսևորեց՝ հոժարակամորեն հրաժարվելով ամուսնանալու և երեխաներ ունենալու հեռանկարից, որպեսզի կատարի իր հոր երդումը (Դատավորներ 11։30–40)։ Նաև նշված չեն ավելի քան քառասուն սաղմոսներ գրի առնողների անունները, ինչպես նաև որոշ մարգարեների, որոնք հավատարմորեն կատարել են իրենց կարևոր հանձնարարությունները (1 Թագավորներ 20։37–43

Ամենատպավորիչը հավատարիմ հրեշտակների օրինակն է։ Հարյուր միլիոնավոր հրեշտակներ գոյություն ունեն, սակայն մեզ հայտնի են միայն երկուսի անունները՝ Գաբրիել և Միքայել (Դանիել 7։10; Ղուկաս 1։19; Հուդա 9)։ Մյուսների անունները Աստվածաշնչում չենք գտնում։ Օրինակ՝ Սամսոնի հայրը՝ Մանուեն, հարցրեց մի հրեշտակի. «Ի՞նչ է քո անունը, որ երբ քո խոսքը կատարվի, պատվենք քեզ»։ Հրեշտակը պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Նա համեստորեն հրաժարվեց պատիվ ընդունելուց, որին արժանի է միայն Աստված (Դատավորներ 13։17, 18

Աստվածաշունչը չի բացատրում, թե ինչու որոշ դեպքերում անունները նշվում են, իսկ որոշ դեպքերում՝ ոչ։ Սակայն կարող ենք շատ բան սովորել Աստծուն հավատարիմ անձնավորություններից, որոնք անշահախնդրորեն ծառայել են նրան՝ առանց հռչակ ու ճանաչում ձեռք բերելու նպատակի։