Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճշմարտության երեք որոնողներ 16-րդ դարում. ի՞նչ գտան նրանք

Ճշմարտության երեք որոնողներ 16-րդ դարում. ի՞նչ գտան նրանք

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆՆ ինչ է»։ Հռոմեական կառավարիչ Պոնտացի Պիղատոսը, որը առաջին դարում ղեկավարում էր Հրեաստանում, այս հարցը տվեց Հիսուսին, նրան, ով հարցաքննվում էր իր առաջ (Հովհաննես 18։38)։ Իրականում, Պիղատոսը չէր որոնում ճշմարտությունը։ Ընդհակառակը՝ այդ հարցը բացահայտեց նրա սկեպտիկ տրամադրվածությունը և ցինիկ վերաբերմունքը։ Ակնհայտ է, որ Պիղատոսի համար ճշմարտությունը այն էր, ինչին անհատը նախընտրում էր հավատալ, կամ ինչին նրան սովորեցրել էին հավատալ. չկար որևէ ձև՝ որոշելու, թե ինչ է ճշմարտությունը։ Այսօր շատերը նույն կարծիքն ունեն։

16-րդ դարում Եվրոպայում եկեղեցի հաճախողները երկընտրանքի առաջ կանգնեցին, թե ինչը համարել ճշմարտություն։ Նրանց մեջ փոքրուց հավատ էին սերմանել քահանայի գերագույն իշխանության ու եկեղեցու այլ ուսմունքների հանդեպ։ Սակայն Ռեֆորմացիան, որն այդ ժամանակ արագ տարածվում էր Եվրոպայում, նոր գաղափարներ առաջ քաշեց։ Ուստի ինչի՞ն նրանք պետք է հավատային։ Ինչպե՞ս կարող էին որոշել, թե ինչ է ճշմարտությունը։

Այդ ընթացքում երեք տղամարդիկ, շատերի նման, վճռեցին որոնել ճշմարտությունը *։ Ինչպե՞ս նրանք որոշեցին, թե ինչն է ճշմարիտ, ինչը՝ կեղծ։ Եվ ի՞նչ բացահայտեցին։ Տեսնենք։

«ԹՈՂ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ.... ՄԻՇՏ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ»

Վոլֆգանգ Կապիտոն երիտասարդ տղամարդ էր, որը խորապես արմատավորված կրոնական համոզմունքներ ուներ։ Նա ուսումնասիրում էր բժշկություն, օրենք և աստվածաբանություն։ 1512թ.-ին Կապիտոն դարձավ ծխական քահանա, իսկ հետո՝ Մայնցի արքեպիսկոպոսի օգնական։

Սկզբում Կապիտոն փորձեց մեղմել ռեֆորմատորների նախանձախնդրությունը, որոնց քարոզածը հակառակ էր կաթոլիկ դավանանքին։ Շուտով, սակայն, ինքը սկսեց թիկունք կանգնել բարեփոխումներին։ Ի՞նչ արեց նա։ Տարբեր ուսմունքների առաջ կանգնելիս Կապիտոն կարծում էր, որ «լավագույն աղբյուրը, որով կարելի էր դատել իրենց քարոզի մասին, Աստվածաշունչն էր, քանի որ միայն դա էր հուսալի»,— գրում է պատմաբան Ջեյմս Մ. Քիտելսոնը։ Այդպիսով Կապիտոն եզրակացրեց, որ գոյափոխության և սրբերի պաշտամունքի վերաբերյալ եկեղեցու ուսմունքները հիմնված չէին Սուրբ Գրքի վրա (տե՛ս « Տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին» շրջանակը)։ 1523թ.-ին թողնելով արքեպիսկոպոսի մոտ զբաղեցրած իր բարձր պաշտոնը՝ նա հաստատվեց Ստրասբուրգում, որն այդ ժամանակ կրոնական ռեֆորմների կենտրոնն էր։

Ստրասբուրգում Կապիտոյի տունը դարձավ այն վայրը, որտեղ հավաքվում էին կրոնական այլախոհները և, անկասկած, քննարկում կրոնական շատ հարցեր և աստվածաշնչյան ուսմունքներ։ Թեև որոշ ռեֆորմատորներ դեռևս առաջ էին տանում Երրորդության  ուսմունքը, սակայն ըստ «Արմատական Ռեֆորմացիա» գրքի՝ Կապիտոյի գրվածքները «լռում են Երրորդության ուսմունքի մասին» (The Radical Reformation)։ Ինչո՞ւ։ Կապիտոյին տպավորել էր այն, թե ինչպես էր իսպանացի աստվածաբան Միգել Սերվետոսը սուրբգրային համարների միջոցով հերքում Երրորդությունը *։

Երրորդությունը մերժելը կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ, ուստի Կապիտոն զգուշանում էր իր կարծիքը բացեիբաց արտահայտելուց։ Սակայն նրա գրվածքները ենթադրում են, որ նա մտերմիկ շրջանակներում կասկածի էր ենթարկել Երրորդության ուսմունքը անգամ Սերվետոսին հանդիպելուց առաջ։ Կաթոլիկ քահանաներից մեկը հետագայում գրեց, որ Կապիտոն և նրա ընկերները «առանձին շարունակեցին քննարկել կրոնական ամենախորհրդավոր առեղծվածները [և] մերժեցին Ամենասուրբ Երրորդության խորհուրդը»։ Մեկ դար անց Երրորդության ուսմունքը մերժող ականավոր գրողների ցանկում Կապիտոյի անունը առաջինն էր նշված։

Վոլֆգանգ Կապիտոն կարծում էր, որ «Աստվածաշունչն անտեսելը» եկեղեցու գլխավոր սխալն էր

Կապիտոն հավատում էր, որ Սուրբ Գիրքը ճշմարտության աղբյուրն է։ «Թող Աստվածաշունչը և Քրիստոսի օրենքը միշտ հեղինակություն լինեն աստվածաբանության մեջ»,— ասել է նա։ Ըստ դոկտոր Քիտելսոնի՝ Կապիտոն «պնդում էր, որ սխոլաստիկ աստվածաբանների ամենամեծ սխալը Աստվածաշունչն անտեսելն էր»։

Աստծու Խոսքից ճշմարտությունը իմանալու այս անկեղծ ցանկությունը ուներ նաև Մարտին Սելարիուսը (նաև հայտնի է Մարտին Բորհաուս անունով)՝ երիտասարդ, որը 1526թ.-ին բնակություն հաստատեց Կապիտոյի տանը։

«ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈՒ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ»

Մարտին Սելարիուսի գրքի անվանաէջը, որում նա եկեղեցական ուսմունքները համեմատում էր Աստվածաշնչի հետ

Սելարիուսը ծնվել էր 1499թ.-ին։ Նա աստվածաբանության և փիլիսոփայության ժրաջան ուսանող էր, որը սկսեց դասավանդել Վիտենբերգում (Գերմանիա)։ Քանի որ Վիտենբերգը Ռեֆորմացիայի օրրանն էր, Սելարիուսը շուտով ծանոթացավ Մարտին Լյութերի և ուրիշների հետ, որոնք ցանկանում էին բարեփոխել եկեղեցական ուսմունքները։ Ինչպե՞ս Սելարիուսը կարող էր տարբերել մարդկային գաղափարախոսությունները աստվածաշնչյան ճշմարտությունից։

Ըստ «Ուսուցանել Ռեֆորմացիա» գրքի՝ Սելարիուսը հավատում էր, որ ճիշտ հասկացողություն կարելի է ձեռք բերել «Աստվածաշունչը ժրաջանորեն ընթերցելու, դրանում գրվածները հաճախակի իրար հետ համեմատելու և աղոթելու շնորհիվ, որին ուղեկցում է զղջումը» (Teaching the Reformation)։ Ի՞նչ բացահայտեց նա՝ քննելով Սուրբ Գիրքը։

1527թ. հուլիսին Սելարիուսը իր բացահայտումները հրապարակեց մի գրքում (On the Works of God)։ Նա գրեց, որ եկեղեցու խորհուրդները, օրինակ՝ գոյափոխությունը, միանգամայն խորհրդանշական են։ Համաձայն պրոֆեսոր Ռոբին Բարնզի՝ Սելարիուսի գրքում նաև «ներկայացվում էր սուրբգրային մարգարեությունների մեկնությունը, ըստ որի՝ աղետների ու տառապանքի գալիք ժամանակահատվածին հետևելու էր համընդհանուր վերականգնումը» (2 Պետրոս 3։10–13

Հատկապես ուշագրավ էին Հիսուս Քրիստոսի էության վերաբերյալ Սելարիուսի հակիրճ նկատառումները։ Թեև նա ուղղակիորեն չէր հերքում Երրորդությունը, սակայն «երկնային Հորը» զատում էր «իր Որդի Հիսուս Քրիստոսից» ու գրում, որ Հիսուսը բազմաթիվ աստվածներից և ամենակարող Աստծու որդիներից մեկն էր (Հովհաննես 10։34, 35

Իր գրքում Ռոբերտ Ուոլեսը նշել է, որ Սելարիուսի գրվածքները չէին հետևում Երրորդության ուղղափառ վարդապետությանը, որն ընդունված էր 16-րդ դարում (Antitrinitarian Biography, 1850) *։ Ուստի որոշ գիտնականներ եզրակացնում են, որ Սելարիուսը  հավանաբար մերժում էր Երրորդության ուսմունքը։ Նրան նկարագրել են որպես այն միջոցներից մեկը, որով Աստված «արմատավորել է գիտելիքները ճշմարիտ Աստծու և Քրիստոսի մասին»։

ՀՈՒՅՍ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՆԴԵՊ

Մոտ 1527թ.-ին Վիտենբերգը տուն դարձավ նաև աստվածաբան Յոհաննես Կամպանուսի համար, որը համարվում էր իր օրերի մեծագույն գիտնականներից մեկը, թեև կրոնական բարեփոխումների կիզակետում նա սկսեց հիասթափվել Մարտին Լյութերի ուսմունքներից։ Ինչո՞ւ։

Կամպանուսը հակառակվում էր թե՛ գոյափոխության, թե՛ համագոյության գաղափարներին *։ Հեղինակ Անդրե Սեյգենիի խոսքերով՝ նա հավատում էր, որ «որպես սուբստանցիա՝ Հացը միշտ հաց է մնում, բայց որպես հաղորդություն՝ այն խորհրդանշաբար ներկայացնում է Քրիստոսի մարմինը»։ 1529թ.-ին Մարբուրգում տեղի ունեցավ մի հանդիպում, որը կոչվեց «Մարբուրգյան զրույց կրոնի մասին»։ Դրա նպատակը այս հարցերը քննարկելն էր, սակայն հանդիպման ընթացքում Կամպանուսին թույլ չտրվեց հայտնելու այն, ինչ իմացել էր Աստվածաշնչից։ Հանդիպումից հետո Վիտենբերգի մյուս ռեֆորմատորները խուսափում էին նրանից։

Իր «Վերականգնում» գրքում Յոհաննես Կամպանուսը կասկածի ենթարկեց Երրորդության ուսմունքը

Ռեֆորմատորներին հատկապես վրդովեցնում էին Կամպանուսի հավատալիքները Հոր, Որդու և սուրբ ոգու մասին։ Իր «Վերականգնում» գրքում (Restitution, 1532թ.) նա սովորեցնում էր, որ Հիսուսն ու իր Հայրը երկու առանձին անձնավորություններ են։ Նա բացատրում էր, որ Հայրն ու Որդին «մի են» այնպես, ինչպես որ ամուսնու և կնոջ մասին է ասվում, որ նրանք «մեկ մարմին» են, այսինքն՝ միավորված են, բայց երկու անձնավորություն են (Հովհաննես 10։30; Մատթեոս 19։5)։ Կամպանուսը նշում էր, որ Աստվածաշունչը գործածում է նույն օրինակը՝ ցույց տալու համար, որ Հայրը իշխանություն ունի Որդու վրա։ Այնտեղ ասվում է. «Կնոջ գլուխը տղամարդն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1 Կորնթացիներ 11։3

Իսկ ի՞նչ ասաց Կամպանուսը սուրբ ոգու մասին։ Նա նորից դիմեց Աստվածաշնչին՝ գրելով. «Սուրբգրային ոչ մի համարով չի կարելի փաստել, որ սուրբ ոգին երրորդ անձնավորությունն է.... Աստծու ոգին ներկայացվում է գործողության մեջ այն իմաստով, որ Նա պատրաստում և իրագործում է ամեն բան իր ոգեղեն ուժի միջոցով ու գործունեություն ծավալելով» (Ծննդոց 1։2

Լյութերը Կամպանուսին անվանեց Աստծուն հայհոյող և Աստծու Որդու հակառակորդ։ Մեկ ուրիշ ռեֆորմատոր կոչ արեց, որ Կամպանուսը մահապատժի ենթարկվի։ Սակայն դա չվախեցրեց վերջինիս։ Համաձայն «Արմատական Ռեֆորմացիա» գրքի՝ «Կամպանուսը համոզված էր, որ Եկեղեցու անկման պատճառը Աստվածության և տղամարդու վերաբերյալ այս հասկացողության կորուստն էր, որը ծագումով առաքելական էր և աստվածաշնչյան» (The Radical Reformation)։

Կամպանուսը երբեք կրոնական խմբավորում ստեղծելու նպատակ չէր ունեցել։ «Աղանդների և բոլոր հերետիկոսների մեջ» նա ապարդյուն որոնում էր ճշմարտությունը։ Նա հույս ուներ, որ կաթոլիկ եկեղեցին կվերականգներ ճշմարիտ քրիստոնեական ուսմունքը։ Սակայն ի վերջո կաթոլիկ իշխանությունները ձերբակալեցին Կամպանուսին, ու թերևս մոտ 20 տարի նա անցկացրեց բանտում։ Պատմաբանները կարծում են, որ Կամպանուսը մահացավ մոտ 1575-ին։

 «ՀԱՎԱՍՏԻԱՑԵՔ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ»

Ջանասիրաբար ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ Կապիտոն, Սելարիուսը, Կամպանուսը և ուրիշներ կարողացան զատել ճշմարտությունը կեղծիքից։ Թեև ճշմարտություն որոնողների ոչ բոլոր եզրակացություններն էին լիովին ներդաշնակ Աստվածաշնչին, այս մարդիկ խոնարհաբար քննում էին Սուրբ Գիրքը և թանկ գնահատում իրենց սովորած ճշմարտությունը։

Պողոս առաքյալը իր հավատակիցներին հորդորեց. «Հավաստիացեք ամեն ինչում, կառչեք բարուն» (1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։ Որպեսզի օգնեն քեզ ճշմարտությունը որոնելու ճանապարհին, Եհովայի վկաները հրատարակել են մի գիրք, որն ունի համապատասխան վերնագիր՝ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Անվճար օրինակ ստանալու համար տե՛ս այս ամսագրի 16-րդ էջը կամ այցելիր մեր վեբ կայք՝ www.mr1310.com/hy-armn։

^ պարբ. 4 Տե՛ս «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքի՝ «Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը» շրջանակը, էջ 44։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 8 Տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2006թ. մայիսի համարի՝ «Միգել Սերվետոս. ճշմարտության որոնումներում» հոդվածը (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 17 Ինչ վերաբերում է այն բանին, որ Սելարիուսը Քրիստոսի հետ կապված գործածել է «աստված» բառը, գրքում նշված է. «Տպագրված է deus և ոչ թե Deus, քանի որ վերջինս գործածվում է միայն բարձրյալ Աստծու առնչությամբ»։

^ պարբ. 20 Համագոյությունը Լյութերի ուսմունքն է, ըստ որի՝ հացն ու գինին «գոյակցում են» Քրիստոսի մարմնի ու արյան հետ միասին Տիրոջ ընթրիքի ժամանակ։