Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՔՈ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ծանր աշխատանք. ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը

Ծանր աշխատանք. ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը

Ալեքսը, որն աշխատում է մի բեռնափոխադրման ընկերությունում, ծանր հոգոց հանելով՝ արկղը դնում է բեռնատար մեքենայի մեջ և ինքն իրեն ասում. «Ի՞նչ եմ գտել այս գործի մեջ, չէ՞ որ այստեղ առաջ գնալու հնարավորություն չկա։ Վերջապես ե՞րբ եմ հաջողության հասնելու։ Կյանքս ավելի ուրախ կլիներ, եթե ստիպված չլինեի աշխատել»։

Ալեքսի նման՝ այսօր շատերը ուրախություն չեն ստանում ծանր աշխատանքից։ Ահարոն անունով մի ավտոմեխանիկ ասում է. «Շատ մարդիկ «ցածրակարգ» աշխատանք անելը նվաստացուցիչ են համարում։ Նրանք մտածում են. «Այս գործը կանեմ, մինչև ուրիշ ավելի լավ աշխատանք գտնեմ»»։

Ինչո՞ւ են շատերը մտածում, որ ծանր աշխատանքը իրենց համար չէ։ Թերևս նրանց վրա ազդում են լրատվական միջոցները, որոնք հաճախ ներկայացնում են, թե «իդեալական» ապրելակերպը ճոխ ու հեշտ կյանքն է։ Տեխսպասարկման մի աշխատող՝ Մեթյու անունով, ասում է. «Մարդիկ մտածում են, որ եթե ապրուստդ վաստակելու համար ստիպված ես տքնաջան աշխատել, ուրեմն կյանքում հաջողության չես հասել»։ Շեյնը, որը մաքրության գործ է անում, ասում է. «Այսօր մարդիկ չեն ցանկանում լրիվ օրով աշխատել, թեև ցանկանում են լրիվ օրվա աշխատավարձ ստանալ»։

Սակայն բազմաթիվ մարդիկ, ովքեր հաջողության են հասել, ուրախություն են ստանում ծանր աշխատանքից։ Դանիել անունով 25-ամյա մի երիտասարդ, որն աշխատում է շինարարության ոլորտում, ասում է. «Ծանր աշխատանքը մեծ բավականություն է պատճառում, հատկապես երբ այն կարևոր նպատակի է ծառայում»։ Իսկ 23-ամյա Անդրեն ասում է. «Իմ կարծիքով՝ ուրախությունն ու բավարարվածության զգացումը ուղղակիորեն կապ ունեն աշխատանքի հետ։ Քիչ աշխատող մարդը ապրում է ոչ թե հարատև երջանկության, այլ հարատև ձանձրույթի մեջ»։

Իսկ ինչպե՞ս են շատերը կարողացել, Դանիելի և Անդրեի պես, դրական մտածելակերպ ունենալ ծանր աշխատանքի հանդեպ։ Նրանք իրենց կյանքում կիրառել են աստվածաշնչյան սկզբունքները։ Աստվածաշունչը հորդորում է լինել աշխատասեր և հաստատակամ։ Ավելին, այն օգնում է իմանալու, թե ինչպես է հնարավոր ուրախություն ստանալ աշխատանքից։

Ո՞ր աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ բավականություն ստանալու աշխատանքից։ Հաջորդ հոդվածում քննարկվում է մի քանի սկզբունք։