ՄԱՍ 6
Հոբը անարատ է մնում
Սատանան հարցականի տակ դրեց Հոբի անարատությունը, սակայն Հոբը հավատարիմ մնաց Եհովային։
ԱՐԴՅՈ՞Ք մարդը հավատարիմ կմնա Աստծուն, եթե մինչև վերջ փորձվի և ոչ մի նյութական օգուտ չունենա հնազանդ մնալուց։ Այս հարցը բարձրացվեց Հոբ անունով մի մարդու առնչությամբ, և դրան պատասխան տրվեց։
Երբ իսրայելացիները դեռ Եգիպտոսում էին, Աբրահամի ազգական Հոբը ապրում էր ներկայիս Արաբիայի տարածքում։ Մի անգամ հրեշտակները, որոնց թվում էր նաև Սատանան, հավաքվել էին Աստծու առաջ։ Եհովան հավաքվածների ուշադրությունը հրավիրեց իր ծառա Հոբի նվիրվածության վրա և ասաց, որ երկրի վրա նրա նման անարատ մարդ չկա։ Բայց Սատանան պնդեց, թե Հոբը ծառայում է Աստծուն, քանի որ վերջինս օրհնում ու պաշտպանում է նրան։ Նա նաև ասաց, որ եթե Հոբը ամեն ինչ կորցնի, ապա կանիծի Աստծուն։
Աստված թույլ տվեց, որ Սատանան Հոբին զրկի նախ՝ իր ողջ ունեցվածքից, հետո՝ երեխաներից, իսկ վերջում՝ առողջությունից։ Հոբը տեղյակ չէր, որ այս ամենի հետևում Սատանան էր կանգնած, ուստի չէր կարողանում հասկանալ, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ ինքը նման փորձությունների միջով անցնի։ Չնայած այս ամենին՝ նա երբեք երես չթեքեց Աստծուց։
Հոբի երեք կեղծ ընկերները եկան նրան մխիթարելու։ «Հոբ» գրքում կարդում ենք, թե ինչպես են նրանք բազում խոսքերով փորձում համոզել նրան, որ Աստված պատժում է իրեն իր գաղտնի մեղքերի համար։ Նրանք նույնիսկ պնդում էին, որ Աստված չի հավանում ու չի վստահում իր ծառաներին։ Հոբը չհամաձայնվեց նրանց սխալ դատողությունների հետ։ Նա համոզվածությամբ ասաց, որ մինչև մահ կպահի իր անարատությունը։
Սակայն Հոբը սխալ վարվեց՝ չափից շատ կենտրոնանալով ինքն իրեն արդարացնելու վրա։ Եղիուս անունով մի երիտասարդ, ով համբերությամբ լսում էր նրանց զրույցը, ի վերջո խոսեց։ Նա ուղղեց Հոբի մտածելակերպը՝ ցույց տալով, որ Աստծու գերիշխանության արդարացումը շատ ավելի կարևոր է, քան որևէ մարդու արդար լինելը։ Եղիուսը խստորեն հանդիմանեց Հոբի կեղծ ընկերներին։
Այնուհետև Եհովա Աստված, խոսելով Հոբի հետ, շտկեց նրա մտածելակերպը։ Հոբի ուշադրությունը հրավիրելով արարչագործության հրաշքների վրա՝ Եհովան նրան ցույց տվեց, թե Աստծու մեծության համեմատ որքան աննշան է մարդ արարածը։ Հոբը խոնարհաբար ընդունեց Աստծու խրատը։ Եհովան, ով «անչափ գորովալից է ու ողորմած», բուժեց Հոբին, վերականգնեց ու կրկնապատկեց նրա ունեցվածքը և օրհնեց նրան՝ տալով տասը երեխա (Հակոբոս 5։11)։ Ծանր փորձությունների ներքո հավատարիմ մնալով՝ Հոբը պատասխան տվեց Սատանայի բարձրացրած այն հարցին, թե մարդը փորձությունների բախվելիս հավատարիմ չի մնա Աստծուն։
Հիմնված է «Հոբ» գրքի վրա։