Վատ բան կա՞ պատահական սեքսի մեջ
ԳԼՈՒԽ 26
Վատ բան կա՞ պատահական սեքսի մեջ
«Տղաները փորձում են աղջիկներ «կպցնել» միայն նրա համար, որ տեսնեն, թե որքան հեռու կարող են «գնալ» ու քանի հոգու հետ կարող են սեքսով զբաղվել» (Փենի)։
«Տղաները բացեիբաց խոսում են այդ թեմայով։ Նրանք պարծենում են, որ թեև ունեն ընկերուհի, սակայն սեքսով են զբաղվում նաև ուրիշ աղջիկների հետ» (Էդուարդ)։
ՇԱՏ երիտասարդներ այսօր պարծենում են, որ պատահական սեքսով են զբաղվում՝ առանց էմոցիոնալ որևէ կապվածություն ունենալու։ Ոմանք անգամ ծանոթներ ունեն, որոնց հետ կարող են սեքսով զբաղվել ու չմտածել հարաբերությունների հետագա զարգացման մասին։
Մի՛ զարմացիր, եթե նկատես, որ քո մեջ նման ցանկություն է առաջանում (Երեմիա 17։9)։ Էդուարդը, որի խոսքերը մեջբերվեցին վերևում, ասում է. «Շատ աղջիկներ են ինձ առաջարկում սեքսով զբաղվել։ Նրանց մերժելը ամենադժվար փորձությունն է, որ ես՝ որպես քրիստոնյա, դիմագրավում եմ։ Հեշտ չէ «ո՛չ» ասել»։ Աստվածաշնչյան ի՞նչ սկզբունքներ պետք է հիշես, երբ քեզ առաջարկում են զբաղվել սեքսով։
Հասկացի՛ր, թե ինչու է պատահական սեքսը սխալ
Պոռնկությունն այնքան լուրջ մեղք է, որ դրանով զբաղվողները «Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Եվ դա ճշմարտություն է, անկախ նրանից՝ տղան ու աղջիկը «սիրահարված» են, թե պարզապես պատահական սեքսով են զբաղվում։ Որպեսզի չտրվես սեքսով զբաղվելու գայթակղությանը, պետք է Եհովայի տեսակետն ունենաս դրա վերաբերյալ։
«Ես վստահ եմ, որ Եհովայի ճանապարհով քայլելը կյանքի լավագույն ուղին է» (Քերըն, Կանադա)։
«Հիշիր, որ դու մեկի որդին ես կամ դուստրը, շատերի ընկերը և ժողովի անդամ։ Այդ բոլոր մարդկանց հիասթափություն կպատճառես, եթե տրվես գայթակղությանը» (Պիտեր, Մեծ Բրիտանիա)։
Պոռնկության վերաբերյալ Եհովայի տեսակետը ունենալով՝ կկարողանաս «ատել չարությունը», նույնիսկ եթե այն հաճելի է քեզ (Սաղմոս 97։10)։
Առաջարկում ենք ընթերցել Ծննդոց 39։7–9-ը։ Ուշադրություն դարձրու, թե Հովսեփն ինչպես համարձակորեն դիմադրեց սեռական հարաբերության մեջ մտնելու գայթակղությանը և թե ինչն օգնեց նրան այդպես վարվելու։
Հպարտացի՛ր քո համոզմունքներով
Սովորաբար երիտասարդները թիկունք են կանգնում և պաշտպանում են այն, ինչին հավատում են։ Որպես քրիստոնյա՝ դու առանձնաշնորհում ունես քո օրինակելի վարքով պաշտպանելու
Աստծու սկզբունքները։ Մի՛ ամաչիր, որ մինչամուսնական սեքսի հարցում զիջումների չես գնում։«Թող բոլորը հենց սկզբից հստակ իմանան, որ բարոյական սկզբունքներով ես ապրում» (Ալեն, Գերմանիա)։
«Մեր դասարանի տղաները գիտեին, թե ով եմ ես, և լավ հասկանում էին, որ իզուր ժամանակ են կորցնելու ինձ վրա» (Վիկի, Միացյալ Նահանգներ)։
Համոզմունքներդ պաշտպանելը հասուն քրիստոնյա դառնալու նշան է (1 Կորնթացիներ 14։20)։
Առաջարկում ենք ընթերցել Առակներ 27։11-ը։ Մտածիր, թե ինչպես կարող ես քո լավ արարքներով ուրախացնել Եհովայի սիրտը։
Հաստատակա՛մ եղիր
Կարևոր է «ո՛չ» ասել։ Սակայն ոմանք կարող են սխալ հասկանալ քո մերժումը՝ մտածելով, թե դու «ձևեր ես թափում»։
«Քեզ հետ կապված ամեն ինչ՝ ինչպես ես հագնվում, ինչպես ես խոսում, ում հետ ես խոսում, ինչպես ես շփվում մարդկանց հետ, պետք է ցույց տա, որ մերժում ես նման առաջարկները» (Ջոյ, Նիգերիա)։
«Դու պետք է պարզ ասես, որ այդպիսի բան երբեք չի լինի։ Երբեք նվերներ մի՛ ընդունիր այն տղաներից, ովքեր սեքսով զբաղվելու առաջարկություն են անում քեզ։ Եթե ընդունես, նրանք դա կօգտագործեն քո դեմ՝ մտածելով, որ ինչ-որ բան ես պարտք նրանց» (Լարա, Մեծ Բրիտանիա)։
Եհովան կօգնի քեզ, եթե վճռական լինես։ Ելնելով անձնական փորձից՝ սաղմոսերգու Սաղմոս 18։25)։
Դավիթը կարող էր Եհովայի մասին ասել. «Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում» (Առաջարկում ենք ընթերցել 2 Տարեգրություն 16։9-ը։ Ուշադրություն դարձրու, թե որքան շատ է Եհովան ցանկանում օգնել նրանց, ովքեր ուզում են անել այն, ինչ ճիշտ է։
Հեռատե՛ս եղիր
Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22։3)։ Ինչպե՞ս կարող ես հետևել այս խորհրդին. հեռատես լինելով։
«Հնարավորինս հեռու մնա այն մարդկանցից, ովքեր խոսում են նման թեմաների շուրջ» (Նաոմի, Ճապոնիա)։
«Քո մասին ինֆորմացիա մի՛ տուր, օրինակ՝ հեռախոսիդ համարը կամ տանդ հասցեն» (Դայանա, Մեծ Բրիտանիա)։
Ուշադրություն դարձրու քո խոսքին, վարքին, ընկերակցությանը և թե ուր ես հաճախ գնում։ Ապա հարցրու ինքդ քեզ. «Ինձ պահո՞ւմ եմ այնպես, որ հակառակ սեռի անհատը հասկանա, թե «հրավիրում եմ» սեքսով զբաղվելու»։
Առաջարկում ենք ընթերցել Ծննդոց 34։1, 2-ը։ Ուշադրություն դարձրու, թե սխալ վայրում գտնվելը ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ Դինայի համար։
Հիշիր, որ Եհովան շատ լուրջ է վերաբերվում այն բանին, երբ մարդիկ պատահական սեքսով են զբաղվում։ Ուստի դու նույնպես պետք է այդպիսի տեսակետ ունենաս։ Ճիշտը անելով՝ կարող ես խիղճդ մաքուր պահել և ինքնահարգանքի զգացում ունենալ։ Քարլի անունով մի աղջիկ ասաց. «Ինչո՞ւ թույլ տաս, որ ինչ-որ մեկը քեզ «օգտագործի» իր րոպեական հաճույքի համար։ Պահպանիր այն, ինչն ունենալու համար մեծ ջանքեր ես ներդրել»։
Ինչպիսի՞ աղջիկների են տղաները հավանում։ Գուցե զարմանաս՝ կարդալով հաջորդ գլուխը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Ամեն ինչ արեք, որ ի վերջո [Աստված] ձեզ գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ» (2 Պետրոս 3։14)։
ԱՌԱՋԱՐԿ
Լավ հատկություններ զարգացրու (1 Պետրոս 3։3, 4)։ Որքան լավ մարդ լինես, այնքան ավելի լավ մարդկանց կձգես դեպի քեզ։
ԳԻՏԵԻ՞Ր
Եհովան ուզում է, որ դու ամուսնության մեջ վայելես սեռական հարաբերությունները, քանի որ նա մեզ այդպես է ստեղծել։ Այդ դեպքում չես ունենա անհանգստություններ, անապահովության զգացում և չես զղջա, ինչը հաճախ պատահում է պոռնկություն գործելու դեպքում։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Բարոյական մաքրություն պահելու համար ես Հովսեփի նման վճռական կլինեմ, եթե ․․․․․
Ես կխուսափեմ Դինայի սխալը կրկնելուց, եթե ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ է ոչ օրինական սեքսը սխալ, թեև այն գուցե հաճելի է։
● Ի՞նչ կանես, եթե որևէ մեկը քեզ առաջարկի սեքսով զբաղվել։
[մեջբերում 185-րդ էջի վրա]
«Ուժե՛ղ եղիր։ Երբ մի երիտասարդ անպարկեշտ առաջարկ արեց ինձ, ես ասացի՝ ձեռքդ քաշի՛ր ուսիցս, և խիստ հայացք նետելով՝ հեռացա» (Էլեն)։
[նկար 187-րդ էջի վրա]
Երբ պատահական սեքսով ես զբաղվում, էժանացնում ես քեզ