Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 9

«Աստված կողմնակալ չէ»

«Աստված կողմնակալ չէ»

Աշակերտները սկսում են քարոզել անթլփատ այլազգիներին

Գործեր 10։1-11։30

1-3. Պետրոսն ի՞նչ տեսիլք տեսավ, և ինչո՞ւ է կարևոր հասկանալ դրա նշանակությունը։

 Մ.Թ. 36 թվականն է՝ աշնանային արևոտ մի օր։ Պետրոսը Հոպպեի տներից մեկի տանիքում աղոթում է։ Արդեն մի քանի օր է, ինչ առաքյալը հյուր է այնտեղ։ Այն, որ Պետրոսը մնում է այդ տանը, ցույց է տալիս, որ նա անկողմնակալ անձնավորություն է։ Տան տերը կաշեգործ Սիմոնն է։ Ամեն հրեա չէ, որ նրա տուն հյուր կգա, քանի որ հրեաները խուսափում են կաշեգործներից։ a Սակայն Պետրոսը Եհովայի անկողմնակալության մասին մի կարևոր դաս ունի սովորելու։

2 Աղոթքի ժամանակ Պետրոսը մի այնպիսի տեսիլք է տեսնում, որը կմտահոգեր ցանկացած հրեայի։ Կտավի պես մի աման է իջնում երկնքից, որը լի է Օրենքի տեսանկյունից անմաքուր կենդանիներով։ Ապա Պետրոսին ասվում է, որ մորթի դրանք և ուտի։ Սակայն վերջինս պատասխանում է. «Ես երբեք պիղծ ու անմաքուր բան չեմ կերել»։ Նրան երեք անգամ հետևյալն է ասվում. «Ինչ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ անվանիր» (Գործ. 10։14-16)։ Պետրոսն ընկնում է շփոթության մեջ։ Բայց դա երկար չի տևում։

3 Ի՞նչ էր նշանակում այդ տեսիլքը։ Այս հարցի պատասխանը շատ կարևոր է, քանի որ այն բացահայտում է մի կենսական ճշմարտություն, այն է՝ ինչպես է Եհովան վերաբերվում մարդկանց։ Լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք չենք կարողանա հիմնովին վկայություն տալ Թագավորության մասին, եթե մարդկանց վերաբերյալ չունենանք Աստծու տեսակետը։ Ուրեմն պարզենք Պետրոսի տեսիլքի նշանակությունը՝ քննելով, թե այն ինչ հանգամանքներում տրվեց։

«Նա.... անդադար աղաչանք էր անում Աստծուն» (Գործեր 10։1-8)

4-5. Ո՞վ էր Կոռնելիոսը, և ի՞նչ տեղի ունեցավ նրա աղոթքի ժամանակ։

4 Պետրոսը չգիտեր, որ նախորդ օրը Հոպպեից 50 կմ (30 մղոն) դեպի հյուսիս ընկած Կեսարիա քաղաքում Կոռնելիոս անունով մի մարդ նույնպես տեսիլք էր ստացել Աստծուց։ Կոռնելիոսը հռոմեական բանակի հարյուրապետ էր։ b Նա «բարեպաշտ» անձնավորություն էր, ընտանիքի լավ գլուխ և աստվածավախ մարդ։ Աստվածաշնչում ասվում է, որ նրա «տան բոլոր անդամները» նույնպես աստվածավախ էին։ Կոռնելիոսը հրեա պրոզելիտ չէր, նա անթլփատ այլազգի էր։ Բայց նա լավ էր վերաբերվում կարիքավոր հրեաներին, անգամ նյութապես օգնում էր նրանց։ Այս անկեղծ մարդը «անդադար աղաչանք էր անում Աստծուն» (Գործ. 10։2

5 Մոտավորապես ժամը 15։00-ին, երբ Կոռնելիոսը աղոթում էր, մի տեսիլք տեսավ, որում հրեշտակն ասաց. «Քո աղոթքներն ու ողորմության նվերները վեր ելան որպես հիշատակ Աստծու առաջ» (Գործ. 10։4)։ Ապա հրեշտակը պատվիրեց մարդիկ ուղարկել Պետրոսի հետևից։ Կոռնելիոսի առաջ մի դուռ էր բացվելու, որը մինչ այդ փակ էր բոլոր անթլփատների համար. նա լսելու էր փրկության լուրը։

6-7. ա) Օրինակով ցույց տուր, որ Աստված պատասխանում է իրեն փնտրող անկեղծ մարդկանց աղոթքներին։ բ) Ի՞նչ հետևություններ կարող ենք անել նմանատիպ դեպքերից։

6 Իսկ այսօր Աստված պատասխանո՞ւմ է այն անկեղծ մարդկանց աղոթքներին, ովքեր ուզում են ճանաչել իրեն։ Ահա մի օրինակ։ Ալբանիայում մի քույր ծառայության ժամանակ երեխաների դաստիարակության վերաբերյալ «Դիտարան» առաջարկեց մի կնոջ։ c Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Միգուցե չհավատաք, բայց ես աղոթում էի Աստծուն, որ օգնի ինձ ճիշտ դաստիարակել դուստրերիս։ Ձեզ հաստատ նա է ուղարկել։ Ես հենց սրա կարիքն ունեի։ Դուք սրտիս լարերին դիպաք»։ Այդ կինն իր աղջիկների հետ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, իսկ հետագայում նրան միացավ նաև ամուսինը։

7 Այս դեպքը միակը չէ։ Նման դեպքեր այնքան հաճախ են տեղի ունենում աշխարհի տարբեր մասերում, որ անհնար է դրանք վերագրել կույր պատահականությանը։ Ուստի ի՞նչ հետևություններ կարող ենք անել։ Նախ՝ Եհովան իրոք պատասխանում է իրեն փնտրող անկեղծ մարդկանց աղոթքներին (1 Թագ. 8։41-43; Սաղ. 65։2)։ Երկրորդ՝ հրեշտակներն աջակցում են մեր քարոզչական գործին (Հայտն. 14։6, 7

«Պետրոսը.... մեծ շփոթության մեջ էր» (Գործեր 10։9-23ա)

8-9. Աստված ի՞նչ հայտնեց Պետրոսին իր սուրբ ոգու միջոցով, և ինչպե՞ս արձագանքեց առաքյալը։

8 Մինչ «Պետրոսը.... մեծ շփոթության մեջ» տանիքում խորհում էր, թե ինչ կարող էր նշանակել այդ տեսիլքը, Կոռնելիոսի ուղարկած մարդիկ հասան Սիմոնի տուն (Գործ. 10։17)։ Ինչպե՞ս կվարվեր առաքյալը, ով երեք անգամ ասաց, թե չի ուտի Օրենքով անմաքուր համարվող կերակուրը։ Կգնա՞ր նրանց հետ, կմտնե՞ր այլազգի մարդու տուն։ Աստված իր սուրբ ոգու միջոցով ասաց նրան. «Ահա երեք մարդիկ քեզ են փնտրում։ Ուստի վե՛ր կաց, իջի՛ր և առանց կասկածելու նրանց հետ գնա՛, որովհետև ես եմ ուղարկել նրանց» (Գործ. 10։19, 20)։ Պետրոսի տեսած տեսիլքն անշուշտ օգնեց նրան պատրաստ լինել հետևելու Աստծու ոգու կողմից տրված առաջնորդությանը։

9 Տեղեկանալով, որ Կոռնելիոսը այդ մարդկանց Աստծու պատվերով է ուղարկել՝ առաքյալը «ներս հրավիրեց և հյուրընկալեց նրանց» (Գործ. 10։23ա)։ Պարզ է, որ Պետրոսն արդեն սկսել էր հասկանալ Եհովայի տեսակետը ու համապատասխան փոփոխություններ անել։

10. Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր ժողովրդին, և ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

10 Այսօր նույնպես Եհովան իր կամքը աստիճանաբար է հայտնում իր ժողովրդին (Առակ. 4։18)։ Սուրբ ոգու միջոցով նա առաջնորդում է «հավատարիմ և իմաստուն ծառային» (Մատթ. 24։45)։ Ժամանակ առ ժամանակ գուցե ճշգրտվի Աստծու Խոսքի վերաբերյալ մեր հասկացողությունը, կամ էլ կազմակերպչական փոփոխություններ արվեն։ Լավ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս եմ արձագանքում նման փոփոխություններին։ Հնազանդվո՞ւմ եմ Աստծու սուրբ ոգու առաջնորդությանը»։

Պետրոսը «նրանց պատվիրեց, որ.... մկրտվեն» (Գործեր 10։23բ-48)

11-12. Պետրոսն ի՞նչ արեց Կեսարիայում և ի՞նչ դաս սովորեց։

11 Տեսիլքի հաջորդ օրը Պետրոսը, Կոռնելիոսի ուղարկած երեք մարդիկ և Հոպպեից «վեց [հրեա] եղբայրներ» ուղևորվեցին Կեսարիա (Գործ. 11։12)։ Երբ նրանք տեղ հասան, տեսան, որ Կոռնելիոսը «իր ազգականների ու մտերիմ ընկերների» հետ (վերջիններս ակներևաբար հրեաներ չէին) իրենց է սպասում (Գործ. 10։24)։ Այդ ժամանակ Պետրոսը մի այնպիսի բան արեց, որ մինչ այդ երբեք չէր անի. նա մտավ անթլփատ այլազգի մարդու տուն։ Այնտեղ առաքյալն ասաց. «Դուք լավ գիտեք, թե որքան անօրինական է հրեայի համար օտարազգի մարդու հետ ընկերակցել կամ նրան մոտենալ, մինչդեռ Աստված ինձ ցույց տվեց, որ ոչ մի մարդու չպետք է պիղծ կամ անմաքուր անվանեմ» (Գործ. 10։28)։ Այո՛, Պետրոսը հասկացել էր, թե Եհովան ինչ դաս էր ուզում սովորեցնել իրեն։ Այն ոչ թե ուտելիքին էր վերաբերում, այլ մարդկանց։ Առաքյալը «ոչ մի մարդու [անգամ ոչ հրեայի] չպետք է պիղծ» համարեր։

«Կոռնելիոսը, անշուշտ, սպասում էր նրանց. նա կանչել էր իր ազգականներին ու մտերիմ ընկերներին» (Գործեր 10։24)

12 Պետրոսի ունկնդիրները պատրաստ էին ընդունելու նրա խոսքերը։ Կոռնելիոսն ասաց. «Մենք բոլորս ներկա ենք Աստծու առաջ, որ լսենք այն ամենը, ինչ Եհովան հրամայել է քեզ ասել» (Գործ. 10։33)։ Ի՞նչ կզգայիր դու, եթե նման խոսքեր լսեիր հետաքրքրվող մարդուց։ Պետրոսն ազդեցիկ խոսքեր ասաց. «Ես իսկապես հասկանում եմ, որ Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։34, 35)։ Նա հասկացել էր, որ Եհովայի համար մարդու ռասան, ազգությունը կամ նման այլ արտաքին գործոններ նշանակություն չունեն։ Ուստի Պետրոսը սկսեց նրանց պատմել Հիսուսի ծառայության, մահվան և հարության մասին։

13-14. ա) Ի՞նչ արտառոց բան տեղի ունեցավ մ. թ. 36 թ.-ին, երբ Կոռնելիոսն ու մյուս այլազգիները քրիստոնյաներ դարձան։ բ) Ինչո՞ւ չպետք է մարդկանց դատենք ըստ իրենց արտաքինի։

13 Ապա նախադեպը չունեցող մի բան տեղի ունեցավ։ «Մինչ Պետրոսը խոսում էր», սուրբ ոգին իջավ այդ «այլազգի մարդկանց վրա» (Գործ. 10։44, 45)։ Սա Աստվածաշնչում նկարագրված միակ դեպքն է, երբ մարդիկ սուրբ ոգի են ստացել մկրտվելուց առաջ։ Հասկանալով, որ դա Աստծու հավանության նշանն է՝ Պետրոսը «նրանց [այլազգի մարդկանց խմբին] պատվիրեց, որ.... մկրտվեն» (Գործ. 10։48)։ Մ. թ. 36 թ.-ին տեղի ունեցած այս իրադարձությամբ վերջ դրվեց այն ժամանակաշրջանին, որի ընթացքում հրեաները Աստծու կողմից հատուկ վերաբերմունք էին վայելում (Դան. 9։24-27)։ Հենց այդ ժամանակ Պետրոսն օգտագործեց Թագավորության երրորդ և վերջին բանալին (Մատթ. 16։19)։ Դրա շնորհիվ անթլփատ այլազգիները ոգով օծված քրիստոնյա դառնալու հնարավորություն ստացան։

14 Լինելով Թագավորության քարոզիչներ՝ մենք գիտենք, որ «Աստված կողմնապահություն չի անում» (Հռոմ. 2։11)։ Նրա կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ.... փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։ Ուստի մենք երբեք չպետք է մարդկանց դատենք ըստ իրենց արտաքինի։ Մեր հանձնարարությունն է հիմնովին վկայություն տալ Աստծու Թագավորության մասին։ Իսկ դա նշանակում է, որ պետք է քարոզենք բոլորին՝ անկախ ռասայից, ազգությունից, կրոնից կամ արտաքին տեսքից։

Նրանք «այլևս չվիճեցին.... և փառավորեցին Աստծուն» (Գործեր 11։1-18)

15-16. Հրեա քրիստոնյաներից ոմանք ինչո՞ւ էին վիճում Պետրոսի հետ, և նա ինչպե՞ս հիմնավորեց իր գործողությունները։

15 Անկասկած, Պետրոսը փափագում էր պատմել առաքյալներին և մյուս եղբայրներին այն մասին, «որ այլազգի մարդիկ նույնպես ընդունել են Աստծու խոսքը»։ Ուստի նա ուղևորվեց Երուսաղեմ։ Բայց այդ լուրն ավելի շուտ տեղ հասավ։ Երբ առաքյալն արդեն Երուսաղեմում էր, «թլփատության կողմնակիցները սկսեցին վիճել նրա հետ»։ Նրանք վրդովված էին, քանի որ Պետրոսը «մտել էր անթլփատ մարդկանց տուն ու նրանց հետ հաց էր կերել» (Գործ. 11։1-3)։ Նրանք չէին պնդում, թե այլազգիները չեն կարող ընդունել Քրիստոսին։ Պարզապես պահանջում էին, որ վերջիններս պահեն Օրենքը և թլփատվեն։ Նրանց կարծիքով՝ Եհովան միայն այդ դեպքում կընդուներ նորահավատ այլազգիների երկրպագությունը։ Ակներևաբար հրեա աշակերտներից ոմանք չէին հաշտվում այն մտքի հետ, որ Մովսիսական օրենքն այլևս չի գործում։

16 Պետրոսն ինչպե՞ս հիմնավորեց իր գործողությունները։ Գործեր 11։4-16-ի համաձայն՝ նա Աստծու առաջնորդության մասին վկայող չորս ապացույց ներկայացրեց։ 1) Աստծու կողմից իրեն տրված տեսիլքը (համարներ 4-10)։ 2) Սուրբ ոգու հրահանգը (համարներ 11, 12)։ 3) Հրեշտակի այցը Կոռնելիոսի տուն (համարներ 13, 14)։ 4) Այլազգիների օծվելը սուրբ ոգով (համարներ 15, 16)։ Վերջում Պետրոսը ներկաներին մտածելու տեղիք տվող հարց ուղղեց. «Ուրեմն եթե Աստված միևնույն ձրի պարգևը [սուրբ ոգին] տվեց նրանց [նորահավատ այլազգիներին], ինչպեսև մեզ [հրեաներին], որ հավատացինք Տեր Հիսուս Քրիստոսին, ո՞վ էի ես, որ կարողանայի արգելել Աստծուն» (Գործ. 11։17

17-18. ա) Պետրոսի բերած հիմնավորումները ի՞նչ անելու մղեցին հրեա քրիստոնյաներին։ բ) Այսօր ինչո՞ւ թերևս հեշտ չլինի պահպանել ժողովի միասնությունը, և ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

17 Պետրոսի բերած հիմնավորումները հրեա քրիստոնյաներին ընտրության առաջ կանգնեցրին։ Արդյոք կձերբազատվեի՞ն նախապաշարումից և կընդունեի՞ն նոր մկրտված այլազգիներին, ինչպես իրենց հավատակիցների։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբ նրանք [առաքյալներն ու մյուս հրեա քրիստոնյաները] լսեցին այս ամենը, այլևս չվիճեցին Պետրոսի հետ և փառավորեցին Աստծուն՝ ասելով. «Ուրեմն Աստված ուրիշ ազգերի մարդկանց էլ զղջալու հնարավորություն տվեց կյանքի համար»» (Գործ. 11։18)։ Նրանց դրական արձագանքը նպաստեց ժողովի միասնությանը։

18 Այսօր գուցե դժվար լինի միասնություն պահպանել, չէ՞ որ մեր համաշխարհային եղբայրությունը բաղկացած է մարդկանցից, որոնք «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» են (Հայտն. 7։9)։ Մեր ժողովներում կարող ենք հանդիպել տարբեր ռասաների, մշակույթների պատկանող և տարբեր ծագում ունեցող հավատակիցների։ Ուստի տեղին կլինի՝ հարցնենք ինքներս մեզ. «Արդյոք սրտիցս արմատախիլ արե՞լ եմ նախապաշարման բոլոր հետքերը։ Վճռե՞լ եմ թույլ չտալ, որ ազգայնամոլությունը, մշակույթով հպարտանալը և ռասիզմը ազդեն հավատակիցների հանդեպ իմ վերաբերմունքի վրա»։ Հիշիր, թե ինչ տեղի ունեցավ Պետրոսի (Կեփաս) հետ վերոհիշյալ դեպքերից մի քանի տարի անց։ Հրեաների կողմնակալ կարծիքից վախեցած՝ նա «մի կողմ քաշվեց և առանձնացավ» այլազգիներից, ու Պողոսը ստիպված եղավ նկատողություն անել նրան (Գաղ. 2։11-14)։ Թող որ մենք միշտ զգուշանանք նախապաշարումից։

«Մեծ թվով մարդիկ.... հավատացին» (Գործեր 11։19-26ա)

19. Ո՞ւմ սկսեցին քարոզել Անտիոքի հրեա քրիստոնյաները, և դա ի՞նչ արդյունքներ բերեց։

19 Արդյոք Հիսուսի հետևորդները սկսեցի՞ն քարոզել անթլփատ այլազգիներին։ Ահա թե ինչ տեղի ունեցավ Ասորիքի Անտիոքում։ d Այդ քաղաքը հրեական մեծ համայնք ուներ, և հրեաների ու այլազգիների միջև թշնամություն գրեթե չկար։ Ուստի դա քրիստոնյաների համար բարի լուրը քարոզելու լավ առիթ էր։ Հենց այստեղ էր, որ հրեա աշակերտներից ոմանք սկսեցին վկայություն տալ «հունախոսներին» (Գործ. 11։20)։ Նրանք քարոզեցին ոչ միայն հունախոս հրեաներին, այլև անթլփատ այլազգիներին։ Եհովան օրհնեց աշակերտների ջանքերը, և «մեծ թվով մարդիկ.... հավատացին» (Գործ. 11։21

20-21. Բառնաբասն ինչպե՞ս համեստություն դրսևորեց, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան ծառայության մեջ։

20 Այս մեծ դաշտը մշակելու համար Երուսաղեմի ժողովը Անտիոք ուղարկեց Բառնաբասին։ Սակայն ակնհայտ էր, որ նա ի վիճակի չէր մենակ անելու այդ հսկայական գործը։ Նրա համար Սողոսից ավելի լավ օգնական չէր կարող գտնվել, չէ՞ որ վերջինս ազգերի առաքյալ էր դառնալու (Գործ. 9։15; Հռոմ. 1։5)։ Արդյոք Բառնաբասը Սողոսին մրցակից կհամարե՞ր։ Ընդհակառակը, համեստություն դրսևորելով, նա իր նախաձեռնությամբ գնաց Տարսոն, գտավ Սողոսին ու հետ բերեց Անտիոք։ Նրանք միասին մեկ տարի ծառայեցին այդ քաղաքում՝ հոգևորապես կերտելով տեղի ժողովը (Գործ. 11։22-26ա

21 Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք մեր ծառայությունը համեստությամբ կատարել։ Նախևառաջ պետք է պարզենք, թե որ հարցերում ենք թերանում։ Բոլորս էլ տարբեր ունակություններ և հնարավորություններ ունենք։ Օրինակ՝ ոմանց մոտ լավ է ստացվում ոչ պաշտոնական վկայություն տալը կամ տնետուն ծառայելը, սակայն նրանք դժվարանում են վերայցելություններ անել կամ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Եթե զգում ես, որ որևէ բնագավառում բարելավման կարիք ունես, օգնություն խնդրիր։ Այդպես վարվելով՝ դու ավելի հմուտ քարոզիչ կդառնաս և մեծ ուրախություն կստանաս քո ծառայությունից (1 Կորնթ. 9։26

«Օգնություն.... եղբայրներին» (Գործեր 11։26բ-30)

22-23. Անտիոքի եղբայրներն ինչպե՞ս փաստեցին իրենց սերը, և այսօր Աստծու ժողովուրդն ինչպե՞ս է ընդօրինակում նրանց։

22 «Առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին» (Գործ. 11։26բ)։ Աստծու հավանությանն արժանացած այդ անունը ճշգրտորեն բնութագրում էր այն մարդկանց, ովքեր հետևում էին Հիսուսի օրինակին։ Երբ այլազգիները քրիստոնյա դարձան, արդյո՞ք նրանց և հրեա քրիստոնյաների միջև եղբայրական ջերմ կապ հաստատվեց։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մ. թ. մոտ 46 թ.-ին մեծ սով սկսվեց։ e Հին ժամանակներում սովերը աղքատների վրա շատ վատ էին անդրադառնում, քանի որ վերջիններս ո՛չ խնայած փող ունեին, ո՛չ էլ հավելյալ սնունդ։ Ուստի այդ սովի ժամանակ Հրեաստանի քրիստոնյաները, որոնցից շատերն ակներևաբար աղքատ էին, խիստ կարիքի մեջ հայտնվեցին։ Լսելով այս մասին՝ Անտիոքի եղբայրները, այդ թվում՝ ոչ հրեաները, «օգնություն ուղարկեցին Հրեաստանում բնակվող եղբայրներին» (Գործ. 11։29)։ Եղբայրական անկեղծ սիրո ինչպիսի՜ ապացույց։

23 Աստծու ժամանակակից ժողովուրդը նույնպես աչքի է ընկնում սիրով։ Երբ իմանում ենք, որ այս կամ այն վայրում ապրող մեր հավատակիցները կարիքի մեջ են, պատրաստակամորեն օգնության ձեռք ենք մեկնում նրանց։ Մասնաճյուղերի նախաձեռնությամբ անհապաղ ստեղծվում են աղետից տուժածներին օգնելու կոմիտեներ, որոնք հոգ են տանում այն քրիստոնյաների մասին, ովքեր տուժել են բնական աղետներից, օրինակ՝ փոթորիկներից, երկրաշարժերից կամ ցունամիներից։ Ինչ խոսք, այս ամենը վկայում է եղբայրական անկեղծ սիրո մասին (Հովհ. 13։34, 35; 1 Հովհ. 3։17

24. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ լուրջ ենք վերաբերվում Պետրոսի տեսիլքի նշանակությանը։

24 Մենք՝ ճշմարիտ քրիստոնյաներս, լուրջ ենք վերաբերվում այն տեսիլքի նշանակությանը, որը Պետրոսը ստացավ Հոպպեում։ Մեր Աստվածը կողմնակալ չէ։ Նա կամենում է, որ հիմնովին վկայություն տանք Թագավորության մասին։ Իսկ դա նշանակում է, որ պետք է քարոզենք բոլորին՝ անկախ նրանց ազգությունից, ծագումից կամ սոցիալական կարգավիճակից։ Ուրեմն վճռենք բարի լուրը հայտնել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լսելու այն (Հռոմ. 10։11-13

Մենք պատրաստակամորեն օգնում ենք կարիքի մեջ հայտնված հավատակիցներին

a Որոշ հրեաներ կաշեգործներին վերևից էին նայում, քանի որ վերջիններս գործ ունեին կենդանիների դիակների հետ։ Բացի դրանից՝ նրանք աշխատում էին այնպիսի նյութերով, որոնք զզվանք էին առաջացնում։ Ուստի կաշեգործներին չէին թույլատրում մտնել տաճար։ Իսկ նրանց աշխատավայրը պետք է լիներ քաղաքից առնվազն 50 կանգուն կամ 20 մ (70 ֆուտ) հեռավորության վրա։ Թերևս սրանով կարելի է բացատրել, թե ինչու էր Սիմոնի տունը գտնվում «ծովի մոտ» (Գործ. 10։6

c Տես «Վստահելի խորհուրդներ երեխաներին դաստիարակելու համար» հոդվածը, «Դիտարան», 2006, նոյեմբերի 1, էջ 4-7։

d Տես « Ասորիքի Անտիոք» շրջանակը։

e Հրեա պատմիչ Հովսեպոսը հաստատում է, որ Կլավդիոս կայսեր օրոք այդպիսի «մեծ սով» է եղել (մ. թ. 41-54 թթ.)։