ԳԼՈՒԽ 14
Հիսուսը ընտրում է իր առաջին աշակերտներին
-
ՀԻՍՈՒՍԻՆ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
Անապատում 40 օր անցկացնելուց հետո՝ նախքան Գալիլեա վերադառնալը, Հիսուսը գնում է Հովհաննես Մկրտչի մոտ։ Տեսնելով Հիսուսին մոտենալիս՝ Հովհաննեսը մատնացույց է անում նրան և ասում իր շուրջը գտնվող մարդկանց. «Ահա՛ Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Սա նա է, ում մասին ասում էի. «Ինձանից հետո գալիս է մեկը, որն ինձանից առաջ անցավ, քանի որ նա ինձանից առաջ գոյություն ուներ»» (Հովհաննես 1։29, 30)։ Թեև Հովհաննեսը Հիսուսից տարիքով փոքր-ինչ մեծ է, սակայն գիտի, որ Հիսուսն իրենից առաջ գոյություն է ունեցել որպես ոգեղեն անձնավորություն և ապրել է երկնքում։
Դրանից մի քանի շաբաթ առաջ, երբ Հիսուսը եկել էր մկրտվելու, Հովհաննեսն, ըստ երևույթին, դեռևս վստահ չէր, որ Հիսուսն է լինելու Մեսիան։ Նա ասում է. «Նույնիսկ ես չէի ճանաչում նրան, բայց ես եկա ջրում մկրտելու այն բանի համար, որ նա հայտնի դառնա Իսրայելին» (Հովհաննես 1։31)։
Հովհաննեսը պատմում է իրեն լսողներին, թե ինչ տեղի ունեցավ, երբ նա մկրտեց Հիսուսին. «Ես տեսա ոգին աղավնու տեսքով երկնքից իջնելիս, և այն մնաց նրա վրա։ Նույնիսկ ես չէի ճանաչում նրան, բայց Աստված, ով ինձ ուղարկեց ջրում մկրտելու, ասաց. «Ում վրա որ տեսնես ոգին իջնելիս և մնալիս, նա է սուրբ ոգով մկրտողը»։ Եվ ես տեսա ու վկայեցի, որ նա է Աստծու Որդին» (Հովհաննես 1։32–34)։
Հաջորդ օրը Հովհաննեսն ու իր երկու աշակերտները կրկին տեսնում են Հիսուսին։ Հովհաննեսն ասում է. «Ահա՛ Աստծու Գառը» (Հովհաննես 1։36)։ Լսելով այս խոսքերը՝ այդ երկու աշակերտները որոշում են գնալ Հիսուսի հետևից։ Նրանցից մեկի անունը Անդրեաս է, իսկ մյուսը, հավանաբար, հենց այն անհատն է, ով գրի է առել այս դեպքերը։ Նրա անունը նույնպես Հովհաննես է։ Ըստ ամենայնի, Հովհաննեսը Հիսուսի զարմիկն է՝ Սալոմեի որդին, իսկ Սալոմեն հավանաբար Մարիամի քույրն է, և նրա ամուսինը Զեբեդեոսն է։
Շրջվելով և տեսնելով, որ Անդրեասն ու Հովհաննեսը գալիս են իր հետևից՝ Հիսուսը հարցնում է. «Ի՞նչ եք փնտրում»։
Նրանք էլ ասում են. «Ռաբբի՛, որտե՞ղ ես օթևանում»։
Հիսուսը պատասխանում է. «Եկեք և կտեսնեք» (Հովհաննես 1։37–39)։
Ցերեկվա մոտավորապես ժամը չորսն է։ Անդրեասն ու Հովհաննեսը օրվա մնացած մասն անցկացնում են Հիսուսի հետ։ Անդրեասն այնքան է տպավորվում, որ անմիջապես գտնում է իր եղբայր Սիմոնին (որին նաև Պետրոս են անվանում) և ասում է նրան. «Գտա՛նք Մեսիային» (Հովհաննես 1։41)։ Անդրեասը Պետրոսին բերում է Հիսուսի մոտ։ Հետագա դեպքերից հասկանում ենք, որ Հովհաննեսը նույնպես գտնում է իր եղբայր Հակոբոսին և նրան բերում է Հիսուսի մոտ։ Սակայն Հովհաննեսը այդ դեպքերը արձանագրելիս այդ մասին չի հիշատակում։
Հաջորդ օրը Հիսուսը գտնում է Փիլիպոսին, որը Բեթսայիդայից է։ Այս քաղաքից են նաև Անդրեասն ու Պետրոսը։ Այն գտնվում է Գալիլեայի ծովի հյուսիսային ափին։ Հիսուսը ասում է Փիլիպոսին. «Իմ հետևո՛րդը դարձիր» (Հովհաննես 1։43)։
Այնուհետև Փիլիպոսը գտնում է Նաթանայելին, որին նաև Բարթողոմեոս են անվանում, և ասում է. «Գտա՛նք նրան, որի մասին գրել են թե՛ Մովսեսը՝ Օրենքում, և թե՛ Մարգարեները. նա Հովսեփի որդի Հիսուսն է՝ Նազարեթից»։ Նաթանայելը կասկածանքով հարցնում է Փիլիպոսին. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա»։
Իսկ Փիլիպոսը պատասխանում է նրան. «Արի և տես»։ Հիսուսը, նկատելով մոտեցող Նաթանայելին, ասում է. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
Նաթանայելը հարցնում է. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։
Հիսուսը պատասխանում է. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ տեսա քեզ, երբ դու թզենու տակ էիր»։
Նաթանայելը զարմացած ասում է. «Ռաբբի՛, դու Աստծու Որդի՛ն ես, դու Իսրայելի Թագավո՛րն ես»։
Հիսուսը հարցնում է. «Քանի որ ասացի, թե թզենու տակ տեսա քեզ, դրա համա՞ր ես հավատում։ Դրանից ավելի մեծ բաներ կտեսնես»։ Ապա խոստանում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք կտեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին բարձրանալիս ու իջնելիս դեպի մարդու Որդին» (Հովհաննես 1։45–51)։
Այս դեպքերից շատ չանցած՝ Հիսուսն իր նոր աշակերտների հետ հեռանում է Հորդանանի հովտից և ճանապարհ է ընկնում դեպի Գալիլեա։