ԻՆԴՈՆԵԶԻԱ
Քարոզչական գործը ընդլայնվում է դեպի արևելք
1953թ.-ին Պիտեր Վանդերհագենը նշանակվեց Ինդոնեզիա՝ շրջանային ծառայության։ Նրա ծառայության շրջանը ընդգրկում էր ամբողջ երկիրը, որը արևելքից արևմուտք ձգվում էր մոտ 5100 կիլոմետր, իսկ հյուսիսից հարավ՝ 1800 կիլոմետր։ Այդ հսկայական տարածքում ծառայելիս բազմաթիվ զարմանալի ու հետաքրքիր դեպքեր եղան։
Եղբայր Վանդերհագենը 1954թ.-ին ծառայեց Ինդոնեզիայի արևելյան մասում, որն աչքի է ընկնում կրոնների բազմազանությամբ։ Այդ տարածքն ընդգրկում է Բալի կղզին, որտեղ ապրում են մեծ թվով հնդուականներ, Լոմբոկ և Սումբավա կղզիները, որտեղ գերակշռում են մուսուլմանները, Ֆլորես կղզին, որտեղ հիմնականում կաթոլիկներ են ապրում, և Սումբա, Ալոր ու Թիմոր կղզիները, որտեղ բնակչության մեծ մասը բողոքական է։ Եղբայր Վանդերհագենը, որը ճամփորդում էր մի խարխուլ նավակով, Կուպանգ (Արևմտյան Թիմորի մայրաքաղաք)
գնալիս քարոզեց նաև ճանապարհին ընկած մի քանի կղզիներում, իսկ Թիմորում մնաց երկու շաբաթ։ Նա ասում է. «Չնայած հորդառատ անձրևին՝ Թիմորում տարածեցի ինձ մոտ եղած ամբողջ գրականությունը, հավաքեցի պարբերագրերի բաժանորդագրության 34 հայտ և սկսեցի Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն»։ Հատուկ ռահվիրաները այցելեցին այդ հետաքրքրվող անհատներին և շուտով Կուպանգում ժողով հիմնեցին։ Այնուհետև բարի լուրը տարածվեց հարևան կղզիներ՝ Ռոտի, Ալոր, Սումբա և Ֆլորես։Երբ Կուպանգի բողոքական եկեղեցու առաջնորդները տեսան, որ իրենց հոտի անդամները լսում են Եհովայի վկաներին, շատ բարկացան։ Բարձրաստիճան մի հոգևորական ձեռքը կտրած մի տարեց թիթեղագործի՝ Թոմաս Թուբուլաուին, ասաց, որ դադարեցնի Վկաների հետ ուսումնասիրությունը, և անգամ սպառնաց, որ եթե նա շարունակի ուրիշներին պատմել իր սովորածները, արյուն կթափվի։ Թոմասը քաջաբար պատասխանեց. «Ոչ մի քրիստոնյա չէր ասի այն, ինչ դուք ասացիք։ Ինձ այլևս չեք տեսնի ձեր եկեղեցում»։ Թոմասը դարձավ Թագավորության եռանդուն քարոզիչ, իսկ նրա աղջիկը՝ հատուկ ռահվիրա։
Այնուամենայնիվ, Թիմորի հոգևորականները ամեն ջանք թափում էին, որ դադարեցնեին Եհովայի վկաների գործունեությունը։ Եվ 1961թ.-ին նրանց հաջողվեց ճնշում բանեցնել կրոնական հարցերով նախարարության և ռազմական իշխանությունների վրա, որ վերջիններս արգելեն տնետուն քարոզելը։ Այդ ժամանակ եղբայրները պարզապես փոխեցին իրենց քարոզչական մեթոդները։ Նրանք սկսեցին քարոզել շուկաներում, ջրհորների մոտ։ Նաև քարոզում էին ձկնորսներին, որոնք իրենց բռնած ձուկը ափ էին հանում։ Բացի այդ, գնում էին գերեզմանատներ ու քարոզում նրանց, ովքեր այցելում էին իրենց մահացած հարազատների գերեզման։ Մեկ ամիս անց ռազմական իշխանությունները սկսեցին ավելի մեղմ վերաբերմունք դրսևորել և ռադիոյով հայտարարեցին, որ Թիմորում օրենքը երաշխավորում է կրոնի ազատություն։ Սակայն կրոնական հարցերով նախարարությունը պնդեց, որ տնետուն քարոզելը շարունակում է արգելքի տակ մնալ։ Այդ ժամանակ եղբայրները խնդրեցին, որ նրանք այդ մասին գրավոր տեղեկագիր ներկայացնեն։ Պաշտոնյաները
հրաժարվեցին դա անել։ Ուստի եղբայրները կրկին սկսեցին ազատորեն քարոզել տնետուն։Երբ միսիոներներ Պիտ ու Նել դե Յագերները և Հանս ու Սյուզի վան Վյուրեները 1962թ.-ին եկան Պապուա, նրանք նույնպես հակառակության հանդիպեցին քրիստոնեական աշխարհի հոգևորականների կողմից։ Երեք բարձրաստիճան հոգևորականներ հանդիպեցին միսիոներների հետ և պահանջեցին, որ նրանք ուրիշ տեղ քարոզեն։ Հոգևորականները թե՛ ամբիոնից, թե՛ տպագիր նյութերի ու ռադիոյի միջոցով կեղծ մեղադրանքներ էին ներկայացնում Եհովայի վկաների դեմ՝ հայտարարելով, թե վերջիններս խռովություն են հրահրում ընդդեմ կառավարության։ Կրոնականները նաև փորձում էին սիրաշահել, կաշառում և անգամ սպառնում էին այն ծխականներին, ովքեր սկսում էին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Բացի այդ, նրանք ճնշում էին բանեցնում տեղի համայնքների առաջնորդների վրա, որ վերջիններս Վկաներին թույլ չտան քարոզել։
Սակայն այդ ջանքերը ձախողվեցին, երբ մի առաջնորդ հրավիրեց միսիոներներին իրենց գյուղ, որ խոսի նրանց հետ։ Հանսը պատմում է. «Երբ առաջնորդը հավաքեց գյուղացիներին, ես ու Պիտը երկու կարճ ելույթ ներկայացրինք մեր քարոզչական աշխատանքի մասին։ Այնուհետև մեր կանայք ցուցադրեցին, թե ինչպես ենք թակում դռները, տանտերերի հրավերով ներս մտնում և աստվածաշնչյան կարճ տեղեկություն հայտնում նրանց»։ Առաջնորդին ու նրա ժողովրդին դուր եկավ մեր ներկայացրածը, և նրանք թույլ տվեցին մեզ ազատորեն շարունակել մեր գործը։
Նմանատիպ ուրիշ դեպքեր էլ եղան։ Եվ ամեն անգամ քարոզչական գործին հիմնականում հակառակվում էին քրիստոնյա հոգևորականները։ Մինչ օրս էլ պարագան նույնն է։
«Քարշ կտան կառավարիչների.... առաջ որպեսզի վկայություն լինեք»
Հիսուսն ասել էր իր աշակերտներին. «Ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ, որպեսզի վկայություն լինեք նրանց և ազգերին» (Մատթ. 10։18)։ Այս խոսքերը բազմիցս կատարվել են Ինդոնեզիայում։
1960թ.-ին Ջակարտայում մի հայտնի հոլանդացի աստվածաբան հրատարակեց մի գիրք, որը Եհովայի վկաներին
ներկայացնում էր որպես կեղծ քրիստոնյաներ։ Դրանից խրախուսված՝ շատ հոգևորականներ ակտիվ պայքար սկսեցին Վկաների դեմ։ Մի քաղաքում հոգևորականները նամակ գրեցին կրոնական հարցերով նախարարությանը՝ Վկաներին մեղադրելով «եկեղեցու անդամներին մոլորեցնելու» մեջ։ Երբ պաշտոնյաները կանչեցին եղբայրներին, որ վերջիններս բացատրություն տան այդ մեղադրանքի հետ կապված, եղբայրները փաստեր ներկայացրին և լավ վկայություն տվեցին։ Մի կրոնասեր պաշտոնյա իր աշխատակիցներին ասաց. «Հանգիստ թողեք Եհովայի վկաներին։ Նրանք արթնացնում են քնած բողոքականներին»։1964թ.-ին Պապուայում մի խումբ բողոքական հոգևորականներ դիմեցին կրոնական և հասարակական հարցերով խորհրդարանական հանձնաժողովին, որ վերջինս արգելի Եհովայի
վկաների գործունեությունը։ Իր հերթին Եհովայի վկաների մասնաճյուղը խնդրեց, որ հանձնաժողովը թույլ տա փաստարկներ ներկայացնել ի պաշտպանություն իրենց։ Թագոր Հուտասոիտը պատմում է. «Մենք մոտ մեկ ժամ ելույթ ունեցանք հանձնաժողովի առաջ և հստակ բացատրեցինք, թե որն է մեր կատարած Աստվածաշնչի կրթական գործունեության նպատակը։ Թշնամաբար տրամադրված մի քաղաքական գործիչ, որը բողոքական էր, մեզ մեղադրեց Պապուայում կրոնական խռովություն հրահրելու մեջ։ Սակայն հանձնաժողովի մուսուլման անդամների մեծ մասը լավ էին տրամադրված։ Նրանք ասացին մեզ. «Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատություն, այնպես որ դուք իրավունք ունեք քարոզելու»»։ Այս հանդիպումից հետո Պապուայի բարձրաստիճան պետական պաշտոնյաներից մեկը հայտարարեց. «Նոր կառավարությունը.... պաշտպանում է կրոնի ազատությունը. սա վերաբերում է նաև նոր կրոններին»։