2 Օրենք 17։1-20
17 Քո Եհովայ Աստուծոյ համար չ’զոհես ոչ մի արջառ եւ ոչխար, որի վերայ լինի արատ կամ որ եւ իցէ վատ բան. որովհետեւ սա քո Եհովայ Աստուծոյ համար պիղծ է։
2 Եթէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած դռների մէկումը ձեզանից գտնուի մի մարդ կամ կին, որ քո Եհովայ Աստուծոյ առաջին չարութիւն անէ եւ նորա ուխտը չ’պահէ,
3 Եւ երթայ պաշտէ ուրիշ աստուածներ, եւ երկրպագէ նորանց՝ այսինքն արեգակին կամ լուսնին եւ կամ երկնքի որ եւ իցէ զօրքին, որ ես չեմ հրամայած.
4 Եւ այս բանը քեզ պատմուի, եւ դու լսես եւ լաւ քննութիւն անես, եւ տեսնես որ բանը ստոյգ ճշմարիտ է, որ Իսրայէլի մէջ այդ պղծութիւնը եղել է.
5 Այն ժամանակ այն չար բանն անող մարդին կամ կնկան քո դռները հանես, եւ այն մարդին կամ կնկան քարերով քարկոծես, եւ նա մեռնէ։
6 Մահապարտը երկու կամ երեք վկայի բերանով մեռնէ. մէկ վկայի բերանով չ’մեռնէ։
7 Առաջ վկաների ձեռքը նորա վերայ լինի նորան մեռցնելու համար, եւ նորանից յետոյ բոլոր ժողովրդի ձեռքը. եւ չարութիւնը ձեր միջիցը վերացնես։
8 Եթէ մի բան քեզ շատ դժուար երեւայ դատելու արիւնի եւ արիւնի մէջ, դատի եւ դատի մէջ, վէրքի եւ վէրքի մէջ՝ այսինքն վէճերի բաները քո դռներումը, այն ժամանակ վեր կենաս եւ գնաս քո Եհովայ Աստուծոյ ընտրած տեղը,
9 Եւ գնաս Ղեւտացի քահանաների մօտ եւ այն ժամանակի դատաւորի մօտ եւ հարցնես. եւ նորանք քեզ կ’ասեն դատաստանի վճիռը։
10 Եւ անես այն վճռի համեմատ որ քեզ ասեցին Եհովայի ընտրած տեղիցը, եւ ամեն ինչ որ քեզ սովորեցնեն՝ զգուշութեամբ կատարես.
11 Այն օրէնքի համեմատ որ նրանք քեզ սովորեցրել են եւ այն դատաստանի համեմատ որ քեզ ասել են, կատարես. նորանց քեզ յայտնած խօսքիցը աջ ու ձախ չ’խոտորուես։
12 Բայց այն մարդը որ յանդգնութիւն անելով չ’լսէ այն քահանային, որ կանգնել է քո Եհովայ Աստուծուն այնտեղ պաշտելու, կամ դատաւորին, այն մարդը մեռնէ, եւ չարութիւնը Իսրայէլիցը վերացնես։
13 Եւ բոլոր ժողովուրդը լսելով վախենայ, եւ այլ եւս յանդգնութիւն չ’անեն։
14 Երբոր մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ, եւ նորան տիրես եւ նորանում բնակուես, եւ ասես. Ինձ վերայ թագաւոր դնեմ այն ամեն ազգերի պէս որ իմ շուրջն են,
15 Անպատճառ քո Եհովայ Աստուծոյ ընտրած մարդին քեզ վերայ թագաւոր դնես. քո եղբայրներիցը քեզ վերայ թագաւոր դնես. դու չես կարող քեզ վերայ թագաւոր դնել մի օտարականին որ քո եղբայրը չէ։
16 Սակայն նա շատ ձիեր չ’ունենայ, եւ ժողովրդին ետ չ’դարձնէ Եգիպտոս, շատ ձիեր ժողովելու համար. որովհետեւ Եհովան ձեզ ասեց, որ այն ճանապարհովն այլ եւս ետ չ’դառնաք։
17 Նաեւ իր կանանցը չ’շատացնէ, որ սիրտը չ’խոտորուէ. եւ իր համար արծաթը եւ ոսկին շատ չ’շատացնէ։
18 Եւ լինի որ իր թագաւորութեան աթոռի վերայ հենց որ նստեց, գրէ այս օրէնքների օրինակը այն գրքիցը, որ Ղեւտացի քահանաների մօտ է։
19 Եւ այն իր մօտ մնայ, եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ. որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել.
20 Որ իր սիրտը իր եղբայրների վերայ չ’հպարտանայ, եւ այս պատուիրանքներից աջ ու ձախ չ’խոտորուէ. որ իր թագաւորութեան վերայ երկար կեանք ունենայ Իսրայէլի մէջ՝ ինքը եւ իր որդիքը։