Եսայիա 36։1-22

  • Սենեքերիմը ներխուժում է Հուդա (1-3)

  • Ռաբսակը ծաղրում է Եհովային (4-22)

36  Եզեկիայի իշխանության 14-րդ տարում Ասորեստանի+ թագավոր Սենեքերիմը հարձակվեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքների վրա ու գրավեց դրանք:+  Ասորեստանի թագավորը ռաբսակին* Լաքիսից+ մեծ զորքով ուղարկեց+ Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ: Նրանք կանգ առան վերին ավազանի ջրատարի մոտ,+ որը լվացարարների դաշտ տանող գլխավոր ճանապարհի կողքն է:+  Ռաբսակին ընդառաջ դուրս եկան արքունիքի վերակացու Եղիակիմը՝+ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան+ և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին:  Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասեք. «Ահա թե ինչ է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. «Ինչի՞ վրա ես հույսդ դրել:+  Դու ասում ես. «Ես թե՛ ռազմավարական ծրագիր ունեմ, թե՛ պատերազմ մղելու զորություն»: Բայց դրանք դատարկ խոսքեր են: Այդ ո՞ւմ ես ապավինում, որ համարձակվում ես ապստամբել իմ դեմ:+  Դու ապավինում ես այդ կոտրված եղեգի՝ Եգիպտոսի օգնությանը. եթե մի մարդ հենվի դրա վրա, այն կմտնի նրա ձեռքը ու կծակի: Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, բոլոր իրեն ապավինողների համար:+  Իսկ եթե դուք ինձ ասեք՝ «Մենք ապավինում ենք մեր Աստված Եհովային», այդ նրա սրբավայրերն ու զոհասեղանները չէի՞ն, որ դու, Եզե՛կիա, վերացրիր+ և Հուդային ու Երուսաղեմին ասացիր. «Միայն այս զոհասեղանի առջև պետք է խոնարհվեք»»»:+  Գրազ արի իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ.+ քեզ 2 000 ձի տամ, տեսնենք՝ կկարողանա՞ս հեծյալներ գտնել դրանց համար:  Եթե հույսդ Եգիպտոսի կառքերն ու ձիավորներն են, ինչպե՞ս կարող ես հետ մղել թեկուզև մեկ կառավարչի՝ իմ տիրոջ ծառաներից ամենաաննշանին: 10  Եվ հիմա մի՞թե ես առանց Եհովայի լիազորության եմ եկել այս երկիրը կործանելու: Եհովան ինքն է ինձ ասել. «Դո՛ւրս եկ այս երկրի դեմ և կործանի՛ր այն»»: 11  Դա լսելով՝ Եղիակիմը, Սեբնան+ ու Հովաքը ռաբսակին+ ասացին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ արամերեն*+ խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն. պարսպի վրա եղող այս մարդկանց ներկայությամբ մեզ հետ հրեաների լեզվով մի՛ խոսիր»:+ 12  Սակայն ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերը միայն ձեր տիրոջ ու ձեզ մոտ է ինձ ուղարկել, որ այս խոսքերն ասեմ: Չէ՞ որ պարսպի վրայի այս մարդկանց մոտ էլ է ուղարկել, որոնք, ինչպես և դուք, իրենց արտաթորանքն են ուտելու և իրենց մեզն են խմելու»: 13  Եվ ռաբսակը հրեաների լեզվով բղավեց.+ «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը:+ 14  Թագավորն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան ձեզ խաբի, որովհետև նա չի կարող փրկել ձեզ:+ 15  Մի՛ լսեք Եզեկիային, որը համոզում է ձեզ ապավինել Եհովային՝+ ասելով. «Եհովան անկասկած կփրկի մեզ, և այս քաղաքը չի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը»: 16  Մի՛ լսեք նրան, որովհետև Ասորեստանի թագավորն ասում է. «Խաղաղությո՛ւն կնքեք ինձ հետ ու հանձնվե՛ք, և թող ձեզնից ամեն մեկն իր խաղողի վազի ու իր թզենու պտուղն ուտի և իր ջրամբարից ջուր խմի, 17  մինչև որ գամ ու ձեզ տանեմ մի երկիր,+ որը ձեր երկրի նման է՝ ցորենի և գինու երկիր, հացի և խաղողի այգիների երկիր: 18  Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ՝ ասելով. «Եհովան կփրկի մեզ»: Մի՞թե ազգերի աստվածները փրկել են իրենց երկրները Ասորեստանի թագավորի ձեռքից:+ 19  Ո՞ւր են Եմաթի ու Արփադի աստվածները:+ Ո՞ւր են Սեֆարուիմի+ աստվածները: Նրանք իմ ձեռքից փրկե՞լ են Սամարիան:+ 20  Այդ երկրների աստվածներից ո՞ր մեկն է իր երկիրն ազատել իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղեմն ազատի»»»:+ 21  Բայց նրանք լուռ էին: Ոչ ոք ոչինչ չպատասխանեց, քանի որ թագավորը հրամայել էր. «Չպատասխանե՛ք նրան»:+ 22  Արքունիքի վերակացու Եղիակիմը՝ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան+ և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին, պատռած հագուստներով եկան Եզեկիայի մոտ և նրան հաղորդեցին ռաբսակի խոսքերը:

Ծանոթագրություններ

Կամ՝ «գլխավոր գինեմատույցին»:
Կամ՝ «ասորերեն»: