Հովհաննես 7։1-52
7 Այս ամենից հետո Հիսուսը շարունակեց շրջել Գալիլեայում: Նա չէր ուզում Հրեաստան գնալ, քանի որ հրեաները* նրան սպանելու առիթ էին փնտրում:+
2 Սակայն մոտենում էր հրեաների տոնը՝ Տաղավարների տոնը:+
3 Ուստի նրա եղբայրներն+ ասացին նրան. «Այստեղից գնա Հրեաստան, որպեսզի քո այնտեղի աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ անում ես:
4 Ով ուզում է ճանաչված լինել, գաղտնի չի անում իր գործերը: Եթե դու անում ես այդ բաները, ուրեմն քեզ հայտնի դարձրու աշխարհին»:
5 Բայց իրականում նրա եղբայրները հավատ չունեին նրա հանդեպ:+
6 Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Իմ ժամանակը դեռ չի եկել,+ բայց դուք ցանկացած ժամանակ էլ կարող եք գնալ:
7 Աշխարհը ձեզ ատելու պատճառ չունի, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ, որ նրա գործերը չար են:+
8 Դուք գնացեք տոնին, ես դեռ չեմ գա, որովհետև իմ ժամանակը դեռ չի եկել»:+
9 Սա ասելուց հետո նա մնաց Գալիլեայում:
10 Բայց երբ նրա եղբայրները գնացին տոնին, ինքն էլ գնաց, սակայն այնպես, որ ոչ ոք չիմանա այդ մասին:
11 Հրեաները տոնակատարության ժամանակ փնտրում էին նրան և ասում. «Որտե՞ղ է նա»:
12 Ժողովրդի մեջ նրա մասին շատ շշուկներ էին պտտվում: Ոմանք ասում էին՝ «Լավ մարդ է», ուրիշներն էլ թե՝ «Լավը չէ, ժողովրդին մոլորեցնում է»:+
13 Սակայն մարդիկ նրա մասին բացահայտ չէին խոսում, քանի որ վախենում էին հրեաներից:+
14 Երբ արդեն տոնի կեսն անցել էր, Հիսուսը գնաց տաճար ու սկսեց ուսուցանել:
15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Այս մարդը որտեղի՞ց այսքան լավ գիտի սուրբ գրքերը.+ չէ՞ որ դպրոցներում* չի սովորել»:+
16 Հիսուսն էլ պատասխանեց. «Ես ինձնից չեմ սովորեցնում. այն, ինչ սովորեցնում եմ, ինձ ուղարկողինն է:+
17 Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, կիմանա՝ արդյոք իմ սովորեցրածը Աստծուց է,+ թե ես ինձնից եմ խոսում:
18 Ով իրենից է խոսում, իր փառքն է փնտրում, բայց ով իրեն ուղարկողի փառքն է փնտրում,+ ճշմարտությունն է խոսում, և նրա մեջ կեղծ բան չկա:
19 Մի՞թե Մովսեսը ձեզ չտվեց Օրենքը:+ Բայց ձեզանից ոչ ոք չի հնազանդվում Օրենքին: Ինչո՞ւ եք ուզում սպանել ինձ»:+
20 Ժողովուրդը պատասխանեց. «Դու դիվահար ես: Քեզ ո՞վ է ուզում սպանել»:
21 Հիսուսն էլ ասաց. «Ես ընդամենը մի հրաշք գործեցի, և բոլորդ զարմանում եք:
22 Բայց մտածեք. Մովսեսը ձեզ թլփատության մասին օրենքը տվեց+ (թեև թլփատությունը ոչ թե Մովսեսից է, այլ նախահայրերից),+ և դուք թլփատում եք Շաբաթ օրով:
23 Եթե մարդը Շաբաթ օրը թլփատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինչո՞ւ եք այդքան զայրանում ինձ վրա, որ Շաբաթ օրը մի մարդու լիովին առողջացրի:+
24 Արտաքինով մի՛ դատեք, արդարությա՛մբ դատեք»:+
25 Երուսաղեմի բնակիչներից ոմանք սկսեցին ասել. «Սա այն մարդը չէ՞, որին ուզում են սպանել:+
26 Բայց ահա նա բացահայտ խոսում է, և ոչինչ չեն ասում նրան: Չլինի՞ թե ղեկավարները եկել են այն համոզման, որ նա է Քրիստոսը:
27 Երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե նա որտեղից է,+ բայց մենք գիտենք, թե որտեղից է այս մարդը»:
28 Այդ ժամանակ Հիսուսը, որ սովորեցնում էր տաճարում, բարձրաձայն ասաց. «Դուք գիտեք ինձ, նաև գիտեք, թե որտեղից եմ: Ես իմ նախաձեռնությամբ չեմ եկել:+ Նա, ով ուղարկեց ինձ, իսկապես գոյություն ունի, բայց դուք չեք ճանաչում նրան:+
29 Իսկ ես ճանաչում եմ,+ որովհետև նրա կողմից եմ եկել. նա է ինձ ուղարկել»:
30 Եվ նրանք սկսեցին առիթ փնտրել,+ որպեսզի բռնեն նրան, բայց ոչ ոքի չհաջողվեց դա, որովհետև նրա ժամը դեռ չէր եկել:+
31 Սակայն շատերը հավատացին նրան+ և ասում էին. «Երբ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ հրաշքներ կանի, քան այս մարդն արեց»:
32 Փարիսեցիները լսեցին, թե նրա մասին ինչ շշուկներ են պտտվում ժողովրդի մեջ, և նրանք ու ավագ քահանաները պահապաններ ուղարկեցին, որ բռնեն* նրան:
33 Հիսուսն ասաց ժողովրդին. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կմնամ և հետո կգնամ Նրա մոտ, ով ուղարկել է ինձ:+
34 Դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և այնտեղ, որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ»:+
35 Հրեաներն էլ իրար ասացին. «Այս մարդն ո՞ւր է պատրաստվում գնալ, որ մենք չենք կարողանալու գտնել նրան: Մի՞թե ուզում է գնալ այն հրեաների մոտ, որոնք ցրված են հույների մեջ, և հույներին էլ սովորեցնել:
36 Ի՞նչ նկատի ունի՝ ասելով, թե՝ «Դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ»»:
37 Երբ եկավ տոնի վերջին՝ ամենամեծ օրը,+ Հիսուսը կանգնեց ու բարձրաձայն ասաց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի:+
38 Ով հավատում է ինձ, «նրա ներսից կենդանի ջրի աղբյուրներ կբխեն», ինչպես ասվում է սուրբ գրվածքներից մեկում»:+
39 Նա ասաց սա՝ նկատի ունենալով այն ոգին, որը ստանալու էին իրեն հավատացողները: Այդ ժամանակ նրանք ոգին դեռ չէին ստացել,+ որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել:+
40 Ուստի ոմանք, ովքեր լսեցին այս խոսքերը, սկսեցին ասել. «Նա իսկապես Մարգարեն է»:+
41 Մյուսներն էլ ասում էին. «Նա Քրիստոսն է»:+ Իսկ ոմանք ասում էին. «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու:+
42 Չէ՞ որ սուրբ գրքերում ասվում է, որ Քրիստոսը Դավթի սերնդից է լինելու+ և Բեթլեհեմից է գալու՝+ այն գյուղից, որտեղից որ Դավիթն էր»:+
43 Այդպես ժողովրդի մեջ նրա վերաբերյալ տարակարծություն եղավ:
44 Ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոքի չհաջողվեց դա:
45 Պահապանները վերադարձան ավագ քահանաների ու փարիսեցիների մոտ, և նրանք հարցրին նրանց. «Ինչո՞ւ նրան չբերեցիք այստեղ»:
46 Պահապանները պատասխանեցին. «Ոչ ոք երբևէ այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»:+
47 Փարիսեցիներն էլ ասացին. «Ի՞նչ է, դուք է՞լ եք մոլորվել:
48 Ղեկավարներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատա՞ց նրան:+
49 Բայց այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի, անիծվա՛ծ է»:
50 Նիկոդեմոսը, որը դրանից առաջ եկել էր Հիսուսի մոտ, և ինքն էլ նրանցից մեկն էր, ասաց.
51 «Մեր Օրենքով թույլատրելի չէ դատել մեկին՝ առանց նրան նախապես լսելու և իմանալու, թե ինչ է արել, այդպես չէ՞»:+
52 Նրանք էլ ասացին. «Ի՞նչ է, դու է՞լ ես Գալիլեայից: Քննիր ու տես, որ Գալիլեայից ոչ մի մարգարե դուրս չի գալու»:*
Ծանոթագրություններ
^ Խոսքը հրեա կրոնական առաջնորդների մասին է:
^ Այսինքն՝ ռաբբունական դպրոցներում:
^ Կամ՝ «ձերբակալեն»:
^ Մի շարք հին և հեղինակավոր ձեռագրերում Հվ 7:53-ից մինչև 8:11 համարները բացակայում են: