Ղուկաս 10։1-42
10 Այնուհետև Տերը ընտրեց 70* ուրիշ աշակերտների և իրենից առաջ երկու-երկու ուղարկեց+ բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, ուր ինքը պատրաստվում էր գնալ:
2 Նա ասաց նրանց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ: Այնպես որ աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի հնձի համար:+
3 Իսկ հիմա գնացեք, բայց զգույշ եղեք: Ահա ես ուղարկում եմ ձեզ իբրև գառներ գայլերի մեջ:+
4 Ձեզ հետ ո՛չ քսակ վերցրեք, ո՛չ ուտելիք,* ո՛չ էլ հավելյալ սանդալներ:+ Ճանապարհին մարդկանց ողջունելիս ոտքներդ կախ չգցեք:*
5 Երբ որևէ տուն մտնեք, նախ ասեք. «Թող խաղաղություն լինի այս տանը»:+
6 Եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր մաղթած խաղաղությունը նրա վրա կգա: Իսկ եթե ոչ, այն ձեզ կվերադառնա:
7 Մնացեք այդ տանը+ և կերեք ու խմեք, ինչ որ կտան,+ որովհետև աշխատողը արժանի է, որ ստանա իր վարձը:+ Տնից տուն մի՛ տեղափոխվեք:
8 Երբ մտնեք որևէ քաղաք, և ձեզ այնտեղ ընդունեն, կերեք, ինչ որ կհյուրասիրեն:
9 Բուժեք հիվանդներին ու ասեք մարդկանց. «Աստծու թագավորությունը մոտեցել է»:+
10 Իսկ եթե որևէ քաղաքում ձեզ չընդունեն, դուրս եկեք գլխավոր փողոցներն ու ասեք.
11 «Անգամ ձեր քաղաքի փոշին, որ նստել է մեր ոտքերին, մենք թափ ենք տալիս՝ ցույց տալով, որ զգուշացրել ենք ձեզ:+ Այնուամենայնիվ, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտեցել է»:
12 Ասում եմ ձեզ. երբ օրը* գա, Սոդոմի համար ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի համար»:+
13 Ապա ասաց. «Վա՜յ քեզ, Քորազի՛ն: Վա՜յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե ձեր մեջ արված հրաշքները Տյուրոսում և Սիդոնում արվեին, նրանք վաղուց արդեն զղջացած կլինեին՝ քրձի ու մոխրի մեջ նստած:+
14 Այնպես որ Տյուրոսի և Սիդոնի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի ժամանակ, քան ձեզ համար:
15 Նույնպես էլ դու, Կափառնայո՛ւմ, կարծում ես երկի՞նք ես հասնելու: Դու գերեզմա՛ն* ես իջնելու:
16 Ձեզ լսողը ինձ է լսում:+ Ձեզ արհամարհողը ինձ է արհամարհում: Իսկ ինձ արհամարհողը ինձ ուղարկողին էլ է արհամարհում»:+
17 Ավելի ուշ 70 աշակերտները ուրախացած վերադարձան ու ասացին. «Տե՛ր, նույնիսկ դևերն են հպատակվում մեզ, երբ քո անունով հրամայում ենք նրանց»:+
18 Նա էլ ասաց. «Տեսնում եմ, Սատանան կայծակնային արագությամբ ընկավ+ երկնքից:
19 Ահա ձեզ տալիս եմ իշխանություն, որ օձեր ու կարիճներ կոխկրտեք, և կարողություն, որ հաղթեք թշնամուն իր ողջ զորությամբ հանդերձ:+ Եվ ձեզ առհասարակ ոչինչ վնաս չի պատճառի:
20 Այդուհանդերձ, ուրախացեք ոչ թե նրա համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ նրա համար, որ ձեր անունները գրված են երկնքում»:+
21 Եվ այդ պահին, սուրբ ոգուց ուրախությամբ լցված, Հիսուսն ասաց. «Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից խնամքով թաքցրիր+ և հայտնեցիր նրանց, ովքեր երեխաների պես խոնարհ են: Այո՛, Հա՛յր, դա էր քեզ հաճելի:+
22 Իմ Հայրը ամեն ինչ հանձնել է ինձ. ոչ ոք չի ճանաչում Որդուն՝ բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց,+ ինչպես նաև նրանցից, ում Որդին կամենա հայտնել Հոր մասին ճշմարտությունը»:+
23 Հետո առանձին ասաց իր աշակերտներին. «Երջանիկ են նրանք, ովքեր տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում:+
24 Ասում եմ ձեզ. շատ մարգարեներ ու թագավորներ էին ցանկանում տեսնել այն, ինչ դուք եք տեսնում,+ բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»:
25 Օրենքի գիտակ մի մարդ վեր կացավ և Հիսուսին փորձելու համար ասաց. «Ուսուցի՛չ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»:*+
26 Նա էլ ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված: Ի՞նչ ես կարդացել»:
27 Նա պատասխանեց. ««Սիրեք ձեր Աստված Եհովային* ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով,* ձեր ամբողջ ուժով և ձեր ամբողջ մտքով»+ և «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»»:+
28 Հիսուսն ասաց. «Ճիշտ է: Վարվիր այդպես և հավիտենական կյանք կստանաս»:+
29 Սակայն ցանկանալով ցույց տալ իր արդար լինելը՝+ նա հարցրեց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ դրացին»:
30 Ի պատասխան՝ Հիսուսը առակ պատմեց. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով: Ճանապարհին նա ավազակների ձեռքն ընկավ, որոնք հանեցին նրա շորերը, թալանեցին ունեցած-չունեցածը, ծեծեցին ու կիսամեռ թողնելով՝ հեռացան:
31 Այդ ճանապարհով պատահմամբ մի քահանա էր իջնում, բայց երբ նա տեսավ այդ մարդուն, անցավ ճանապարհի մյուս կողմն ու թողեց-գնաց:
32 Նրա պես՝ մի ղևտացի էլ հասավ այդտեղ, տեսավ այդ մարդուն ու անցավ ճանապարհի մյուս կողմը:
33 Բայց այդտեղով անցնող մի սամարացի,+ տեսնելով կողոպտված մարդուն, խղճահարվեց:
34 Նա մոտեցավ, ձեթ ու գինի լցրեց նրա վերքերի վրա և կապեց դրանք: Հետո այդ մարդուն դրեց էշի վրա, տարավ իջևանատուն և այնտեղ հոգ տարավ նրան:
35 Իսկ հաջորդ օրը երկու դինար* տվեց իջևանատիրոջն ու ասաց. «Հոգա նրա մասին, իսկ եթե ավելին ծախսես, կվճարեմ քեզ, երբ վերադառնամ»»:
36 Ապա Հիսուսը հարցրեց. «Հիմա, քո կարծիքով, այս երեքից ո՞ր մեկը ավազակների ձեռքն ընկած մարդու համար դրացի եղավ»:+
37 Օրենքի գիտակ մարդը պատասխանեց. «Նա, ով գթասրտությամբ վարվեց նրա հետ»:+ Հիսուսն ասաց. «Ուրեմն դու էլ գնա ու այդպես վարվիր»:+
38 Հետո Հիսուսն իր աշակերտների հետ շարունակեց ճանապարհը: Նա մտավ մի գյուղ, որտեղ նրան հյուրընկալեց Մարթա անունով մի կին:+
39 Մարթան մի քույր ուներ, անունը՝ Մարիամ: Մարիամը, Տիրոջ ոտքերի մոտ նստած, լսում էր նրա ասածները,
40 իսկ Մարթան տարված էր պատրաստություններով: Նա մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ: Ասա՝ թող գա ինձ օգնի»:
41 Տերն ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, այնքան բաների հետևից ես ընկել ու հոգս ես անում,
42 այնինչ շատ քիչ բան է պետք կամ ընդամենը մի բան: Իսկ Մարիամը ավելի կարևորն* ընտրեց,+ և ոչ ոք այն չի խլի նրանից»:
Ծանոթագրություններ
^ Ըստ որոշ հին ձեռագրերի՝ 72:
^ Կամ՝ «ուտելիք վերցնելու պայուսակ»:
^ Խոսքը բարևելիս իրար համբուրելու, գրկախառնվելու և երկար զրուցելու մասին է:
^ Այսինքն՝ Դատաստանի օրը:
^ Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
^ Բռց.՝ «ժառանգեմ»:
^ Տես հավելված Ա5:
^ Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «լավագույն բաժինը»: