Ղուկաս 17։1-37

  • Մեղքի դրդելը, ներողամտություն, հավատ (1-6)

  • Անարժան ծառաներ (7-10)

  • Տասը բորոտները բուժվում են (11-19)

  • Աստծու թագավորության գալը (20-37)

    • Աստծու թագավորությունը «ձեր մեջ է» (21)

    • «Հիշեք Ղովտի կնոջը» (32)

17  Ապա Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Անխուսափելիորեն կլինեն պատճառներ, որ մարդկանց կդրդեն հետ կանգնել հավատից:* Բայց վա՜յ նրան, ում միջոցով դրանք ի հայտ կգան:  Ավելի լավ է, որ նրա վզից մի մեծ աղացքար կախեն ու ծովը նետեն, քան թե նա պատճառ լինի, որ այս խոնարհամիտ մարդկանցից* մեկը սայթաքի:+  Ուստի ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ: Եթե ձեր եղբայրը մեղք գործի ձեր դեմ, լրջորեն խրատեք նրան+ և, եթե զղջա, ներեք:+  Նույնիսկ եթե նա օրը յոթ անգամ մեղք գործի ձեր դեմ և յոթ անգամն էլ գա ու ասի՝ զղջում եմ, ներեք նրան»:+  Առաքյալներն ասացին Տիրոջը. «Օգնիր, որ ավելի շատ հավատ ունենանք»:+  Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սև թթենուն կասեք՝ «Արմատախիլ եղիր ու ծովի մեջ տնկվիր», և այդպես էլ կլինի:+  Եթե որևէ մեկիդ ծառան* հողը հերկելուց կամ հոտը հովվելուց հետո դաշտից վերադառնա, մի՞թե կասեք նրան. «Դե շուտ եկ սեղան նստիր»:  Չե՞ք ասի. «Ընթրիք պատրաստիր, ապա գոգնոցդ կապիր ու սպասարկիր ինձ, մինչև վերջացնեմ ուտելս ու խմելս: Հետո դու էլ կարող ես ուտել ու խմել»:  Մի՞թե նրան շնորհակալ կլինեք իր պարտականությունները կատարելու համար: 10  Այդպես էլ դուք, երբ ձեզ հանձնարարված ամեն բան անեք, ասեք. «Մենք անարժան ծառաներ ենք: Պարզապես արել ենք այն, ինչ պարտավոր էինք անել»»:+ 11  Երուսաղեմ գնալու ճանապարհին, երբ Հիսուսն անցնում էր Սամարիայի ու Գալիլեայի միջև ընկած սահմանով, 12  մտավ մի գյուղ: Այնտեղ նրան տեսան բորոտությամբ հիվանդ տասը մարդիկ: Հեռվում կանգնած՝+ 13  նրանք բարձր ձայնով բղավեցին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, խղճա՛ մեզ»: 14  Նրանց տեսնելով՝ Հիսուսն ասաց. «Գնացեք և ներկայացեք քահանաներին»:+ Նրանք էլ գնացին ու ճանապարհին բուժվեցին:+ 15  Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բուժվեց, Աստծուն բարձր ձայնով փառաբանելով՝ վերադարձավ, 16  ծնկի եկավ Հիսուսի առաջ, մինչև գետին խոնարհվեց ու շնորհակալություն հայտնեց: Ընդ որում՝ այդ մարդը սամարացի էր:+ 17  Հիսուսն ասաց. «Չէ՞ որ բոլոր տասն էլ բուժվել են: Այդ դեպքում որտե՞ղ են մյուս ինը հոգին: 18  Այս այլազգի մարդուց բացի՝ ուրիշ ոչ մեկը հետ չդարձա՞վ, որ փառք տա Աստծուն»: 19  Ապա դիմելով այդ մարդուն՝ ասաց. «Վեր կաց գնա. քո հավատը բուժեց քեզ»:+ 20  Փարիսեցիները Հիսուսին հարցրին, թե երբ է գալու Աստծու թագավորությունը:+ Նա պատասխանեց. «Աստծու թագավորությունը տեսանելի կերպով չի գալու, 21  և մարդիկ չեն ասելու՝ «Ահա այստե՛ղ է», կամ՝ «Այնտե՛ղ է»: Աստծու թագավորությունը ձեր մեջ* է»:+ 22  Ապա իր աշակերտներին ասաց. «Օրեր կգան, երբ դուք կցանկանաք տեսնել այնպիսի մի ժամանակ, որ մարդու Որդին ձեզ հետ լինի, բայց չեք տեսնի: 23  Եվ մարդիկ կասեն ձեզ՝ «Նա այնտե՛ղ է», կամ՝ «Այստե՛ղ է»: Մի՛ գնացեք ու մի՛ հետևեք նրանց:+ 24  Չէ՞ որ երբ գա մարդու Որդու+ օրը, դա նման կլինի կայծակի փայլատակման, որ ծայրից ծայր լուսավորում է երկինքը:+ 25  Բայց նախ նա պետք է շատ չարչարանքներ կրի ու մերժվի այս սերնդի կողմից:+ 26  Ինչպես Նոյի օրերում էր,+ այդպես էլ կլինի մարդու Որդու օրերում:+ 27  Նոյի օրերում մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ,+ և Ջրհեղեղը եկավ ու կործանեց բոլորին:+ 28  Այդպես եղավ նաև Ղովտի օրերում.+ մարդիկ ուտում, խմում, առնում, ծախում, տնկում ու կառուցում էին, 29  իսկ այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց և կործանեց բոլորին:+ 30  Նույնը կլինի նաև այն օրը, երբ մարդու Որդին հայտնվի:+ 31  Այդ օրը նա, ով տանիքում է, թող ցած չիջնի՝ տնից իր ունեցածը վերցնելու, և ով դաշտում է, թող հետ չդառնա՝ իր թողած բաները վերցնելու: 32  Հիշեք Ղովտի կնոջը:+ 33  Ով ուզում է պահպանել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը, կպահպանի այն:+ 34  Ասում եմ ձեզ. այդ գիշեր անկողնում պառկած երկու հոգուց մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:+ 35  Նույն երկանքով* աղացող երկու կանանցից մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»: 36  ....* 37  Նրանք հարցրին. «Որտե՞ղ, Տե՛ր»: Նա էլ ասաց. «Արծիվները կհավաքվեն այնտեղ, որտեղ դիակը կլինի»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «մարդկանց մեղքի կդրդեն»: Բռց.՝ «մարդկանց կսայթաքեցնեն»:
Բռց.՝ «փոքրերից»:
Բռց.՝ «ստրուկը»:
Կամ՝ «միջև»:
Կամ՝ «հոգին»:
Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց: