Մատթեոս 19։1-30
19 Այս ամենի մասին խոսելուց հետո Հիսուսը հեռացավ Գալիլեայից ու եկավ Հորդանանի մյուս կողմում գտնվող այն տարածքը, որը սահմանամերձ էր Հրեաստանին:+
2 Նրա հետևից մի մեծ բազմություն եկավ, և նա բուժեց նրանց:
3 Հիսուսին փարիսեցիներ մոտեցան և փորձելու նպատակով հարցրին. «Մարդը կարո՞ղ է ցանկացած պատճառով բաժանվել իր կնոջից»:+
4 Նա էլ պատասխանեց. «Չե՞ք կարդացել, որ ի սկզբանե Աստված տղամարդ ու կին ստեղծեց+
5 և ասաց. «Ուստի տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,* և երկուսը մեկ մարմին կլինեն»:+
6 Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են: Ուրեմն ինչ որ Աստված միավորեց,* թող մարդը չբաժանի»:+
7 Նրանք ասացին. «Այդ դեպքում Մովսեսն ինչո՞ւ է ասել, որ մարդը կարող է ամուսնալուծության վկայական տալ կնոջը ու բաժանվել նրանից»:+
8 Նա էլ ասաց. «Ձեր սիրտը համառ է, այդ պատճառով էլ Մովսեսը թույլ տվեց բաժանվել ձեր կանանցից,+ մինչդեռ սկզբում այդպիսի բան չի եղել:+
9 Իսկ ես ասում եմ ձեզ. ով որ բաժանվում է իր կնոջից, սակայն ոչ անբարոյականության* պատճառով, և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում»:+
10 Աշակերտներն ասացին Հիսուսին. «Այդ դեպքում ավելի լավ է ընդհանրապես չամուսնանալ»:
11 Նա էլ ասաց նրանց. «Ոչ բոլորը կարող են այդպես ապրել, այլ միայն նրանք, ովքեր ընդունում են այդ պարգևը:*+
12 Ոմանք չեն կարող ամուսնանալ,* քանի որ ի ծնե արատ ունեն, ոմանց մարդիկ են այդպիսին դարձրել, ոմանք էլ չեն ամուսնանում, որ ավելին անեն երկնքի թագավորության համար: Ով կարող է այդպես ապրել, թող ապրի»:+
13 Այնուհետև Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որ օրհնի նրանց* և աղոթի նրանց համար, բայց աշակերտները նախատեցին բերողներին:+
14 Սակայն Հիսուսն ասաց. «Թողեք՝ երեխաները գան ինձ մոտ, մի՛ արգելեք նրանց. այդպիսիներինն է երկնքի թագավորությունը»:+
15 Եվ երեխաներին օրհնելուց հետո նա հեռացավ այդտեղից:
16 Հետո մի երիտասարդ մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ուսուցի՛չ, ի՞նչ բարի գործեր անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»:+
17 Նա էլ ասաց. «Բարու մասին ինչո՞ւ ես ինձ հարցնում: Կա միայն Մեկը, որ բարի է:*+ Բայց եթե ուզում ես կյանք ստանալ, միշտ պահիր պատվիրանները»:+
18 Նա հարցրեց. «Որո՞նք»: Հիսուսն էլ պատասխանեց. ««Մի՛ սպանիր,+ մի՛ շնացիր,*+ մի՛ գողացիր,+ սուտ վկայություն մի՛ տուր,+
19 պատվիր քո հորն ու մորը»+ և «Սիրիր դրացուդ քո անձի պես»»:+
20 Երիտասարդն ասաց. «Ես այդ ամենը պահում եմ: Ուրիշ ի՞նչ պետք է անեմ»:
21 Հիսուսն ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել,* գնա վաճառիր ունեցվածքդ և աղքատներին տուր: Այդ դեպքում գանձ կունենաս երկնքում:+ Այնուհետև եկ ու իմ հետևորդը դարձիր»:+
22 Դա լսելով՝ երիտասարդը տխուր-տրտում հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ:+
23 Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Հաստատ ասում եմ ձեզ. հարուստ մարդու համար դժվար կլինի մտնել երկնքի թագավորություն:+
24 Ավելին՝ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է՝ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»:+
25 Դա լսելով՝ աշակերտները անչափ զարմացան ու հարցրին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»:+
26 Հիսուսը շեշտակի նայեց նրանց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար անհնարին բան չկա»:+
27 Այդ ժամանակ Պետրոսը նրան ասաց. «Ահա մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևում. հիմա մեզ ի՞նչ է սպասում»:+
28 Հիսուսն ասաց նրանց. «Հավաստիացնում եմ ձեզ. վերստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառավոր գահին, դուք՝ ինձ հետևողներդ, նույնպես կնստեք 12 գահերին ու կդատեք Իսրայելի 12 ցեղերին:+
29 Եվ ամեն ոք, ով իմ անվան համար թողել է եղբայրներ, քույրեր, հայր, մայր ու զավակներ կամ էլ տներ ու արտեր, հարյուրապատիկը կստանա և հավիտենական կյանքով կվարձատրվի:+
30 Շատերը, ովքեր հիմա առաջիններն են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները առաջիններ կլինեն»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «միշտ կմնա իր կնոջ հետ»: Եբր. բառը նշանակում է «ամուր կպչել, ասես սոսնձով»:
^ Կամ՝ «միավորեց մեկ լծի տակ»:
^ Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
^ Այսինքն՝ ամուրիության պարգևը:
^ Բռց.՝ «ձեռքերը նրանց վրա դնի»:
^ Կամ՝ «Մեկը, ով սահմանում է, թե ինչն է բարի»:
^ Բառարանում տես «Շնություն»:
^ Այսինքն՝ Աստծուն մատուցվող ծառայության մեջ ոչ մի պակաս տեղ չունենալ: